Ջոդի Ֆոսթեր. «Կինոն ինձ համար ընտանիք է»

6 անհայտ փաստ Ֆոսթերի մասին

Երկամյա ընդմիջումից հետո 2021 թվականի հուլիսի 6-ից-17-ը վերստին կինոաշխարհի ամենատաղանդավորների ու հայտնիների առաջև իր դռներն է  բացել Կաննի փառատոնային համալիրը: Ի հեճուկս համավարակի Կաննի 74-րդ միջազգային կինոնփառատոնը հերթական անգամ արձանագրեց կինոաշխարհի նոր միտումները, զարգացումներն ու նվաճումները: Բացման օրը եվրոպական ամենաբարձրակարգ փառատոնի պատվավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը» կինոարվեստում ունեցած ավանդի համար աշխարհահռչակ կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը հանձնեց ամերիկացի հանրահայտ դերասանուհի, պրոդյուսեր, ռեժիսոր, «Օսկարի» կրկնակի մրցանակակիր 58-ամյա Ջոդի Ֆոսթերին, որը կազմակերպիչներին ու հանդիսատեսին դիմեց մաքուր ֆրանսերենով, իր ողջույնի խոսքում հիշատակելով, որ 45 տարի առաջ իր առաջին՝ «Տաքսու վարորդը» ֆիլմը նույնպես արժանացել էր այս մրցանակին, հավելելով, որ մեծ սիրով է ընդունում այդ պատիվը:

Իսկ հուլիսի 14-ից Կաննում մեկնարկեց դերասանուհու մասնակցությամբ վերջին՝ «Մավրիտանացի» ֆիլմի ցուցադրությունը:

Այդ առիթով  Konbini տեղեկատվական գործակալությունը հարցազրույց  է հրապարակել դերասանուհու հետ, որում  բացահայտում է 6 անհայտ փաստ Ֆոսթերի մասին:

 

1. Նա կատարելապես տիրապետում է ֆրանսերենին

Ջոդի Ֆոսթեր- Երբ ես ինը տարեկան էի, մայրս ինձ տարավ ֆրանսիական դպրոց, որովհետև նա պաշտում էր Ֆրանսիան: Մայրս այդ երկրում եղել էր ընդամենը մեկ անգամ՝ ինձ դպրոց տանելուց առաջ, ու նա ասաց ինձ. «Դու կխոսես ֆրանսերեն, դու կնկարահանվես ֆրանսիական ֆիլմում, և մենք կլքենք Միացյալ Նահանգները, լա՞վ»: Ամեն ինչ հենց այդպես չստացվեց, բայց ես պաշտում եմ ֆրանսերենը, միշտ պաշտել եմ այդ լեզուն ու այդ երկիրը, և սա, իրոք, նույնքան իմ մանկության մի մասն է կազմում:

 

2. Դեյվիդ Ֆինչերը նրան շատ բան է սովորեցրել

Ջոդի Ֆոսթեր -Այո, դա ծիծաղելի է, որովհետև նախքան Դեյվիդ Ֆինչերի հետ համագործակցելը մոտ 30 մասնագիտություն եմ փոխել, մինչդեռ ես երբեք ավելի շատ բան չեմ սովորել, քան այդ նկարահանման հարթակում: Նա կինոյի հանճար է: Նա գիտի բոլոր գործերն ավելի լավ, քան այդ աշխատանքները կատարող մարդիկ: Ամենաարժեքավոր բանն այն է, որ նա շատ պարզ պատկերացնում է իր անելիքը: Ամենից առավել գնահատում եմ հենց նրա պարզությունը: Ռեժիսուրայի առումով նրա տված լավագույն խորհուրդը սա է. «Չմոռանաս նստել, որովհետև հակառակ դեպքում օրվա վերջում ոտքերդ կսպառվեն, ու մեկ էլ չմոռանաս ջուր խմել: Մի լավ բան էլ էր ասում. դա լիցքաթափվելն է: Երբ ես երիտասարդ էի, աշխատում էի միշտ ամեն ինչ վերահսկել, իսկ երբ ռեժիսոր ես, իրականում  հակառակն է տեղի ունենում: Դու պետք է լինես մեկը, որը տեսնում է, որը դիտում է, որը գիտի, թե ինչ է տեղի ունենում և որին հաջողվում է ոչ թե վերահսկել, այլ ուղղորդել:

 

3. «Գառնուկների լռությունը» ֆիլմի նկարահանումների ընթացքում Էնթոնի Հոփքինսը վախենում էր նրանից

Ջոդի Ֆոսթեր -Նկարահանումների ժամանակ առանձնապես իրար հետ անհատական շփում չունեինք, քանի որ նա միշտ գտնվում էր ճաղերի հետևում, իսկ ես աշխատում էի առջևում: Այսպիսով, երբ մենք ռեժիսորի հետ գալիս էինք  նկարահանման հարթակ, նա անմիջապես տեղավորվում էր ճաղերի հետևում: Եվ  ճիշտ է, որ ես նրանից վախենում էի: Նկարահանումների ամբողջ ընթացքում ես նրա հետ շատ չէի խոսում, մենք իրար հետ չէինք շփվում և ահա նկարահանումների վերջին օրը մենք նախաճաշում էինք. ես իմ սենդվիչն էի ուտում, նա՝ իրենը: Մենք ամբողջ ֆիլմի ընթացքում չէինք խոսում իրար հետ, և հանկարծ նա ինձ ասաց՝ ես էլ քեզանից եմ վախենում: Մենք ամուր գրկախառնվեցինք ու դրանից հետո դարձանք լավ բարեկամներ:

4. Նա «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի փոքրիկ աղջնակն էր:

Ջոդի Ֆոսթեր -Մարդիկ ասում են, որ այդ աղջիկը մի քիչ նման է ինձ, նա պետք է ավելի քիչ նմանվեր ինձ, որովհետև նա երիտասարդ դերասանուհի է՝ շատ լուրջ է ու ժամանակից շուտ  հասունացած: Դա ճիշտ է, որ երբ  ես դիտեցի ֆիլմը, ինքս ինձ ասացի՝ օհ, սա հետաքրքիր է՝ յոթանասունականներն են, ես շուտ հասունացած երեխա եմ: Կասեմ`ոչ, ես նույնքան լուրջ չէի, ես միշտ կատակասեր էի, սիրում էի ծիծաղել, ի վերջո, ես ավելի պակաս լուրջ էի, քան ֆիլմի այդ աղջիկը: Վերջապես, երբ երեք տարեկան էի, ես արդեն նկարահանվում էի գովազդում, իսկ յոթ տարեկանից սկսեցի նկարահանվել սերիալում, այսպիսով, երբ խաղում էի իմ առաջին ֆիլմում, ես յոթ տարեկան էի: Սա մի քիչ տարօրինակ է, նկատի ունեմ կինոյի մթնոլորտում մեծանալը, բայց ես պատմեցի այն ամենն, ինչ իմացա կինոյի մասին: Բայցևայնպես, դա էր իմ մանկությունը, և ես դրա համար շատ երախտապարտ եմ: Սա ինձ թույլ տվեց ճամփորդել, մտերմիկ զրույցներ վարել հայտնի մարդկանց հետ, ճանաչել կինոն: Մենք ամեն ինչի միահամուռ ջանքերով ենք հասել, նույնիսկ տեխնիկական աշխատակիցների հետ, որոնք ինձ այդքան շատ բան են սովորեցրել: Կինոն ինձ համար ընտանիք է:

5. «Մավրիտանացի» կինոնկարում նա իրական անձի կերպար է մարմնավորում

Ջոդի Ֆոսթեր -Ճշմարտությունն այն է, որ երբ դուք աչքի առաջ ունեք իրական անձ, ֆիլմ ստեղծելն ավելի դժվար է դառնում՝ դուք որոշ բաներ փոխելու ցանություն ունեք, բայց մենք չենք կարող դա անել: Նենսի Հոլանդերի դեպքում այդպես եղավ: Նա խիզախ, խելացի, շքեղ, շատ տիրատենչ, շատ ուժեղ կին է: Նա ինձ ասաց, որ ամենակարևորն այն է, որ սա լինի Մոհամեդու Ուլդ Սլախիի մասին պատմող մի պատմություն, որ այս պատումը կենտրոնացված լինի հենց նրա վրա: Ես ասացի՝ բայց դա ավելի լավ անելու համար, ես պետք է ձևափոխեմ որոշ փոքրիկ բաներ ձեր կերպարում: Նա շատ ուժեղ կին է, բայց չար չէ, այնուամենայնիվ, ես ֆիլմի սկզբում նրան թեթևակի սառնություն հաղորդեցի, որպեսզի նա կարողանա քիչ-քիչ ձևափոխվել Մոհամեդու Ուլդ Սլախիի հետ իր հարաբերությունները հաստատելուց հետո: Դա է իրականությունը, բայց սա այն չէ, ինչ տեսնում ենք սովորաբար:

 

6. Նրա առաջին Կաննի կինոփառատոնը նշանավորվեց ողբերգությամբ

Ջոդի Ֆոսթեր -Անմիջապես ինքնաթիռ նստելուց առաջ սատկեց իմ շունը: Ես այն ժամանակ 13 տարեկան էի: Պատկերացրեք, երբ դուք օդանավ բարձրանալուց 10 րոպե առաջ սեղմում եք ձեր ձեռքերում շնիկին, ում երակներում արյուն է եռում…  դա ինձ համար սարսափելի էր: Մտքովս ինչ ասես չանցավ: Ես համոզեցի ինքս ինձ, որ դա ճակատագրի փոքրիկ հրաշքով կատարված մի բան է. որ եթե ես պետք է արժանանայի այս փառքին, ուրեմն պետք էր որ  զոհաբերեի մեկին, որին ամենից շատ էի սիրում այս աշխարհում: Դա ինչ-որ չափով աղավաղված մտքի դրսևորում է, որը բնորոշ է երեխային, դեռահասին: Չգիտեմ, կհիշեք, թե ոչ, «Երկար նշանդրեք» ֆիլմում մի տեսարան կա, երբ Օդրի Տոտուի հերոսուհին ասում է. «Եթե ծիծեռնակը սուլում է, ուրեմն շուտով կգա իմ սիրեցյալը»: Դա հոգևոր սնահավատության մի տեսակ է, որ գրավում, հրապուրում է մեզ, երբ կարևոր բաներ են կատարվում: Եվ ես տարված էի դրանով, երբ փոքր էի:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի