Ժաննա Մորոյի «Ճշմարտության պահը»

Ֆրանսիական կինոյի նշանավոր դերասանուհի Ժաննա Մորոյին հաճախ անվանում էին «կանացիության ինտելեկտուալ իդեալ»: Այսպես է նրան բնորոշել կինոյի հայտնի  քննադատ Ժինետա Վենսանդոն: Առաջարկում ենք ընթերցել «Ճշմարտության պահը» հաղորդաշարին տված նրա հարցազրույցը, որը տեղ է գտել Ֆրանսիայի Ազգային տեսալսողական ինստիտուտի (INA)՝ INA SRARS հավաքածուում: Հարցազրույցը վարել է լրագրող և քննադատ Անդրե Պարինոն՝ 1959 թվականին, երբ դերասանուհին դեռ 31 տարեկան էր: 

Անդրե Պարինո -Ժաննա Մորոն համաձայնել է մասնակցել «Ճշմարտության պահը» հաղորդմանը: «Համեղ ապուր» և «Կատուն շիկացած տանիքի վրա» պիեսների, «Սիրահարները» ֆիլմի դերասանուհին, որը վաղը հանդես կգա «Վտանգավոր կապերում», որտեղ նա կմարմնավորի Մարկիզուհի դե Մերտեյի կերպարը, բեմում և էկրանին հիմնականում խաղում է այնպիսի դերեր, որոնք պահանջում են ծայր աստիճան խիզախություն՝ զգացմունքային, բնավորության, իրավիճակների խիզախություն: Մենք լավ չենք պատկերացնում, թե ինչպե՞ս կարելի է լինել ավելի խիզախ՝ առանց ծայրահեղության հասնելու: Պիրանդելլոն գրել է մի պատմություն, որում գլխավոր դերասանուհին սիրում է մի տղամարդու, որը չի կարող ընդունել, որ այս կինն իրեն հոշոտման հանձնի հանդիսատեսին: Մենք կուզենայինք իմանալ, թե այդ իրավիճակը Ձեզ չի՞ վնասել անձնական կյանքում: Թույլ տվեք մեկնել Ձեզ այս հայելին, որը, եթե դուք չեք առարկում, կլինի «Ճշմարտության» այս խաղի խորհրդանիշը: Նախ և առաջ կցանկանայի հարցնել Ձեզ, արդյոք սիրո՞ւմ եք Ձեր դեմքը, Ձեր կազմվածքը:

Ժաննա Մորո - Ոչ:

Անդրե Պարինո -Դուք այն երբեք չե՞ք սիրել:

Ժաննա Մորո -Ոչ: Ես ընտելացել եմ դրան, չեմ կարող ասել, որ առանձնակի սեր ունեմ դեմքիս կամ կեցվածքիս հանդեպ:

Անդրե Պարինո -Ըստ Ձեզ, Դուք նրանցի՞ց եք, որոնց կոչում են «սեքսուալ»:  

Ժաննա Մորո -Կարծում եմ, որ ինձ համար միևնույն է: «Սեքսուալը» ճիշտ բառ չէ: Ես կարծում եմ, որ դուր եմ գալիս: Հաջողություն ունենալու փաստը նշանակում է, որ ինձ հավանում են:

Անդրե Պարինո -Դուք չե՞ք քաշվում այն հանգամանքից, որ Ձեր ֆիզիկական զգացմունքներրը, ինքնաբերաբար շարժումները, դիմամկանի ամենաչնչին կծկումները ծանոթ են միլիոնավոր անձանց, և հատկապես՝ Ձեր շրջապատի մարդկանց: 

Ժաննա Մորո -Իհարկե, դա հարմար չէ, քանի որ դուք հարցնում եք այդ մասին: Անկեղծորեն հավատացնում եմ ձեզ, որ ես խնդրին այդ տեսանկյունից չեմ նայել և հիմնականում այն տպավորությունն ունեմ, որ լինելով դերասանուհի, որևէ կերպար մարմնավորելու ժամանակ, ես նրանց օժտում եմ ինձ հատուկ արտահայտություններով: Այդ պարագայում տպավորություն է ստեղծվում, որ իմ ամենօրյա կյանքում այդ արտահայտությունները տարբերվում են, գուցե ես սխալվում եմ:

