Իվան Բունին՝ «նզովյալ օրերի» վավերագրողը

Իր համար ճակատագրական 1937 թվականին հալածական նաիրյան պոետը թարգմանում է ԽՍՀՄ-ում արգելված ռուս բանաստեղծներ Նիկոլայ Գումիլյովի ու Իվան Բունինի բանաստեղծությունները․ Չարենցի այս ընտրությունն ինչպես գեղագիտական հիմքեր ուներ, այնպես էլ քաղաքական ու թերևս նաև՝ աշխարհայացքային։ Ահա Բունինի «Հրթիռ» բանաստեղծության առաջին քառատողը․

Գիշերվա ժամ էր ուշ, երբ լռության ծոցում,

Քնած երկրի վրա, խոր խավարում անկայծ,-

Ճեղքելով մութ գիշերը նարընջագույն գծով-

Օձանման ճայթեց, բարձր, հրթիռն հանկարծ:

Հոգեբանական նման նուրբ սյուժետը ունենում է փիլիսոփայական հանգուցալուծում․ հրթիռը բարձրանում է մի ակնթարթ ու անձայն ընկնում։ Միայն Ստալինի մահից հետո ԽՍՀՄ-ում հսկայական տպաքանակներով լույս տեսան և՛ Չարենցի, և՛ Բունինի ժողովածուները․ նրանց ոգեղեն թռիչքին հավերժական սլացք էր վիճակված․․․

Բունինը ծնվել է 1870 թվականին՝ ռուսական սևահողերի մայրաքաղաք Վորոնեժում՝ մինչև օրս պահպանված երկհարկանի գեղեցիկ տանը, որը վարձակալել էին նրա ծնողները։ Նրա նախնիներից էր բանաստեղծ Վասիլի Ժուկովսկին։ Բունինն ունեցել է երջանիկ մանկություն, ստացել բազմակողմանի տնային կրթություն։ Շրջապատում նրան ճանաչում էին որպես ազնիվ և ուղղամիտ անձնավորություն, որն ասում էր այն, ինչ մտածում էր։ Ելեցի արական գիմնազիայում տիրող բարքերն ու կանոնները ստիպել են պատանի Իվանին կիսատ թողնել ուսումը։ Փոխարենը նա ստիպված անցել է «կյանքի դպրոցի» բովով, աշխատել որպես վիճակագիր, գրադարանավար, սրբագրիչ։ Վաղ է սկսել գրել, առաջին բանաստեղծությունը տպագրել է 1887-ին։ Գրական շրջանակներում մեծ համբավ է ձեռք բերել 30 տարեկանում, երբ տպագրեց «Անտոնովյան խնձորներ» պատմվածքը։ Ապա «Տերևաթափ» բանաստեղծական ժողովածուի համար արժանացավ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պուշկինյան մրցանակին։ Բունինը ընթերցողական հետաքրքրության կիզակետում էր․ նա էլեգանտ էր, արտիստիկ, Ստանիսլավսկին նրան առաջարկում էր Համլետի դերը խաղալ։

Բայց հեղափոխությունն ամեն ինչ փոխեց։ Բունինը չընդունեց ո՛չ փետրվարյան, ո՛չ հոկտեմբերյան հեղափոխությունները, ու չէր թաքցնում իր քննադատական կեցվածքը, ինչի արտահայտությունը եղավ «Նզովյալ օրեր» գիրքը՝ կազմված 1918-1920 թթ․ օրագրային գրառումներից։ Ճշգրիտ դիտարկումների շնորհիվ Բունինը կարողացավ արձանագրել Ռուսաստանում տիրող հեղձուցիչ մթնոլորտը, հեղափոխությունների և քաղաքացիական պատերազմի բերած ավերները։ Այդ վավերագրությունը զարմանալիորեն արժանահավատ է, լի մարդկության ճգնաժամային պահերին բնորոշ բազում ընդհանրություններով։ Գիրքն աչքի էր ընկնում նաև իր գեղարվեստական արժեքով ու նշանավորեց գրողի ստեղծագործության շրջափուլը։

Ամփոփելով 1917թ․ իրադարձությունները՝ նա գրում էր․ «Ավարտվեց այս նզովյալ տարին: Բայց ի՞նչ է սպասվում հետո: Գուցե ավելի սարսափելի մի բան։ Հավանական է նույնիսկ, որ՝ այո:

Իսկ շուրջբոլորը ապշեցուցիչ մի բան է կատարվում․ չգիտես ինչու գրեթե բոլորն անսովոր ուրախ են՝ ում էլ հանդիպես փողոցում, դեմքը պարզապես շողում է.

-Դե լա՜վ, բարեկամս։ Երկու-երեք շաբաթից ինքդ ես անհարմար զգալու…»։

Բոլշևիկների հանդեպ Բունինն աններողամիտ էր։ 1918 թվականին Լենինին ու Տրոցկուն նա այսպես է բնորոշում․ «նրանք ֆանատիկոսներ են, հավատում են համաշխարհային հեղափոխության հրդեհին: Եվ ամեն ինչից վախենում են՝ ասես կրակից, ամենուր դավադրություններ են տեսնում։ Նրանք դեռ դողում են թե՛ իրենց իշխանության, թե՛ կյանքի համար։ Նրանք, կրկնում եմ, ոչ մի կերպ չէին ակնկալում, որ կհաղթեն հոկտեմբերին»։ Գրողը հոռետես էր․ «Ի՜նչ մեծ տեղ է զբաղեցնում մահը մեր առանց այն էլ աննշան գոյության մեջ։ Իսկ վերջին տարիների մասին իմաստ էլ չունի խոսել՝ օրուգիշեր մահվան խրախճանք ենք ապրում։ Եվ այդ ամենը հանուն «պայծառ ապագայի», որն իբր պետք է ծնվի հենց այս սատանայական խավարից»։ 1919 թվականի  վերջին, երբ բոլշևիկյան իշխանություններն ամրապնդվում են երկրում, Բունինի գրառումներն ավելի ու ավելի հուսահատ են դառնում․ «իր հոգին ցնծուն խելագարությամբ երեսուն արծաթի դիմաց սատանայի ոտքերի տակ գցած Ռուսաստանի Կայենը լիակատար հաղթանակ տարավ»։

Իվան Բունինը չցանկացավ մնալ հայրենիքում ու 1920-ին կնոջ հետ տեղափոխվեց Փարիզ։ Գրողը մտահոգ էր․ այնտեղ նրա գրքերը վատ էին վաճառվում ու ապրուստի միջոցներ չկային։ Միայն ծովափնյա Ալպեր տեղափոխվելուց հետո նա վերստին սկսեց գրել, ստեղծեց «Արսենևի կյանքը» հոյակապ վեպը, որի գլխավոր հերոսը շատ իմաստներով հեղինակի ալտեր էգոն է։

Երբ փոքր-ինչ ուշացումով  հրատարակվեց «Նզովյալ օրեր» գիրքը, Բունինի հանդեպ հալածանքներն ուժեղացան․ որոշ ժամանակ նրան հետապնդում էին խորհրդային գաղտնի գործակալները, Բունինն ու նրա կինը մտահոգ էին իրենց անվտանգության համար։

Բացի բոլշևիկներից, բնավորությամբ բռնկուն Բունինը սուր արտահայտություններ էր գործածում նաև իր ժամանակակից այլ գրողների մասին խոսելիս, ուստի շատ գրչակիցների հետ նա վատ հարաբերություններ ուներ։ Մայակովսկուն անվանում էր «խորհրդային մարդակերության ամենաստոր, ցինիկ և վնասակար ծառա», Նաբոկովին՝ «խարդախ և խոսամոլ», անվանարկում էր նույնիսկ կանանց․ այսպես, կիսով չափ  հայ գրող Նինա Բերբերովան քննադատել էր Բունինի պատմվածքներից մեկը, ինչին ի պատասխան Բունինը նրա մասին վիրավորական էպիգրամ էր գրել։ Բերբերովան իր «Շեղատառն իմն է» գրքում ոչ բարենպաստ լույսի ներքո է ներկայացնում Բունինին, իսկ նրա կնոջը՝ Վերա Մուրոմցևային անվանում է «բացառիկորեն հիմար», քանզի տեղյակ էր, որ Մուրոմցևան իր մասին վատ է խոսում, քամահրանքով է արտահայտվում իր հայկական ծագման մասին, անվանում «ամեն ինչում հայ»: Հայտնի է սակայն, որ ինքը՝ Բունինը, համակրանքով է վերաբերվել հայ ժողովրդին։ Իր նախահեղափոխական շրջանի պատմվածքներում ու «Այրի տղամարդը» բանաստեղծության մեջ, ինչպես և հետագա շրջանի գործերում նա բազմիցս հիշատակել է հայերին ու Հայաստանը։

Ինչպես ենթադրում է պրոֆեսոր Ս․ Դարոնյանը՝ Բունինի ծանոթությունը հայ մշակույթի հետ տեղի է ունեցել վաղ տարիքում, քանի որ նրա տնային ուսուցիչ Ն․ Ռոմաշկովը Լազարյան ինստիտուտի շրջանավարտ էր։ 1902-ին Ղրիմում Բունինը հանդիպել է մեծանուն երգահան Ալեքսանդր Սպենդիարյանի, իսկ 1912-1913 թթ․՝ Շուշանիկ Մանուչարյանցի հետ։

Տողացի թարգմանություններից չօգտվող Բունինը հայ բանաստեղծներ Ալեքսանդր Ծատուրյանի ու Ավետիք Իսահակյանի համար բացառություն է արել, նրա թարգմանությունները տպագրվել են դարասկզբի հայ պոեզիայի ժողովածուներում։ Ծատուրյանը Բունինի եղբոր՝ Յուլիի ղեկավարած գրական խմբակի անդամ էր, հայերեն էր թարգմանել նրա «Գեթսեմանի այգում» բանաստեղծությունը։

Ի պատասխան իր գրական հոբելյանին հնչած Ծատուրյանի ողջույնի խոսքին՝ 1912-ին Բունինը նշել է․ «Ես կրքոտ սեր եմ տածում դեպի Արևն ու Արևելքը։ Հայ ժողովուրդը ժամանակին՝ շատ հին ժամանակներում նույնպես պաշտել է Արեգակը և այսօր իր դժվարին կյանքում ձգտում է Արևին։ Ես խորապես հուզված և երախտապարտ եմ Ձեզ, որ այդ հնագույն արևելյան ժողովրդի լեզվով շնորհավորեցիք ինձ իմ համեստ տոնի առթիվ...»

1913 թվականին  գրահրատարակիչ Ն․ Կլեստովին հղած իր նամակում Բունինը գրում էր, որ նախատեսում է դեպի Արարատ ուխտագնացություն կատարել․ ցավոք, ծրագիրը չիրականացավ. պայթեց Առաջին համաշխարհային պատերազմը։

Բունինի «Օղակավոր ականջներ» պատմվածքում (1917) գլխավոր հերոսը՝ գործարանային բանվոր Ադամ Սոկոլովիչն իր զրուցակիցների հետ խոսում է հանցագործությունների անպատժելիության մասին, հարց բարձրացնում՝ արդյոք հանցագործների խիղճը երբևէ արթնանո՞ւմ է, «այդ պարոնները կրե՞լ են Կայենի կամ Ռասկոլնիկովի տանջանքները»։ Նրա հարցադրումն անողոք է․ «Իսկ դուք տառապո՞ւմ եք, երբ կարդում եք, որ թուրքերը սպանել են ևս հարյուր հազար հայի...»:

1930-ականներին Փարիզում Բունինի հետ հանդիպել են նրա պես վտարանդի գրողներ Կոստան Զարյանը և Ավետիք Իսահակյանը։

1922 թվականին Ռոմեն Ռոլանը Բունինի թեկնածությունն առաջադրեց Նոբելյան մրցանակի։ Եվ ահա՝ 1933-ին Բունինը դարձավ առաջին ռուս գրողը, որն արժանացավ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի։ Խորհրդային դիվանագետներն ամեն ինչ անում էին, որպեսզի մրցանակին արժանանա Մաքսիմ Գորկին, իսկ մյուս հավակնորդների թվում էին Պոլ Վալերին և Կարել Չապեկը, սակայն հաղթեց Բունինը՝ «քաղաքացիություն չունեցող անձ, որ բնակվում է Ֆրանսիայում» բնորոշմամբ։ Իր նոբելյան ելույթում Բունինը ցավով նշեց, որ առաջին անգամ մրցանակը շնորհվում է հայրենիք չունեցող մարդու՝ վտարանդու։ Դեռ 1922 թվականին  Փարիզում գրելով «Թռչունը բույն ունի» բանաստեղծությունը՝ Բունինը ոչ միայն իր կարոտն էր արտահայտել առ հայրենիք, այլև ակնարկել էր, որ խորհրդային իշխանությունների օրոք հետ վերադառնալն անհնար է լինելու։

Բունինը երբևէ հարուստ չի եղել, իսկ երբ ստացավ Նոբելյան մրցանակը, գումարի զգալի մասը բաժանեց չքավոր ռուս գաղթականներին ու կրկին մնաց առանց միջոցների։ Անշուշտ, վտարանդի կյանքի դառնություններն անպակաս էին․․․ 1938 թվականի իր հարցազրույցում Ալեքսանդր Վերտինսկին փաստում էր․ «Առանց հայրենիքի դժվար է. Օ՜, որքան դժվար է: Բոլոր արվեստագետների համար է դժվար։ Նայեք մեր հին ռուս գրողներին՝ Բունին, Կուպրին։ Ռուսաստանից բացի այլ բանի մասին գրել նրանք չեն կարող։ Իսկ Ռուսաստան չկա՛։ Ինչպե՞ս գրել»։ Ի վերջո, երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Բունինը Փարիզից տեղափոխվեց ծովափնյա Գրասում գտնվող բարձրադիր «Ժանեթ» վիլլան, որպեսզի խնայի միջոցները։ Պատերազմի ժամանակ Բունինը հալածյալ հրեաների էր պատսպարում իր վիլլայում ու այդպիսով փրկում նրանց։ Այստեղ ծերունազարդ գրողը ստեղծեց սիրային քնարական իր անմահ ստեղծագործությունը՝ «Մութ ծառուղիներ» ժողովածուն։ Այս գիրքը Բունինի և նրանից  30 տարի երիտասարդ բանաստեղծուհի Գալինա Կուզնեցովայի փոխհարաբերությունների արտացոլանքն էր, որոնք նա նույնիսկ կնոջից չէր թաքցնում։ Պատերազմից հետո Կուզնեցովան ընդմիշտ հեռացավ ԱՄՆ, իսկ Բունինը կնոջ հետ վերադարձավ Փարիզ։

Ֆինանսական սուղ պայմաններում ապրող Բունինին ԽՍՀՄ ղեկավարությունն առաջարկեց հայրենադարձվել՝ խոստանալով բազում բարիքներ, սակայն Բունինն՝ ի տարբերություն Մաքսիմ Գորկու, Ալեքսեյ Տոլստոյի, Կուպրինի ու Վերտինսկու, մերժեց։ Նա չցանկացավ անգամ որպես զբոսաշրջիկ այցելել հարազատ վայրեր կամ խորհրդային քաղաքացիություն ստանալ։ Հետագայում գրող Կոնստանտին Սիմոնովը պիտի հաստատեր, որ ԽՍՀՄ գալով Բունինը ստիպված էր լինելու «շատ բաներ իր մեջ հաղթահարել», ինչը նրա համար անչափ դժվար կլիներ։

Բունինն անհաշտ էր սեփական ծերության հետ, կյանքի վերջում ծանր հիվանդանալով՝ նա հաճախ փակվում էր իր սենյակում ու հաղորդակցվում սոսկ գոց դռների հետևից։ Վտարանդի գրող Բորիս Զայցևը այսպես է բնորոշել Բունինի ծերությունը․ «Նա չհանձնվեց, չկոտրվեց»։ 50 տարի առաջ՝ 1953 թ․ նոյեմբերի 8-ին 83-ամյա Իվան Բունինը հեռացավ կյանքից։ Քաղաքացիություն չունեցող գրողն իր վերջին հանգրվանը գտավ Ֆրանսիայի հողում։

Հայրենի Ռուսաստանում, որտեղ գրողի գործերի հրատարակությունն անգամ նրա կենդանության օրոք արգելված էր, տարիներ անց նրան նվիրված չորս թանգարան բացվեց։

Որպես բանաստեղծ ձևավորվելով ռուսական պոեզիայի «արծաթե դարի» արշալույսին՝ Բունինը մեկընդմիշտ հավատարիմ մնաց Պուշկինի, Լերմոնտովի, Տյուտչևի ավանդներին, ռուս գրականությանը բնորոշ քնարական մտածողությանը։ Բունինն իր արձակում մարդուն դիտարկում էր իբրև տիեզերքի անբաժան մի մաս, նա համոզված էր, որ բնությունը մարդուց անջատ չէ, ու օդի ամեն մի տատանումն անգամ իր կնիքն է թողնում նաև մարդկանց կյանքի վրա․․․ Եվ ինչպես ժամանակին Պուշկինը, Բունին-արձակագիրը երբևէ չզիջեց Բունին-բանաստեղծին։ Ռուս վտարանդի գրողը վկայում էր, որ ապրում է միայն գրելու համար։ Նրա՝ առաջին հայացքից թեթև, եթերային տեքստերը ժամանակակիցների վկայությամբ անասելի դժվարությամբ ու տքնությամբ են գրվել։ Սակայն չնայած նրան, որ «նզովյալ օրերը», ապրուստի միջոցների կարիքն ու անձնական կյանքի վայրիվերումներն այդպես էլ վերջ չունեցան, Բունինը երբևէ չընկրկեց, փոխզիջումների չգնաց, մինչև կյանքի ավարտը ստեղծելով իր տաղանդին հարիր մնայուն գրական գոհարներ։

 

Աշոտ Գրիգորյան