Կարինե Քոչարյան. «Արցախն ինձ ուժ, հույս ու կամք տվեց»

1972-ին, երբ մեծ էկրանին հայտնվեց Հենրիկ Մալյանի «Հայրիկ» ֆիլմը, երիտասարդ ու տաղանդավոր դերասանների այդ ընկերախմբում առանձնանում էր ֆիլմի թախծոտ և ըմբոստ հերոսուհուն՝ Մայային կերպավորած Կարինե Քոչարյանը: Հանդիսատեսը հիշեց և սիրեց երիտասարդ դերասանուհուն: Հետո արդեն թատերական հաջող սկիզբն էր Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, ապա նաև՝ Սունդուկյան թատրոնում: Սակայն 1990-ականների սկզբին դերասանուհին մեկնեց ԱՄՆ և արդեն 27 տարի ապրում է Նյու Յորքում: Այս տարի Կարինե Քոչարյանը մոտ կես տարի ապրեց Արցախում և Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրեց Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» ստեղծագործությունը: Հետո այն ներկայացրեց Երևանում՝ Պարոնյան թատրոնում: Նոր բեմադրության և իր անցած ճանապարհի մասին Կարինե Քոչարյանը պատմել է «ArtCollage»-ին տված հարցազրույցում:

 

-Ստեփանակերտի թատրոնի նոր ներկայացումը բեմադրել է Նյու Յորքում ապրող հայ ռեժիսորը, բեմադրվող գործի հեղինակը Մոսկվայում բնակվող Նարինե Աբգարյանն է, իսկ խաղում են արցախցի դերասանները: Մոսկվա-Նյու Յորք-Ստեփանակերտ, հետաքրքիր եռանկյունի է ստացվում:

-Այո, իսկապես, ինքնին հետաքրքիր փաստ է: Մենք այսօր, բարեբախտաբար, ունենք մի հրաշալի գրող՝ Նարինե Աբգարյանը, որը ժամանակի ընթացքում կդառնա  համաշխարհային մասշտաբի մեծանուն գրող. ես դրանում կասկած անգամ չունեմ: Նրա գրեթե բոլոր գործերը կարդացել եմ և երբ կարդում էի, չէի մտածում, որ այդ գործերը մի օր կդառնան թատերագրություն: Բայց պատերազմից հետո հասկացա, որ ես մտքումս   վազում եմ դեպի Արցախ՝ ասես հիվանդ հարազատս հիվանդանոցում է, ու ես պետք է  անպայման նրա կողքին լինեմ: Մտածում էի՝ ես որպես արվեստագետ, որպես դերասանուհի և բեմադող ռեժիսոր ի՞նչ կարող եմ անել և զգացի, որ ես ուզում եմ օգնել  գոնե իմ կոլեգաներին: Ամեն մեկս մի բան կարող է անել: Ես ասում եմ՝ եթե ամեն մեկն իր բաժին քարի մի մասը տաշի, վերջում արձան կկանգնեցնենք, իմ բաժինը դա էր: Եվ այդ ժամանակ սկսեցի մտածել՝ իսկ ինչ գործ բեմադրել. այսօրվա պատերազմի մասին չի կարելի, որովհետև վերքը դեռ շատ թարմ է: Եվ միանգամից միտքս եկավ Նարինեի  «Երկնքից երեք խնձոր ընկավ» գործը, որը հրաշալի մի ստեղծագործություն է՝ մեր ժողովրդի ճակատագրի մասին, մեր այսօրվա հրատապ խնդիրների մասին է, այն մասին որ մեր գյուղերը դատարկվում են: Մենք երբեմն ասում ենք՝ դե լավ, ոչինչ, սարերում կորած մի գյուղ է: Ոչ, այդպես չէ, ախր դատարկվում են մեր գյուղերը, և «Երկնքից երեք  խնձոր ընկավ» գործն այս ամենի մասին է: Պատմություն է մի գյուղի մասին, որտեղ ընդամենը 30 հոգի են մնացել և որտեղ նորից հույս ու կյանք է ծնվում:

-Դուք Արցախ եկաք հետպատերազմական ծանր շրջանում, ի՞նչ տեսաք և ինչպե՞ս աշխատեցիք այդ պայմաններում:

-Ես գալիս էի Արցախ այն մտքով, որ գնում եմ Արցախին ուժ ու հույս տալու, բայց ճիշտ հակառակը եղավ՝ Արցախն ինձ ուժ տվեց, հույս ու կամք տվեց: Եվ ստիպեց, որ ես վերանայեմ իմ ապրած կյանքը, տեսնեմ թե որքանով եմ ես իմ հողի իրական զավակը: Արցախում վշտի արտահայտությունը տեսնում ես միայն այն բանում, որ արցախցին չի ժպտում, այլ ատամները սեղմած ապրում է: Մայրս լավ խոսք ուներ, ասում էր՝ վիշտը ներս արած, խինդը՝ դուրս արած ապրում ենք: Եվ արցախցու՝ իր հողին կպած ապրելու հաստատակամությունը մի այլ ուժ է: Ես տեսա կոտրված, բայց ոչ հուսահատված  արցախցուն, ամեն ինչ կորցրած, բայց հավատը պահած արցախցուն: Իմ ներկայացման հերոսուհուն կերպավորող դերասանուհու ամուսինը պատերազամի վերջին օրն է  զոհվել: Հիմա ամուսինը Եռաբլուրում է, ինքը երկու զավակները ձեռքին: Ես իրեն շատ երկար համոզեցի, որ խաղա, ու նա խաղաց: Մյուս գլխավոր դերասանուհին Շուշիից է, հոգեկան ծանրագույն վիճակում է: Հայաստանից գնացած կամավորների 200 հոգանոց խումբը, որ Շուշիի մշակույթի տանը զոհվեցին. իր աչքի առաջ են զոհվել: Բայց հիմա երբ խոսում է՝ առաջինն ասում է՝ այ, երբ որ գնանք Շուշի: Բոլորին, ով ասում է՝ էհ, դե մենք  Ղարաբաղը կորցրինք, ես միշտ ասում եմ՝ մի ասեք, այդ մտայնությամբ մենք իսկապես կկորցնենք, մի ասեք, եթե հաշտվենք՝ կկորցնենք: Բայց արվեստը բուժիչ ուժ ունի. իմ  դերասանները բուժվեցին, այնքան որ այսօր խաղում են, և ես բուժվեցի:

-Նարինե Աբգարյանի այս գործը, որ հեղինակային պատումի ձևով է ներկայացվում, պետք է որ խնդրահարույց լինի որպես թատերական պիես: Ի՞նչ դժվարություններ ունեցաք այն պիեսի վերածելիս:

-Բեմականացման վրա աշխատել եմ 2,5 ամիս: Իհարկե, սկզբում Նարինե Աբգարյանի  համաձայնությունը ստացա: Ինքը հոժարակամ և անվճար իր հեղինակային իրավունքը  տվեց մեզ: Ուրեմն, ինչ արեցի ես: Գրեթե 98-99 տոկոսով հարազատ եմ մնացել Նարինեի  տեքստին, պարզապես իր պատմողական տեքստերը վերածել եմ դիալոգների: Չեմ կարող ասել որ դյուրին էր, 11-12 անգամ կարդացել եմ գործը: Կային նախադասություններ, որ  հետաքրքիր ու սիրուն էին. մտածում էի՝ որը որտեղ մտցնեմ: Եվ, իհարկե, ավարտելուց հետո ուղարկեցի մասնագետների գնահատման՝ Վահե Շահվերդյանին, Հակոբ Ղազանչյանին, իհարկե, նաև Նարինեին, ներառյալ իմ Նյու Յորքի ընկերները՝ արվեստագետներ, թատերագետներ, այդ թվում նաև Անահիտ Դաշտենցը՝ Խաչիկ Դաշտենցի դուստրը: Շատ մեծ գնահատականի արժանացավ, բոլորն ասացին, որ շատ լավ, շատ հետաքրքիր է ստացվել: Ես շատ եմ ուզում, որ հանդիսատեսը գա, մանավանդ նրանք, որ Նարիինե Աբգարյան կարդացել են, կուզենամ որ գան ու տեսնեն ինչպես է գործը դարձել պիես:

-Մեկ անգամ Արցախում լինելով, մարդն, ասես, կախվածություն է ձեռք բերում այդ հողից: Ձեր դեպքում ինչպե՞ս էր, արդյոք շարունակական կլինի՞ ձեր համագործակցությունը, կվերադառնա՞ք Արցախ:

-Ես ասես հիվանդացել եմ Արցախով, իսկապես չեմ պատկերացնում, որ հետ գնամ, ինչպես եմ ապրելու: Մի քանի մխիթարական մտքեր ունեմ: Նախ, ուզում եմ այս  ներկայացումը տանել արտերկիր և ուզում եմ սկսել Ռուսաստանից, հետո էլ Եվրոպա, Կանադա, Ամերիկա և այլն: Այսօր Արցախը, ցավոք, շատ բան չունի աշխարհին ցույց տալու, ներկայանալու: Բայց ես կարծում եմ, որ Արցախի մշակույթի և լեզվի միջոցով կարող եմ գոռալ աշխարհով մեկ՝ նայեք, Արցախը կա, սա Արցախն է: Սա է իմ գերնպատակը, որ իրենց ամեն տեղ տանեմ: Եվ, իհարկե, ես պիտի նորից հետ գամ Ստեփանակերտ, դեռ չեմ որոշել թե երբ, երևի դա կլինի գարնանը: Թե ինչպես պիտի զուգակցեմ և՛ մեր հյուրախաղերը, և՛ իմ՝ Արցախում աշխատելը, դեռ չգիտեմ, բայց ծրագրեր ունեմ: Վախենամ, որ Նյու Յորքը թողնեմ և տեղափոխվեմ Արցախ:

-Ընդամենը հինգ ամսում դուք հասցրել եք շատ բան տեսնել Արցախում և Հայաստանում: Ի՞նչ եք կարծում, ինչը՞ կարող է ուժ և միասնականություն բերել մեր ժողովրդին:

-Արցախի լուռ, վշտի մեջ քարացած ժողովրդի հետ 5 ամիս շփվելուց հետո, երբ ես եկա  Երևան, իսկական շոկ ապրեցի: Հայաստանի մասին դժվար է միանշանակ խոսել: Ինձ թվում էր, որ էստեղ էլ պիտի նույնը լինի, բայց երբ տեսնում ես սրճարաններում նստած  երիտասարդներին, այդ բոլոր շռայլ զվարճությունները կամ էլ հասարակական կյանքի  շատ միջոցառումների ես ականատես լինում, ակամա մտածում ես՝ լավ էլի, մի քիչ հարգանք ունենանք էն որդեկորույս ծնողի հանդեպ, որ իր որդուն նույնիսկ չի էլ գտել: Պետք է մի քիչ նրանց հանդեպ հոգատար լինենք, գոնե տարին պահենք: Ի վերջո, մեր տներում որ վիշտ է լինում, մենք տարին պահում ենք չէ՞, վերջիվերջո սա մեր ընդհանուր տան մեջ է կատարվում: Գիտեք, եթե ես Արցախում այդքան էլ շատ հուսահատություն  չտեսա, Հայաստանում առավել ևս պիտի չտեսնեմ, որովհետև Հայաստանն Արցախի տերն է: Եթե տանը ինչ-որ բան է պատահում, հայրը չի հուսահատվում, այլ ելքեր է  փնտրում, մտածում է ինչ անել, որ երեխային փրկի: Գիտեք ինչն էր սարսափելի՝ Գորիսից -Ստեփանակերտ ճանապարհին ամբողջ օրվա ընթացքում մատներիդ վրա 5 մեքենա չես հաշվի: Ես միշտ ասում եմ՝ ժողովուրդ եկեք Արցախ, արցախցին ձեր կարիքն ունի, նա սպասում է, որ գաք ու ձեռքը դնեք իր ուսին ու ասեք՝ մի մտածեք, մենք ձեզ հետ ենք: Էսօր Արցախում ամեն ինչ՝ տուն-տեղ կորցրած մարդիկ էդքան հուսահատ չեն: Իսկ  Երևանում հուսահատություն բառը որ օգտագործում են, իմ կարծիքով, մի քիչ շինծու  է, այստեղ ոչ այնքան հուսահատություն է, որքան համակերպում:

-Գրեթե հիսուն տարի առաջ էր, որ դուք խաղացիք Հենրիկ Մալյանի «Հայրիկ» ֆիլմում, և այսքան տարի անց մարդիկ չեն մոռանում ձեր հրաշալի Մայային: Արդյոք այդ տարիները հիշո՞ւմ եք, կարոտո՞ւմ եք:

-Ինչպես կարող է մարդը չկարոտել իր երիտասարդությունը, մանավանդ որ այդ երիտասարդությունն անցել է բարեկամությամբ ու համագործակցությամբ այնպիսի  մեծերի հետ, ինչպիսիք էին Հենրիկ Մալյանը, Մհեր Մկրտչյանը, մեր բոլոր մեծ դերասաններն ու դերասանուհիները և, իհարկե, ամենագլխավորը՝ Վարդան Աճեմյանը, որի կուրսն եմ ես ավարտել: Հետո արդեն Գյումրիի թատրոնն էր, որտեղ 4 տարի աշխատեցի, ապա նաև Սունդուկյան թատրոնը, որտեղ խաղացի գլխավոր դերերի մեծ  մասը: Խաղացի Բաբկեն Ներսիսյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Մհեր Մկրտչյանի ու Արմեն Խոստիկյանի հետ, որոնք իմ շատ լավ բարեկամներն էին: Իսկ իմ Մայայի հետ կապված հիմա հետադարձ հայացքով որ նայում եմ՝ ինչ հրաշալի պատմություններ ու հուշեր կան, ընդհուպ մինչև ֆրունզիկ-Շերենց դուետը, որոնք ինչ կատակներ ասես անում էին: Մի անգամ իմ գրկի սուտ բարուրը տվեցին Շերենցին, ու ֆրունզն ասաց՝ մի քիչ օրորի որ էս երեխեն քնի: Շերենցը շատ հոգատար օրորում ու օրորոցային էր երգում որ երեխան քնի, մինչև գլխի ընկավ ու հենց էդ բարուրով ծեծում էր ֆրունզին: Այսինքն, երիտասարդության ստեղծագործական տարիներս կապված են եղել հրաշալի մարդկանց հետ: Էլ չեմ խոսում Սոս Սարգսյանի մասին, որի հետ ոչ միայն խաղընկերներ էինք, այլև մտերիմ բարեկամներ: Մեր վերջին բեմադրությունը, որում խաղում էինք Սոսի հետ, Շանթի «Օշին  Պայլն»  էր: Ցավոք, հենց այդ ժամանակ մահացավ ամուսինս՝ Վովա Քոչարյանը, և ես գրեթե մի տարի չէի կարողանում թատրոն գնալ, նույնիսկ Սոսը եկավ, որ ինձ տնից թատրոն տանի, որովհետև ոչ մի կերպ չէի կարողանում թատրոն ոտք դնել:

-Դուք քաղաքի ամենագեղեցիկ և ներդաշնակ զույգերից մեկն էիք:

-Շնորհակալ եմ, Նունե ջան: Այո, մեծ ողբերգություն էր: Նրա հուղարկավորությանը մարդիկ եկել էին ամենատարբեր տեղերից՝ Թիֆլիսից, Արցախից: Իրեն հուղարկավորեցին  Սունդուկյան թատրոնից և չնայած այդքան երիտասարդ տարիքին, մեր մեծագույն դերասանները Վովայի համար պատվո պահակ էին կանգնել, նրան ոտքով տարան, ու ժողովուրդն ասում էր՝ երևի մեկ էլ Փափազյանի ժամանակ էր էսքան ժողովուրդ եղել: Բայց ես ունեմ մի մեծ մխիթարություն՝ իմ որդին, որը շատ-շատ նման է Վովային: Որդիս հենց նոր ավարտեց իր 3-րդ նոր գեղարվեստական ֆիլմը, որ կոչվում է՝ «Ես նման եմ քեզ»: Իր մտածելակերպով, արվեստի ընկալումով նա իսկապես շատ նման է հորը: Երբ ինքն իմ կողքին է, ես ինձ շատ լավ ու ապահով եմ զգում:

-Կարծեմ 27 տարի առաջ էր, երկիրը քաղաքական, սոցիալ-տնտեսական ցնցումների մեջ էր, դուք արդեն հայտնի և կայացած դերասանուհի էիք, բայց թողեցիք հայրենիքը և ամեն ինչ զրոյից սկսեցիք Նյու Յորքում:

-Մինչև գնալս ես ոչ միայն դերասանուհի էի, այլև դասավանդում էի թատերականում և մանկավարժականում՝ կինոռեժիսորների կուրսում: Երբ ուսանողներս ինձ հարցնում էին՝ հնարավո՞ր է որ գնաք, ես ասում էի՝ եթե Հայաստանում մի մարդ մնա, դա ես եմ լինելու: Ես ուղղակի գնացի ներկայացումներ խաղալու, բայց հաստատ համոզմունքով, որ անպայման հետ եմ գալու Հայաստան: Բայց հենց այդ ժամանակ վրա հասավ 4-րդ կարգի քաղցկեղը, և ես գրեթե 10 տարի բուժվեցի: Պետք է ասեմ, որ եթե ես Ամերիկայում և Նյու Յորքում չլինեի, ես պարզապես չէի բուժվի: Իմ բժիշկները մինչև հիմա ինձ ասում են՝ դու մեր հրաշքն ես: Երևի թե նախախնամություն էր, որ ես պետք է նյու Յորքում լինեի, երբ այդ  բանը հայտնաբերվեց ինձ մոտ: Ես հիմա լիովին առողջ եմ և հաղթահարել եմ դա: Հենց այդ էր պատճառը, որ ես մնացի Նյու Յորքում և աշխատեցի: Եվ գիտեք այդ հիվանդ տարիներիս ես բացեցի «Արձագանք» հեռուստահանդեսը, որովհետև Նյու Յորքում ընդհանրապես այդ կարգի բան չկար: Սկզբում ավելի շատ հայաստանյան լուրեր էի տալիս, ուզում էի, որ Սփյուռքը Հայաստանը ճանաչի, իսկ հիմա ուզում եմ, որ Հայաստանը Սփյուռքը ճանաչի, որովհետև Սփյուռքը շատ մեծ կառույց է և շատ տարբեր են`շատ:

-Նյու Յորքում հայկական ինքնությունը պահպանելը բնավ հեշտ չէ:

-Այդ իմաստով Նյու Յորքը շատ հետաքրքիր է: Նախ այնտեղ են գտնվում հայկական ավանդական շատ կազմակերպությունների ղեկավար կառույցները, ինչպես օրինակ   ՀԲԸՄ, ՀՕՄ, Համազգային և Թեքեյան միությունների գլխադասային մարմինները: Մեր ամենահին եկեղեցիները Նյու Յորքում են, Մանհեթենում եկեղեցի ունենք, որ 112 տարեկան է: Նյու Յորքի համայնքը հիմնականում ոչ հայաստանցի հայեր են, բայց շատ ամուր և կուռ հայկական համայնք է, քանակով մեծ չեն, բայց խորապես հայ են՝ նույնիսկ եթե հայերեն  էլ չեն խոսում, շատ հայ են: Նյու Յորքում եթե ուզում ես՝ շատ հեշտ է հայ մնալը: Ես, իհարկե, շատ ուշադիր հետևում եմ ամերիկյան կյանքին, տղաս ամբողջությամբ մխրճված է  ամերիկյան արվեստի մեջ, և՛ լուսանկարիչ է, և՛ մենահամերգներ է տալիս, ինքը և՛ երգերն  է, գրում և՛ նվագում է. և իհարկե՝ կինոն: Բայց մեզ համար ազգայինը շատ կարևոր է, Ինչպես ընդունված է ասել՝ հայկական է՝ պատվական է:

 

Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի