Իզաբել Յուպեր. «Հաճախ ես խիզախում եմ ընտրել քիչ տրորված ուղիներ»

Մեծ կինոն վերադառանում է Գերմանիայի կինոդահլիճներ և գերմանական  կինոտոնը՝ Բեռլինի 72-րդ կինոփառատոնը դարձյալ համախմբել է կինոաշխարհի ամենատաղանդավորներին ու հայտնիներին: Արդեն մի քանի օր է Բեռլինալեն սկսել է կինոհայտնությունների իր շարքը: Իսկ Փետրվարի 15-ը փառատոնի  օրակարգում առանձնահատուկ՝ մեծարման ու դափնիների օր է: Այս տարի  Բեռլինալեի նախընտրած Արիտիստը, փառատոնի պատվո «Ոսկե արջի» մրցանակակիրը ֆրանսիական կինոյի ամենատիտղոսավոր դերասանուհիներից մեկն է՝ Կաննի Ոսկե արմավենու կրկնակի և «Ոսկե Գլոբուսի» դափնեկիր, «Սեզարի» բազմակի մրցանակակիր և «Օսկարի» նոմինանտ Իզաբել Յուպերն  է, որին կինոարվեստում ունեցած ներդրման համար կշնորհվի պատվո մրցանակը:

Այդ առիթով անդրադառնում ենք տաղանդաշատ դերասանուհու մասնակցությամբ «Նա» ֆիլմին, որը Պոլ Վերհովենին դարձյալ առաջին պլան բերեց և Իզաբել Յուպերին արժանացրեց երկրորդ «Սեզարին» և «Օսկարի» «Լավագույն դերասանուհի» անվանակարգին: 2019 թվականին «France 2» հեռուստաալիքով ֆիլմի ցուցադրության կապակցությամբ, «Premièr»-ը հանդիպել է Իզաբել Յուպերին և մանրամասն զրուցել ոչ միայն Վերհովենի հետ նրա հարաբերությունների, այլև առհասարակ արտիստական կարիերայի մասին: «Art-Collage»-ն իր ընթերցողներին է ներկայացնում հատվածներ այդ հոդվածից:

 

…Տարիների ընթացքում փոքր-ինչ խամրել են Իզաբել Յուպերի պեպենները, բայց չեն խամրել հուշերն այս արտակարգ դերասանուհու դերերի մասին: Նա խաղացել է ամեն ինչ, հատկապես այն, ինչը ոչ ոք, բացի նրանից, չէր համաձայնի խաղալ: Անառակ, նիմֆոմանուհի, սադոմազոխիստ, մարդասպան, սպանված, կաղ կին. նա անում է ամեն ինչ՝ թատրոնում, կինոյում, այստեղ, այնտեղ և ամենուր:

Մտապատկերում մեկը մյուսին հաջորդում են նրա կինոդերերը. ահա «Անբասիր հեղինակություն» ֆիլմի ատելի քածը, Հանեկեի դաշնամուրի ուսուցչուհին, որը  «Փիփ-շոուի» աղբարկղից հայտնաբերած անձեռոցիկներից հոտ է քաշում (Միխայել Հանեկեի «Դաշնակարուհին» դրամայում), ուշ Շաբրոլի «դեմքը»՝ շիկահերը, որը ստիպում է Գի Մարշանին վազել իր հետևից: Նա այս զվարճալի փոքրիկ կինն է, որը վերածվել է զվարճալի «Սուրբ հրեշի»՝ քարի պես կարծր, սառցատապարի պես սուր, և որին, կարծես, ոչինչ չի կարող սասանել: Ճիշտն ասած, մենք չենք էլ փորձել…

«Պրեմիեր» -Նախքան Վերհովենի միանալը «Նա» ֆիլմի նախագծին, Դուք լա՞վ էիք ճանաչում նրան:

Իզաբել Յուպեր -Իմ տեսած նրա առաջին ֆիլմը «Թուրքական հաճույքներն» էր: Ես դեռ վարժարանում էի սովորում: Պետք է որ 15 կամ 16 տարեկան լինեի: «Շառլի Էբդոյից» իմացա, որ ֆիլմը շատ դրական արձագանքներ էր ստացել կինոքննադատների կողմից և այն դիտելուց հետո կինոդահլիճից ցնցված դուրս եկա:

Ակամա չենք պատկերացնում, որ Վերհովենը ունակ է հուզել մեզ, բայց՝ ընդհակառակը, ֆիլմը մելոդրամայի մի տեսակ էր` ինչպես ժամանակակից «Կամելիազարդ տիկինը». հիվանդությամբ տառապող շատ երիտասարդ մի կին, որն, ի վերջո, մահանում է հիվանդանոցում: Այն ժամանակ ֆիլմը ցուցադրվում էր միայն Մեծ բուլվարների վրա գտնվող կիսապոռնո կինոթատրոններում…

Երբ այս ֆիլմը վերանայում ենք մեր օրերում, ապա այնտեղ ոչ մի սարսափելի բան չկա. ազատ սեր, մի քանի մերկ տեսարաններ: Ամեն դեպքում, սա էր իմ առաջին շփումը Վերհովենի հետ: Շատ տարիներ անց Լոս Անջելեսում մենք միասին ընթրեցինք, իսկ հետո, երբ ֆիլմադարանում տեղի ունեցավ նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, Սերժ Տուբիանան առաջարկեց ինձ ներկայացնել «Թուրքական հաճույքները», որն այդ միջոցառման բացման ֆիլմն էր: Ես վերադիտեցի կինոնկարն այդ առիթով, ու այն չէր փոփոխվել՝ դեռ շարունակում էր մնալ գեղեցիկ, հուզիչ ու ազատ... Սա Վերհովե՜նն էր: Տարօրինակ կերպով, միասին աշխատելու լուրը ստանալուց հենց անմիջապես առաջ, ես DVD սկավառակով նայեցի «Շոուգըրլզը» և «Աստղային դեսանտը»: Ինձ դեռ պակասում են հոլանդական շրջանի ևս մի քանի ֆիլմեր:

«Պրեմիեր» -Դուք տեսե՞լ եք «Միս ու արյունը» ֆիլմը:

Իզաբել Յուպեր -Ոչ:

«Պրեմիեր» -Դուք պետք է այն նայեք: «Նա» ֆիլմի ձեր կերպարը գրեթե Ջենիֆեր Ջեյսոն Լիի մարմնավորած բռնաբարված աղջկա «հասուն» տարբերակն է: Ի դեպ, նա մի դերասանուհի է, որի հետ շատ ընդհանրություններ ունեք:

Իզաբել Յուպեր -Նա իմ սիրելի դերասանուհիներից մեկն է: Գուցե ես չէ, որ պետք է ասեմ այս մասին, բայց ես նրան ընկալում եմ, որպես իմ սեփական անձի ամերիկյան տարբերակը: Մոտակա ժամանակներում ես կդիտեմ այդ ֆիլմը…

«Պրեմիեր» -Զգացվում է, որ առնվազն քսան տարի կլինի, ինչ Դուք լիովին վերահսկում եք Ձեր կարիերան…

Իզաբել Յուպեր -«Կարիերա» բառի գործածման պատասխանատվությունը թողնում եմ ձեզ: Հաճախ ես խիզախում եմ ընտրել քիչ տրորված ուղիներ: Եվ հետո վերահսկողությունը շատ հարաբերական է: 1000%-ով ինձ կարելի է վերագրել միայն այն ֆիլմերի ստեղծմանը մասնակցելու որոշումը, որոնցում ես խաղացել եմ: Ոչ ոք ինձանից չի կարող դա խլել. վճռականությունը, դրանք ստեղծելու ընտրությունը և որոշ ռեժիսորներին բերելու գաղափարը, որտեղ էլ որ նրանք գտնվեն: Այնուհետև, հենց որ սկսվում է պրոցեսը, ոչ ոք ոչ ոքի չի վերահսկում, դա ավելի փոփոխական է ու նուրբ, քան թվում է:

«Պրեմիեր» -Ամեն դեպքում, երբ մենք նայում ենք Ձեր ընտրած ֆիլմերը և կա…

Իզաբել Յուպեր -Կա մի որոշակի գիծ, այո, իհարկե…

«Պրեմիեր» -Դուք հիմնականում գիտեք, թե ու՛ր չեք ուզում գնալ:

