Իվան Բունին․ մանրապատումներ Երիքովի վարդ
Ի նշան առ հավերժական կյանքն հավատի, մեռյալների հարության, Արևմուտքում հնում Երիքովի վարդ էին դնում դագաղներին, գերեզմանոցներին։
Տարօրինակ է, որ վարդ, այն էլ Երիքովի վարդ են կոչել չոր, փշոտ ցողունների թնջուկը, նման մեր դաշտագլորին, այդ անապատային կարծր շիվը, որ հանդիպում է միայն Սև ծովից ցածր քարավազներում, անմարդ սինայական նախալեռնային շրջաններում։ Բայց կա ավանդություն, որ դա այդպես է կոչել սուրբ Սավվան, որ իր համար կացարան էր ընտրել սարսափելի հովիտը Հրե, լերկ մեռյալ կիրճն անապատում Հրեական։ Հարության խորհրդանիշը՝ տրված իրեն փշականկառի տեսքով, նա զարդարեց իրեն հասու համեմատություններից ամենաքաղցրահնչյունով։
Քանզի դա, այդ փշականկառն, իսկապես սքանչելի է։ Թափառականի պոկած և տարած իր հայրենիքից հազար վերստ անդին, այն տարիներով կարող է մնալ չոր, գորշավուն, թոշնած։ Բայց, ջրի մեջ դրվելով, իսկույն սկսում է փթթել, մանր տերևիկներ և վարդի գույն տալ։ Եվ խեղճ մարդկային սիրտը ուրախանում, սփոփվում է՝ չկա աշխարհում մահ, չկա ոչնչացում նրան, ինչ եղել է, ինչով ապրել եմ մի ժամանակ։ Չկան բաժանումներ և կորուստներ, քանի դեռ ողջ է իմ հոգին, իմ Սերը, Հիշողությունը։
Այդպես սփոփվում եմ և ես, իմ մեջ վերածնելով այն լուսակիր հին երկրները, որտեղ մի ժամանակ ոտք եմ դրել և ես, այն օրհնված օրերը, երբ կեսօրին կյանքիս արևն էր, երբ, ուժերի և հույսի ծաղկունքում, ձեռք-ձեռք նրա հետ, ում Աստված վճռել է լինել ուղեկցուհիս մինչև գերեզման, ես իմ առաջին հեռավոր ուղևորությունը, ամուսնական ճանապարհորդությունն էի իրականացնում, որ միաժամանակ և ուխտագնացություն էր մեր Հիսուս Քրիստոսոսի սուրբ երկիրը։
Դարավոր լռության և մոռացության մեծ խոտհարքում մեր առաջ փռված էին դրա վայրերը՝ Գալիլեայի հովիտները, բլուրները հրեական, Հնգաքաղաքի աղն ու խրտվիլակները։ Բայց գարուն էր, և մեր բոլոր ճանապարհներին ուրախ ու խաղաղ ծաղկել էին միևնույն հողմածաղիկներն ու կակաչները, որ ծաղկում էին և Ռաքելի օրոք, գեղեցկությամբ փայլում էին միևնույն շուշանները դաշտային և երգում էին միևնույն թռչուններն երկնային, որոնց երանավետ անհոգությունը սովորեցնում էր ավետարանական առակը․․․
Երիքովի Վարդ։ Սրտի կենդանի ջրի մեջ, սիրո, վշտի և քնքշության մաքուր տամկության մեջ ես խրում եմ անցյալիս արմատներն ու ցողունները՝ և ահա նորից հրաշալիորեն աճում է իմ բաղձալի խոտաբույսը։ Հեռվացիր, անխուսափելի ժամ, երբ կչորանա այդ տամկությունը, կցամքի և կմաշվի սիրտը՝ և արդեն առհավետ կծածկի մոռացության մոխիրը վարդն իմ Երիքովի։
Մատուռ
