Ժենյա Ներսիսյան. «Ես այնքան երջանիկ եմ, որ դերասանուհի եմ. դա աստվածային մասնագիտություն է»

Միայն վերջին տարում «հանձնվեց» հիվանդությանը. սիրտ էր՝ չդիմացավ

Նոյեմբերի 4-ին Լոնդոնի հիվանդանոցներից մեկում Ժենյա Ներսիսյանը կնքեց իր մահկանացուն: Մեր տեղեկություններով՝ մինչև օրս՝ մահից մեկուկես ամիս անց էլ, սիրված ու անվանի դերասանուհու աճյունը դեռ «դեգերում է» օտար ափերում: Ե՞րբ այն իր հանգրվանը կգտնի հայրենի հողում:

 

Հայտնի դերասանուհին 90 տարեկան էր: Ծնվել է 1931-ին Երևանում: Ավելի քան չորս տասնամյակ խաղացել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, ուր և ամբողջացել է դերասանուհու ստեղծագործական դիմանկարը: Հայ թատրոնի, գրականության և դրամատուրգիայի հմայքը հասցրել է Եվրոպա: Լոնդոնյան դերակատարումները մամուլում որակվել են որպես «անթերի հաղթարշավ», դերասանուհին՝ «դրամայի և կոմեդիայի վարպետ»:

 

«Ներսիսյան Առաքել, դուք ձերբակալված եք»

37 թվական: Նրանք եկան կեսգիշերին: Չսպասելով դուռը բացելուն՝ վայրենաբարո ներխուժեցին տուն, տակնուվրա արեցին տան քունջուպուճախը՝ փնտրելով հոր՝ ժողովրդի թշնամի լինելը հաստատող իրեր: Ծնողներն էին ու երեք մանկահասակ երեխաները: Ինքն ամենափոքրն էր՝ վեց տարեկան: «Ներսիսյան Առաքել, դուք ձերբակալված եք»՝ որոտացին… Հորը տարան: Ահասարսուռ տեսարանը մնաց մտապատկերում. գետնին տրորված ընկած էր իր շնիկը՝ սիրելի խաղալիքը: Հետո դառնությամբ պիտի հիշեր. «Մայրս հորս կորուստն էր ողբում, ես իմ շնիկի ճակատագիրը»: Ահուսարսափի մեջ էին և հաջորդ օրերին: Գիտեին, որ նախորդ գիշերը տարել էին «ժողովրդի թշնամու» երկու ընտանիքի և սպասում էին «իրենց հերթին»: Այս անգամ արհավիրքից փրկեց Քրիստոսից էլ քրիստոնյա տատի աղերսն առ Աստված: Գնացեք քնեք՝ պատվիրեց երեխաներին ու ծնկեց աղոթելու: Բեռնատարն այդ գիշեր չկանգնեց նրանց դռանը:

Որբությունից ու հոր կարոտից դառնացած, ջերմություն ու գորով փնտրող հոգին   սփոփանք էր գտել: Դպրոցի մոտերքում հորը շատ նման մի տղամարդ էր ապրում: Դպրոցից դուրս գալուց հետո երկար կանգնում էր այդ ճանապարհին, մինչև իր երևակայական հայրը՝ սպիտակ կիտելը հագին գեղեցկադեմ այդ մարդը, երևար: Իսկ նա գալիս անցնում էր՝ իրեն չնկատելով, անգամ հայացքի չարժանացնելով: Այսպես հետզհետե փլվում էր հոր պատրանքը, ամեն անգամ ասես նորից էր որբանում, ու սպասումը դառնում էր էլ ավելի տխուր ու ցավոտ: Պատրանքը՝ պատրանք, պարադոքսն էր անհասկանալի՝ «Մինչ ինձ նման շատերը՝ հայրերը կենդանի, իրենք որբ մեծացան, մենք անգիտորեն գովերգում էինք մեր միակ «հորը»»: Ի՜նչ ոգևորությամբ էի արտասանում. «Մատ եղունգս մաշել եմ, խալի գործել նախշել եմ, հայր Ստալինի նկարը խալու վրա քաշել եմ»:

 

Դիպվածը՝ ճակատագիր

Ժենյային հարցնում էին՝ ինչպե՞ս դարձաք դերասան, ասում էր՝ ես չեմ դարձել, ես այդպիսին եմ եղել, փոքրուց պատրաստ էի, գիտեի, որ դերասանուհի պիտի դառնամ: Մինչդեռ եղբայրը, որ իր համար հայր էր, ուզում էր, որ քույրը «մի լավ, լուրջ, խելքը գլխին մասնագիտություն» ընտրի: Եղբոր խոսքից անցնել չէր կարող, հայր էր իր համար: Նրա խոսքին հնազանդվելով՝ դիմեց թատերական ինստիտուտ: Քննողներն էլ ովքե՞ր էին՝ Աճեմյան, Վաղարշյան, Գուլակյան ու Մալյան, Վավիկ Վարդանյան, Լևոն Քալանթար ու  Ավետ Ավետիսյան… Վերջինս մնաց զարմացած՝ լսելով իր «ի՞նչ ես կարդալու» հարցին աղջկա պատասխանը՝ «Զամբախովի մենախոսությունը»: Զարմանքով էլ ասաց՝ դու աղջիկ ես, Զամբախովի հետ ի՞նչ գործ ունես: Կարդաց ու գերազանցը շալակած, երջանկացած՝ դուրս եկավ լսարանից: Եկավ եղբորը պատասխան տալու ժամանակը: Մի լավ ծեծ կերավ ու ընդունվեց համալսարանի նորաբաց ժուռնալիստիկայի բաժին: Դասի էր գնում կոտրված սրտով, անհավես ու տխուր, երամը կորցրած թռչունի նման նստում մի անկյունում, ինչպես ինքն է ասել՝ «կյանքի նկատմամբ սերս կորցրած»: Եվ ահա, օրեր անց, այդպես տխուր, լուռ ու անհաղորդ նստած էր համալսարանի դահլիճում տեղի ունեցող մի միջոցառմանը, և հանկարծ դահլիճով մեկ թնդում է իր անունը՝ Ժեն-յա, Ժեն-յա: Դեռ դպրոցական տարիներից տարբեր բեմերում նրան տեսած  ուսանողները վանկարկումներով Ժենյային բեմ էին հրավիրում: «Առանց վայրկյան կորցնելու թռա բեմ ու ասմունքեցի՝ Թումանյան, Սարյան, Իսահակյան… Հաջորդ օրը դեկանն իր մոտ կանչեց. «Աղջիկ ջան, էս ի՜նչ շնորհքով ես, դու ամբողջովին բեմի մարդ ես, քո տեղը թատերականում է, ինչո՞ւ ես այստեղ եկել»: Անկեղծացավ՝ եղբայրս է պարտադրել: «Վաղվանից կգնաս դասի, իսկ եթե եղբայրդ առարկի, ուղարկիր ինձ մոտ»: Սրտապնդվեց, ոգևորվեց, մյուս կողմից էլ դիպվածն օգնեց՝ եղբայրն այդ օրերին Մոսկվայում էր, ու Ժենյաս՝ ուղիղ թատերական ինստիտուտ: Իսկ նրան, պարզվում է, հիշում էին ու սպասում: Լսարանի դռնից դեռ ներս չմտած՝ Վավիկ Վարդանյանը ձայնեց՝ ե՜կ, այ աչոնիկ, ե՜կ, ո՞ւր ես, ինչո՞ւ դասի չես գալիս:    

 

Լավն էր,-ասում էին,- Ժենյան

Ստեղծագործական գործունեության սկիզբը դրվեց Պատանի հանդիսատեսի թատրոնում: Ամբողջ 40 տարի նա ծառայեց այս թատրոնին, ուր նրան տարավ անվանի ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանը: Այստեղ էլ ամբողջացավ նրա բեմական դիմանկարը: Մանուկ ու պատանի, երիտասարդ ու տարիքով նրա հերոս-հերոսուհիները բեմում առաջին իսկ քայլերից փայլում էին իրենց գունեղ կերպարայնությամբ, խարակտերային նրբին բացահայտումներով, զմայլելի անմիջականությամբ ու բնականությամբ: Բեմում թռչկոտում էր խնդումներես, զվարթաձայն մի աղջիկ, որից սեր ու բարություն էր ճառագում: Բեմ էր մտնում կյանքին սիրահարված պարմանուհու խնդությամբ: Նրա կերպարները հրաշալի համադրումն էին իր արտիստական շռայլ շնորհների և իր պայծառ էության: Այլ խոսքով՝ տաղանդին, արտիստականությանը գումարվում էին կյանքի ու թատրոնի սիրով լեցուն, մշտապես թրթռուն հոգու վառվռուն գույները, և դերասանուհու ամեն մի բեմելը հրավառության էր վերածվում: Այդպիսին էին նրա Կոզետը («Թշվառները»), Սոնյան («Ինչպես է կոփվում պողպատը»), Վասյան («Հանուն հեղափոխության»)... Դերասանուհու խաղաոճն անկեղծ ապրումի, ճիշտ կերպարազգացողության, բնատուր թատերայնության միաձուլվածք է: Բազմաշնորհ, բազմախարակտերային դերասան էր, ռեժիսորների փնտրածը: Մեկ 10-12 տարեկան երեխայի դերում էր, մեկ՝ 40 տարեկան մոր, և երկուսում էլ՝ նույնքան համոզիչ, նույնքան բնական: Նույնպիսի եռանդով ու մանրակրկիտ աշխատու մ էր և՛ հերոսի, և՛ էպիզոդային դերի վրա: Կարողանում էր հուզել մարդկանց, մինչև վերջ թեժ պահել իր խաղի նկատմամբ հետաքրքրությունը: Կրակի կտոր էր, սուր խոսք ուներ, անսպառ ու համով հումոր, վարակիչ ծիծաղ, ժպիտը դեմքից չէր իջնում: Արտիստիկ էր, արտիստիկ էր և հոգին, երաժշտական մարդ էր, հիանալի լսողություն ուներ, պարում էր, երգում: Եղբոր հետ օպերաների օվերտուրաներ էին հավաքում. եղբայրը սուլում էր, ինքը՝ երգում: «Լավն է, -ասում էին,- Ժենյան»:  

 

«Ամա՜ն, Ժենյա, մեյ մըն ալ հաչա»»

«Կիպրոսահայ ծանոթս ինձ իր տուն էր հրավիրել: Մեզ հետ էր իր երեքամյա որդին: Նա ի ծնե չէր խոսում, լսածին չէր արձագանքում, և մոր համար դա ողբերգություն էր: Տուն հասնելու ճանապարհին երեխան անդադար լաց էր լինում: Փորձեցի ուշադրությունը շեղել, գուցե հանգստանար: Սկսեցի շան նման հաչել: Փոքրիկը լացը կտրեց ու երեսիս նայելով՝ արտաբերեց. «Դոգի»: Մայրն ականջներին չէր հավատում՝ «մանչս կխոսա՜, Ժենյա, կխոսա՜, դուն ի՞նչ ըրիր, Ժենյա, ի՞նչ ըրիր»: Ասացի՝ հաչացի: Նա էլ թե՝ «Ամա՜ն, Ժենյա, ի՜նչ աղվոր հաչացիր, մեյ մըն ալ հաչա»:

Տիկնիկային հաղորդման մեջ աքլորի պատմությունը ներկայացնելու համար տանն աքլորի պես կանչելու փորձեր էի անում: Փորձեցի, փորձեցի, մեկ էլ մի չտեսնված աքլորականչ հնչեց: Սկեսրայրս, որ հավ էր պահում, կողքի սենյակից ձայն տվեց ինձ. «Գառ ջան, էդ խորոզներին քշե դուրս»:

 

Բեմական վաստակը Հայաստանում և երկրից դուրս

Ժենյա Ներսիսյանի 150-ը գերազանցող դերակատարումները նրա բոլոր շնորհների միաձուլումն են, և յուրաքանչյուրն իր վրա նրա յուրահատուկ դրոշմն ունի, թատերագետի խոսքով՝ բուրում են ժենյաաբար: Խաղացել է տարբեր հոգեվիճակների ու ճակատագրերի տեր կանանց՝ կերտելով տիպական կերպարների մի ամբողջ շարք. Ռոզալիա («Պատվի համար»), Ջավահիր («Չար ոգի»), Միսիս Սևիջ («Միսիս Սևիջ»), Աննա Անդրեևնա («Ողջույն, դինոզավրեր»)… Խարակտերային հետաքրքիր դերեր էին նրա  մորաքույր Պոլլին («Թոմ Սոյերի արկածները»), Կուկուշկինան («Եկամտաբեր պաշտոն»), խորթ մայրը («Մոխրոտը»): Մի առանձին գունեղությամբ էին կերտված հեռուստա և ռադիոբեմականացումներում խաղացած նրա  դերերը: «Բաց պատշգամբում» նրա կերտած մոր դերն անվանի դերասան Խաչիկ Նազարեթյանը համարել է «հեռուստատեսությունում Ժենյայի գլուխգործոցը»: «Նայեցի, նայեցի, ու իմ աչքի առաջ հրաշք կատարվեց»,- իր տպավորությունն այսպես է արտահայտել հայ բեմի եվրոպացին: «Ողջույն, դինոզավրեր» ներկայացման մեջ ընդվզող կնոջ կերպարի վրա, իր իսկ խոսքերով՝ աշխատել է՝ ինչպես ասեղնագործություն: «Փոքրիկը և Կառլսոնը» ներկայացման մեջ Ժենյան ռոմանս էր երգում, և այդ տեսարանը կարելի էր առանձնացնել որպես մի համերգային կադր»,- հիշում է բեմընկերը՝ դերասանուհի Արև Սանթրոսյանը:

Հեռուստաստուդիայի բացվելուց ի վեր ընդգրկվել է զանազան հաղորդումներում՝ հանդես գալով ասմունքի, երգիծական, մանկական և այլ ծրագրերով: Նրա «Բարի գիշեր» ռադիոհաղորդմանն սպասում էին հազարավոր երեխաներ: Մանուկ հեռուստադիտողը խանդավառված էր նրա Բուրատինոյով. Ժենյան Հայկական հեռուստատեսության առաջին Բուրատինոն էր:

1993-ին Լոնդոնի կիրակնօրյա վարժարանից հրավեր ստացավ՝ դերասանուհու համար երջանիկ առիթ հայ գաղթօջախում տարածելու հայ գրականությունն ու թատերարվեստը: Այստեղ աշխատեց շուրջ մեկ տասնամյակ՝ այդ ընթացքում բեմադրելով Թումանյանի գրեթե բոլոր հեքիաթները, Թեքեյանի «Խորհուրդ Վարդանանցը», էմինի «Հավերժի ճամփորդը» և այլ գործեր: Թատերական մեծ նվաճում էր Մարիամի դերը «Դատավճիռը» պիեսում: Թեման խորապես հայկական էր՝ եղեռն: Հրավիրված հինգ դերասաններից առաջինը փորձեցին Ժենյային, և ռեժիսոր Ռոջեր Սմիթն ասաց՝ ես գտա իմ Մարիամին, մյուսները կարող են գնալ: Խաղաց անգլիական բեմում, անգլիացի դերասանների հետ՝ անգլերեն: Անգլիական մամուլը գրեց. «Անթերի, փայլուն դերակատարում…Կասկած չկա, որ այս դերասանուհին վաղը «Օսկար» կստանա»: Թատերագետները նրան համարեցին կոմեդիայի և դրամայի վարպետ:

Կյանքի վերջին տարիներին ապրեց Անգլիայում՝ մնալով արտիստական իր տարերքի մեջ և ժամանակ առ ժամանակ հայտնվելով նաև հայ բեմում: 75-ամյակին բեմ բարձրացնելու համար հոբելյանավայել մի գործ գտավ՝ Ուիլյամսի «Անսպասելիորեն՝ անցած ամռանը», որ բեմադրվեց Մայր թատրոնի բեմում՝ նրա խաղացանկը հարստացնելով մոր ևս մի փայլուն, դրամատիզմով հագեցած կերպարով՝ Վիոլետ Վենաբլ:

Մինչև վերջ եղավ բեմում, մնաց բեմին հավատարիմ ու հարազատ, և միայն կյանքի վերջին տարում «հանձնվեց» հիվանդությանը՝ սիրտ էր՝ չդիմացավ:

 

Սուսաննա Մարտիրոսյան