Իվան Բունին. «Մթին ծառուղիներ» ժողովածուից

Գարնանը, Հրեաստանում

-Այդ հեռավոր օրերը Հրեաստանում, որ ինձ ամբողջ կյանքում կաղ, հաշմանդամ դարձրին, երիտասարդությանս ամենաերջանիկ շրջանում էին,- ասում էր բարձրահասակ, վայելչակազմ մարդը, դեղնավուն դեմքով, շագանակագույն շողշողուն աչքերով և կարճ, ծանծաղա-գանգուր արծաթե մազերով, մշտապես գավազանով քայլող ձախ ոտքի կորացած ծնկի պատճառով։ -Ես մասնակցում էի այդժամ փոքր արշավի, որի նպատակը Մեռյալ ծովի, Սոդոմի և Գոմորի լեգենդար վայրերի հետազոտումն էր, ապրում էի Երուսաղեմում, սպասելով Կոստանդնուպոլսում մնացած ուղեկիցներիս, և ուղևորություններ կատարելով Երիքովի ճանապարհին գտնվող բեդվինյան կեցավայրերից մեկը, շեյխ Աիդի մոտ, որին ինձ խորհուրդ էին տվել երուսաղեմյան հնագետները, և որը հանձն առավ արշավի համար անհրաժեշտ ամեն ինչն ապահովել և անձամբ վարել այն։ Առաջին անգամ ես բանակցությունների համար նրան այցելեցի ուղեկցի հետ, մյուս օրը նա ինքն ինձ հյուր եկավ Երուսաղեմ, հետո ես սկսեցի մենակ գնալ նրա կեցավայր, հենց նրանից սքանչելի հեծկան զամբիկ գնելով, սկսեցի անգամ չափից շատ այցելել․․․

Գարուն էր, Հրեաստանը թաղված էր բերկրալի արևափայլի մեջ, հիշվում էր «Երգ Երգոցը»․ «Ձմեռն արդեն անցավ, ծաղիկները երևացին հողի վրա, երգերի ժամանակն եկավ, տատրակի ձայնն է լսվում, խաղողի վազերը, ծաղկելով, անուշաբուրում են․․․»։ Այդտեղ, առ Երիքովը այդ հին ճանապարհին, քարքարոտ Հրեական անապատում, ամեն ինչ, ինչպես միշտ, ամայի, վայրի, լերկ էր, կուրացնում էր տապով և ավազով։ Բայց այնտեղ էլ, այդ լուսակիր գարնանային օրերին, ամեն ինչ ինձ անսահման ուրախ, երջանիկ էր թվում՝ առաջին անգամ էի այդժամ Արևելքում, միանգամայն նոր աշխարհ էի առջևս տեսնում, իսկ այդ աշխարհում՝ ինչ-որ արտասովոր բան՝ Աիդի զարմուհուն։ 

Երուսաղեմյան անապատը՝ մինչև հենց Երուսաղեմյան հովիտը անշեղորեն իջնող մի ամբողջ երկիր է, բլուրներ, լեռնանցքներ, մեկ քարե, մեկ ավազե, տեղ-տեղ՝ կարծր բուսականությամբ աճած, միայն հավերժական լռության մեջ թաղված оձերով, կաքավներով բնակվող։ Ձմռանն այդտեղ, ինչպես Հրեաստանում ամենուր, անձրևներ են տեղում, սառցե քամիներ են փչում, գարնանը, ամռանը, աշնանը՝ միևնույն գերեզմանային հանգստությունը, բայց արևային տապ, արևային քուն։ Լեռնագոգերում, որտեղ ջրհորներ են հանդիպում, երևում են բեդվինյան կեցավայրերի հետքերը՝ խարույկների մոխիրը, շրջանաձև կամ քառանկյուն շարված քարեր, որոնց վրա ամրացնում են վրանները․․․ Իսկ այն կեցավայրը, ուր ես գնում էի, որտեղ շեյխը Աիդն էր, այսպիսի տեսարան էր ներկայացնում՝ բլուրների միջև լայն ավազե ձորակ և դրանում սև թաղիքից վրանների ոչ մեծ կացարան՝ հարթ, քառանկյուն և ավազների դեղնության վրա իր սևությամբ բավական մռայլ։ Գալով, ես անընդհատ աթարների մարմրող դեզեր էի տեսնում որոշ վրանների առաջ, վրանների մեջ՝ նեղվածք՝ ամենուր շներ, ձիեր, ջորիներ, այծեր․ մինչև հիմա չեմ հասկանում, ինչով և որտեղ էին նրանք բոլորը սնվում,- լիքը մերկ, սևամորթ, գանգրահեր երեխաներ, կանայք և տղամարդիկ, մի մասը նման գնչուների, մյուսները՝ նեգրերի, թեև ոչ հաստաշուրթ․․․ Եվ տարօրինակ էր տեսնելը, թե, չնայած տապին, ինչ տաք էին հագնված տղամարդիկ՝ մինչև ծնկները մգակապույտ շապիկ, բամբակե բաճկոն, իսկ վերևից աբա՝ շատ երկար և ծանր, լայնաթիկունք քղամիդ պիսակավոր մորթուց՝ երկգույն զոլավոր՝ սև ու սպիտակ, գլխին կեֆիյե՝ մինչև ուսերը կարմրաշերտ դեղին գլխաշոր՝ ուսերին արձակած, վզի երկայնությամբ կախված ու կատարին երկու անգամ փաթաթված նույնպես պիսակավոր, երկգույն բրդե քողով։ Այդ ամենն ամբողջովին հակադիր էր կանացի հագուստին՝ կանանց գլխին մգակապույտ գլխաշորեր են, դեմքերը բաց են, մարմնին երկար մի մգակապույտ շապիկ է՝ սուր, համարյա գետնին ընկնող թևքերով, տղամարդիկ կոպիտ մաշիկներով են՝ տակից խփված երկաթակտորներով, կանայք բոբիկ են քայլում, բոլորը սքանչելի, շարժուն, արևայրուքից արդեն լրիվ ածուխի պես ոտնաթաթերով։ Տղամարդիկ ծխամորճ են ծխում, կանայք՝ նույնպես․․․

Երբ ես երկրորդ անգամ, առանց ուղեկցի, եկա կեցավայր, ինձ ընկերոջ պես ընդունեցին։ Աիդի վրանն ամենաընդարձակն էր, և ես դրանում գտա մի ամբողջ խումբ ծեր բեդվինների՝ նստած վրանի սև թաղիքե պատերի շուրջը ներս մտնելու համար վեր բարձրացրած փեշերով։

Աիդն ինձ ընդառաջ ելավ, խոնարհվեց և աջ ձեռքը դրեց շուրթերին և ճակատին։ Մտնելով նրա առջևի վրանը, ես սպասեցի, մինչև նա նստեց վրանի մեջտեղի գորգին, հետո արեցի այն, ինչ անում էր նա ինձ հանդիպելիս, այն, ինչը միշտ ընդունված է՝ միևնույն խոնարհումը և աջ ձեռքի շուրթերին ու ճակատին հպումը՝ քանիցս, նստածների թվով, հետո նստեցի Աիդի կողքը և, նստելով, կրկին նույնն արեցի, ինձ, իհարկե, պատասխանում էին նույն կերպ։ Միայն ես ու տերն էինք խոսում՝ կարճ և դանդաղ՝ այդպես նույնպես հարկ էր ըստ սովորության, դե և լավ չէի տիրապետում այդժամ խոսակցական արաբերենին, մյուսները ծխում և լռում էին։ Իսկ վրանի հետևում այդ միջոցին ինձ և հյուրերի համար հյուրասիրություն էր պատրաստվում։ Սովորաբար բեդվինները խիբիզ են ուտում՝ եգիպտացորենի լոշիկներ, այծի կաթով խաշած կորեկաձավար․․․ Բայց հյուրի պարտադիր հյուրասիրությունը՝ խարուֆն է՝ վայրի ոչխարը, որ տապակում են ավազի վրա փորված փոսում, վրան մարմրող աթարի շերտեր լցնելով։ Վայրի ոչխարից հետո սուրճ են հյուրասիրում, բայց միշտ առանց շաքարի։ Եվ ահա բոլորը նստել և հյուրասիրվում էին ասես վեջներն էլ չէր, թեև թաղիքե վրանի ստվերում դժոխային կիզիչ տոթ էր և դրա լայնաբաց հատակներին նայելն ուղղակի սարսափելի էր՝ ավազներն հեռվում այնպես էին պսպղում, որ, ասես, աչքերի դիմաց լողում էին։ Շեյխն ամեն բառից հետո ինձ ասում էր՝ խավաջա, պարոն, իսկ ես նրան՝ պատվարժան շեյխ բեդավի (այսինքն անապատի որդի, բեդվին)․․․ Իմիջիայլոց,  արդյոք դուք գիտեք, թե ինչպես է արաբերեն կոչվում Հորդանանը։ Շատ պարզ՝ Շարիաթ, ինչն ընդամենը նշանակում է ջրարբ։ 

Աիդը հիսունին մոտ էր, կարճահասակ, լայնոսկր, վտիտ և շատ ամրակազմ, դեմքը՝ վառված աղյուս, աչքերը վճիտ, մոխրագույն, սրաթափանց, պղնձագույն մորուքն ալեխառն մազերով, կոշտ, սափրված, և նույնպիսի սափրված բեղեր։ Երբ նա Երուսաղեմում ինձ հյուր էր, գոտուն դաշույն էր, ձեռքերին՝ երկար հրացան։

Ես տեսա նրա զարմուհուն հենց այն օրը, երբ նստած էի նրա վրանում արդեն որպես «ընկեր», նա անցավ վրանի կողքով, իրեն ուղիղ պահելով, գլխի վրա տանելով ջրով մեծ թիթեղատուփը, բռնելով այն աջ ձեռքով։ Չգիտեմ, թե նա քանի տարեկան էր, կարծում եմ, տասնութից ոչ ավելի, հետագայում մի բան իմացա՝ դրանից չորս տարի առաջ նա ամուսնացած է եղել, իսկ այդ տարի այրիացել է՝ երեխաներ չունենալով, և տեղափոխվել է քեռու վրան, լինելով որբ և շատ աղքատ։ «Ետ նայիր, ետ նայիր, Սուլամիթա»,- մտածեցի ես։ (Չէ որ Սուլամիթան, իսկապես, նման էր նրան «Օրիորդներ երուսաղեմյան, սև եմ ես և հիասքանչ»)։ Եվ, վրանի կողքով անցնելով, նա թեթևակի շրջեց գլուխը, աչքերը պտտեց վրայովս՝ աչքերն այդ արտասովոր մուգ էին, խորհրդավոր, դեմքը գրեթե սև, շրթունքները բաց մանուշակագույն, խոշոր, այդ պահին դրանք ինձ ամենաշատը տպավորեցին։ Թեև, արդյոք միայն դրանք։ Տպավորեց ամեն ինչը՝ ապշեցուցիչ ձեռքը՝ մինչև ուսը մերկացրած, գլխին թիթեղատուփը պահող, մարմնի դանդաղ ոլորաշարժումներն երկար մգակապույտ շապիկի տակ, այդ շապիկը բարձրացնող պարարտ կրծքերը։ Եվ հենց պետք է այնպես պատահեր, որ դրանից շատ չանցած ես հանդիպեի նրան Երուսաղեմի Յաֆայի դարպասների մոտ։ Նա ամբոխի մեջ ընթանում էր ինձ ընդառաջ և այս անգամ գլխի վրա քաթանի մեջ փաթաթված ինչ-որ բան էր։ Ինձ տեսնելով՝ կանգ առավ։ Ես նետվեցի դեպի իրեն։

-Դու ճանաչեցիր ի՞նձ։

Նա ազատ ձախ ձեռքով թեթևակի թփացրեց ուսիս, քմծիծաղեց․

-Ճանաչեցի, խավաջա։

-Այդ ի՞նչ ես տանում։

-Այծի պանիր եմ տանում։

-Ո՞ւմ։

-Բոլորին։

-Ուրեմն, վաճառելո՞ւ։  Այդ դեպքում ինձ բեր։

-Ո՞ւր։

-Այ ահա այստեղ, հյուրանոց։

Ես հենց Յաֆայի դարպասների մոտ էի ապրում, այլ տների հետ միահյուսված նեղ բարձր տանը՝ ձախ կողմում այն ոչ մեծ հրապարակի, որից սկիզբ է առնում սանդղավոր «Արքա Դավիթի փողոցը»՝ մթին, ինչ-որ տեղ ծածկված բլուրներով, իսկ ինչ-որ տեղ՝ հին քարեկամար անցատեղերով նույնպիսի հին արհեստանոցների և կրպակների միջև։ Եվ նա առանց որևէ վեհերոտության ընթանում էր առջևովս այդ տան կտրուկ և նեղ քարե աստիճանով, փոքր-ինչ հետ թեքվելով, ազատորեն լարելով իր գալարվող մարմինը, այնքան մերկացնելով գլխին մգակապույտ գլխաշորի վրա մի գլուխ պանիրը քաթանի մեջ պահող աջ ձեռքը, որ երևում էին նրա թևատակի սևախիտ մազերը։ Աստիճանի շրջադարձերից մեկում նա կանգ առավ՝ այդտեղ, խորը ներքևում, նեղ պատուհանից այն կողմ, երևում էր հին «Մարգարե Եզեկիելի ջրավազանը», որի կանաչավուն ջուրը փռված էր, ինչպես ջրհորում, վանդակավոր պատուհանիկներով հարևան համատարած տնային պատերի քառակուսու մեջ․ այն նույն ջուրը, որում լողանում էր Բերսաբեն՝ իր մերկությամբ արքա Դավիթին գերած Ուրայի կինը։ Կանգ առնելով, նա պատուհանից ներս նայեց և, շրջվելով, բերկրալի զարմանքով նայեց ինձ իր ապշեցուցիչ աչքերով։ Ես չդիմացա, համբուրեցի նրա մերկ նախաբազուկը՝ նա հարցական նայեց ինձ՝ բեդվինների մոտ համբույրները ընդունված չեն։ Մտնելով սենյակս, նա դրեց իր գլխաշորը սեղանին և ինձ մեկնեց աջ ձեռքի ափը: Ես ափի մեջ մի քանի պղնձադրամ դրեցի, հետո, անհանգստությունից քարանալով, հանեցի և նրան ոսկե ֆունտ ցույց տվեցի։ Նա հասկացավ և իջեցրեց արտևանունքները, խոնարհաբար հակեց գլուխը և փակեց աչքերը արմունկի ներքին կորացումով, երեսնիվեր պառկեց թախտին, դանդաղորեն մերկացնելով արևայրված ոտքերը, վեր ցցելով փորը՝ կանչող ցնցումներով․․․

-Ե՞րբ էլի պանիր կբերես,- հարցրի ես՝ մի ժամից աստիճանի վրա նրան ճանապարհելով։

Նա թեթևակի գլուխը թափահարեց։

-Շուտ չի կարելի։

Եվ ինձ հինգ մատ ցույց տվեց՝ հինգ օր։ Մի երկու շաբաթից, երբ ես լքել էի Աիդին և արդեն բավական հեռացել, հետևիցս կրակոց ճայթեց՝ և փամշուշտն այնպիսի ուժգնությամբ խփվեց առջևիս քարին, որ այն մխաց։ Ես այնպես ցատկեցի թամբին, որ ձին սրարշավեց, -ճայթեց երկրորդ կրակոցը, և ինչ-որ բան ամուր շրմփաց ձախ ոտքիս ծնկի տակ։ Ես սուրում էի մինչև հենց Երուսաղեմ, նայելով վար ճտքակոշիկիս, որի վրայով, փրփրելով, հոսում էր արյունը․․․ Զարմանում եմ մինչև այժմ, թե ինչպես Աիդը երկու անգամ վրիպեց։ Զարմանում եմ և այն բանից, թե որտեղից նա կարող էր իմանալ, որ այդ ես եմ նրանից այծի պանիր գնել։

 

Թարգմանությունը ռուսերենից՝ Գրիգոր Ֆերեշեթյանի