Ջերեմի Այրոնս. «Անկախը նշանակում է անհատական»

Իմ ամենասիրած ասացվածքներից մեկը հետևյալն է. «Եթե ուզում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմի՛ր նրան քո ծրագրերի մասին»: Կյանքը լի է անակնկալներով: Թեև հենց դրանով է այն հիասքանչ»,- ասում է կինոյի, հեռուստատեսության և թատրոնի բրիտանացի դերասան Ջերեմի Այրոնսը:

Նա իր կինոկարիերան սկսել է «Ֆրանսիացի լեյտենանտի կինը» (1981) ֆիլմով, որտեղ նրա խաղընկերուհին էր դերասանուհի Մերիլ Սթրիպը: Նա հայտնի է իր դերերով այնպիսի գեղարվեստական կինոնկարներում, ինչպիսիք են. «Սվանի սերը» (1984), որտեղ Օդետի դերում հանդես է եկել Օռնելա Մուտին, «Առաքելություն» (1986), որտեղ նա խաղացել է հայր Գաբրիելի դերը, իսկ իրական փաստերի հիման վրա նկարահանված «Ճակատագրի հակառակ կողմը» (1990) ֆիլմի համար նա որպես լավագույն դերասան արժանացել է «Օսկար» մրցանակի՝ Կլաուս ֆոն Բյուլովի կերպարը մարմանավորելու համար:

«Կաֆկա» (1991) կինոնկարում Այրոնսը հանդես է եկել Կաֆկայի դերում, Վլադիմիր Նաբոկովի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Լոլիտայում» (1997) խաղացել է պրոֆեսոր Հումբերտ Հումբերտի դերը, «Բորջիա» (2011-2013) պատմական սերիալում մարմնավորել է Հռոմի պապ Ալեքսանդր IV-ին, իսկ «Գուչիի տունը»  ֆիլմում՝ Ռուդոլֆ Գուչիին:  

Ջերեմի Այրոնսը հնչունավորել է Սքար մուլտհերոսին հոլիվուդյան «Առյուծ արքան» (1994) մուլտֆիլմում, բնապահպանական «Ջախջախվածը» (2012) վավերագրական ֆիլմում հանդես է եկել նաև որպես պրոդյուսեր:

2015 թվականին նա եղել է Սոֆի Դյուլակի հիմնադրած «ՇանզԷլիզե» (Ելիսեյան դաշտեր) կինոփառատոնի համանախագահը: Այս առիթով «Գալան» զրուցել է նրա հետ:

 

Գալա -Թվում է, թե Դուք հիանալի խոսում եք ֆրանսերեն: Գրեթե առա՛նց ակցենտի:

Ջերեմի Այրոնս -(ֆրանսերեն) Ոչ, դուք ինձ շողոքորթում եք: Ես սահուն խոսք չունեմ, հենց այն պատճառով, որ լեզուն չեմ կիրառում: Ես անընդհատ անգլերեն եմ խոսում և բառեր եմ մոռանում: Ես այն սովորել եմ դպրոցում, ինչպես բոլորը, և շատ եմ ֆրանսերեն խոսել Ֆոլկեր Շլյոնդորֆի «Սվանի սերը» ֆիլմի նկարահանման հրապարակում: (Հարցազրույցի ամբողջ ընթացքում նրա ֆրանսերենին հաջորդում է անգլերենը և հակառակը): 

Գալա -Ինչպե՞ս եք Ձեզ զգում այստեղ՝ Ֆրանսիայում: Ինչպես  Ձեր տա՞նը:

Ջերեմի Այրոնս -Ինձ համար Ֆրանսիան կարծես արձակուրդ լինի: Փարիզը, Բրետանն՝ իմ պաշտելի վայրերն են: Բայց ինձ դուր է գալիս, որ այստեղ կա բազմազանություն: Ես Անգլիայից Իտալիա մոտոցիկլետով երկու ուղևորություն կատարեցի և հատուկ մեկնեցի մայրուղիներով՝ ընդմիջումներ անելու և բնապատկերով հիանալու համար: Ես նաև սիրում եմ ֆրանսիական սուրճի տեսակները: Ես նստում եմ երկարավուն պատշգամբում և պատվիրում Պեռնո Ռիկար կամ սուրճ։ Անդորր: Երբ ինձ առաջարկեցին նախագահել «ՇանզԷլիզե»  կինոփառատոնը, դա ինձ համար իսկը ժամանակին էր, քանի որ ես ունեի ընդամենը մեկ ազատ շաբաթ: Հաջորդ շաբաթ ես մեկնում եմ Լուիզիանա, իսկ ինչ վերաբերվում է կնոջս, ապա նա փորձեր է սկսելու: Մենք այստեղ հենց մեկ փոքր շաբաթ անցկացնելու ժամանակ ունեինք՝ ֆիլմեր դիտելու, լավ ուտելու համար... Ես հավասարապես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ գնալու կնոջս հետ գնումներ կատարելու, քանի որ այստեղ մեծ ընտրություն կա: Եվ այստեղ դուք ամեն ինչի վրա ուշադրություն եք դարձնում. հացը, կարագը, սնունդն առհասարակ... Դուք ամեն ինչ ավելի լավ եք անում:

Գալա -Այս փառատոնի առանձնահատկությունն այն է, որ Ձեզ կտանեն դիտելու ֆիլմեր, որոնք Դուք չեք գնահատելու:

Ջերեմի Այրոնս -Ինչի համար, խոստովանում եմ, ես մի քիչ ափսոսում եմ: Երբ մենք ժյուրիի կազմում ենք, ընտրություն չունենք, մենք պետք է ամեն ինչ դիտենք: Եվ երբեմն մենք պատահաբար իսկական գոհարներ ենք հայտնաբերում:

Մինչդեռ այնտեղ ես ընտրելու եմ ելնելով իմ հետաքրքրություններից, այն կարծիքներից, որոնք ես հավաքելու եմ այստեղից-այնտեղից: Անակնկալներն ավելի քիչ կլինեն։

Գալա -Ինչպե՞ս եք վերաբերվում ամերիկյան անկախ կինոյին, որն այստեղ ուշադրության կենտրոնում է:

Ջերեմի Այրոնս -Երբ մենք խոսում ենք անկախ կինոյի մասին, մենք այն հակադրում ենք հոլիվուդյան ստուդիաների նկարահանած կինոյին: Մեծ հաշվով անկախը նշանակում է անհատական: Ավելի քիչ մարդ է մասնակցում որոշումների կայացման գործընթացին, ինչն ինձ համար որակի գրավական է: Որպես ապացույց. երբ ես Իռլանդիայում դղյակ վերականգնել տվեցի, Ժառանգության ազգային բյուրոն ինձ գովեց: Ամեն ինչ կատարյալ էր, որովհետև ես ինքս էի կայացրել բոլոր որոշումները: Երբ այս կազմակերպությունն է իրականացնում որևէ նախագիծ, ապա որոշումները պետք է հաստատվեն մի շարք մարդկանց կողմից, և, վերջիվերջո, ամեն ինչ ձեռք է բերվում էժանացրած գներով: Երբեմն մենք շատ բաներում ավելի պակաս պատվախնդիր ենք...  Նկարահանման հրապարակում նույն բանն է. երբ ես աշխատում եմ անմիջապես ռեժիսորի հետ, ես կարող եմ նրա հետ վերանայել երկխոսությունները: Մինչդեռ, երբ ես գործ ունեմ ստուդիայի հետ, պետք է զանգահարել հայտնի չէ քանի հոգու, որ ամեն ինչ որոշվի «վերևում»: Լուրջ եմ ասում…

Գալա -Դուք աշխատել եք ամենատարբեր ոլորտներում՝ հեռուստատեսություն, թատրոն, Բրոդվեյ, կինո, սերիալներ... Դուք չե՞ք գտել Ձեր երջանկությունը այս մասնագիտություններից որևէ մեկում:

Ջերեմի Այրոնս -Ես կարծում եմ, որ այնքան աշխատանքի առաջարկ կա, որ մարդ պետք է իրեն փորձի ամեն ոլորտում: Հատկապես, երբ ինձ նման սիրում է հակադրականություն և բազմազանություն: Ահա, թե ինչու սիրեցի վավերագրական ֆիլմեր նկարահանելը, կրկնօրինակելը, ավելի լայն հանդիսատեսի համար հասանելի լինելու նպատակով հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվելը, հույս ունենալով, որ դա հանդիսատեսին կդրդի, որ հետագայում նա գնա հեղինակային ստեղծագործություններ դիտելու: Եվ ինձ համար այդ ամենը կապակցված է։ Ես սիրում եմ մեքենա վարել, այնպես որ ես մի քանի մեքենա եմ փորձում, որպեսզի զգամ դրանց վարումը: Ես սիրում եմ մոտոցիկլետ վարել, քանի որ դա բոլորովին այլ զգացողություն է... Պետք է փորձեր կատարել:

Գալա -Իսկ դերասան դառնալով, Դուք ավելի շատ երազել եք թատրոնի, թե՞ կինոյի մասին:

Ջերեմի Այրոնս -Ես երբեք չէի պատկերացնի, որ կնկարահանվեմ կինոյում: Ես ընտրեցի թատրոնը, քանի որ դերասաններին ընկալում էի որպես «ոչ այս աշխարհից» մարդու, փոքր-ինչ բոհեմական, ինչն այնքան էլ հեռու չէ իրականությունից:   

Ես հաճախում էի շատ ավանդական դպրոցներ, ինչպիսնն էր Դորսեթի Շերբորն դպրոցը: Իմ բոլոր դասընկերներն իրենց համար նախանշել էին դասական կարիերա անել՝ բանկում, բանակում, բիզնեսում: Ես ասացի ինքս ինձ. «Օ՜, Աստված իմ, ես հրաժարվում եմ կյանքս անցկացնել այս մարդկանց հետ»: Այսպիսով, ես վերցրեցի իմ կիթառն ու ճանապարհ ընկա, ես նվագում էի այստեղ -այնտեղ գիշերելու տեղի համար փող վաստակելու նպատակով: Եվ դա ինձ շատ դուր եկավ: Ես հասկացա, որ ուզում էի փոքր-ինչ հեռու լինել «ցանկացած մարդու» կյանքից: Հետո մտածեցի կրկեսի կամ տոնավաճառների մասին, որոշ ժամանակ անցկացրեցի կրկեսախմբերի հետ։ Epson Downs (ձիարշավարանի) «Դերբիի օրվա» մեծ տոնավաճառի օրը ես նույնիսկ իմ կիթառով տեղավորվեցի մի գարեջրի բարի կողքին: Այստեղ կան զվարճալիքներ, ձիարշավ՝ սա շատ հայտնի է Անգլիայում։ Սակայն ես տեսա, թե որտեղ են այդ մարդիկ քնում ու ուտում, և վստահ չէի, որ դրան կդիմանաի: Ահա թե ինչու ես սկսեցի զբաղվել թատրոնով։ Սկզբում ինձ դուր եկավ այս կյանքը, մինչև որ ես չսկսեցի իմ մասնագիտությունից հաճույք ստանալ: Մենք սկսում էինք աշխատել մոտավորապես տասն անց կեսին և գնում էինք քնելու ժամը երկուսի սահմաններում: Ոչ մի ընդհանուր բան չկար գրասենյակային աշխատանքի կարգացուցակի հետ, ինչը ինձ շատ հարմար էր:

Գալա -Ձեր որդի Մաքսը դերասան է («Կարմիր գլխարկը», «Հյուրը», «Խռովարարների ակումբ»): Ի՞նչ խորհուրդներ եք տվել նրան:

Ջերեմի Այրոնս -Իմ երկու որդիներին էլ ես տվել եմ նույն խորհուրդները. «Փնտրի՛ր այն, ինչը քեզ երջանիկ կդարձնի և գտի՛ր այն մասնագիտությունը, որը նպաստում է դրան»: Սա կյանքում ամենադժվար բանն է: Իմ ավագ որդին՝ Սեմը, որի հետ նկարահանվել եմ «Դեննի՝ աշխարհի չեմպիոն» ֆիլմում, ի վերջո որոշել է լուսանկարիչ դառնալ, քանի որ նա հրաժարվել է «մեդիայի հետ կապ ունեցող» կյանք վարել: Նա ցանկանում էր զբաղվել որևէ ստեղծագործական մասնագիտությամբ, սակայն նա ամաչկոտ է:

Իմ երկրորդ որդին՝ Մաքսիմիլիանը կարդալու դժվարություն ունի, նա դիսլեքսիկ է: Վաղ մանկությունից նրան սովորեցրել են իր համար կերպարներ ստեղծել: Նա պետք է ցույց տար, որ, չնայած իր առանձնահատուկ կարիքներին, իր մոտ ամեն ինչ կարգին էր: Եվ հենց այսպես նա դարձավ դերասան: Ինչպես և ես, նա միշտ պաշտել է տարբեր աշխարհների մեջ ընկղմվելը, բայց նա պետք է դիմակայի մասնագիտության դժվարություններին, սպասի, որ դերեր առաջարկեն, երկար ժամանակ պարապուրդի մատնված լինի: Նա նաև իրեն շատ լավ է դրսևորում մանուկների հետ: Նա նաև կուզենար աշխատել փոքրիկների հետ որպես հոգեբան կամ դաստիարակ: Բայց հիմա նա օգուտ է քաղում կայծկլտումներից,  գումար վաստակելու փաստից։ Տեսնենք, թե նա կշարունակի՞:

Ես երկուսին էլ ասացի, որ նրանց մեծացրել են երկու հաջողակ դերասաններ, բայց արտիստների մեծ մասը ստիպված են պայքարել, և նույնիսկ չեն կարող վարկավորվել, կամ հոգալ ընտանիքի ծախսերը: Եթե դա ապրելու համար վատ է, ապա ավելի լավ է այս մասնագիտությամբ չզբաղվել:

 

Թարգմանությունը՝ Նունե Գալստյանի