Իզաբել Յուպեր -Դե դա հասկանալի է: Բացի այդ, նաև թե ու՛ր չեմ կարող գնալ: Օրինակ, ավելի պաշտոնական կինոյում, ես երբեք ամբողջությամբ հարթ ճանապարհ չեմ ունեցել: Ես գտնվում եմ ինչպես կենտրոնում, այնպես էլ սահմանագծին, չնայած երբեմն ինձ հաջողվում էր լայն հանդիսատեսի մոտ հաջողություն ունենալ, ինչպես դա եղավ Ալեքսանդրա Լեկլերի «Գժտված քույրերը», Ֆրանսուա Օզոնի «8 կանայք», Դիանա Կյուրիսի «Սեր առաջին հայացքից» ֆիլմերում՝ ինձ դուր է գալիս հաջողությունը:

«Պրեմիեր» -Դա առաջին ֆիլմն էր, որտեղ ես Ձեզ տեսա: Դա իմ արձակուրդների ժամանակ էր՝ Նյու Յորքում, երբ ես 12 տարեկան էի, և ֆիլմը մեծ տպավորություն թողեց ինձ վրա: Հիշում եմ որ Միացյալ Նահանգներում այն կոչվում էր «Ժամադրություն»:

Իզաբել Յուպեր -Այո, հնարավոր է: Ո՛չ: Ես կարծում եմ վերնագիրը «Մեր միջև» էր (ասում է ընդգծված ամերիկյան ակցենտով):

«Պրեմիեր» -Բայց ոչ:

Իզաբել Յուպեր -Եթե ուզում եք, կարող եմ զանգահարել Դիանային ու ճշտել… Բայց ոչինչ, թող լինի «Ժամադրություն», քանի որ դուք այդպես եք հիշում:  (Խոսքը ֆրանսիացի կինոռեժիսոր Դիանա Կյուրիսի «Սեր առաջին հայացքից» ֆիլմի մասին է, որի մյուս վերնագիրն է «Մեր միջև»)։ Այսպիսով, այս ամենն ինձ ազատություն տվեց, նմանապես տվեց շատ վառ երևակայություն: Հենց ամենասկզբից ինձ համար կինոն կապված էր ճանապարհորդության հետ, այսինքն՝ լինել այստեղ, բայց նաև մեկ այլ վայրում: Միշտ այդպես է եղել, և ես կարծում եմ, որ այսպես էլ կշարունակվի: Երբ հանդիպում ենք այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Հոն Սան Սունը (կորեացի կինոռեժիսոր), Բրիլանտե Մենդոզան (ֆիլիպինցի կինոռեժիսոր), դա վկայում է այն մասին, որ ես չեմ հետևում այն ուղղությանը, ըստ որի ֆրանսիացի դերասանուհին պարտավորված կլիներ հայացքն ուղղել միայն դեպի Միացյալ Նահանգներ:

«Պրեմիեր» -Ձեր ֆիլմերը հիմնականում տեղ են գտել այսպես կոչված «մեծ միջազգային հեղինակային կինոյի»՝ փառատոնային կինոյի ցանկում… Գիտե՞ք, թե քանի անգամ եք եղել Կաննում:

Իզաբել Յուպեր -Ես վստահ չեմ, դուք հաշվե՞լ եք : Ինձ ասացին, որ սա 20-րդ անգամն էր։

«Պրեմիեր» -Այո, սա 20-րդ մրցութային ֆիլմն էր:

Իզաբել Յուպեր -Եվ դա դեռ չհաշված «Հատուկ հայացքը», «Քննադատության շաբաթը» և «Ռեժիսորների երկու շաբաթը»: Այսպես կամաց-կամաց կհասնենք երեսունի…

«Պրեմիեր» -Դուք դա ասում եք փափագո՛վ, նույնիսկ որոշակի հպարտությա՛մբ:

Իզաբել Յուպեր -Ավելի շուտ ուրախությամբ, ինչպես նաև որոշ զարմանքով... Ես այնտեղ շատ եմ եղել, դա փաստ է:

«Պրեմիեր» -Ի՞նչ է սա նշանակում Ձեր ընտրության առումով: Որ Դուք այնքան էլ փոփոխական չե՞ք : Կամ էլ ամեն անգամ փառատոնը ցանկանում է հրավիրել հենց ՁԵԶ: Ամեն դեպքում, երկու մրցանակներ լավագույն դերակատարության համար, ժյուրիի նախագահ լինելը…

Իզաբել Յուպեր -Եվ մեկ անգամ ժյուրիի անդամ լինելը…

«Պրեմիեր» -Դուք պետք է որ պատվավոր նախագահ դառնայիք։

Իզաբել Յուպեր -Բայց նման բան գոյություն չունի: Ոչ, ինչ ասեմ, դա փառատոնի տարբեր նախագահների և ընտրությամբ զբաղվողների տարիների ընթացքում դրսևորած հավատարմությունն է: Սա ինձ հետ ոչ մի կապ չունի: Ես այն ունիվերսալ բանալին չե՛մ, որը թույլ է տալիս գնալ Կանն:

«Պրեմիեր» -Եթե մի կողմ դնենք Ձեր դեպքը, ապա տպավորություն է ստեղծվում, որ դերասանուհին ավելի շատ, քան երբևէ, Կաննի կինոփառատոնի Ալֆան և Օմեգան է:

Իզաբել Յուպեր -Ոչ, դա շարունակում է մնալ ռեժիսորը։ Հակառակ դեպքում դա համաշխարհային կինոյի տաճարը չէր լինի: Բայց, իհարկե, մեծ փառատոնը ապրում է իր ծիսակարգերով: Դերասաններն ու դերասանուհիներն այդ ծիսակատարությունների մի մասն են. նրանք են այն ուժեղ ազդանշանները, որոնք արձակում է փառատոնը: Բայց հենարանը մնում են ռեժիսորները։  

«Պրեմիեր» -Երբ Ձեզ որևէ բացառիկ դեր են առաջարկում, դա Ձեզ շոյում է, թե դուք ինքներդ ասում եք Ձեզ. «Անշուշտ, նրանք ինձ հիշել են միայն դրա համար»:

Իզաբել Յուպեր -«Նա» ֆիլմի դեպքում ամեն ինչ հակառակ ստացվեց։ Ես շատ վաղ կարդացի գիրքը և մտածեցի. «Ի դեպ, սրանից կարելի է հոյակապ բան անել...» Վերջապես, հաճելի... Ես հանդիպեցի Փիլիպ Ջյանին (հայկական ծագումով ֆրանսիացի գրող, հեղինակել է «Օհ…» վեպը, ըստ որի նկարահանվել է «Նա» ֆիլմը), ապա Սաիդ Բեն Սաիդին («Նա» ֆիլմի պրոդյուսերը), և Սաիդը փայլուն գաղափար ունեցավ առաջարկել ֆիլմը Պոլին, ով իր հերթին այն ընդունելու փայլուն գաղափար ունեցավ:

«Պրեմիեր» -Ի՞նչ նկատի ունեք «հաճելի» ասելով...

Իզաբել Յուպեր -Պարզապես ինչ-որ բան, որը կդառնա լավ դեր, լավ ֆիլմ, լավ կերպար: Նույնիսկ եթե ես հասկանում էի, որ դրան հասնելու ճանապարհին խոչընդոտներ կլինեն... Երբ գիրքը լույս տեսավ, այն բուռն արձագանք առաջացրեց: Ես չէի ուզում սայթաքուն ճանապարհ բռնել՝ ֆիլմում նկարահանվելիս ես հայտնաբերեցի, որ այնտեղ համարյա ֆեմինիստական տեսակետ է զարգացվում: Այնուամենայնիվ, կա մի անձնավորություն, որն օբյեկտի վիճակից անցնում է սուբյեկտի վիճակին, որն իր վերահսկողության տակ է վերցնում այն, ինչ վերապրում է, մինչև որ գալիս է այն պահը, երբ ինքն է դառնում մանիպուլյատորը: «Նա»-ն իրեն զոհի պես չի պահում։ Նա ամեն ինչի դիմանում է, երբեք չի կոտրվում, չնայած սև ամպերին, որոնք կուտակվում են նրա գլխին, անկախ նրանից, թե դրանք առաջացել են անցյալից, ներկայից, ընտանեկան են դրանք, թե մասնագիտական...

(Ըստ սյուժեի հերոսուհու կյանքի սովորական ընթացքը խախտվում է, երբ նրա տուն է ներխուժում դիմակավոր մարդ, որը նրան դաժան ծեծի է ենթարկում ու բռնաբարում: Կինը չի ցանկանում տեղեկացնել ոստիկանությանը՝ նա մտադիր է ինքնուրույն գտնել հանցագործին և նրանից վրեժ լուծել):

«Պրեմիեր» -Այս ֆիլմում, ինչպես հաճախ է պատահում, Ձեր խաղը բեմադրության մաս է դառնում, Ֆիլմին տոնայնություն ու ռիթմ տվողն էլ եք Դուք:

Իզաբել Յուպեր -Ես նկարահանվում էի տասներկու շաբաթ, ես ներկա եմ գրեթե բոլոր պլաններում... Բեմադրությունը պտտվում է ձեր շուրջը, և դուք դառնում եք դրա մասնակիցը։ …Մենք չենք մտածում կշռադատված ձևով, թե՝ «եկեք հավատարիմ մնանք ֆիլմի տոնայնությանը»: Ոչ, մենք պետք է դրան համահունչ լինենք:

«Պրեմիեր» -Ձեզ հետ պատահել է, որ նկարահանման հարթակում գտնվելիս ասեք`«ոչ»: Ասեք. «Ոչ, ես սա չեմ անի, կամ ես սա չեմ ասի»: 

Իզաբել Յուպեր -Ոչ, ամեն դեպքում, ես կարդացել եմ սցենարը, ես գիտեմ, թե ինչ է ինձ սպասվում… Հատկապես իրենց կոչմանն արժանի բեմադրող ռեժիսորների հետ, որոնք գիտեն իրենց անելիքը և կարելի է պատկերացնել, որ Պոլ Վերհովենը հստակ գիտի, թե ինչ է անելու:

«Պրեմիեր» -Դուք շատ գլխավոր դերեր եք խաղացել։ Դաշնակահարուհին, Ժանեկագործուհին, Մալինա, Վիոլետա Նոզյերը, Լուլուն... և այս ֆիլմում Դուք կատարելապես խաղում եք Նրա դերը: Դրանից ավելի լավ չի կարելի կատարել…

Իզաբել Յուպեր -Այո, երբեմն ես նայում եմ պաստառին, և ծիծաղս գալիս է: Տեսնել «ինձ» «Նա»  ֆիլմում: Միևնույն ժամանակ, սա վերնագիր է, գեղարվեստական ֆիլմ է, մտացածին բան: Ահա, այդ «Ես» չեմ: Այդ «Նա» է:

«Պրեմիեր» -Այս վերնագիրը նաև ընդգծում է այն փաստը, որ Դուք հաճախ «կնոջ» դեր եք խաղում:

Իզաբել Յուպեր -Այո, ես շատ եմ մտորում այդ գաղափարի շուրջ: Ինչո՞ւ ինձ զրկել դրանից: Անկեղծ ասած, եթե կինոն կարող է ինձ օգնել այդ հարցում՝ օգտակար լինել, պատմել, թե ինչ է նշանակում կին լինել իր բոլոր վիճակներում: Սա ցնցող է:

Պրեմիեր -«Նա»-ն ֆրանսիակա՞ն ֆիլմ է:

Իզաբել Յուպեր -Այո, և ոչ: Այո, քանի որ ես շրջապատված եմ այս ֆրանսիացի դերասաններով՝ բոլորը հրաշալի, և մենք ամբողջը նկարահանել ենք Փարիզում: Բայց վեպում շատ կարևոր տարր կա՝ արվարձանը: Աշխարհի ամեն քաղաք շրջապատված է իր արվարձաններով, հետևաբար, սա կարող էր պատահել ցանկացած այլ վայրում… Եվ իհարկե, ինքը՝ Վերհովենը, միաժամանակ և եվրոպացի է, և ամերիկացի:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի