Ջեյն Բիրկին. «Ես իմ դարաշրջանի տիպիկ կերպարն էի»

Միջազգային մամուլը չի դադարում անդրադառնալ վերջերս 76 տարեկանում կյանքից հեռացած դերասանուհի, երգչուհի, նրբագեղության չափանիշ Ջեյն Բիրկինի կյանքին և գործունեությանը: «ArtCollage»-ն իր ընթերցողներին առաջարկում է ծանոթանալ 2019 թվականին Konbini ալիքի ներկայացրած «Կինոյից մինչև երաժշտություն, Անգլիայից մինչև Ֆրանսիա, «Ես քեզ սիրում եմ… Ես քեզ նույնպես ոչ»-ից մինչև «Ծովահենուհին»» խորագիրը կրող հարցազրույցը, որում հսկայական տաղանդի և հմայքի տեր Ջեյն Բիրկինը խոսում է իր խելահեղ կարիերայի մասին:

Ջեյն Բիրկինի բեմելն անգլիական թատրոնում խաղացած խուլ ու համր աղջկա դերն էր, որը մահանում էր «երկրորդ գործողությունից սկսած»:

Ջեյն Բիրկին -Ես մոռացա բոլոր բառերը, չէի հիշում տեքստը, իսկ նրանք ասացին. «Կարևոր չէ, խոսքը խուլ ու համր աղջկա դերի մասին է »…

Ջեյն Բիրկին -Ես հազիվ էի բոլորել 18 տարեկանս, երբ ամուսնացա հայտնի կոմպոզիտոր Ջոն Բարրիի հետ, որն «Օսկարի» առնվազն քառակի մրցանակակիր է, անշուշտ դրան գումարենք նաև նրա հեղինակած Ջեյմս Բոնդի երաժշտական թեմաները՝ «Գոլդֆինգեր» և այլն…

Երեք տարի անց նա խաղաց Անտոնիոնիի «Ֆոտոխոշորացում»-ում:

Ջեյն Բիրկին -«Ֆոտոխոշորացում» ֆիլմում, անկեղծ ասած, պետք էր լինել ինժենյու՝ խաղալ պարզամիտ աղջկա դեր:

Այդ աղետալի ամուսնալուծությունից հետո ես ժամանում եմ Ֆրանսիա և այնտեղ մասնակցում «Կարգախոս» ֆիլմի դերակատարների ընտրությանը: Գլխավոր դերում խաղալու էր Սերժ Գենսբուրը: Ֆրանսիայում կայացած իմ կարիերայի համար իրոք պարտական եմ մի մարդու, որի անունն է Պիեր Գրիմբլա («Կարգախոս» ֆիլմի ռեժիսորը): Ես կարող էի մնալ Անգլիայում և ապրել Ջոն Բարրիի հետ՝ նրա համար լոգարանը ջրով լցնելով ու կրիայի ապուր տաքացնելով, կարծում եմ, որ սա կլիներ այն ամենն, ինչ կարող էր պատահել ինձ հետ, բայց քանի որ նա մեկնեց… Երբեմն այնքան էլ վատ չէ, երբ վրա են հասնում նմանատիպ արհավիրքները, վերջիվերջո, սա ձեզ աքացի է տալիս, և դուք մեկնում եք մեկ այլ վայր, ինչպես եղավ իմ դեպքում: Սա ավելի շուտ հազվադեպ հաջողություն է. ուղղակի բախտս բերեց. ես հայտնվեցի ճիշտ ժամանակին, ես սիրունիկ էի, և ինձ ընտրեցին իմ հաճելի արտաքինի համար:  

Լրագրող -Այն ժամանակ, երբ Պիեր Գրիմբլան դերասաններ էր ընտրում, Դուք բառ անգամ չէիք խոսում ֆրանսերեն, մինչդեռ լսումները ֆրանսերեն էին անցկացվում: Ամեն դեպքում Դուք խիզախ եք:

Ջեյն Բիրկին -Չէի ասի, որ դա խիզախություն էր: Երբ  բոլորը տեսան իմ փորձերը, դրանք սարսափելի էին, հետևաբար չգիտեմ, թե ինչու նրանք ինձ վերցրեցին, սակայն ճշմարիտ է, որ ես կարող եմ շատ լավ լաց լինել. միգուցե հենց դա էր պատճառը:

Լրագրող -Երբ դուք խոսում էք «Ջրավազան» ֆիլմի նկարահանումների մասին, Դուք ակնարկում էք, որ միջավայրը ծանր էր ու էկզոտիկ: Ի՞նչ եք ուզում դրանով ասել:

Ջեյն Բիրկին -Դա նշանակում է, որ երբ որ դուք նկարահանման վայր եք հասնում՝ լողավազանով այդ մեծ, շքեղ ամառանոցը, որտեղ էին Ռոմին, Դելոնը և Ժակ Դերեն («Ջրավազան» ֆիլմի ռեժիսորը), պարզապես այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դուք խաղում եք մեծ անձնավորությունների հետ, որոնք նախկին սիրեկաններ են:

Գուցե այդ մթնոլորտի պատճառն այն էր, որ Ալեն Դելոնի հետ ունեցած տեսարանների փորձերի ժամանակ ռեժիսորը մատիտ էր մտցնում բերանս, որպեսզի ես ավելի լավ արտասանեմ իմ ռեպլիկները: Նման իրավիճակում դուք ձեզ ահավոր անարգված կզգաք, ուստի ես շտապում էի գնալ տեխնիկական անձնակազմի անդամների մոտ, որոնց պաշտում էի: Նրանք իմ լուսանկարը փակցրել էին կինոխցիկի վրա, և մենք սովորություն ունեինք ամեն շաբաթ գնալ միասին ճաշելու: Մեր միջև ստեղծվեց մի փոքրիկ ակումբ, մինչդեռ «Ջրավազանը» տղամարդկանց տարածքն էր, այո, փոքր-ինչ վախեցնող տարածք: Ես դա հասկացա, երբ հարկավոր էր մերկ տեսարան խաղալ: Նրանք ինձ խավոտ սրբիչ էին տալիս մարմինս ծածկելու համար: Նրանց հայացքներն առաջին հադիսատեսի հայացքներն էին, և եթե ձեզ հաջողվեց որևէ տեսարանում արթնացնել նրանց զգացմունքները, ապա դա նրանց համախոհության, նրանց ընկերակցության շնորհիվ էր: Դա՛ էր ինձ զինում, երբ որևէ դժվարության էինք հանդիպում հնարավոր բարդ տեսարան բեմադրելիս, կամ զուգընկերոջն առնչվելիս:

Դաժան չեմ լինի ինքս իմ նկատմամբ, եթե ասեմ, որ «Ջրավազանում» ես ընդամենը համակրելի եմ, այդ Ռոմին ու Դելոնն են այդքան հիասքանչ: Կարծում եմ, որ այդ ֆիլմում ես իմ դարաշրջանի տիպիկ կերպարն էի, իսկ դա իր սահմաններն ունի՝ իմ ահավոր օտարոտի արտասանությունը ու շատ բարձր ձայնը, ինչի պատճառն, իմ կարծիքով, վախն էր: Եթե ֆիլմը ցուցադրում են հեռուստատեսությամբ, ես անջատում եմ ձայնը, ես այն կարծիքին եմ, որ այնքան էլ վատը չէի այս ֆիլմում ու հանկարծ… ինչպիսի հուսահատություն, ապա ես հեռուստացույցի ձայնն իջեցնում եմ մինչև վերջ:

Ժակ Դուայոնի «Անառակ աղջիկը» ֆիլմի համար ես իսկապես ջանք գործադրեցի և ֆրանսերեն սովորեցի: Ես ծավալուն տեքստ ունեի արտասանելու, իսկ զուգընկերս Պիկոլին էր: (Ֆիլմում կա մի տեսարան, երբ Բիրկինի հերոսուհին, ասելով. «Տե՛ս, թե ես ինչ ուժեղ եմ», գրկում է Պիկոլիին ու ձեռքերը նրա ազդրերին դնելով բարձրացնում դեպի վեր:) Ես վստահ էի, որ սքանչելի էի այդ տեսաարանում, երբ երեկոյան դիտեցի ֆիլմը հեռուստացույցով, գոհացա, տեսնելով Պիկոլիին ու Դեպարդիեին, իսկ ես ընդամենը սիրունիկ էի, բայց դրանից զատ… ինչպիսի ձայն՝ ոչ, դա լավ չէր:

Կարծում եմ, որ Պիեռ Ռիշարի մասնակցությամբ «Նա սկսում է զայրանալ» և «Աչքիցդ բաց մի թող» ֆիլմերը (Ռեժիսոր Կլոդ Զիդի) փշրեցին կարծրատիպերը: Նրանք այնպիսի հաջողության արժանացան, որ ես միանգամից սկսնակ կինոաստղ դարձա, բայց և նույնքան Ֆրանսիայի ամենահանրաճանաչ անձնավորությունը: Երբ ես Շառլոտի հետ լողափ էի գնում, երեխաները խմբերով հավաքվում էին մեր շուրջ, ասելով. «Կածում եք, նա՞ է»: Ես չէի ասում՝ այո, որովհետև մարմինս պատված էր սպիներով, ու ես ամսագրի շապիկի աղջիկ չէի, բայց, հանկարծ, ես միանգամից հերոսուհի դարձա բոլոր ընտանիքների համար, որովհետև դա իրոք այնպիսի անհավանական թարմություն էր, այնպիսի կատակներն էին, երբ մարդու ֆիզիկական մարմինը հայտնվում էր ծիծաղելի վիճակում, և դա միշտ այնքան զվարճալի, այնքան հոյակապ էր…

Լրագրող -Իսկ ինչպե՞ս էին ընթանում «Ես քեզ սիրում եմ… Ես քեզ նույնպես՝ ոչ» ֆիլմի նկարահանումները: Ինչպե՞ս է, երբ նկարահանվում ես քո կյանքի ընկերոջ հետ (նկատի ունի Սերժ Գենսբուրին, որի հետ նա 12 տարի համատեղ կյանք է վարել):

Ջեյն Բիրկին -Բայց նա միշտ էլ շատ սիրալիր է եղել ինձ հետ, հակառակ այն կարծիքին, որ ընկերակիցները ձեզ հետ ավելի կոշտ են լինում: Ես այն էի, ինչ նա էր ուզում, որովհետև ե՛ս էի նրան ոգեշնչել, ե՛ս էի տվել այն միտքը, որ նման եմ փոքրիկ տղայի, ուստի ես գլխիս մի փոքր կեղծամ էի կրում և շապիկներ ու տղամարդու հագուստներ էի հագնում: Ես տղա էի: Այդ ֆիլմն իսկական երջանկություն էր: Եվ բոլորն ուզում էին Սերժի ֆիլմն անել, որովհետև տեխնիկական աշխատողները պաշտում էին նրան, քանի որ նա նրանց հետ վարվում էր ինչպես հավասարը հավասարի հետ: Դա ցնցող էր: Նա պառկում էր հատակի վրա, տրեվելինգի եղանակով կինոնկարահանումներ կատարող տղաների հետ, ասելով, որ նա է տրեվելինգի (շարժման ընթացքում կատարվող նկարահանումների) տերը: Նա ունակ էր բացարձակապես ամեն ինչի, որովհետև հավատում էր նրանց հնարավորություններին: Սերժը հոյակապ թիմի կապիտան է, նա կարող էր պատերազմի ժամանակ հրամանատար լինել և նրանք պատրաստ կլինեին մահանալու նրա համար:

Լրագրող -Ի՞նչ կասեիք Ժակ Դուայոնի «Ծովահենուհին» ֆիլմի նկարահանումների վերաբերյալ: Դուք ասում էիք, որ դա Ձեր ամենակլանող նկարահանումն էր: Ինչո՞ւ է այդպես, միգուցե պատճառն այն է, որ այդ կերպարը Ձեզ նույնպես ամենահոգեհարազատն է:

Ջեյն Բիրկին -Դա նրանից է, որ Ժակի գրած տեքստերը նման են երկար մենախոսությունների, հաճախ նա չի կտրում պլանները, հետևաբար ամեն ինչ գտնվում է մեկ կադրի պլանի մեջ:

Լրագրող -1988 թվականին Դուք նկարահանվեցիք «Ջեյն Բի-ն Անյես Վի-ի աչքերով» մի քիչ երևակայական կենսագրական ֆիլմում: Դուք կընդունեի՞ք նկարահանման այդ առաջարկը, եթե նկարահանողը մեկ ուրիշը լիներ, այլ ոչ թե Վարդան:

(«Ջեյն Բի-ն Անյես Վի-ի աչքերով» ֆիլմը համաշխարհային ֆիլմադարանի առավել ոչ ավանդական կինոդիմանկարն է: Այս ֆիլմում Բիրկինն անընդմեջ փոխում է դերերը՝ խաղալով տեսարաններ հորինված ֆիլմերից, որոնցում նա ներկայանում է մերթ որպես Ժաննա Դը Արկ, մերթ որպես Տարզանի սիրեցյալ Ջեյն: Այս անհավանական երևակայական դրվագներին հաջորդում են անսովոր մթնոլորտում նկարահանված հարցազրույցները:)

Ջեյն Բիրկին -Դա կատարվեց այնքան արտասովոր կերպով. դրանից առաջ ես դիտել էի Սանդրին Բոների մասնակցությամբ մի ֆիլմ, որը վերնագրված էր «Առանց տանիքի, օրենքից դուրս», և քանի որ այս ֆիլմն ինձ չափազանց հուզել էր, ես որպես երկրպագու նամակ գրեցի Սանդրին Բոներին ու Անյես Վարդային: Անակնկալ կերպով ինձ զանգահարում է Անյես Վարդան՝ ասելով որ ոչինչ չի հասկանում իմ ձեռագրից, և պետք է, որ ես անձամբ գամ նամակս բացատրելու, սակայն ոչ թե իր տուն, այլ՝ պուրակ:

Ես առանձնապես քայլելու սիրահար չեմ, ոչ էլ՝ պուրակների, ինձ ասացին, որ գամ Սո պուրակ, որտեղ նա տարվա եղանակների մասին ֆիլմ նկարահանելու ցանկություն ուներ: Այսպիսով, դա ինձ հարմար էր, որովհետև ես չէի ուզում իսկական ֆիլմ անել: Ի դեպ, մտքովս էլ չէր անցնում ֆիլմ նկարահանել նրա հետ, բայց ինձ գրավեց տարվա եղանակների գաղափարը, ես ասացի. «Կարող է այնպես պատահել, որ ես նկարահանվեմ տերևներով, ծառից ընկած տերևներով, կամ առանց տերևների, տեսնես, թե դա ի՞նչ կարող է լինել»: Ես ասացի, որ այս տարի չափազանց շատ ծրագրեր ունեմ իրականացնելու, որոնք վերջերս էի ստանձնել: Նա պատասխանեց, որ դա շատ լավ է, որ նա ինձ կհետևի ամենուր:

Ջեյն Բիրկին -Ոչ ոք ինձ չի խնդրել երգել. ես երգում էի ամեն շաբաթ երեկո Կարպանտիեների հաղորդումներում: (Կարպանտիե ամուսինները 1950-1990 թվականներին ռադիոյով և հեռուստատեսությամբ հեռարձակվող ֆրանսիական վարիետեի հաղորդումների գեղարվեստական պրոդյուսերներ էին:)

-Եթե մարդիկ գոհ էին, եթե մարդիկ ինձ ճանաչում են, ապա դա հեռուստատեսության շնորհիվ է՝ մենք ձայնագրեցինք բոլոր երգերի ֆոնոգրամաները: Բերտրան Դելաբեն, իմ այն ժամանակվա գործակալն ասաց ինձ. «Միգուցե դու նախընտրես ելույթ ունենալ մյուզիկ-հոլլում»: Իսկ ես ասացի. «Կարող է՝ մի օր, այո՝ ինչո՞ւ ոչ»: Նա ասաց. «Ոչ թե կարող է՝ մի օր, ինչու՝ ոչ, այլ դու հիմա՛ ունես հաջողություն: «Դե ինչ» երգը քեզ թույլ է տալիս բեմ բարձրանալ, հակառակ դեպքում, դու հիթեր չէիր ունենա»…

(Բիրկինը համերգներով բեմ բարցրացավ 40 տարեկանում՝ Բատակլան հայտնի թատարոնի համերգասրահի վերաբացման կապակցությամբ:)

Նա ինձ ասաց. «Բատակլանը հարմար կլինի, որովհեըտև այնտեղ տարիներ շարունակ չեն երգել, դու կարող ես երգել քո հիթերը, այնտեղ սեղանների շուրջ մարդիկ կլինեն նստած, լավ կլինի, որ քեզ վրա «հռթիռներ» չնետեն»: Ես ասացի՝ հռթիռնե՞ր: Նա ասաց. «Այո, մարդիկ կարող են տարբեր բաներ նետել քեզ վրա, պլաստիկե բաժակներ…»: Ես ասես դժոխքի միջով անցա: Չկար նախնական ամրագրում, չկար որևէ մեկը, որ ուզենար գալ, և, ի զարմանս մեզ, շլացուցիչ հաջողություն ունեցանք: Չգիտեմ, թե որքան ժամանակ մնացի Բատակլանում, գուցե մեկ կամ երկու շաբաթ: Դա չտեսնված էր: Ես կտրել էի մազերս «տղայի նման», որպեսզի մարդիկ լսեն միայն Սերժի խոսքերը և Սերժի երաժշտությունը: Ես միանգամից նորաձև դարձրեցի սպորտային կեդերի կապիչներն արձակելը, նեղ գոտիով տղամարդու չափից ավելի մեծ տաբատներ ու անթև շապիկներ կրելը և շատ կարճ սանրվածք ունենալը: Ամեն դեպքում ես միշտ ցանկացել եմ լինել այդպիսին՝ ընդհանրապես չշպարվել, շուրթերին շրթներկ չքսել: Երբեմն ես ինձ տեսնում եմ հեռուստացույցով կամ Յութուբով՝ երկար ալիքավոր մազերով, որոնք կարծես առյուծի բաշ լինեն, ու գալիս է մի պահ, որ այլևս չես ուզում այդ ամենը:

Լրագրող -Ձեր հեռանալուն պես՝ Գենսբուրն ինքն իր համար ստեղծեց Գենսբառ անունով այս կերպարը: Դուք ասում եք, որ չեք սիրում այդ հերոսին, սակայն նա հենց այդ նույն ժամանակ Ձեզ համար գրեց իր ամենագեղեցիկ երգերը: Ինչպե՞ս կբացատրեք սա: (1980 թվականին, երբ նրանք հեռացան միմյանցից, Գենսբուրը ստեղծեց իր երկրորդ Եսը՝ Գենսբառ տիկնիկը, որին Ջեյնը երբեք չեր սիրում, սակայն նա հավասարապես թողարկեց «Միայնակ բեյբին Բաբիլոնում» ալբոմը:)

Ջեյն Բիրկին -Կարծում եմ, որ գուցե նրան հարկավոր էր հոգին հանգստացնելու միջոց գտնել, ամեն դեպքում, բնավորությունը չեն փոխում: Նա միշտ էլ Գենսբուր է եղել, նա եղել է Գինսբուրգ (Լյուսիեն Գինսբուրգը նրա իսկական անունն է), մինչդեռ եթե նույնիսկ նա փոխել է անունն ու դարձել Գենսբառ, նա ուներ բնավորության մի գիծ՝ նա խոցված էր. այսպիսով նա ինձ տվեց երգելու իր սեփական վշտերը, ինչպես դա եղավ «Կանացի շքեղ ներքնազգեստ», «Փախչել երջանկությունից» երգերի պարագայում: Գործնականորեն բոլորը տեսնում են սա բաժանումից հետո:

Ինչո՞ւ ես պետք է լինեի այն մարդը, որի միջով անցնում էր նրա ցավը, ես, ով նրան այդ նույն վերքերն է հասցրել: Արդյո՞ք դա միջոց էր ինձ ասելու, որ դա եղել է հենց ի՛մ պատճառով: Արդյո՞ք դա ինձ հետ մնալու միջոց էր: Արդյո՞ք դա մինչև նրա մահն ինձ հետ զուգընկեր մնալու միջոց էր: Ես չգիտեմ, դա արժանի կլիներ հոգեբանի փորձաքննության, որովհետև, կարծում եմ, որ շատ հազվադեպ է պատահում, երբ որևէ մեկը ձեզ երգեր գրի ձեր քսանամյակից սկսած՝ մինչև իր մահը, չնայած այն բանին, որ դուք իրարից հեռացել եք ինը տարի առաջ:

 

Թարգմանությունը՝ Նունե Գալստյանի