Կատարինա Կաչունկովիչ. «Բոլորս մեծացել ենք՝ փարված մեր հայկական արմատներին»

Տատիկիս միջոցով ես զգում եմ իմ հայ ծագումը

Կատարինա Կաչունկովիչը սերբ երգչուհի է, երգահան, պրոդյուսեր, վոկալ մանկավարժ և ռադիոհաղորդավար: Ծնվել է Բելգրադում, հայտնի քանդակագործ Միլորադ Ռաշիչ Ռիչայի և սերբ-հայկական ծագմամբ դատավոր Միրյանա Ռաշիչի (ծնյալ Միլյկովիչ) ընտանիքում: Նրա մայրական տատը՝ Բերկրուհին, դուստրն էր Թադևոս Կանդիկյանի և Փերուզ Ամերիկյանի, ծնունդով Քղիից (Էրզրումի մերձակայքում) և Կոստանդնուպոլսից: Չնայած Կատարինան ստացել է դասական երաժշտության կրթություն, նրա առաջին մենահամերգը 1991 թվականին եղել է Բելգրադի ռադիո-հեռատեսիլի ջազ նվագախմբի հետ: Իր ավելի քան 30 տարվա երաժշտական կարիերայի ընթացքում Կաչունկովիչը համագործակցել է տեղական և արտասահմանյան երաժիշտների հետ՝ կատարելով ջազ, բլյուզ, սոուլ և փոփ երգեր, գրելով երգերի խոսքեր և երաժշտություն: Դասավանդում է վոկալ, երկար տարիներ աշխատել է նաև որպես ռադիոհաղորդավար և երաժշտական համադրող: Հրատարակել է մի քանի երաժշտական ալբոմներ՝ «Բելգրադյան ջազ բեմ 93» (1993), «Առույգ կինը»  (2006), «Նոր կյանք»  (2009), «Հարգանքի տուրք Միրկո Շոուցին» (2011), «Տասը անվերջանալի պատմություն» (2019 թ.) և այլն: Նա ձայնագրություններ է կատարել նաև Բելգրադի ռադիոյի արխիվի համար...

 

-Հարգելի Կատարինա, ձեզ անվանում են սերբական ջազի դիվա: Ո՞րն եք համարում ձեր կարիերայի հիմնական ձեռքբերումը:

-Անկեղծ ասած, իմ ամենամեծ նվաճումն, ընդհանուր առմամբ, իմ ընտանիքն է՝ երեք հրաշալի դուստրերս ու գրեթե երեսուն տարի տևող ամուսնությունս: Հաշվի առնելով այն փաստը, որ նշված ժամանակահատվածում մենք Սերբիայում ունեցել ենք բավականաչափ ցնցող իրադարձություններ՝ կարծում եմ, որ կարողացել եմ մասնագիտական առումով շատ գեղեցիկ բաներ անել արվեստի ոլորտում ու դրա հետ մեկտեղ՝ ընտանիք կազմել:

Մինչև 1990-ը ես հանդես էի գալիս որպես դասական երգչուհի: Կարևոր դեբյուտս 1991 թվականին էր, երբ դարձա Սերբական ռադիո-հեռատեսիլի մեծ նվագախմբի մենակատար: Այն ժամանակ ես հղի էի իմ առաջին երեխայով: Իմ ջազային կարիերան այն ժամանակ սկսվեց:

-Ինչպե՞ս եղավ, որ դուք և ձեր եղբայրը՝  Ռաստկո Ռաշիչը, ծնված լինելով քանդակագործի և դատավորի ընտանիքում, դարձաք երաժիշտներ:

-Մենք մեծացել ենք շատ գեղարվեստական միջավայրում: Մեր տանը հաճախ էին լինում բանաստեղծներ, նկարիչներ և երաժիշտներ: Մի պահ մտածեցի նկարիչ դառնալ, բայց դա կարծես ինձ համար չէր, քանի որ այն աշխատանք է առանձնության մեջ։ Ինձ դուր է գալիս ընկերակցությունը, և ես սիրում եմ բեմը: Ավելին, ես մեծացել եմ՝ շրջապատված իսկապես հիանալի երաժշտությամբ՝ ջազից մինչև ռոք: Պատանեկությանս տարիներին ինձ հրավիրեցին երգելու մի փանք խմբում, որից հետո գնացի լսումների երաժշտական դպրոց և ընդունվեցի: Ես սիրահարվեցի օպերային: Երաժշտական դպրոցում իմ եղբայր Ռաստկոն (որն ինը տարի փոքր է ինձնից) հաճախ բրոնխիտի պատճառով թոքերի հետ խնդիրներ ուներ, ուստի բժիշկներն առաջարկեցին, որ նա փորձի շեփոր նվագել՝ ամրացնելու համար թոքերն ու մարմինը: Եվ ես նրան բերեցի իմ երաժշտական դպրոց, նա ընդունվեց ու սովորեց նվագախմբային նվագակցության և հարվածային գործիքների բաժիններում։ Դրանից հետո Ռաստկոն ընդունվեց Բերքլիի երաժշտական քոլեջ, որտեղ նրան կրթաթոշակ են շնորհել: Այսօր նա ապրում և ստեղծագործում է Լոնդոնում:                                                                              Ինչ վերաբերում է ինձ, ես ընտրեցի հիմնականում ջազ երաժշտությունն ու դրա ածանցյալ ոճերը:

-Դուք հիմնականում անգլերեն եք երգում, նաև՝ սերբերեն: Երբևէ մտածե՞լ եք հայերեն երգելու մասին:

-Իհարկե, միայն թե ես այդ լեզուն չգիտեմ: Չնայած հիշում եմ տատիկիս հայերեն խոսակցություններն իր մոր հետ (հիմնականում որպես գաղտնալեզու), բայց երբեք չեմ սովորել այդ լեզուն: Միակ բանը, որ մնացել է հիշողությանս մեջ, ինչ-որ կտորներ են փոքրիկ ճնճղուկների մասին մանկական մի երգից…

-Խնդրում եմ պատմեք ձեր հայ նախնիների մասին. ինչպե՞ս են հայտնվել Սերբիայում:

-Մեծ պապս՝ Թադևոս Կանդիկյանը, դեղագործ  էր, որն ուսանել և իր գործունեությունը սկսել էր Կոստանդնուպոլսում: Նա շատ հարգված և հարուստ էր. իր կնոջ՝ Փերուզի հետ ապրում էր Բոսֆորի վրա գտնվող առանձնատանը: 1899 թվականին սուլթանը նրան ուղարկել է Տիտովո քաղաք (այժմ՝ Մակեդոնիայում), որն այդ ժամանակ Օսմանյան կայսրությունում էր: Այնտեղ նրանք կառուցել են տուն՝ դեղատնով, որը երկուսից մեկն էր ամբողջ տարածաշրջանում: Տատիկս՝ Բերկրուհին ու ևս յոթ երեխա, ծնվել են այդ տանը, որը դեռ կանգուն է:

-Որքանո՞վ է պահպանվել հայկական ինքնությունն այդ ութ զավակների մեջ:

-Մեծապես, պետք է ասեմ։ Նախևառաջ, իմ նախապապերի որդիների ժառանգները՝ Նուբարը և Գաբրիելը, տակավին կրում են Կանդիկյան ազգանունը։ Իմ զարմիկ Տիգրան Կանդիկյանը որպես դարպասապահ որոշ ժամանակ հանդես է եկել Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային թիմում: Կանանց գիծը մեծ է, քանի որ տատիկս ուներ չորս քույր՝ Լուիզան, Անժելը, Վերգինն ու Արմենուհին: Ունեցել են նաև Հարություն անունով եղբայր, որը վաղ է մահացել:

Բոլորս մեծացել ենք՝ փարված մեր հայկական արմատներին: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ ուներ պատմություններ հումորի, բարության, մարդասեր անձնավորությունների մասին, որոնք նման էին Վիլյամ Սարոյանի հերոսներին: Ընտանիքը նաև մտասևեռում ուներ նռան հանդեպ... որն այնքան հայկական է:

-Ձեր «Նուբար և Գաբրիել» անգլերեն երգը նվիրված ձեր տատիկի երկու եղբայրներին։ Երգում հիշվում է նաև Արարատ լեռը ...

-Դա գրածս առաջին անգլերեն երգն էր։ Նուբարի և Գաբրիելի անուններն օգտագործեցի՝ ի հիշատակ այդ երկու բացառիկ անձանց և ճշմարիտ հայերի՝ խոսելու հայերի՝ որպես շատ հին ժողովրդի, առաջին քրիստոնյաների և մի ազգի մասին, որին ժամանակին պատկանել է երկրի մի հատված, որտեղ մնացած Արարատ լեռան մասին նրանք խոսում են ու որին նայում են մեծ տխրությամբ... Հիշվում է նաև հինավուրց միրգը՝ նուռը, որը նշված է Ադամի և Եվայի մասին աստվածաշնչյան պատմության մեջ (ասում են, որ իրականում նրանց քաղածը խնձոր չի եղել, թարգմանությունը սխալ է, օգտագործվել է նման մի մրգի անուն)։ Բիբլիական լեռան հետ այս ժողովուրդը հազարամյակների խորը կապ ունի… քանի որ հայերը խորունկ արմատներ ունեցող ազգ են, որը երկար ժամանակ ապրում է երկրի այս մասում:

-Ձեր հայ տատիկի անունը՝ Բերկրուհի, նշանակում է ուրախ աղջիկ (կին): Պատմե՜ք նրա մասին, խնդրեմ:

-Ինչպես արդեն նշեցի, ես մեծացել եմ նրա հետ: Նրա անձը խորը և նշանակալից հետք է թողել իմ սրտում, հոգում և մտածողության մեջ: Նա սահմանել է իմ գեղագիտական արժեքների չափանիշները՝ սովորեցնելով սիրել և հարգել Աստծուն: Նրա միջոցով ես զգում եմ իմ հայ ծագումը: Բերկրուհի տատիկս մահացավ 1976-ին, սակայն ես մինչև հիմա կարոտում եմ նրան:

-Ես հանդիպել եմ քառորդ հայկական արյուն ունեցող մարդկանց, որոնք ասել են, որ իրենց հայ տատիկները կարևոր դեր են ունեցել իրենց անհատականության ձևավորման գործում...

-Պետք է ասեմ, որ մայրս բավականաչափ հայ է, շատ կապված է իր բազմաթիվ հայ զարմիկներին: Նրանք բոլորն իրար նման են: Բայց հետաքրքրականն այն է, որ ինչպես հայրս, այնպես էլ ամուսինս, որոնք սերբ են, բավականին հայամետ են: Երբեմն նրանք նույնիսկ մեզնից ավելի հայամետ են: Ամուսինս՝ Բոժիդարը, վերջերս գործուղման էր մեկնել Սանկտ-Պետերբուրգ և տարբեր երկրներից եկած մարդկանց հետ նստած է եղել պաշտոնական ճաշկերույթի մեծ սեղանի շուրջ։ Տեսնելով հայերին բնորոշ դեմքերով մի զույգի՝ մոտեցել է նրանց ու հարցրել, թե նրանք հա՞յ են: Անշուշտ, բոլորին զվարճացրել է այդ փաստը, որ նա կարողանում է ճանաչել հայերին՝ ընդամենն ամուսնացած լինելով քառորդ հայուհու հետ...

-Ի՞նչ հարաբերություններ ունեք Սերբիայի հայ համայնքի հետ:

-Երբ 1990-ին տեղի ունեցավ Բաքվի հայերի ջարդը, Սերբիայի մտավորականությունը և այստեղ ապրող հայերը հիմնեցին Սերբ-հայկական բարեկամության ընկերությունը, մայրս դարձավ նրա քարտուղարը: Ընկերությունը գործեց մի քանի տարի, որի ընթացքում հրաշալի աշխատանք կատարեց երկու երկրների ազգային, մշակութային և քաղաքական հարաբերությունների զարգացման գործում: Սերբ-հայկական ընկերությունը լուծարվեց 1999-ին՝ ՆԱՏՕ-ի կողմից Սերբիայի ռմբակոծումից հետո:

Ես չեմ ճանաչում այն հայերին, որոնք Սերբիա են եկել վերջին 10-15 տարիներին: Գիտեմ մի քանիսի, և հույս ունեմ, որ շուտով կկարողանամ ավելի շատ մասնակցել համայնքի միջոցառումներին և ծրագրերին:

-Ձեր երեք դուստրերը նույնպես նվիրված  են արվեստին... «»

-Առաջնեկս՝ Անգելինան, «Ռանդոմ» խմբի գլխավոր երգիչն ու կիթառահարն է։ Նրա երաժշտական ոգեշնչումներից մեկը, ի թիվս այլոց, «Սիսթեմ օֆ ը դաունն» է և Սերժ Թանկյանը: Անգելինան նաև լուսանկարիչ է, որը մեծ մասամբ լուսանկարում է իմ նախագծերի համար:

Երկրորդ դուստրս՝ Սառան, կինոռեժիսուրա է ուսանում: Իմ վերջին տեսանյութը՝ «Satellite»-ը, նկարահանել են Սառան և Անգելինան:

Ամենակրտսերը՝ Յուստինան, դեռ ավագ դպրոցում է: Նա մորեղբոր պես տիրապետում է հարվածային գործիքներին: Չափազանց տաղանդավոր է երաժշտության մեջ, բայց դեռևս փնտրում է իր ոգեշնչումները:

Ես երբեք կույր ամբիցիաներ չեմ ունեցել իմ երեխաների հարցում, երբեք չեմ մտածել, որ նրանք պիտի ինչ-որ բանի հասնեն իմ անվան շնորհիվ: Ես ապագայում կաջակցեմ նրանց կայացրած ցանկացած որոշմանը և կփորձեմ իմ ուժերի ներածի չափով հնարավոր  նպաստել նրանց կայացմանը: Սա ես սովորել եմ իմ ծնողներից...

 

Հեղինակ՝ Արծվի Բախչինյան

Լուսանկարը՝ Վուկիչա Միկաչայի