Իզաբել Սադոյան. «Չեմ մոռացել իմ մանկության պատմությունները, ես դրանք երբե՛ք չեմ մոռանա»

Կինոյի և թատրոնի ֆրանսահայ դերասանուհի, հագուստի ձևավորող Իզաբել Սադոյանը (1928-2017) հայ հանդիսատեսին առավելապես հայտնի է Աննայի դերակատարմամբ Անրի Վերնոյի «Մայրիկ» և «Պարադի փողոց 58» ֆիլմերում: Նա թատրոնի դերասանուհի է, որը խաղացել է նաև հիսունից ավելի ֆիլմերում, նաև՝ բազմաթիվ հեռուստաֆիլմերում: Սադոյանն աշխատել է այնպիսի մեծանուն ռեժիսորների հետ, ինչպիսիք են Կլոդ Սոտեն («Կյանքի մանրուքները» (1969), Լուիս Բունյուելը («Տենչանքի այս անորոշ առարկան» (1977), Կլոդ Շաբրոլը («Գլխարկագործի ուրվականները» (1982), Լյուկ Բեսոնը («Մետրո» (1984), Կլոդ Լելուշը («Թշվառները» (1995), Ժան-Լյուկ Գոդարը («Խնայիր աջ ձեռքդ» (1986), Ռոբեր Քեշիշյանը («Արամ» (2002): Փայլուն կերպով է խաղացել հրեա կնոջ դերը Ջոզեֆ Լոուզիի «Մսյո Կլայն» ֆիլմում:           

Կինոարվեստի «CinéDweller» հարթակի լրագրողը զրուցել է դերասանուհու հետ, անդրադառնալով Բեռնար-Մարի Կոլտեսի «Վերադարձ դեպի անապատ» պիեսին, որում խաղում է նաև Իզաբել Սադոյանը: «ArtCollage»-ի ընթերցողներին համառոտ ներկայացնում ենք այդ զրույցը, որը տեղի է ունեցել 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին: Դերասանուհին, որի ծնողները Մեծ եղեռնից փրկվածներ էին, անդրադառնում է իր համար շատ ցավոտ այս թեմային:

Իզաբել Սադոյան -Սա կատակերգություն է, ես այստեղ տնտեսուհու, ավելի շուտ տնային դաստիարակչուհու դեր եմ խաղում: Շատ եմ սիրում Կոլտեսին... Հեշտ չէր, ես մի քանի շաբաթ շարունակ տարակուսում էի, ինձ համար շատ դժվար էր տեքստը մտապահել, մինչդեռ երիտասարդ ժամանակ նույնիսկ արտակարգ հիշողություն ունեի, ես հեռախոսահամարների գրքույկ չունեի՝ բոլորի համարներն անգիր էի հիշում: Ինչից ուր հասանք:

Լրագրող -«Մոլիեր» մրցանակը որևէ բան փոխե՞ց ձեր կյանքում: (2014 թվականին Իզաբել Սադոյանն արժանացել է «Մոլիեր» մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն դերի համար՝ ֆրանսիացի դրամատուրգ Սեբաստիան Թիերիի «Աշխարհի ծագումը» պիեսում):

Իզաբել Սադոյան -«Մոլիե՞րը»: Ոչ, ոչ… Այո, պետք է ճիշտն ասեմ, որովհետև ես պետք է խոսեմ իմ ծագումից: Այսպիսով, ես ծագումով հայ եմ, հայրս հայ է, մայրս՝ հայ ու բուլղարացի, ուստի նա ապրում էր՝ լսելով բուլղարերեն և հայերեն լեզուները: Ես մեծացել եմ մի թաղամասում, որտեղ շրջապատված էի իսպանացիներով, իտալացիներով ու ռուսներով, և, հետևաբար, շատ շուտ եմ լսել տարբեր լեզուներ: Այդ մարդիկ գաղթականներ էին, նրանք իրենց բնակարանի տերերը չէին, ուստի ֆրանսիացիները չգիտեին, թե ինչ են իրենցից ներկայացնում հայերն ու հայուհիները: Տարօրինակ է, բայց ես զգում էի, որ թաղի մարդիկ առանձնապես չեն սիրում չափահասներին՝ նրանց սկսեցին գնահատել շատ տարիներ անց, երբ տեսան, թե որքան լավ արհեստավորներ են հայերը: Այսպես կամաց-կամաց ֆրանսիացիներն ընդունեցին նրանց՝ շնորհիվ իրենց արհեստավորական արժանիքների:

Ես չեմ հիշում, որ մանկությանս ընթացքում հանդիպեմ որևէ ժպտացող հայի, կամ ժպիտը դեմքին որևէ հայուհու: Լիոնում երկու հայկական թաղամասեր կային և շաբաթը մեկ անգամ թաղամասի երեխաների հետ հավաքվում էինք մի օր մեկի տանը, մյուս օրը՝ մեկ ուրիշի: Սովորաբար սկսվում էր այսպես. «Ինչպե՞ս են երեխայի գործերը, լա՞վ է սովորում դպրոցում, ֆրանսերեն լա՞վ է խոսում, լա՞վ է գրում, հո շատ սխալներ չի՞անում», և նման բաներ, իսկ հետո շարունակում էին պատմել պատմություններ իրենց ճամփորդության մասին, հիշել, թե ինչպես է յուրաքանչյուրը լքել իր գյուղը, իր տունը, ինչպես է մեկնել երկրից: Եվ սա միշտ արցունքներով էր ավարտվում. պառկում էին հատակին ու ժամ-ժամուկես լալիս էին, և բոլորը հեռանում էին լացակումած: Այսպիսով, ես ապրել եմ մեծ թախծի այս մթնոլորտում, որովհետև նրանք գիտեին, որ իրենք այլևս երբեք չեն վերադառնա Հայաստան, որ դա վերջնական է: Ավելի ուշ, պատերազմի ավարտին եղան նաև այնպիսինները, որոնք կարճ ժամանակով վերադարձան այնտեղ՝ սա նրանց այնքան փոխեց, նրանց ավերված տները… Ի վերջո, դա չափից ավելի տխուր է, դա այնքան տխուր է:

Լրագրող -Դուք արդեն եղե՞լ եք Հայաստանում:

Իզաբել Սադոյան -Ոչ, չէի ուզում գնալ այնտեղ: Ես այնտեղ չեմ մեկնի:

Լրագրող -Ինչո՞ւ: 

Իզաբել Սադոյան -Որովհետև ես երկյուղում եմ: Նրանք չափազանց դժվար ճանապարհներով են անցել, ես չեմ ուզում վերապրել այդ վտարանդիությունը, ես չեմ մոռացել իմ մանկության պատմությունները, ես դրանք երբե՛ք չեմ մոռանա: Դա այդ վայրերը թողնողների վիշտն է, դա ավերված գյուղերի, քանդված տների ցավն է, ես չեմ կարող… Լավ հոգեվիճակս պահպանելու նպատակով ինքս ինձ համար կառուցել եմ մի ամբողջ կառույց, որը բավականին փխրուն է, կնշանակի՝ չեմ կարող: Ես այն տպավորությունն ունեմ, որ եթե մեկնեմ այնտեղ, ապա այդ ամենը կփլվի: Ուրախ կլինեի գնալ այնտեղ, սակայն միևնույն ժամանակ ես երկյուղ եմ զգում, ես վախենում եմ, վախենում… Սա շատ ծանր է, չափազանց ծանր է… Հայրս պատմում էր, որ իր հայրը կեսգիշերին իրեն արթնացրել էր և կանացի զգեստ հագցրել, նրան փող էր տվել, ու հայրս հեռացել էր գյուղից: Նա այլևս ոչ ոքի չտեսավ: Եվ նա միակը չէր: Այնքա՜ն մարդ կար, որ նույն կերպ էր վարվել:

Լրագրող -Ի՞նչ եք մտածում Հայոց մեծ եղեռնի այս յուրահատուկ, հարյուրամյա տարելիցը հիշատակելու կապակցությանբ:

Իզաբել Սադոյան -Ես հիշատակելու կարիք չունեմ, որովհետև շարունակ մտածում եմ մահվան ու կոտորածների մասին և չեմ կարող մոռանալ դրանք: Ես ոչ թե մտածում եմ այդ մասին, դա իմ ներսում է: Ես չեմ կարող մոռանալ այդ չարիքը, այդ բոլոր մարդկանց վիշտը: Դա անհնարին է, անհնարին….

Ես ապրել եմ նման միջավայրում և կարծում եմ, որ ինձ փրկել է կինոն: Այն թաղամասում, որտեղ մենք ապրում էինք, եկեղեցի կար: Ինչպես գիտեք, մայրս դերձակուհի էր, իսկ ես 5-6 տարեկանից կարել գիտեի: Այնտեղ ամեն հինգշաբթի ես վուշե կտոր էի մշակում, չգիտեմ, թե որ որբանոցի համար: Այնուհետև մենք հանգստանում էինք, դրանից հետո կինո էինք գնում՝ բնականաբար համր կինո: Այսպիսով, մենք դիտեցինք աշխարհի բոլոր համր ֆիլմերը՝ ինչպես ողբերգություններ, մելոդրամներ, այնպես էլ բուռլեսկ ժանրի ֆիլմեր: Քանի որ սրանք համր ֆիլմեր էին, այնտեղ կային շքեղ թաղամասեր, որոնք գտնվում էին ծովի ափին, հյուրանոցներ, որտեղ իջևանել էին ուրախ մարդիկ: Ես տեսնում էի, որ նրանք տարբերվում էին մեր թաղամասի մարդկանցից՝ կային ուրիշ տներ, որոնք նման չէին մեր թաղամասի տներին, փողոցները լեփ-լեցուն էին ուրիշ ավտոմեքենաներով, որոնք նման չէին մեր թաղամասի մեքենաներին: Այլ տեղում ուրիշ աշխարհ կար՝ սա հստակ էր, ուրիշ տեղ ինչ-որ բան կար: Իսկ հենց որ ես դարձա դեռահաս, մայրս ինձ ուղարկում էր գնումներ կատարելու գալանտերեայի խանութից, սակայն երբեմն ես այնտեղ լիովին մենակ էի մնում և օգտվում էի այդ հանգամանքից, որպեսզի փախչեմ, իջնեմ մեծ ափից ներքև և մի քիչ ավելի հեռու գնամ: Մի անգամ ես նաև խիզախեցի անցնել Ռոն գետի մյուս ափը, որտեղ մեկ ուրիշ աշխարհ էր, ես ասացի. «Պետք չէ գաղթական մնալ, հարկավոր է, որ դու ինտեգրվես»: 

Եվ ես իրոք այս «Մոլիեր» մրցանակն ընդունեցի մեծ հուզմունքով՝ ի պատիվ այդ երիտասարդների, իրենց հայրենիքը լքած բոլոր այդ մարդկանց, որոնք չէին ճանաչվել ֆրանսիացիների մեծամասնության կողմից, ես գիտեմ՝ ինչ է դա նշանակում, այդ մասին ոչ ոք չգիտի, բացի ձեզանից՝ հիմա: Ես դա արել եմ մեծագույն հուզմունքով: Ասում են, որ նրանք բոլորը մահացել են՝ ցավալի է, որովհետև նրանք երջանիկ կլինեին, որ կա հայուհի, և իրապես կա «Մոլիեր»:

Լրագրող -Ինչպե՞ս եկաք թատրոն:

Իզաբել Սադոյան -Ես կակազելով էի խոսում՝ բառ անգամ չէի կարող արտաբերել առանց կակազելու: Չգիտեմ, թե ինչպես իմացա Կոնսերվատորիայի մասին, որտեղ սովորեցնում էին տիրապատել բեմական խոսքին, դեր խաղալ, ասացի. «Տես, է՛, ես ուսանելու եմ»: Այդ պահին ես որոշեցի տեղեկանալ, թե ինչպես է պետք դիմել, կարծեմ հարցրեցի հարևանին: Նա ասաց. «Ինձ թվում է, թե այնտեղ թատերարվեստ են սովորեցնում: Գնա, փորձի՛ր»: Ես փորձեցի գնալ այդտեղ, տեղ հասա, ձեռքս դրեցի մեծ դռան վրա, սակայն հետ դարձա մեր թաղամաս՝ ներս չմտա:

Լրագրող -Դուք չհամարձակվեցի՞ք:

Իզաբել Սադոյան -Ես ասացի՝ այ, Իզաբե՜լ, Իզաբե՜լ, լավ չարեցիր: Մեկ տարի անց նույնը կրկնվեց: Ես դուրս եկա մեր տանից, որպեսզի գնամ գրանցվելու և հանդիպեցի Ժորժ Սմիրնովին, որն իմ եղբոր ընկերն էր: Բարևեցինք իրար, նա տեղեկացավ, թե ինչպես են գործերս, հետո հարցրեց. «Ո՞ւր ես գնում, Իզաբել»: Պատասխանեցի. «Կոնսերվատորիա եմ գնում՝ դիմում տալու»: «Ես նույնպես», պատասխանեց նա: Այսպիսով մենք երկուսս գնացինք Կոնսերվատորիա որպեսզի գրանցվենք:

Լրագրող -Դուք չէիք կարող հետ կանգնել:

Իզաբել Սադոյան -Ոչ, էլ չէի կարող նահանջել: Ուստի ես տեսա դասախոսին, մենք ներկայացանք, իրար հետ միաժամանակ գրանցվեցինք: Ժորժը չընդունվեց, ես ընդունվեցի 3 ամսով՝ որպես ունկնդիր, իսկ հետո՝ որպես աշակերտ: Եվ բախտս բերեց, որ այդ դասախոսը բացառիկ անձնավորություն էր: Նա, անշուշտ, մեծ դերասան էր: Նա հոյակապ կերտել էր Պիեռ լը Կռաոնի դերը Շառլ Կլոդելի «Մարիամի ավետիսը» պիեսում, այնպես որ երկու տարի շարունակ Վարպետիս հետ կարգին աշխատել ենք Կլոդելի ստեղծագործության վրա: Եվ նա ինձ ասաց այս հիանալի բանը, ինչը, միանգամայն արդարացի դուրս եկավ. «Իզաբել, սա այսօրվա համար չէ, թո՛ղ հետոյի համար»: Տասնութ տարեկանում դա լսելը դաժան է: Ես գիտեի, որ ամսագրի շապիկի վրայի ացջիկ չէի, ամենևին, որ չէի համապատասխանում «սիրունիկների» չափանիշներին, ես դերձակ էի, գիտեի իմ չափսերը, ես տեսնում էի, որ բոլորովին այլ տեսակ եմ ու ասացի. «Լավ, թող հետոյի համար լինի»: Բայց նա ինձ ստիպեց կատարել ամեն տեսակի աշխատանք:

Հետո, երբ ես հանդիպեցի Պլանշոնին Կատակերգության թատրոնի փուլում (Հադիպեց 1948 թվականին, իսկ 1952-ին Ռոժե Պլանշոնը նրա և մի քանի այլ դերասանների հետ Լիոնում հիմնեց Կատակերգության թատրոնը, որտեղ Իզաբել Սադոյանը հանդես եկավ որպես դերասանուհի և զգեստների ձևավորող), հենց ամենասկզբից, երբ փող չկար, նա ինձ ասում էր. «Այս դերը խաղալու համար ոչ ոք չկա, ուրեմն այն դու ես խաղալու»: Սա մի բացառիկ շանս էր, այսպես, ես մարմնավորեցի կերպարներ, որոնք ինձ երբեք չէին վստահի, եթե համապատասխան գումար լիներ: Հետո, հետզհետե, տարիների հետ, որքան շատ փող էին ունենում, այնքան քիչ դեր էին ինձ տալիս: Ես չեմ կարող խնդրել: Ստիպված հեռացա: Այնուամենայնիվ, մենք լավ աշխատեցինք:

Լրագրող -Կա՞ որևէ դեր, որը կարող եք հատուկ առանձնացնել:

Իզաբել Սադոյան -Ոչ, ես սիրում էի բոլոր իմ կերպարներին: Կարող եմ առանձնացնել Բերթոլդ Բրեխտի «Բարի մարդը Սեզուանից» պիեսը, որովհետև, նախ և առաջ, սա իմ առաջին դերն է՝ իսկական առաջին մեծ դերը և «Ըմբոստները»: Սա ո՛չ դայակի, ո՛չ տնային դաստիարակչուհու դեր չէ: Ես այնքան դայակների ու դաստիարակչուհիների դերեր եմ խաղացել, որ հենց ուրիշ բան առաջարկեցին, ապա համաձայնեցի, ասացի՝ այո… Ես  ավելի շուտ մի քիչ ըմբոստ եմ, դրա համար էլ երբ լսեցի վերնագիրը, ասացի. «Թող այս անգամ էլ ըմբոստները լինի»: Այն ինձ շատ զվարճացնում էր:

Լրագրող -Որևէ թատերական նախագիծ ունե՞ք: 

Իզաբել Սադոյան -Առաջիկա սեզոնի համար ոչինչ չունեմ: Ընդամենը Սինգի մի պիեսում խաղալու առաջարկ ունեմ: (Իռլանդացի դրամատուրգ Ջոն Միլինգթոն Սինգ): Ներկայացումը բեմադրելու է Կլարա Սիմփսոնը, որը Քրիստիան Սկիարեթիի կինն է (Վիլյորբանի Ազգային ժողովրդական թատրոնի տնօրեն): Սինգի պիեսը բեմադրելը հեշտ բան չէ: Այնտեղ կա մի ծեր կնոջ, ծովայինների մոր կերպարը: Այսպիսով, ես այդ դերն եմ խաղալու, եթե ամեն ինչ լավ ստացվի: Սա նույնպես ինձ մտորելու տեղիք է տալիս: Տանը հինգ տղամարդ կա: Վերջում ոչ ոք կենդանի չի մնում:

Լրագրող -Սա Ձեզ սրտամո՞տ է:

Իզաբել Սադոյան -Ամբողջ մանկությունս եկավ աչքիս առաջ. ծովում խեղդվող ծովայիններ, ամուսինը, որդիները՝ բոլոր տղամարդիկ ջրահեղձ են լինում: Դա սարսափելի է, սոսկալի է: (Ծիծաղում է):

Լրագրող -Դուք ասում եք, որ դա սոսկալի է, և դա Ձեզ մոտ ծիծա՞ղ է առաջացնում:

Իզաբել Սադոյան -Որովհետև այդ դերը դժվար է այնպես խաղալ, որ այն մելոդրամատիկ լինի: Հենց դա է դժվարությունը: Եվ սա հյուսիսն է, ոչ թե հարավը: Դա նույնը չէ: Աշխարհի ծայրում վրա հասնող չորս մահեր, մայր, որը պետք է իր երեխաներից շատ ապրի: Դա արտասովոր վիճակ է:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի