Ժան Պոլ Բելմոնդո. «Երես առած» դերասանի կյանքի ուղին

TV5MONDE-ը հարգանքի տուրք է մատուցում 88 տարեկան հասակում կյանքից հեռացած ֆրանսիական կինոյի լեգենդ Ժան Պոլ Բելմոնդոյին, վերստին հեռարձակելով 2001 թվականին դերասանի տված հարցազրույցից մի հատված: Հաղորդումը կոչվում է «Հյուրը», այն վարում է Պատրիկ Սիմոնենը:

Պատրիկ Սիմոնեն -Անչափ շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար այստեղ, այս օջախում, Ձեր տիրապետության տակ գտնվող այս էստրադային թատրոնում: Այստեղ գտնվելը Ձեր մանկության երազա՞նքն էր: 

Ժան Պոլ Բելմոնդո -Այո, միգուցե, սա ոչ թե մանկության, այլ դերասանի երազանքն էր, քանի որ նման գեղեցիկ թատրոն ունենալը, որտեղ խաղացել են մեծագույն դերասանուհիներն ու ամենալուրջ դերասանները, փոքրիկ սքանչելիք է: Ինքս երբեք չեմ խաղացել այս թատրոնում, սակայն ես սովորում էի կոնսերվատորիայում, որը գտնվում էր մի քիչ ավելի հեռու, և գործնականորեն ամեն օր մենք ընկերներիս հետ անցնում էինք այս թատրոնի կողքով, ի դեպ, որտեղ ես դիտել եմ Սաշա Գիտրիի խաղը «Մի լսեք, Տիկնայք» պիեսում:

Պատրիկ Սիմոնեն -Արդեն կա մեզանում ճանաչված, սիրված Բելմոնդոն՝ միաժամանակ Գոդարի ֆիլմերի դերակատարը, իսկ հետո նաև հանրամատչելի կինոյում խաղացողը, (խոսքը վերաբերում է լավ հանրամատչելի կինոյին), և այնուհետև՝ կասկադյորական հնարքներ կատարողը: Այս բոլոր տարիների ընթացքում Ձեր կողքին կանգնած էր Ժիլ Դելամարը, որի հետ դուք կատարել եք այդ հնարքները: Դուք հափշտակությամբ աշխատում էիք Ձեր կյանքում հանդիպած այլ ռեժիսորների հետ. Անրի Վերնոյ, Ֆիլիպ դե Բրոկայ ու հաճույք էիք ստանում կինոյով հիմնովին զբաղվելուց՝ միշտ հիմնովին, ինչը նշանակում է ամբողջությամբ տրվել կինոյին:

Ժան Պոլ Բելմոնդո -Այո, բայց երբեմն ինձ կշտամբում են, որ կասկադյորական հնարքներ եմ անում, հանրամատչելի ֆիլմերում եմ նկարահանվում: Կարծում եմ, որ նրանք իրավացի չեն. երկու տեսակի կինոն էլ հարկավոր է: Պետք է Գոդարը, նույնքան պետք են Վերնոյը, դե Բրոկան, նաև պետք է Դելամարը, կյանքում  գոյություն չունի միայն այն կինոն, որը պատմում է երբեմն սխալներ գործող մարդկանց մասին, իսկ կասկադյորական արվեստի հնարքները: Դուք գիտեք, որ ես ծանոթացել եմ Ժիլ Դելամարի հետ: Նա իսկապես կասկադյորների արքայազն էր, ես նրան հանդիպեցի, երբ նկարահանվում էի «Մարդը Ռիոյից» ֆիլմում: Մենք դարձանք շատ մտերիմ ընկերներ ու քանի որ հյուրանոցում շատ էինք հիմարություններով զբաղվում՝ կախվում էինք պատշգամբից, 41-րդ հարկից մի պատուհանից անցնում էինք մյուսը, և ահա նա ինձ ասաց. «Իսկ ինչո՞ւ դու այդ ամենը չես անում տեսախցիկի առջև, ես մոտ ժամանակում այս հարցը կկարգավորեմ»։ Այսպիսով, ես սկսեցի կասկադյորություն անել, քանի որ արդեն վաղուց զբաղվում էի դրանով քաղաքում՝ մորս սարսափեցնելու համար 15 տարեկանում կախվում էի պատշգամբից: 

Պատրիկ Սիմոնեն -Ի՞նչ էր ձեզ համակել, որ դուք ռիսկի էիք դիմում:

Ժան Պոլ Բելմոնդո -Չգիտեմ, ես այսպես եմ ծնվել: Հայրս, ընդհակառակը, ավանդապաշտ էր:   

Պատրիկ Սիմոնեն -Արդյո՞ք նա չէր վախենում:

Ժան Պոլ Բելմոնդո -Այո, իմ ծնողները սաստիկ վախենում էին, և մայրս նույնպե՛ս, որովհետև երբեմն հայտնաբերում էր ինձ աստիճանավանդակից կախված: Հարևաններին վախեցնել՝ ահա թե ինչ եմ միշտ սիրել: Ես ծիծաղում էի դրա վրա, երբ պատուհաններն էի փոխում, մի պատշգամբից մյուսն էի անցնում, այսպիսով հետո ես դրանք բեմադրեցի ու կատարեցի կինոյում՝ մարդկանց համար, ես դա արեցի հաճույքի համար, ես երբեք կասկադյորական հնարք չեմ արել անհրաժեշտությունից ելնելով, չեմ կատարել որևէ հնարք, որն ինձ համար ձանձրալի կլիներ: Ես արտասովոր հուշեր ունեմ. կախվել եմ Կատմանդուի վրա, Վենետիկի վրա, փուչիկները ձեռքիս թռել եմ քաղաքի վրայով:

Պատրիկ Սիմոնեն -Դա եղել է «Վախը քաղաքի վրա» ֆիլմո՞ւմ:

Ժան Պոլ Բելմոնդո -Եթե դուք դա անում եք կյանքում, ապա անհանգստանում են ձեզ համար, իսկ կինոն ձեզ դա անելու հնարավորություն է տալիս, դեռ մի հատ էլ վճարում է դրա համար: Այսպիսով սա անսահման հաճույք է:

Պատրիկ Սիմոնեն -Ռիսկի ենթարկել ամեն ինչ՝ հնարքը հաջողելու համար:

Ժան Պոլ Բելմոնդո -Այո, այդպես է: Որպեսզի հնարքն իրական արժեք ունենա, իրոք պետք է կարողանալ չձախողել այն: Կասկադյորությունը ընկնել-մեռնելու համար չէ, դժբախտաբար այդպես պատահեց Դելամարի հետ, բայց սա, այսպես ասենք, նրա մեղքով չեղավ՝ անիվն էր կոտրվել, ուրեմն մենք միշտ աշխատում ենք, որ դժբախտ պատահար չլինի: Այնուհետև ես հանդիպեցի Ռեմի Ժուլիենին, որը նույքան մեծ, անվանի կասկադյոր էր, որի հետ ես չափազանց շատ ֆիլմեր ստեղծեցի: Այն տեսարանում, երբ ես ընկղմվում էի մետրոյի մեջ, ես դա անում էի իրական մետրոյում անցնող գնացքի պարագայում: Այդ տեսարանը նկարահանվել է յոթերրորդ փորձից: Դժվարությունն այն չէր, որ պետք էր ամուր ոտքերի վրա կանգնել մետրոյի գնացքի վրա, այլ աշխատել չդիպչել լարերին: Կա մի պատմություն, որը ես միշտ պատմում եմ: Հերթական դուբլերից հետո գնացքի վարորդներից մեկն իջավ և իր հիացմունքը հայտնեց, ասելով ինձ. «Ես դա 100 միլիոնով էլ չէի անի»: Ես պատասխանեցի. «Ես՝ առավել ևս»:

Պատրիկ Սիմոնեն -«Վախը քաղաքի վրա» ֆիլմը փոխեց ձեր կարիերայի ընթացքը.   այն ունեցավ ահռելի հաջողություն:

Ժան Պոլ Բելմոնդո -Այո, սա շատ մեծ նվաճում էր, առավել ևս, որ ես պրոդյուսեր էի, սա շատ բան փոխեց, ես ու Անրի Վերնոյը, մենք ֆիլմի համապրոդյուսերներ էինք, ինչը մեզ թույլ տվեց, որ այս կինոնկարից հետո արտադրենք ուրիշ՝ ավելի լուրջ ֆիլմեր, ինչպիսին էր «Ստավիսկին»: Ինչու եմ ասում, որովհետև ես փորձել եմ միշտ երկու ժանրի ֆիլմերն էլ ստեղծել, սակայն ճշմարտությունն այն է, որ հասարակ մարդիկ, բառի բուն իմաստով, ավելի շատ տարված կլինեն «Վախը քաղաքի վրա» ֆիլմով, քան «Խենթ Պիերոյով»: Բայց դա շատ լավ է. երկու ժանրերն էլ հարկավոր են:

Պատրիկ Սիմոնեն -Դուք հպարտանո՞ւմ եք թե՛ մեկի, թե՛ մյուսի հաջողությամբ:

Ժան Պոլ Բելմոնդո -Դե իհարկե, ես ընդունում եմ դա և չեմ զղջում դրա համար: Գիտեք, երբեմն թատերական տիկնիկի մասին են խոսում, ու ես շատ գոհ եմ, որ խեղկատակություն եմ անում:

Պատրիկ Սիմոնեն -Ահա, այստեղ է, որ դուք ծաղրածուի դեր եք խաղացել՝ ձեր մանկության դերը:

Ժան Պոլ Բելմոնդո -Այո, գիտեք, երիտասարդ տարիներիս ես իմ առաջին դերերը խաղացել եմ զբոսայգում, խեղկատակություն անելով: Ես շատ եմ սիրում կրկեսը, եթե մայրս ինձ շատ տաներ կրկես, ես կպաշտեի ծաղրածուներին: Ունեցել եմ ծաղրածու ընկեր, որն արդեն մահացել է: Կրկեսը մի ամբողջ աշխարհ է:

Պատրիկ Սիմոնեն -Սե՞րը:

Ժան Պոլ Բելմոնդո -Այս առումով էլ եմ երջանիկ: Ես երես տված դերասանի կյանքի ուղի եմ անցել: Ես հանդիպել եմ կանանց, որոնք շատ են սիրել ինձ, և ես էլ իմ հերթին եմ նրանց շատ ու շատ սիրել: Մենք բաժանվել ենք, հեռացել իրարից, բայց միշտ ընկերներ ենք մնացել: Այսօր ես լավ հարաբերություններ ունեմ այն կանանց հետ, որոնց հետ ապրել եմ: Կյանքն է մեզ հեռացրել: Իրար հետ չխոսելը, իրար չտեսնելն ահավոր բան է: Ինձ բախտ է վիճակվել ապրել հոյակապ կանանց հետ, որոնք ինձ շատ լավ երեխաներ են պարգևել: Բելմոնդոների տոհմը շարունակվում է:

Պատրիկ Սիմոնեն -Ձեր տոհմում միշտ Պոլ անունով տղա կա:

Ժան Պոլ Բելմոնդո -Այդպես է: Կանայք ձեզ շատ բան են տալիս, սա շատ կարևոր է, ես նրանց շատ երախտապարտ եմ դրա համար, հետևաբար այս կողմից էլ ես իրոք «երես առած» եմ:  

Պատրիկ Սիմոնեն -Թերևս այս պահին մտաբերեք Ձեր հոր ասածներից մեկ արտահայտություն այն բանի մասին, թե ինչպե՞ս է պետք սիրել կյանքը:

Ժան Պոլ Բելմոնդո -Հայրս շատ մեծ արտիստ էր: Կասկածից վեր է, որ իր արվեստով  նա կարևոր մարդ էր, որովհետև իրականում նա անչափ համեստ էր: Նա միշտ ասում էր ինձ. «Կյանքի ամենահիասքանչ բանն այն է, որ կարողանաս իրականացնել քո կիրքը, արտահայտել այն»: Կարծում եմ, որ իմ ամբողջ կյանքում ես հետևել եմ սրան, նաև իմ տղան, ով մրցարշավորդ է, ավտոարշավների է մասնակցում, ավտոմեքենայով հնարքներ է անում: Ես նրան երբեք չեմ խոչընդոտել, որովհետև նա կարողանում է զբաղվել իր սիրած գործով, իսկ կյանքում ամեն ոք չէ, որ կարող է իրականացնել իր կիրքը, ցանկությունը: Նա նաև ասում էր, որ առանց աշխատանքի շնորհքը բավարար չէ: Շնորհքը նման է ադամանդի՝ պետք է մշակել այն, հակառակ դեպքում այն ոչինչ չի արժենա: Կարծում եմ, որ նա իրավացի է: Երբ որևէ ձիրք ունեք (դերասանությամբ կամ սպորտով զբաղվելու ձիրք, կարևոր չէ) ու չեք մշակում ձեր շնորհքը, դա քիչ է: Դուք կարող եք մեծագույն բռնցքամարտիկ լինել, հարվածել ջորիի նման, բայց եթե դուք չեք պարապում ինչպես հարկն է, ապա չեք հաղթի: Նույնն է դերասանի դեպքում. եթե նա շնորհալի է, սիրված է, սակայն չի մշակում իր բեմական տեխնիկան, ապա նա երկար չի դիմանա:

Պատրիկ Սիմոնեն -Անչափ շնորհակալ ենք ձեզ Ժան Պոլ Բելմոնդո:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի