Յոհան Սեբաստիան Բախ. երաժշտական հանճարը՝ աստվածաբան ներսում

«․․․․Բախն անսահման կրոնապաշտ էր․ երաժշտությունն ու կրոնը գրեթե նույն բանն էին նրա համար, իսկ երաժշտություն գրելն Աստծուն երկրպագել էր։ Նրա գրած յուրաքանչյուր գործ, ինչպես ինքն էր նշում, «Աստծո փառաբանում էր ու հոգու հանգստություն»։ Թեպետ նրա երաժշտությունն Աստծո փառաբանում է,  երբեք վերամբարձ չի հնչում: Այն լի է էներգիայով, հումորով, կարեկցանքով ու գեղեցկությամբ։ Եվ, որ ամենակարևորն է, այն ստիպում է քեզ ուրախանալ, որ ապրում ես․․․»։

Սթիվեն Իսերլիս

 

«Երաժշտության նպատակն ու վերջնարդյունքը չպետք է լինի ոչ այլ ինչ, քան Աստծո փառաբանումը և հոգու վերակենդանցումը»:

Յոհան Սեբաստիան Բախ

 

Միլիոնավոր մարդիկ գիտեն Բախին։ Յոհան Սեբաստիան Բախը (1685-1750), անկասկած, ամենահայտնին և տաղանդավորն է ամբողջ արևմտյան աշխարհի  բոլոր ժամանակների կոմպոզիտորներից: Նույնիսկ նրա մահից 250 տարի անց Բախի երաժշտությունը տոկուն է դարձնում մեր սիրտը և աշխուժացնում մեր հոգին։

Այդուհանդերձ, շատերը չգիտեն, որ հանճարեղ կոմպոզիտորի ներսում ապրում էր  մի աստվածաբան, որի սիրտը միայն Աստծուն էր հետևում: Ուղղակի այնպես էր պատահել, որ նա աշխատում էր ստեղնաշարով և երաժշտություն էր գրում:

Իրականում նա կարծում էր, որ երաժշտությունը «հոգու վերակենդանացում» է։ Բախն ամենայն ուշադրությամբ ուսումնասիրում էր Աստվածաշունչը։ 48 տարեկանում Բախը ձեռք բերեց Լյութերի Աստվածաշնչի եռահատոր թարգմանությունը։ Նա ընդգծեց հատվածները, ուղղեց թեստի և մեկնաբանության սխալները, տեղադրեց բաց թողնված բառերը և նշումներ արեց լուսանցքում: Նա հայտնի էր նաև որպես «Հինգերորդ ավետարանիչ», որն արտասովոր ազդեցություն ունեցավ՝ անթիվ մարդկանց ուղղորդելով դեպի Քրիստոս:

 

Պայքար և փորձություններ

Դեռևս վաղ տարիքում Բախը գրում էր նորարարական կանտատներ։ Նրա երգիչները չէին կարողանում հաղթահարել դրանք: Նրանք կարծում էին, որ Բախի երաժշտությունը չափազանց բարդ է: Եկեղեցին համարում էր, որ երաժշտությունը պետք է լինի պարզ՝ ավելի քիչ զարդարուն։ Բախը բողոքում էր՝ նշելով, որ իր նպատակն էր ստեղծել «լավ կանոնակարգված եկեղեցական երաժշտություն՝ ի փառս Աստծո»։ Նա արդեն կորցրել էր առաջին կնոջը, և տասնչորս երեխաներին, որոնք մահացել էին վաղ տարիքում: Նա պայքարում էր նաև եկեղեցու ղեկավարության և քաղաքային խորհուրդների դեմ։

«Երաժշտության միակ նպատակը պետք է լինի Աստծո փառքը և մարդկային ոգու վերականգնումը»: Երաժշտությունը տրվել է Աստծուն փառավորելու համար երկնքում և շենացնելու տղամարդկանց ու կանանց երկրի վրա: Դա շատ փող վաստակելը կամ երաժշտի էգոն կերակրելը կամ հայտնի դառնալը չէ: Երաժշտությունը Տիրոջն օրհնելու և ուրիշներին օրհնելու մասին է»:

Յոհան Սեբաստիան Բախ

 

Իր կյանքի մեծ մասը Յոհան Սեբաստիան Բախն աշխատել է որպես եկեղեցական և աշխարհիկ կոմպոզիտոր, գրելով երաժշտություն՝ ամբողջ տարվա ընթացքում մատուցվող ծառայություններն ուղեկցելու համար: Սուրբ Ծննդյան շրջանի ուրախության ոգեշնչումից ծնվեցին նրա ամենափայլուն ստեղծագործություններից մի քանիսը երգչախմբի, երգեհոնի, նվագախմբի համար։

Սուրբ Ծննդյան օրատորիան Բախը ստեղծել է 1734 թվականին՝ Լայպցիգի Սուրբ Թոմաս և Սուրբ Նիկոլաս եկեղեցիներում կատարելու համար։

Գրեթե երեք ժամ տևողությամբ Սուրբ Ծննդյան օրատորիան ամենաերկար ստեղծագործությունն է, որը գրել է Բախը տոնական շրջանի համար:

Ի սկզբանե, Սուրբ Ծննդյան Օրատորիայի երաժշտության մեծ մասը գրվել է թագուհու և արքայազնի ծննդյան տոները նշելու համար, բայց  այն նույնիսկ  ավելի փառավոր էր՝ իր աշխարհիկ համատեքստից դուրս:

 

Cantata BWV 191, “Gloria in excelsis Deo”

Այս կանտատն անսովոր է մի քանի պատճառներով. Բախի ավելի քան երկու հարյուր կանտատներից այն միակն է, որ գերմաներենի փոխարեն գրված է լատիներեն: Այն ստեղծվել է հինգ երգաբաժին պարունակող երգչախմբի համար (երկու սոպրանոյի երգաբաժնով)՝ Բախի համար սովորական չորսի փոխարեն, և գրվել է 1745 թվականին՝ Սուրբ Ծննդյան տոնի համար, չնայած այն հանգամանքին, որ տոնի հետ ի սկզբանե չէր կապվում։ Եվ կրկին՝ երաժշտական ​​պարոդիա: Երեք տարի անց Բախը ներդաշնակել է այս կանտատի երաժշտության մեծ մասն իր մոնումենտալ Պատարագի Gloria հատվածի համար։

Լայպցիգում (1723) իր առաջին Սուրբ Ծննդի համար Բախը չգրեց նոր կանտատ, փոխարենը նորից օգտագործեց Սուրբ Ծննդյան հոյակապ կանտատը, որը գրել էր Վայմարում՝ ինը տարի առաջ, որն այժմ հայտնի է որպես BWV63: Այն սկսվում է նրա տոնակատարության ամենաշքեղ խմբերգերից մեկով. «Քրիստոնյաներ, փորագրեք այս օրը մետաղի և մարմարի մեջ․․»:

Գործիքավորումը հատկապես շքեղ է՝ ոչ պակաս, քան չորս շեփորներով, որին ավելանում են լիտավր, երեք հոբոյ, ֆագոտ, լարայիններ և կոնտինուո: Բայց, եկեք պատկերացնենք, թե ինչ զգացողություններ կունենանք, եթե Սուրբ Ծննդյան առավոտ եկեղեցի գնանք և այսպիսի մեկնարկով երգչախումբ լսենք:

BWV63-ն մոտ կես ժամով ավելի երկար է, քան Լայպցիգի կանտատների մեծ մասը․  այն ունի հարուստ կառուցվածք, որը հիանալի հավասարակշռված է բացման ցնցող  խմբերգի և ավարտական մեկ այլ հիմնական խմբերգի միջև: Դրանց միջև կան երեք ռեչիտատիվներ, որոնք ընդմիջվում են երկու զուգերգով․ և կանտատում երկու զուգերգ ունենալը Բախի համար անսովոր էր:

Նույնիսկ ասերգերը մեծամասշտաբ են: Կանտատի երկրորդ մասը հարուստ  նվագակցությամբ ասերգ է ալտի և լարայինների համար: Տեքստը Սուրբ Ծննդյան ուղերձի մասին է՝ նվիրական արտահայտություններով։

Իսկ սոպրանոյի և բասի համար զուգերգն ուղեկցվում է հոբոյի նրբագեղ  մեղեդիներով։ Ինչպես Բախի կանտատների մեծ մասում, այստեղ նույնպես կա մեկ մաս, որն էականորեն ավելի երկար է, քան մյուսներ. խորհրդածության և նվիրվածության առանցքային մասն է: Սա դեռ սկիզբն է, որտեղ տեքստն արտահայտում է նվիրվածություն և վստահություն առ Աստված:

Հետաքրքիր է, որ Բախն իր ժամանակին այնքան էլ հայտնի չէր: Իրականում նրան ավելի քիչ էին հիշում որպես կոմպոզիտոր, քան որպես երգեհոնահար։ Նրա երաժշտությունն անտեսվել է մահից հետո 80 տարվա ընթացքում, մինչև որ Ֆելիքս Մենդելսոնը նորից հայտնաբերեց Բախից մեկ խոշոր երկ: Հատկանշական է, որ իր ստեղծագործությունների սկզբում նա ձեռագրերը նշում էր I.N.J՝ Nomine Jesu. «Հիսուսի անունով» կամ J.J՝ Jesu Juva՝ « Հիսուս, օգնիր ինձ»: Իսկ ձեռագրերն ավարտում էր հետևյալ գրությամբ՝ S.D.G՝ Soli Deo Gloria. «Փառք միայն Աստծուն»:

 

Թարգմանությունը՝ Լյուսիլ Ջանինյանի