Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա

Վազգեն Սարգսյանն այս  ելույթն ունեցել է 23 տարի առաջ՝ 1997թվականի մարտի 1-ին՝  Հայաստանի ազգային հեռուստատեսության եթերում: Այսօրվա և բոլոր ժամանակների համար է:

 

Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա: Աշխարհի ուժեղներն այդ բանն արել են միջին դարերում. մյուսները՝ ավելի ուշ, և յուրաքանչյուրն ըստ արժանվույն իր տեղն ու դերն ունի այս արևի տակ: Մենք, ցավոք, մեր բոլոր կռիվների կեսին հոգնել, անտարբեր ենք դարձել, պառակտվել ենք: Արդյունքում՝ 20-րդ դարավերջին ընդամենը գոյատևման կռիվ ենք տալիս: Մաքառում ենք պետականության ձևավորման համար: Տասնյակ, հարյուր տարով ետ ենք ընկել ծաղկող-բարգավաճող երկրներից: Մինչդեռ, քաղաքակրթությունը Նոյ նահապետի հետ հենց մեր հողից է ծնունդ առել, քրիստոնեությունը, որպես քաղաքակրթության հիմնաքար, պետականորեն առաջինը մենք ենք ընդունել:

Մոռանա՞նք այդ մասին:

Պատմությունն այսօր մեզ հրաշալի հնարավորություն է ընձեռել. վերհիշել մեր նախնյաց փառքը, հասնել ժամանակի գնացքին: Ավելին՝ մեր ողջ պատմության ընթացքում մենք երբեք ավելի մոտ չենք եղել մեր վերջնական հաղթանակին. Էլի մեկ-երկու լիարժեք քայլ, էլի մի քիչ համբերություն, փոխադարձ հանդուրժողականություն, և 21-րդ դարը մերն է լինելու:

Հայոց ազգային բանակը, որ մեր անկախության ամենամեծ ձեռքբերումն է, պատրաստ է դառնալ մեր միասնության խարիսխը: Հասարակական-տնտեսական նոր հարաբերությունների, բևեռացումների պայմաններում բանակը դեռևս միակ ավազանն է, ուր միաձուլվում են մեր ժողովրդի բոլոր խավերը: Օգնենք, որ համաձուլվածքը մաքուր և կտրուկ լինի: Պաշտպանենք մեր բանակը շուկայական ու քաղաքական ներխուժումներից, որպեսզի վաղը՝ պատերազմի կրկնման դեպքում, նա մեզ պաշտպանի: Ավելին՝ եթե ուզում ենք, որ պատերազմը չկրկնվի, ապա մենք հակառակորդից առնվազն երկու գլուխ ուժեղ բանակ պիտի ունենանք: Այսօր ունենք այդ առավելությունը:

Հանուն խաղաղության պիտի չկորցնենք այն: