Ջաննա Թութունջյան՝ դատապարտված արտացոլել հոգին

«Ջան բառը հոգի է նշանակում։ Ինձ այդ անունը տալով՝ «դատապարտեցին»

ավելի շատ հետաքրքրվելու ոչ թե մակերեսայինով,

այլ ներսում եղածով»

Ջաննա Թութունջյան

 

Կան արվեստագետներ, որոնց ուղին ասես նախօրոք նախանշված է։ Նրանք ընտրում են այն, ինչը մանկուց քաջ ծանոթ է իրենց, նախընտրաբար՝ ծնողների մասնագիտությունը և հավելելով սեփական որոնումներն ու բացահայտումները, կայանում են մետրոպոլիսների պատկերասրահներում ու սալոններում։ Բայց լինում է և հակառակը, երբ արվեստագետը կայացման ամենաանհավանական ճանապարհներով է անցնում ու ինքնահաստատվում է՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների։ Հեշտ ճանապարհներն անտեսող նման բացառիկ անհատներից է նկարչուհի Ջաննա Թութունջանը։ Նա համարվում է Վոլոգդայի գեղարվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, նրա գործերով առ այսօր հիանում են ինչպես ռուս, այնպես էլ այլազգի արվեստասերները։

Ծնվել է 1931 թ․ սեպտեմբերի 22-ին՝ Մոսկվայում։ Հայրը՝ Տաճատը, ծագումով պարսկահայ զինվորական էր, մայրը՝ ռուս բանասեր, որը սերում էր մոսկովյան ազնվականների տոհմից։ Դեռևս պատերազմի տարիներին Ջաննան ընդունվել է արվեստի դպրոց, այնուհետև՝ Մոսկվայի Սուրիկովի անվան պետական գեղարվեստական ինստիտուտը։ Այստեղ նրա դիպլոմային աշխատանքի թեման Մայր հայրենիքի խորհրդանիշ-կերպարն էր, որը նա իրագործեց ֆլորենտական խճանկարի տեխնիկայով։ 21 տարեկանում Ջաննան առաջին անգամ այցելում է Վոլոգդա. տատիկը նրան թույլ չէր տալիս լքել հարազատ տունն ու Մոսկվան, և Ջաննան ստիպված փախչում է՝ ցած թռչելով պատուհանից։ Նկարչուհին սիրահարվում է Հյուսիսի բնությանն ու բնակիչներին և 1959-ին ընդմիշտ թողնում է Մոսկվան, հարազատ Արբատը, և ամուսնու՝ գեղանկարիչ Նիկոլայ Բասկակովի հետ տեղափոխվում վերջինիս հայրենիք՝ հեռավոր Վոլոգդա քաղաք։ Սակայն Վոլոգդայում նրանք անցկացնում  էին միայն ցրտաշունչ ձմեռները, իսկ տարվա մնացած ժամանակահատվածը  նրանք ապրում էին Սուխոնա գետի ափին գտնվող, կորած-մոլորած անտառով շրջապատված Սերգիևսկայա գյուղում (Վոլոգդայի մարզ)։ Եթե Հայաստանը Ջաննան անվանում էր «հայրական հող», ապա որպես նկարիչ իր ծննդավայրը համարում էր Վոլոգդան․ հենց այստեղ էլ նա պիտի ճանաչում գտներ իր թե՛ գեղանկարչական, թե՛ գրաֆիկական աշխատանքներով։ Այստեղ, 1964 թվականին նա անդամակցում է ԽՍՀՄ նկարիչների միությանը, ութ տարի անց արժանանում է Ռուսաստանի վաստակավոր նկարչի կոչման։ Այստեղից էլ նրա կտավները հասնում են կերպարվեստի մայրաքաղաքներ և իրենց տեղը գտնում Տրետյակովյան ու առաջնակարգ մյուս պատկերասրահներում։

Ջաննայի ստեղծագործության առանցքում հողի մարդիկ են ու Հյուսիսի բնությունը, ինչն  արձանագրում է նաև ինքը՝ նկարիչը. «Որպես մարդ՝ ես Երկրի դուստրն եմ, և ինձ համար կարևոր է, թե ինչպիսին է այն և ինչ կպատահի նրա հետ։ Իմ մանկությունն ու կյանքիս զգալի մասն անցել են մոսկովյան ասֆալտի ֆոնին։ Բայց կենդանի երկրին դիպչելը ինձ միշտ իրական հաճույք է պատճառել: Կուզենայի ինձ համեմատել ծառի հետ՝ գրաֆիկան իմ արմատներն է, գեղանկարչությունը՝ սաղարթամասս»։

Ջաննան Հայաստանում եղել է ընդամենը մեկ անգամ՝ 1955-ին։ Շատ է տպավորվել  Հայաստանի ճարտարապետությունից և հատկապես՝ հայկական երգերից, որոնք, ըստ նրա, ստեղծված են սարերի ու արևի համար, բարձր են, տաք ու սրընթաց։ Հետագայում նա վերհիշել է․ «Հայրիկիս հետ կապուտակ Սևանում նավակով լողում էինք, և ես նրա համար հայկական երգ էի երգում, որն ինձ սովորեցրել էին բարեկամները։ Նա թաքցնում էր իր դեմքը: Ըստ երևույթին, նա դառնացած էր։ Հարազատ դուստրն է, իսկ լեզուն չգիտի։ Երգում է առանց հասկանալու...» Հայկական տպավորությունների ազդեցությամբ նկարչուհին ստեղծել է կուրսային պլակատ, նկարներ, պատրաստել է տիկնիկներ, նկարազարդել է հեքիաթներ։

Մոտ 600 աշխատանքների հեղինակ է Ջաննա Թութունջանը, որոնցում գերիշխում են անհուն սերն ու նվիրումը։ Նրա բնորդուհիները տարբեր տարիքի կանայք են (նա կարծում էր, որ երջանկությունը կարելի է պատկերել մայրության տեսքով), և գրեթե բոլորն էլ լինելով պարզ գյուղացիներ՝ միաժամանակ չափազանց տարբեր են՝ օժտված ընդգծված  անհատականությամբ։ Նա հատկապես ընտրել է այն կերպարները, որոնք նրա կարծիքով արտահայտել են ռուս գյուղացիության ոգին: Ջաննան նաև խուսափել է հանրահայտ մարդկանց պատկերելուց։ Նրա գործերում հաճախ են հանդիպում կերպար-խորհրդանիշներ («Բաժանում», «Վերջին ձին», «Ցեղի արմատը»)։

Արվեստաբանության դոկտոր Մարիա Չեգոդաևան Թութունջյանի մասին գրել է․ «Զարմանալի զգացում. նրա արվեստում հողն ինքն է ճչում, հառաչում, խոստովանում, պատմում իր մասին, իրենց ձայնն են ստանում արժանապատվությամբ լի սրբապատկերային պառավները, հալումաշ եղած անհոգ մուժիկները։ Նա դրանց ներկայացուցիչն է, դրանց ձայնը, հենց դրանց, այլ ոչ թե իր «ինքնաարտահայտումը»։ 

Հասուն շրջանի նրա նշանավոր աշխատանքներից է «Անմոռուկներ» այլաբանական կտավը, որտեղ աշխատավոր կնոջ երեք տարիքներն են՝ անմեղ մանկությունը, երազկոտ երիտասարդությունը և խոհուն ծերությունը․․․ Այսպես Թութունջանը ուրույն՝ հողեղեն, մարդակենտրոն լուծումով է մոտենում ռուսական կերպարվեստի ավանդական «Տրոիցաների» բազմադարյա խորհրդին․․․ Խորապես պանթեիստական աշխարհայացքի կրող Թութունջյանի գնահատմամբ՝ եթե մարդը մոռանա իր հոգևոր ձգտումների մասին, նա կվերածվի հրեշի․ «Հենց բնությանը, նրա ջինջ ջրերին, լուսավոր երկնքին, անտառներին, մարգագետիններին, դաշտերին մոտ լինելը և աշխատելու, հողը մշակելու բնածին անհրաժեշտությունը մարդուն իմաստուն և հոգով պարզ էակ են դարձրել։ Ես չեմ իդեալականացնում գյուղի բնակիչներին։ Գյուղերում էլ հանդիպում են վատ մարդիկ․․․ Բայց խոսքս մարդկային բնավորության հիմնական որակների մասին է, որոնք, իմ կարծիքով, սկիզբ են առնում հենց հողից, և ես շատ կափսոսամ, եթե մարդը դրանք կորցնի»։

Թութունջյանի կտավները լուսավոր են, լցված մոդեռնիզմին հատուկ լավատեսությամբ ու հանդիսավորությամբ։ Դրանցում զգացվում է Աբրամ Արխիպովի, Ֆիլիպ Մալյավինի, Կուզմա Պետրով-Վոդկինի, Նատալյա Գոնչարովայի և ընդհանրապես կուբիզմի և ռուսական ավանգարդային գյուղանկարչության ազդեցությունը։ 

Երբ 1969-ին մարզկենտրոնում բացվում է Ջաննայի առաջին անհատական ցուցահանդեսը, այն ոգևորությամբ ու ցնծությամբ է ընդունվում՝ որպես գեղարվեստական ոճի խիզախ որոնում։ Արվեստի աշխարհը զարմանում ու հիանում է նրանով․ քաղաքից եկած նկարչուհուն գյուղացիները որպես յուրային են ընդունում, շատերի համոզմամբ՝ նա ռուսական գյուղը պատկերող լավագույն արվեստագետններից մեկն է։ Գեղանկարչության  մեջ կա՞ ավելի դժվար բան, քան ձմեռային բնանկարը՝ իսպառ զերծ կոնտրաստներից․ Ջաննան հաճախ հենց դա է ընտրում ինքնարտահայտման համար։

Տարիների ընթացքում Թութունջյանը ևս մեկ ստեղծագործական հնարք է կիրառում․ նա իր նկարներն ուղեկցում է հակիրճ, բայց ընդգրկուն ֆրազներով ու բանաստեղծություններով, որոնք օգնում են ներթափանցել կերպարների ներաշխարհը։ Բանաստեղծական մի այդպիսի պատառիկում նա պատմում է, թե Վոլոգդայի բնակիչների ականջին անսովոր է իր անուն-ազգանունը, շուրջբոլորը ձյուն է, սակայն հարավի քամին է փչում, ու ինքը ձյուներից չի վախենում, քանզի երկու արմատ ունի՝ մայրական տատիկը, որի ազգանունը Սնեժկովա է եղել, և հայրականը, որ բոլոր հարավցիներից ամենաջերմն է եղել․

Սառնամանիք և արև,

Երկու ուժ եք ինձ համար՝

Ռուսաստան ու Հայաստան․․․

Ջաննայի գրաֆիկական աշխատանքները շեշտակիորեն մոնումենտալ են, որոնց կերպարների դեմքերը պատկերվում են խոշոր պլանով, դիմագծերն ասես կոփածո են ու պատկանում են բիլինաների հերոսներին։

1990-ականներին նրա ստեղծագործություններում հայտնվում են արդեն բացահայտորեն կրոնա-փիլիսոփայական խորք ունեցող դիմապատկերներ («Առաջնեկը»)։

2004-ին Թութունջյանին շնորհվում է Ռուսաստանի ժողովրդական նկարչի կոչում, 2006-ին նա արժանանում է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալի, իսկ 2009-ին  ընտրվում է այդ ակադեմիայի թղթակից անդամ։

79-ամյա նկարչուհին բարդ բժշկական գործողությունից հետո վախճանվում է Վոլոգդայում՝ 2011 թվականի փետրվարի 23-ին:

Նրա վերջին՝ «Հանդիպում Հայաստանի հետ» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ արդեն  հետմահու։ Հատկանշական է, որ նկարչուհուն նվիրված պատկերագրքերում ու հոդվածներում, որպես կանոն, անդրադարձեր կան նրա հայկական արմատներին, իսկ հեռավոր հյուսիսում նրա նկարները մինչև իսկ ցուցադրվել են դուդուկի հնչյունների ներքո․․․ Հայկական թեմայով Ջաննայի թերևս ամենահայտնի՝ «Նուռը Հայաստանից» աշխատանքը, արվել է յուղաներկով՝ 1972-ին։ Նկարչուհու կտակի համաձայն նրա երկվորյակ զավակները՝ Արսենը և Յուլիան 2014 թվականին գունանկարը հանձնել են Հայաստանի ազգային պատկերասրահին։

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1․ «Անմոռուկներ», 1969

2․ «Առաջնեկը», 1994

... ...