Անդրե Պարինո -իրական կյանքում Դուք անհարմար չե՞ք զգում էկրանի երկրպագուների համար ցանկալի լինելուց:

Ժաննա Մորո -Ոչ: Ես երբևիցե չեմ հայտնվել որևէ անհարգալից իրադրության մեջ:  Նույնիսկ «Սիրահարները» ֆիլմի ցուցադրումից հետո ես չեմ ստացել ոչ մի նամակ, որը գրված կլիներ հատուկ վիրավորական տոնով՝ ընդհակառակը:

Անդրե Պարինո -Ներեցեք ինձ պնդելու համար, բայց երբ Դուք էկրանին պատակերում եք կիրքը, օրինակ, Դուք ունեք տղամարդու դեմքին հպվելու, նրա հետ գրկախառնվելու, նրան համբուրելու որոշ ձևեր, որոնց հանդիպում ենք Ձեր բոլոր ֆիլմերում, հետո երբ Դուք կյանքում հայտնվում եք այդ նույն իրավիճակում, արդյո՞ք Ձեր զգացմունքները չեն նվազում, չեն զրկվում մասամբ իրենց ճշմարտացիությունից, իրենց որակից, այն բանի հետևանքով, որ էկրանին և բեմի վրա դուք կատարել եք նույն դերերը: 

Ժաննա Մորո -Ինձ չէ, որ պետք է տալ այդ հարցը, որովհետև, ենթադրում եմ, որ իմ մասնավոր կյանքում պետք է լրիվ ուրիշ մարդ լինեմ, իսկ այս սիրային կրքով ներշնչված իրավիճակը, որը ստեղծվել է նկարահանման հարթակում կամ թատերահարթակում, ծայրահեղ ցավագին ու շատ դժվար տանելի է ինձ համար: Ես ինքնաբուխ լինելու տպավորություն չունեմ: Այս ամենը երևակայության և հիշողության հարց է: Ինձ համար սա ճշմարտության հարց է: Կարծում եմ, որ դեր խաղալը հենց սա է:

Անդրե Պարինո -Երբևիցե այն տպավորությունը չե՞ք ունեցել, որ կյանքում դեր եք խաղում :

Ժաննա Մորո -Ոչ: Ես կունենայի այդ տպավորությունը, եթե օրերից մի օր ինչ-որ մեկն ինձ ասեր. «Բայց ինչ-որ մի տեղ ես արդեն տեսել եմ այդ արտահայտությունը»:

Անդրե Պարինո -Իսկ Ձեզ հետ պատահե՞լ է, որ Դուք հանկարծակի սիրած էակին ասեք որևէ բառ, որը հենց Ձեր դերի խոսքը լինի:

Ժաննա Մորո -Ոչ: Նման բան ինձ հետ երբեք չի պատահել: Կարծում եմ, որ նույն հաջողությամբ դա կարող է պատահել այն մարդկանց հետ, որոնք դերեր չեն խաղում, որովհետև բառերը միշտ նույնն են՝ մարդիկ երբեմն փոխվում են, իսկ իրավիճակը մնում է նույնը: Ես դերասանուհի եմ, սակայն այն կարծիքին եմ, որ գոյություն ունեն կանայք, որոնք տարբեր տղամարդկանց ասել են նույն բառերը:

Անդրե Պարինո -Կկարողանայիք սիրել «աստղի» և հավատալ նրա սիրուն:

Ժաննա Մորո -Չեմ կարծում, որ կկարողանայի սիրել դերասանի:

Անդրե Պարինո -Ինչո՞ւ:

Ժաննա Մորո -Չգիտեմ: Կարծում եմ, որ այս մասնագիտությունը դժվար ընդունելի է կնոջ համար, բայց և այնպես տղամարդկու համար սա առավել յուրահատուկ իրավիճակ է: Այսպիսով, հարկավոր են կանացիության, աներկիմաստության   հատկանիշներ, որոնք առանձնապես տղամարդուն բնորոշ հատկանիշներ չեն, իսկ այն տղամարդը, որն այդպիսինն է՝ իսկական տղամարդ չէ:

Անդրե Պարինո -Սա դատավճի՞ռ է :

Ժաննա Մորո -Չգիտեմ:

Անդրե Պարինո -Կկարողանայի՞ք զբաղվել մեկ այլ բանով և  ոչ թե դերասանուհի լինել:

Ժաննա Մորո -Այո:

Անդրե Պարինո -Ինչո՞վ:

Ժաննա Մորո -Պարզապես կին լինել:

Անդրե Պարինո -Արդեն մտածե՞լ եք Ձեր կարիերայից հրաժարվելու մասին: Ամսաթիվ ֆիքսե՞լ եք:

Ժաննա Մորո -Այո, ես ինձ համար նշել եմ երկու ամսաթվեր և կարող եմ ձեզ հայտնել դրանք: Երբ նորամուտս տեղի ունեցավ և սկսեցի աշխատել, ես ինքս ինձ տվեցի 10 տարի, որ հասնեմ այն բանին, ինչ այժմ ես ինձանից ներկայացնում եմ: Եվ այս 10 տարիներն անցան:

Անդրե Պարինո -Արդեն հաջողության հասե՞լ եք:

Ժաննա Մորո -Այո, իսկ այժմ, ես ինձ տալիս եմ ևս 10 տարի:

Անդրե Պարինո -Կարելի՞ է ևս 10 տարվա ընթացքում խաղալ այն խաղը, որը դուք խաղացիք կյանքում, բեմում ու էկրանին և չլինել մեկ այլ բան, քան դուք ինքներդ եք, անսպասելիորեն չլինել կրկնորդ և այդ կրկնորդին հաշիվ չտալ:

Ժաննա Մորո -Այո, միգուցե, այո:

Անդրե Պարինո -Վստա՞հ եք, որ եթե դուք որոշեիք հրաժարվել, ապա իրոք կկարողանայիք դա անել: Անձամբ ես, այս պահին կասկածում եմ դրանում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դերասանուհին հրամայում է, և որ կինը պարտավոր է ենթարկվել:

Ժաննա Մորո -Այո, բայց այստեղ իրավիճակն առանձնահատուկ է, որովհետև չնայած ամեն ինչին, այս հարցազրույցը նախապես պատրաստված չէր՝ այն հանպատրաստից է: Այնուամենայնիվ, ես գտնվում եմ ինձ ծանոթ իրերի ներքո, այն է՝ լուսարձակներ, նկարահանման խցիկներ, հստակ հարցեր, և այդ հստակ հարցերը դուք տալիս եք Ժաննա Մորոյին… Այսպիսով, սա ինձ ձանձրացնում է՝ ես ճշմարտանման իրավիճակում չեմ գտնվում:

Անդրե Պարինո -Սա ինչ-որ խա՞ղ է:

Ժաննա Մորո -Որոշ չափով՝ այո:

Անդրե Պարինո -Եթե այս հարցերը Ձեզ տար որևէ մտերիմ մարդ, ա՞յլ կերպ կլիներ:

Ժաննա Մորո -Այո:

Անդրե Պարինո -Մինչդեռ խնդիրը նույնը կլիներ, քանի որ Դուք սիրում եք այս լուսարձակները, ապրում եք այս նկարահանման խցիկներով շրջապատված լինելով: Դուք ստիպված կլինեիք նույն հավասարումը լուծել:

Ժաննա Մորո -Հավատացնում եմ ձեզ, որ ես կարող եմ ապրել առանց դրա:

Անդրե Պարինո -Ենթադրո՞ւմ եք:

Ժաննա Մորո -Վստահ եմ:

Անդրե Պարինո -Կարծում եմ, որ այս վստահությամբ էլ կարող ենք իրար հրաժեշտ տալ: Շնորհակալություն, Ժաննա:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի