Խաղում ենք Օ՛Հենրի

Համազգային թատրոնի «…և նորից Գարուն» ներկայացման մասին

Համազգային թատրոնը երեսուներորդ թատերաշրջանում իր հավատարիմ հանդիսատեսին ջերմացրեց ու սիրով պարուրեց՝ ամերիկացի աշխարհահռչակ գրող Օ՛Հենրիի հինգ նովելներից հյուսված «…և նորից Գարուն» թեթև, նուրբ հումորով, բարությամբ լեցուն մի ներկայացմամբ, որով թատրոնի անձնակազմն ասես փորձում է ամոքել մեր երկրին ու ազգին պատուհասած վերքերը, ժպիտ ու հույս պարգևել հանդիսատեսին՝ արվեստի լեզվով:

Ներկայացումը եկավ լրացնելու այս թատրոնում ձևավորված օրինաչափությունների շարքը, որոնք ակնհայտ են դառնում՝ հետևելով թատրոնի վերջին երկու-երեք տարիների խաղացանկին: Համազգայինում թատերաշրջանները որևէ երկրի մշակույթի նվիրելու ավանդույթ է ձևավորվում արդեն, նախորդը ֆրանսիական էր, այժմ՝ ամերիկյան (սպասենք հաջորդին): Օրինաչափություն է դառնում Նարինե Գրիգորյանի և բեմանկարիչ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի համագործակցությունը՝ միշտ հարմոնիկ, ստեղծագործ ու անսպասելի: Մյուս օրինաչափությունն այն է, որ արդեն հստակ գծագրվում են այս բեմադրիչի նախասիրությունները՝ նա գրեթե երբեք չի վերցնում գրված պիես, նախընտրում է կամ աշխատել ժամանակակից դրամատուրգների հետ, կամ իր ներկայացումների հիմք է դարձնում արձակ և չափածո ստեղծագործություններ, ինչը ռեժիսորին, անշուշտ, մեծ ազատություն է տալիս:  Ինչպես նաև նկատվում է թատրոնի անձնակազմի երիտասարդացում և երիտասարդներին ինքնարտահայտման լայն հնարավորություններ ընձեռելու հրաշալի միտումը:

«…և նորից Գարուն» ներկայացման մեջ առկա են վերը թվարկված բոլոր կետերը, գումարած ժանրային ներթափանցումների սկզբունքը՝ արձակի և պոեզիայի միահյուսմամբ, որ, կարծեք, նորություն է ռեժիսորի ձեռագրում: Տարբեր ժանրերի, ու թատրոնին հատուկ, և ո՛չ այնքան հատուկ արտահայտչամիջոցների հաջողված համահավաք, դրամատիկական մանրապատումներ՝ լրացված խորեոգրաֆիայով, ժամանակակից երաժշտական և ինքնատիպ բեմական ձևավորմամբ, տեղ-տեղ կինոլեզվի արտահայտչականությամբ, վիդեո-պրոյեկցիայով և բեմադրական զանազան հնարանքներով:

Վերնագիրն ինքնին արտահայտում է ներկայացման գաղափարը, բխեցված է համատեքստից և հիշեցնում է Կիմ Կի Դուկի հայտնի ֆիլմի վերնագիրը՝ տարվա եղանակների հերթագայությամբ՝ իբրև կյանքի շարունակականության, բնության անվերջ կրկնվող ցիկլի խորհրդանիշ: Եվ իհարկե, կենտրոնում տարբեր սերունդների դերասանների համահունչ խաղ՝ դիպուկ դերաբաշխմամբ, որ ներկայացման կայացման գրավականն է: Բայց այս ամենի մասին հերթով, հատկապես, որ ներկայացումը մղում է ժամանակակից թատրոնում առկա մի շարք խնդիրների մասին խոսք ու զրույցի:

Օ՛Հենրիի նովելները հատուկ ներկայացման համար են թարգմանվել(թարգմանությունը` Վիկտորիա Բագոյանի), դրանցից միայն երկուսը կային հայերեն, այն էլ՝ թարգմանված ռուսերենից: Այսպիսով, թատրոնը ևս մի կարևոր խնդիր է լուծել՝ լրացնելով թարգմանական բացը: Ն.Գրիգորյանն ընտրել է այն նովելները, որտեղ մատնանշված են տարվա եղանակներ: Բեմադրիչը մի դեպքում պահպանել է հեղինակի ընդգծած տարվա եղանակը, մեկ այլ դեպքում, ըստ իր մտահղացման, փոխել է այն: Ավելին, նա «միջամտել» է տիեզերական օրինաչափություններին՝ ավելացնելով տարվա հինգերորդ եղանակը՝ նորից գարունը, որպես հավերժական նորոգման սիմվոլ (ա՞յս մտայնությամբ է գուցե ազդագրում վերնագրի Գարուն բառը մեծատառով գրված):

Շատ հարցերում է բեմադրիչն ազատ մոտեցում ցուցաբերել՝ իր ասելիքին հասնելու ճանապարհին: Լինելով նաև բեմավորման հեղինակը, տեքստին այլ հեղինակներից հավելումներ անելով՝ ըստ էության, նա բավական լուրջ խնդիր է դրել իր առջև: Օ՛Հենրիի լեզուն պարզ ու անմիջական է, այնքան հասարակ, որ թվում է, թե գրողը զրուցում է իր ընկերոջ հետ: Միևնույն ժամանակ արձակին բնորոշ գեղարվեստական դարձվածքներով է պայմանավորված այս հեղինակի ոճը, որ իր ներքին բանաստեղծականությունն ունի՝ թաքնված թվացյալ կենցաղային իրավիճակների տակ: Բեմականացման հեղինակը օ՝հենրիական տողատակում թաքնված պոետիկան նաև պոեզիայի հավելումներով է հագեցրել՝ ավելացնելով ռոմանտիկայի (տեղ-տեղ սենտիմենտալության) չափաբաժինը, ինչը հարիր է երիտասարդական ու սիրո թեմաներին: Արդյունքում դասական հեղինակի կողքին հայտնվել է ժամանակակից հայ պոետ, ժամանակակից ամերիկյան փոփ երգի տեքստը, ռեփի հատված՝ Կորտասարի տողերով, և էլի տարբեր բաներ, որոնք մի կողմից ստեղծելով մոդեռն ոճ՝ մյուս կողմից ինչ-որ չափով գցել են դասական գրականության բարձր նշաձողը, հանրամատչելիության աղերսներ առաջացրել:

Այս գեղագիտության մեջ է նաև երիտասարդների համար գրավիչ խայծ երաժշտական ձևավորումը (երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Բաղդասարյանի), որը նույնպես տարբեր ժամանակաշրջանների և ոճերի արտասովոր համաձուլվածք է՝ Գերշվինից մինչև Calum Scott «Biblical» և Dragons «Believer» այսպես կոչված՝ թրենդային երգերը: Բարձր ու գերիշխող դիրքում հայտնված երաժշտությունը, սակայն, երբեմն բխում է ոչ թե տեսարանից, տեքստային իրադրությունից կամ հոգեբանական վիճակն է արտահայտում, այլ գալիս է փոխարինելու դրանց, հատկապես որ երբեմն ներկայացման տեսարաններում կան ռիթմի և գործողության բացեր, որոնք չեն հաղթահարվել արձակից բեմ ճանապարհին: Բավական է տեղ-տեղ հրաժարվել երաժշտությանն արտոնված գերակայությունից, և տեսարանը, հավանաբար, շատ կորուստներ կունենա:

Բեմադրիչի հետ սերտ համագործակցությամբ հնարամիտ է աշխատել բեմանկարիչ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը: Կենտրոնաձիգ բեմական ձևավորումը՝ ստեղծված փայտի և գործվածքների համադրությամբ, ըստ նկարչի մտահղացման, պետք է ծառի բուն հիշեցներ, որի փչակում էլ տեղի են ունենում սիրող սրտերի պատմությունները: Սակայն նկարիչը որևէ դետալով կոնկրետ հուշում չի տվել, որ դա ծառ է, հետևաբար  դժվար է գուշակել: Դրանից ձևավորումը բնավ չի տուժում, մտահղացումը լիովին արտացոլված է միզանսցեններում, որոնք ընթանում են կոնստրուկցիայի կենտրոնում: Կառուցվածքն այնքան բազմաֆունկցիոնալ է, որ տեսարանից տեսարան մերթ դառնում է հյուրասենյակ, մեկ անկողին, մեկ ռեստորան և այլն: Իսկ կենտրոնում ամրացված փայտյա հենարանի շնորհիվ հերոսների ոտքերը գրեթե միշտ հողից կտրված են, օդում են՝ բառի բուն իմաստով:

Առաջինը հողից կտրվելու է հացաբուլկեղենի խանութի տիրուհի միսս Մարթան (Արմինե Անդրեասյան) «Կախարդի հացերը» նովելում: Սիրահարվելով խանութի նորահայտ  արտասահմանցի հաճախորդին (Վարշամ Գևորգյան)՝ քառասնամյա կինը մի ամբողջ պատմություն է հորինում իր համար և այնպես ուժգին հավատում դրան, որ սկսում է ծաղկել՝ ինչպես գարնանային բողբոջ: Երանության գագաթնակետի պահերին դերասանուհին բարձրանում է կառուցվածքի կենտրոնում ամրացված փայտե հենարանի վրա՝ անկշռության, թռիչքի պատրանք ստեղծելով: Թռիչքի թեման յուրահատուկ տեղ է զբաղեցնում բեմադրիչի ձեռագրում (այն սկզիբ առավ դեռևս 2010-ին «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումից և մնաց ռեժիսոր-դերասանի գրեթե բոլոր ստեղծագործությունների գաղափարական առանցքում): Օգտվելով հոգեբանական խաղի հարուստ գունապնակից՝ նրբորեն է փոխանցում սիրո տարբեր երանգները դերասանուհի Արմինե Անդրեասյանը: Հաճախորդների հետ քաղաքավարությունից բխող բարեհամբույր տրամադրությունից մինչև հոգու իրական ցնծություն, ապա՝ հիասթափություն ու ցավ, որ ակներև է դառնում նաև կնոջ արտաքինում՝ գորշ երանգներով հագուստը փոխարինում է ալ կարմիր վերնաշապիկով: Համոզիչ է նաև Վարշամ Գևորգյանի գերմանացի ճարտարապետը (ընդգծված գերմանական առոգանությամբ), որ կնոջ սիրո յոթ երանգներին պատասխանում է միշտ միևնույն՝ անտարբերության, իսկ ավարտին՝ նաև ցասման երանգով: Ներկայացման բարձր նոտան վարպետ դերասանախաղի միջոցով հենց ամենասկզբից ապահովված է:

Գարնանը պիտի հաջորդի ամառը, «Մինչ մեքենան սպասում էր» նովելի հերոսներն իրենց պատմությունը սկսում են հյուսել քաղաքային զբոսայգում՝ նախ պարի, հետո՝ մունջ տեսարանի, ապա միայն երկխոսության ու անգամ բանաստեղծութան և ռեփի միջոցով՝ սկզբից երևակայականն իբրև իրականություն ներկայացնելու սկզբունքով: Այս նովելը, թերևս, եղածներից ամենաառատն է երկխոսություններով, շեշտը զրույցից ծնվող իրադրությունների վրա է, հետևաբար բեմադրիչը փորձել է դրանք վիզուալացնել արվեստի տարբեր ճյուղերի համադրությամբ: Հնարամիտ ռեժիսորական ելքը, սակայն, լիովին տեղ չի հասնում, դրվագն անհարկի ձգձգված է, տարբեր տարրերն ասես չեն կապակցվում մեկ առանցքի շուրջ: Մարիա Սեյրանյան և Անդրանիկ Միքայելյան դերասանազույգը նախընտրել է պայմանական ոճը. ոչ թե վերապրում, այլ խաղում են իրավիճակները՝ երիտասարդական թեթևությամբ, կողքից սեփական կերպարները  դիտարկելու իրոնիկ կարողությամբ, որ ինքնին հեշտ խնդիր չէ:

Օ՛Հենրիի ամենահայտնի նովելներից մեկի՝ «Դեղձերի» իրադարձությունները բեմադրիչը տեղափոխում է աշուն (նովելում վաղ գարուն է)՝ համահունչ դարձնելով ներկա նոյեմբերյան եղանակին: Ընտրելով ամբողջությամբ գրոտեսկի և կինոլեզվի սկզբունքը՝ բեմադրիչն անսահմանորեն զվարճալի, մանկական կռիվ-կռիվ խաղ հիշեցնող մի մանրապատում է ստեղծում: Էլ ատրճանակ, էլ արևելյան մարտարվեստներ, էլ ձեռնամարտ կանանց հետ, էլ դավաճանություն, էլ ոստիկաններ ու մաֆիա՝ մի իսկական բլոքբաստեր է ծավալվում հանդիսատեսի աչքի առջև՝ ընդգծելով ստեղծված իրավիճակի անհեթեթությունը. նորապսակ քմահաճ կինը (Ժաննա Վելիցյան) դեղձ է պահանջել ամուսնուց, երբ այս սեզոնին դա գրեթե անհնար է անել: Հայտնի բռնցքամարտիկ ամուսինը (Հարություն Սարգսյան) առանց մեկ վայրկյան տատանվելու պատրաստ է ցանկացած զոհողության գնալ՝ ապավինելով այն մեկ տոկոս գրեթեին՝ հանուն սիրելի կնոջ ցանկության: Ամուսինն ինչպես Ֆիլմում՝ «առաջին պլանում» է զարգացող գործողությունների ընթացքում: Զուգահեռաբար «երկրորդ պլանում» չի դադարում հանդիսատեսի ուշադրության կենտրոնում մնալ ամուսնուն անվրդով սպասող ու սեթևեթ կինը: Փայտյա կառուցվածքի կենտրոնում կանգնած, սակայն ճերմակ գործվածքին փակցված կարմիր բարձերի և հմուտ պլաստիկայի շնորհիվ անկողնում պառկած շուռումուռ եկողի տպավորություն է ստեղծում դերասանուհին: Բեմադրիչը խաղարկելով հորիզոնական և ուղղահայց հարթությունները՝ կինեմատոգրաֆիկ խաբկանք է առաջացնում. ասես տեսախցիկը առաստաղից է նկարում տեսարանը: Առհասարակ, նկատելի է ներկայացման մեջ զբաղված բոլոր դերասանների ֆիզիկական պատրաստվածությունը, սա էլ է ներկայացման հաջողություններից:

Դժվար թե Օ՛Հենրին պատկերացներ, որ կգան ժամանակներ, երբ միամիտ կթվա որևէ մրգի, առհասարակ որևէ բանի չճարվելու միտքը, այնուհանդերձ, տեսարանը շեշտում է սիրո ամենակարողության գաղափարը, և ստեղծում է օ՛հենրիական ժամանակը, որ փոքր-ինչ միամիտ, պարզ ու անարատ է մեր օրերի համար, սակայն ասպետական ժամանակներին հատուկ՝ հանուն սիրո զոհաբերության գնալու պատրաստակամության է մղում հանդիսատեսին:

Նույն ցանկությունն է առաջացնում Նոր տարվա գիշերը սիրելի ամուսնուն նվեր անելու անհնարինության դիլեմայի առջև հայտնված աղջկա վարքը՝ թերևս Օ՛Հենրիի ամենալայն ճանաչում ունեցող «Մոգերի ընծաները» հատվածում: Տաթև Հովակիմյանն (Դելլա) ու Նարեկ Բաղդասարյանը (Ջիմ) բեմ են մտնում ինչպես իսկական շեքսպիրյան Ռոմեո և Ջուլիետ: Ռեժիսորը պրոյեկցիայի, ժամացույցի և այլ դետալների միջոցով ձմեռային գիշերվա տաքուկ ու հարմարավետ միջավայր է ստեղծում սիրող զույգի ենթադրյալ բնակարանում՝ չնայած երիտասարդների աղքատիկ կյանքի անհարմարություններին: Նարեկ Բաղդասարյանը, կարելի է ասել, այլևս Համազգայինի առաջատար ուժերից է, գրեթե բոլոր դերերում դերասանը տպավորիչ է ու տարբերվող, հանդիսատեսի սիրելին: Դելլայի դերում Տաթև Հովակիմյանը սրտառուչ ու անկեղծ է պատանեկան սիրո իր դրսևորումներում: Սակայն վերջին ժամանակներս ռեժիսորները շահարկում են մեկ անգամ գտնված՝ պոեզիա ընթերցող ռոմանտիկ աղջնակի կերպարը, սա անցնում է դերից դեր, միօրինակություն է ստեղծում և վտանգ կա, որ կարծրատիպ է դառնում դերասանուհու ձեռագրում:

Ներկայացման հինգ հատվածներն իրար կապում են ռետրո միջավայր ապահովող ռադիոյից հնչող հեղինակային տեքստերը, որոնց միջոցով մենք վայելում ենք Օ՛Հենրիի խոսքի գրավչությունը: Ու չնայած գրողի կենդանության օրոք դեռ ռադիոյի գյուտը չէր եղել, այնուհանդերձ, թատրոն արվեստի պայմանական լինելու տեսանկյունից կարելի է և ընդունելի համարել հնարանքը, հատկապես, որ սա ներկայացման միակ ժամանակային շեղումը չէ (այդ շարքից էր վերը նշված փոփ երաժշտության առկայությունը, ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառումը): Գունային ճաշակով համադրությամբ և ժամանակաշրջանի ոճավորմամբ են հերոսների հագուստները, սանրվածքները, սա նույնպես ռետրո վերհուշի նոսթալգիկ զգացողություններ է առաջացնում՝ ամբողջացնելով ներկայացման բարձր գեղագիտական պատկերը:

Հրաշալի է գտնված բեմում տեսարանները փոխելու նկատառումով տարբեր իրեր տանող-բերող քաղաքի բնակիչների, անցորդների շարժն ու անցուդարձը բեմառաջքով, որոնցից հատկապես դերասանուհի Տաթև Ղազարյանի խարակտերային ընդգծումներով ելումուտն անտարբեր չի թողնում: Նրա դրվագային մուտքերն անսահման բավականություն, սակայն նաև ներքին ընդվզում են առաջացնում հանդիսատեսի մոտ, թե ինչո՞ւ դերասանուհին որևէ նովելում գլխավոր դերում չէ, երբ հատկապես չորրորդ դրվագի հոլիվուդյան «Happy end» հիշեցնող տեսարանի ավարտին թվում է՝ ներկայացումն էլ է ավարտվելու: Կինո և թատերական լեզվամտածողությունները զարմանալիորեն հաշտ են այս բեմում:

Անզուսպ ծիծաղ է առաջացնում դերասանուհու հերթական երևալը բեմում, երբ ամանորյա հեքիաթային պատկերի ֆոնին՝ հարբած ամուսնուն գիշերային քաղաքի փողոցներով ինչպես սահնակ կամ մի լաթի կտոր երկու ձեռքով իր հետևից քարշ տալով, դաժան բախտի հետ հարմարվածի անվրդովությամբ անցնում է կինը: Հանդիպակաց մայթից եկող ծանոթուհու օգնելու առաջարկը նա այնպես հանգիստ ու ժպիտով է մերժում, կարծես ամեն բան կարգին է՝ ավելի խտացնելով համր տեսարանի կատակերգական գույները:

Ի վերջո, Տաթև Ղազարյանի երկար սպասված մուտքը տեղի է ունենում «Գարնան ավետաբեր» (տվյալ թարգմանությամբ՝ «Ավետաբերը») նովելում և այնքան շռնդալից, որ հանդիսատեսի անկեղծ հիացումի ձայնարկություններով է ուղեկցվում: Չարքաշ աշխատանքից ապրելու հմայքը կորցրած Կլարան (միսսիս Պիտերս) անվերջ ձանձրանում կամ փնթփնթում է հարբեցող ամուսնու վրա, նրա լուտանքները մի պահ շան հաչոցի են վերածվում ամուսնու ականջին: Հաչոցից խոսք և հակառակին անցումը դերասանուհին խաղում է գրոտեսկային խտացմամբ, հետագա րոպեներին խաղը շաղախում միաժամանակ բուռն խարակտերային և նուրբ հոգեբանական խաղի այնպիսի երանգներով, որ սա կարելի է համարել դերասանական վարպետության դասական օրինակ: Մինչև այդ խաղացված չորս դրվագներից հետո, որոնք հանդիսատեսի վրա էմոցիոնալ ազդեցության գրեթե նույն դաշտում էին, այս հինգերորդն իր տոնայնությամբ, տեմպոռիթմով, Սերգեյ Թովմասյան-Տաթև Ղազարյան դերասանական զույգի փայլուն խաղընկերությամբ, ներկայացումն այլ հարթության է բարձրացնում: Իսկ մեկ դոլարանոցին դրսում սպասող երեք հարբեցող ընկերներն իրենց կարիկատուրային կերպարանքներով ամբողջացնում են այս կտավը: Անհամոզիչ է միայն «Ե՞րբ է գալու տարվա մեր եղանակը» գրեթե փիլիսոփայական հնչողությամբ տողը լսել չհղկված, հասարակ լվացարարուհու շուրթերից: Սա դարձյալ օտար ներմուծում է՝ իմաստային կապ ստեղծելու համար ներկայացման ֆինալի և «…և նորից Գարուն» վերնագրի միջև:

Ամուսնու կողմից հաշվենկատորեն, հանուն մեկ դոլարի հնչած քնքշանքի խոսքերը հրաշք են գործում՝ անսերությունից կարծրացած սառույցը հալչում է: Կինն ասես թևեր է առնում, ամուսնուն հոգ տանելու կանացի ու մայրական բոլոր բնազդներն արթնանում են նրա մեջ: Ինչպես է դերասանուհին խաղում սիրո թրթիռը, համբույրները, անսպասելի հայտնված երջանկության պահերը, ինչպես է վազվզում պարմանուհու թեթևությամբ: Կլարան անգամ չի տեսնում իր փափլիկ գրկում տհաճությունից շնչահեղձ եղող ամուսնու տառապանքը: Զավեշտալի է նաև Սերգեյ Թովմասյանի միստր Պիտերսի՝ իբրև թե պատուհանից ընկերներին եղածի մասին տեղեկացնելու ջանքը: Դոլարանոցը ձեռքից գնաց՝ նախկին վստահությանն ու ինքնահավանությանը գալիս են փոխարինելու հուսահատությունը, ափսոսանքը, շփոթմունքը, որ արտահայտվում են դերասանի բոլոր շարժումներում, ընկճված ու խղճուկ կեցվածքում, հարուստ դիմախաղում: Սակայն սերն այստեղ էլ հաղթողի դերում է լինելու՝ եթե ոչ ըստ նովելի, ապա՝ ըստ բեմադրության: Այս զույգին ևս սպասվում է սիրո ճախրանքի երանելի վերելքը:

«…և նորից Գարուն» բեմադրության մեջ սիրո, անձնազոհության, նվիրումի, սխրանքի և հույսի եղանակները միմյանց հերթափոխում են տարվա եղանակների պես՝ խոստանալով  դառնալ ամենասիրելի ներկայացում՝ ինչպես ազդագրում է նշված՝ 9-ից 99 տարեկան հանդիսատեսի համար: Բեմադրիչ Նարինե Գրիգորյանը լավագույնս է զգում իր ժամանակն ու հանդիսատեսի սպասումները, և այս բեմադրությունը դրա հերթական հավաստումն էր:

 

Անուշ Ասլիբեկյան

Թատերագետ, արվեստագիտության թեկնածու

 

 

 

 

... ... ... ...