Ամառային տաք օր, դաշտում, հին դաստակերտի այգու հետևում, վաղուց լքված գերեզմաններ, բարձր ծաղիկներով և խոտերով թմբեր և մենակյաց, ամբողջովին ծածկված վայրի ծաղիկներով և խոտերով, եղինջով և ուղտափշով, քանդված քարե մատուռ։ Դաստակերտի երեխաները, մատուռի տակ պպզած նստած, սրատես աչքերով նայում են նեղ ու երկար գետնի հարթության պատուհանից ներս։ Այդտեղ ոչինչ չի երևում, այդտեղից միայն սառը փչում է։ Ամենուր պայծառ և շոգ է, իսկ այդտեղ մութ և ցուրտ է՝ այդտեղ, երկաթե արկղերի վրա, պառկած են ինչ-որ պապիկներ և տատիկներ և նաև ինչ-որ հաղթանդամ մարդ, որն ինքզինքը կրակելով սպանել է։ Այդ ամենը շատ հետաքրքիր և զարմանալի է՝ մեզ մոտ այստեղ արև է, ծաղիկներ, խոտեր, ճանճեր, իշամեղուներ, թիթեռներ, մենք կարող ենք խաղալ, վազել, մեզ սահմռկելի, բայց և հաճելի է պպզած նստելը, իսկ նրանք միշտ պառկած են այդտեղ մթության մեջ, ինչպես գիշերը՝ հաստ և սառը երկաթե արկղերի վրա, պապիկներն ու տատիկները բոլորը ծեր են, իսկ հաղթանդամ տղամարդը դեռ երիտասարդ․․․
-Իսկ ինչո՞ւ է նա ինքնասպան եղել։
-Նա շատ սիրահարված էր, իսկ երբ շատ սիրահարված են, կրակում են իրենք իրենց․․․
Երկնքի կապույտ ծովում կղզիներով տեղ-տեղ ճերմակ գեղեցիկ ամպեր են, տաք քամին դաշտից բերում է ծաղկուն տարեկանի անուշաբույրը։ Եվ որքան ավելի կիզիչ և ավելի խնդալից է վառում արևը, այնքան ավելի սառն է փչում մթությունից, պատուհանից։
Կամարգ
Նա ներս մտավ Մարսելի և Արլի միջև գտնվող կանգառում, անցավ վագոնով, գալարվելով իր ողջ գնչուա-իսպանական մարմնով, նստեց պատուհանի մոտ՝ մի տեղանոց նստարանին և, ասես ոչ ոքի չնկատելով, սկսեց կճպել և կրծել տապակած պիստակները, ժամանակ առ ժամանակ բարձրացնելով սև վերնաշրջազգեստի քղանցքը և ձեռքը տանելով ներքևի սպիտակամաշ գրպանը։ Վագոնը՝ լի հասարակ ժողովրդով, բաղկացած չէր կուպեներից, բաժանված էր լոկ նստարաններով, և շատերը, դեմքով դեպի իրեն նստած, ակնապիշ նայում էին նրան։
Ճերմակ ատամների վերևում շարժվող նրա շուրթերը թխակապույտ էին, կապտավուն խավամազիկը վերին շրթին խտանում էր բերանի անկյունների վրա։ Սուր, թխա-մռայլ դեմքը, ատամնափայլից պայծառացող, հնա-վայրի էր։ Աչքերը՝ երկայն, ոսկե շագանակագույն, կիսածածկված թխա-դարչնագույն կոպերով, նայում էին ասես իրենց ներսը՝ խամրած կուսական մարումով։ Ուղիղ բաժուկով բաժանված և գանգուր խոպոպներով նեղ ճակատին ընկնող կպրագույն վարսերի կոշտ մետաքսի տակից առկայծում էին կլոր վզիկի երկայնությամբ երկար արծաթե ականջօղերը։ Թեք ուսերին փռված կապույտ թաշկինակը գեղեցկորեն կապված էր կրծքին։ Ձեռքերը՝ չոր, հնդկաստանցու, մումիայի մատներով և ավելի պայծառ եղունգներով, շարունակ կճպում և կճպում էին պիսակները կապկային արագությամբ և ճկունությամբ։ Դրանց վերջը տալով և կճեպը ծնկներից թափ տալով՝ նա փակեց աչքերը, ոտքը ոտքին դրեց և մեջքը հենեց նստարանին։ Ծալավոր շրջազգեստի տակից, առանձնակի կանացիորեն ընդգծող նրա ճկուն իրանի գոտկատեղը, կոնքոսկրերը ցցվում էին սահուն ուրվագծերի կարծր բլրակներով։ Վտիտ, մերկ, բարակ արևառ մաշկով ոտնաթաթը սև լաթե չստի մեջ էր և հյուսված էր երփներանգ ժապավեններով՝ կապույտ և կարմիր։
Արլ չհասած նա իջավ։
-C'est une camarguiaise (կամարգուհի ),- աչքերով նրան ուղեկցելով՝ չգիտես ինչու ասաց հարևանս՝ ցլի պես հուժկու պրովանսացին՝ արյան երակներում սև կարմրությամբ։
Հարյուր ռուփի
Ես տեսա նրան մի անգամ առավոտյան այն հյուրանոցի բակում՝ հինավուրց հոլանդական տան ծովափնյա հնընդկուզենու անտառներում, որտեղ ես կենում էի այդ օրերին։ Եվ հետո տեսնում էի նրան այնտեղ ամեն առավոտ։
Նա կիսապառկում էր եղեգնյա թիկնաթոռին, ծածկապատշգամբից երկու քայլի վրա գտնվող տնից ընկնող թեթև, տաք ստվերում։ Բարձրահասակ, դեղնադեմ, տանջալիորոն նեղաչ մալայացին, սպիտակ պարուսինե բաճկոնով և նույնպիսի տաբատով, բերում էր նրան, բոբիկ ոտքերով խշխշացնելով մանրախճի վրայով, և թիկնաթոռի մոտի սեղանին էր դնում ոսկեշող թեյով գավաթով սկուտեղը, ինչ-որ բան ակնածալից ասում էր նրան, շարժելով չոր, խիստ պրկված շուրթերը, խոնարհվում և հեռանում էր, իսկ աղջիկը կիսապառկում և դանդաղորեն թափահարում էր ծղոտե հովհարը, համաչափորեն թարթելով իր զարմանալի արտևանունքների սև թավիշը․․․
Երկրային էակների ի՞նչ տեսակին կարելի էր դասել նրան։
Նրա արևադարձային ամուր մարմինը, նրա սրճագույն մերկությունը բաց էր կրծքի վրա, ուսերի վրա, ձեռքերի և ոտքերի վրա մինչև ծնկները, իսկ իրանը և կողերը մի տեսակ պարուրված են պայծառ կանաչ հյուսվածքով։ Մատների կարմիր եղունգներով փոքր ոտքերը դուրս էին ցցվում դեղին փայտից լաքապատ ոտնամանների կարմիր կաշիների արանքից։ Կպրե վարսերը, վեր բարձրացված սանրվածքով, տարօրինակորեն անհամապատասխան էին իրենց կոպտությամբ նրա մանկական դեմքի նրբությանը։ Փոքր ականջների բլթակներում ճոճվում էին ոսկե փքուն օղերը։ Եվ անհավատալիորեն մեծ և հիասքանչ էին սև արտևանունքները՝ նման այն դրախտային թիթեռնիկներին, որ այդքան կախարդորեն առկայծում են դրախտային հնդկական ծաղիկների մեջ․․․ Գեղեցկություն, խելք, հիմարություն՝ բոլոր այդ բառերը չէին սազում նրան, ինչպես չէր սազում ամենայն մարդկայինը՝ իսկապես, նա ասես ինչ-որ այլ մոլորակից էր։ Միակ բանը, որ սազում էր նրան, լռակեցությունն էր։ Եվ նա կիսապառկում և լռում էր, համաչափորեն թարթելով իր արտևանունք- թիթեռնիկների սև թավիշը, դանդաղորեն թափահարելով հովհարը։
Մի անգամ առավոտյան, երբ հյուրանոցի բակ վազեց ռիկշան, որով ես սովորաբար գնում էի քաղաք, մալայացին հանդիպեց ինձ ծածկապատշտգամբի աստիճանների վրա և, խոնարհվելով, կամացուկ ասաց անգլերեն․
-Հարյուր ռուփի, պարոն։
Կիրճ
Անտառապատ կիրճ, իրիկնամուտ։
Կանաչ գանգրահեր գառնամորթով, կանաչ կարակուլով է թվում հեռվից հանդիպակաց գյուղի լեռնալանջերը ծածկող թավ անտառը։ Անտառում ինչ-որ մեկը խարույկ է վառում, կապույտ ծխաքուլան երկար ձգվում է կանաչ գառնամորթու վրա, և դրա բարկահամը խառնվում է անտառի նշե թարմությանը։
Կապույտ երկինքը լեռների գլխավերևում անհուն և պարզկա է, լոկ առջևում, ուր կիրճը հոծացել է, լազուրի մեջ ճերմակաձնե քուլաներից հյուսված ուղղաբերձ ամպն է։
Իսկ այնտեղ, գյուղում, անդադար հնչում, խանդավառորեն արտասվում, փողփողալից կանչում և աղաղակում է եղջյուրե շվին՝ ձայնը կոկորդային, վայրի, թովիչ և ահեղ, որ լսելով, մտածում ես լեռնայծերի, դրանց կրքի գարնանային, ահարկու շրջանի մասին։
Այդ պարում են հյուղակի կտուրի վրա պատանի-թաթարները, մեկը կանգնած է, ուռցրել է շրթերը, դուրս ցցել աչքի սպիտակուցները՝ շվի է փչում, մյուս երկուսը, ակնապիշ նայելով միմյանց աչքերին, ձեռքերը դնելով իրար ուսերին, սրարշավում են այծերով, ամուր դոփում միևնույն տեղում։
Ո՞ւր, ի՞նչ դրախտային վիհ է միտված նրանց լարված, խնդուն, քարացած հայացքը։
Հարևան հյուղակում պպզած նստել, ամբողջովին կծկվել և նրանցից աչք չի կտրում պարմանուհին։ Նա վտիտ է, բայց արդեն երկայնահասակ, նա դեռ մի շապիկով է, սև գլխիկը դեռ ծածկված չէ, բայց աչքերն արդեն դյութիչ և սահմռկեցուցիչ են, ինչպես հրեշտակապետինը։
Ինչ աղեկեզ երանավետություն շվիի երփներփումներում և գոչյուններում։
Թափառականը
Դաշտ և ամառային առավոտ, համերաշխ վարգում է եռաձի կառքը։
Իսկ խճուղու երկարությամբ, հանդիպալաց՝ թափառական՝ անգլխարկ, բոկոտն և այնպես թեթևոտն, ասես թևերի վրա էր։
Հավասարվեց, առկայծեց և անհետեց։ Նիհար և ծերունորեն չոր, ծածանվում են արևախանձ երկար վարսերը։ Բայց ինչ թեթև է, ինչ երիտասարդ։ Ինչ կենդանի, առկայծող հայացք։ Եվ իր առջևում որքան այդպիսի սպիտակ խճուղիներ են։
Աստված թափառականին չի ծերացնում։
Կեսօր
Կեսօրյա տապ, անշարժ դեղին լճակի և դրա դեղին կավախառն ափերի կուրացուցիչ փայլ։ Նախիրը քշել են ճաշի հանգստի՝ կովերը մտել են լճակի ծանծը, մինչև որովայնը կանգնած են ջրում։ Կողքը ուրախ ճվվոց, բղավոց, քրքիջ՝ հանվում և ջուրն են նետվում աղջնակները։ Մեկը գլխի վրայից պոկեց մոխրագույն կանեփաքաթանե շապիկը և նետվեց այնպես վայրագորեն, որ ես իսկույն հիշեցի Նեղոսը, Նուբիան։ Սևամազ և շատ թխամաշկ։ Կրծքերն՝ ասես երկու մուգ պիրկ տանձ։
Կուզիկի սիրավեպը
Կուզիկն անանուն սիրային նամակ, հանդիպման հրավեր ստացավ․
«Շաբաթ, ապրիլի հինգին, երեկոյան ժամը յոթին, եղեք Տաճարային հրապարակի զբոսապուրակում։ Ես երիտասարդ, հարուստ, ազատ եմ և, ինչ թաքցնել, վաղուց գիտեմ, վաղուց սիրում եմ ձեզ, հպարտ և վշտալի հայացքը, ձեր վեհանձն, խելացի ճակատը, ձեր միայնությունը։ Ես ուզում եմ հուսալ, որ դուք էլ, միգուցե, իմ մեջ ձեզ հարազատ հոգի կգտնեք․․․ Իմ նշանները՝ մոխրագույն անգլիական զգեստ, ձախ ձեռքիս մետաքսե բաց մանուշակագույն անձրևանոց, աջիս՝ մանուշակների փունջ»։
Ինչպես էր նա ցնցված, ոնց էր սպասում շաբաթվան՝ առաջին սիրային նամակն ամբողջ կյանքում։ Շաբաթ նա գնաց վարսավիրի մոտ, գնեց (բաց մանուշակագույն) ձեռնոցներ, նոր (մոխրագույն կարմիր բծով, զգեստի գույնին համապատասխան) փողկապ, հայելու առաջ զուգվելով, անվերջորեն վերակապում էր փողկապն իր երկար, բարակ մատներով, սառը և դողացող, այտերին, նուրբ մաշկի տակ, գեղեցիկ, բծավոր գեղեցկություն ծավալվեց, գեղեցիկ աչքերը մթնեցին․․․
Հետո, լարված, նա նստեց բազկաթոռին, ինչպես հյուր, ինչպես օտար իր սեփական բնակարանում, ու սկսեց սպասել ճակատագրական ժամին։
Վերջապես ճաշասենյակում նշանակալիորեն, ահեղորեն խփեց վեցն անց կեսը։ Նա ցնցվեց, ելավ, զուսպ, անշտապ հագավ նախասենյակում գարնանային գլխարկը, վերցրեց ցուպը և դանդաղորեն դուրս եկավ։
Բայց փողոցում արդեն չկարողացավ իրեն տիրապետել՝ քայլեց իր երկար և բարակ ոտքերով ավելի արագ, կուզին հատուկ ամբողջ հանդուգն կարևորությամբ, բայց պարուրված այն երանելի վախով, որով միշտ կանխավայելում ենք մենք երջանկությունը։ Իսկ երբ արագ մտավ տաճարի կողքի զբոսապուրակը, հանկարծ քարացավ տեղում՝ նրան հանդիպակաց, գարնանային վերջալույսի վարդագույն լույսի ներքո, կարևոր և երկար քայլերով գալիս էր մոխրագույն զգեստով և սիրունիկ գլխարկով, ասես տղամարդկային, անձրևանոցով ձախ ձեռքին ու մանուշակներով՝ աջին, կուզիկուհին։
Անգութ է ինչ-որ մեկը մարդու հանդեպ։
Նամակ
-Էլի եմ գրում ձեզ, ինձ չկարոտեք, վագոններոմ տաք էր նույնիսկ հանվածի համար։ Հենց Մինսկից ձյուն ամենևին չկա, վայրերը բոլորը ժանգոտած են, շուրջբոլորը ճահիճներ են, ջուր է։ Այժմ ինձ ինչ որ աննախընթաց բան է սպասվում։
Ցտեսություն, իմ բոլոր հարազատներ և ծանոթներ, հավանաբար, էլ չենք տեսնվի։ Ցտեսություն, սիրելիներ, գրելու ժամանակ չկա, դե և անձրև է, իսկ աչքերիցս արցունքներ։ Ինչ սկսեցին տեղալ հրացաններից և արկերով, լոկ փոշեսյուններ են։ Երկուսը ինձ հետ խրամատ էին փորում, և, նրանց երկուսին գտավ արկը, նրանց երկուսին այդժամ սպանեց, մի նորակոչիկ օտար, իսկ մյուսը, մեր Վանյան, նա մահացավ ի փառս ռուսական զենքի․․․
Կոյաբզեզներ
Տեսնում եմ ինձ Կահիրեում, Բուլակի թանգարանում։
Երբ մտնում էի բակ, ցուլերի զույգը դանդաղորեն քարշ էր տալիս դեպի շքամուտք երկար դիակառքեր, որոնց վրա վիթխարի քարադամբան էր կախված։ Քմծիծաղելով, մտածեցի․
-Եվս մեկ մեծ արքա։
Երփներանգ գրանիտե քարադամբանները, ոսկեգույն, լաքածածկ փայտից դագաղները ծածկում էին նախասրահը։ Բարկ, չոր, նրբին բուրում էր՝ սուրբ բույրը մումիաների, ասես հենց հոգին հեքիաթային եգիպտական հնության։ Բայց միապաղաղ և գործնական ձայնածում, ինչ-որ բան իրար հարցնում էին, ինչ-որ բան որևէ մեկին բարձր հրամայում էին զրնգուն միջանցքներով անցնող և գխավոր աստիճանով վազող աստիճանավորները, որ ընդունում էին հազարամյա ննջեցյալների նոր խումբ։
Իսկ անցնելով նախասրահի դագաղների արանքով, ես մտա դահլիճները՝ շողշողացող մեռելային մաքրությամբ և լի այլ դագաղներով։ Եվ այստեղ է այն, այդ նուրբ և չոր անուշահոտությունը՝ հին, սուրբ։ Երկար քայլում և նորից երկար նայում էի Ռամզես Մեծի փոքր սև մասունքներին իր ապակե արկղում։ Այո, այո, միայն թե մտածիր՝ ահա ես հենց Ռամզես Մեծի կողքին, նրա իրական մարմնի, թող որ չորացած, սևացած, միայն ոսկորների վերածված, բայց միևնույն է՝ նրա, նրա։
Իսկ կողքին՝ Մարիետի կոյաբզեզները։ Մարիետը տեղադրել է առանձնահատուկ ցուցափեղկի մեջ, ժամանակագրական կարգով շարել է իր հավաքած բոլոր արքայական կոյաբզեզները՝ դժոխաքար-լազուրից և օձաքարից երեք հարյուր սքանչելի բզեզիկներ։ Այդ բզեզիկների վրա գրում էին հանգուցյալ արքաների անուները, դրանք դնում էին արքայական մումիաների կրծքին, որպես երկրից ծնված և հավերժորեն վերածնվող, անմահ կյանքի խորհրդանիշ։ Մարիետը հավաքեց դրանք՝ և ամբողջ մարդկության զարմանքի առարկան դարձրեց։
-Ահա ողջ Եգիպտոսի պատմությունը, նրա ողջ հինգհազարամյա կյանքը։
Այո, կյանքի ու փառքի հինգ հազար տարի, իսկ հանրագումարում՝ քարիկների խաղալիքային հավաքածու։ Եվ քարիկներն այդ՝ խորհդանիշն են հավերժական կյանքի, խորհրդանիշը հարության։ Դառնորեն քմծիծաղե՞լ, թե՞ ուրախանալ։
Այդուհանդերձ ուրախանալ։ Այդուհանդերձ լինել այն առհավետ անշիջանելիի և ամենադյութիչի մեջ, որ մինչև հիմա խորապես կապում է սիրտս սրտի հետ՝ սառչած մի քանի հազարամյակ առաջ, սրտի հետ, որի վրա հազարամյակներ հանգչել է դժոխաքար-լազուրի այդ իսկապես աստվածային կտորը,- մարդկային սրտի հետ, որն այդ լեգենդար օրերին նույնքան ամուր, որքան և մեր օրերում, հրաժարվում էր հավատալ մահվանը, այլ հավատում էր լոկ կյանքին։ Ամեն ինչ կանցնի՝ չի անցնի լոկ այդ հավատը։
Գայլեր
Տաք օգոստոսյան գիշերվա խավար, հազիվ երևում են խամրած աստղերը, ինչ-որ տեղ առկայծող ամպամած երկնքում։ Հանդարտ, խոր փոշուց անաղմուկ ճանապարհը դեպի դաշտ, որով գլորվում է կառքը երկու երիտասարդ հեծվորներով՝ մանրակալվածք օրիորդով և պատանի գիմնազիստով։ Մառախլապատ փայլակները լուսավորում են համաչափորեն վարգող խառնախռիվ բաշերով ձիերի զույգը՝ հասարակ լծասարքով, և կառապանի հովարագլխարկն ու ուսերը, մի ակնթարթ բացում են առջևում աշխատանքից հետո դատարկված դաշտերն ու հեռավոր տրտմալի անտառակը։ Երեկ երեկոյան գյուղում աղմուկ, բղավոց, երկչոտ հաչ և շների կաղկանձ էր՝ զարմանալի հանդգնությամբ, երբ խրճիթներում արդեն ճաշում էին, գայլը բակերից մեկում հոշոտեց ոչխարի և քիչ էր մնում տաներ նրան՝ ժամանակին շան աղմուկ աղաղակի վրա դուրս թռան մահակներով տղամարդիկ և ետ մղեցին նրան, արդեն սատկած, պատառոտված կողով։ Հիմա օրիորդը նյարդայնորեն հռհռում, վառում և մթության մեջ լուցկիներ է նետում, ուրախ բղավելով․
-Գայլերից վախենում եմ։
Լուցկիները լուսավորում են պատանու երկարավուն, կոպտավուն դեմքը և նրա գրգռված լայն այոտսկրով երեսը։ Օրիորդը կլորիկ է, մալոռուսավարի, կարմիր թաշկինակ կապած, կարմիր չթե զգեստի ազատ բացվածքը մերկացնում է նրա կլոր, պիրկ վիզը։ Կառքի սլացքից ճոճվելով, նա վառում և նետում է մթության մեջ լուցկիները, ասես չնկատելով, որ գիմնազիստը գրկում է նրան և համբուրում մեկ վիզը, մեկ այտը, փնտրում է նրա շուրթերը։ Օրիորդը արմունկով մի կողմ է հրում նրան, նա դիտմամբ բարձր ու հստակորեն, որ կառապանը լսի, ասում է օրիորդին․
-Տվեք լուցկիները։ Ինչով պետք է ծխեմ։
-Հիմա, հիմա,- բղավում է նա, և նորից բռնկվում է լուցկին, հետո փայլակը, ու խավարը էլ ավելի թանձր կուրացնում է տաք սևությամբ, որում հար թվում է, որ կառքը ետ է գլորվում։ Վերջապես նա ընկրկում է նրա տևական շուրթերի համբույրների առաջ, երբ հանկարծ, հարվածով ցնցելով նրանց երկուսին, կառքն ասես դեմ է առնում ինչ-որ բանի՝ տղան կտրուկ կանգնեցնում է ձիերը։
-Գայլերը, -ճչում է նա։
Աչքերին է խփում ցոլքը հրդեհի՝ հեռվում աջից։ Կառքը կանգնած է այն անտառակի դիմաց, որ բացվում էր փայլակների ներքո։ Անտառակը ցոլքից սևացել ու ամբողջովին երերուն դողում է, ինչպես դողում է և ողջ դաշտը նրա առջևում միգակարմիր դողի մեջ այն անհագորեն երկնքում սլացող բոցից, որը, չնայած հեռավորությանը, բոցավառվում է դրանում սահող հրե ստվերներով ասես կառքից մի վերստի վրա, բորբոքվում է հար ավելի թունդ և ավելի ահեղ, պատում է հորիզոնը հար ավելի վեր և ավելի լայն,- թվում է, որ տաքությունն արդեն հասնում է դեմքին, ձեռքերին, անգամ երկրի սևության վրա երևում է ինչ-որ այրված տանիքի շրջանակը։ Իսկ անտառի պատի տակ կանգնած են, բոսորագորշ, երեք մեծ գայլ, և նրանց աչքերում առկայծում է միջաթափանց մեկ կանաչ փայլը, մեկ՝ կարմիր՝ վճիտ ու պայծառ, ինչպես կարմիր հաղարջից մուրաբայի տաք մրգահյութը։ Եվ ձիերը, աղմկալից խռռացնելով, հանկարծ վայրի քառարշավով հարվածում են կողք, ձախ, վարելահողին, տղան, սանձերը բաց թողնելով, գլորվում է ետ, իսկ կառքը, թխկոց- շխկոցով, ճոճվելով, խփվում է խորդուբորդություններին․․․
Ինչ-որ տեղ խանդակի տակ ձիերը մի անգամ էլ վեր թռան, բայց օրիորդը, ցատկելով, հասցրեց խելակորույս տղայի ձեռքերից խլել սանձերը։ Այդժամ աղջիկը թափահարումից թռավ նստիքից և ինչ-որ երկաթե բանի վրա ճղեց այտը։ Այդպես էլ ողջ կյանքում թեթև սպի մնաց նրա շուրթերի անկյունում, և, երբ նրան հարցնում էին՝ ինչի՞ց է դա, նա հաճույքով ժպտում էր։
-Վաղուց անցած գնացած օրերի բաներ են, -ասում էր նա, հիշելով այն վաղեմի ամառը, օգոստոսյան չոր օրերը և մթին գիշերները, կալսումը կալատեղում, դեզերը նոր հոտավետ ծղնոտի և չսափրված գիմնազիստի, որի հետ նա պառկում էր երեկոները, նայելով պայծառա-ակնթարթային վարընկեց աստղակամարներին։
-Գայլերը վախեցան, ձիերը սուրացին,- ասում էր նա։ Իսկ ես դյուրաբորբոք, հուսահատ էի, նետվեցի նրանց կանգնեցնելու․․․ Նրանք, ում նա դեռ մի անգամ չէ, որ սիրել է կյանքում, ասում էին, որ չկա այդ սպիից ավելի հաճելի բան՝ նման քնքուշ մշտական ժպիտի։
Ռուսերենից թարգմանեց Գրիգոր Ֆերեշեթյանը