Իսկ Վարազը ծուռ էր․․․

Սփյուռքի քանդակագործների շրջանում քիչ չեն Երևանում ծնված, հայրենիքում ուսանած ու իրենց ստեղծագործական կյանքը սկսած արվեստագետները։ Վարազի դեպքը, սակայն, այլ էր․ նա ինքնակամ չէր լքել հայրենիքը, այլ պատերազմական  տարիների ստալինյան դաժանաբարո օրենքի ճնշմամբ, ըստ որի՝ թշնամուն գերի ընկածը հավասարվում է դավաճանի․․․

Վարազն ընդմիշտ կապված մնաց Երևանի հետ, հաճախ էր վերհիշում իրենց բակն Աբովյան փողոցի սրտում՝ ռուսական թատրոնի հարևանությամբ, տունը՝ կառուցված աղյուսով, որի տեղում այժմ բետոնե հսկա կմախք է տնկված։ Ինքնակենսագրական պոեմներից մեկում նա գրում է․

 

Մեծացել եմ սեւ չոր հացով,

Այն էլ դժուարութեամբ եմ ձեռք բերել։

Պապիկ, տատիկ ես չեմ տեսել,

Մայրս մեռաւ երիտասարդ, երբ չկայի եօթ տարեկան․․․

 

Եվ մի այլ տեղում․

 

Ուրիշ քաղաքներ ես չէի տեսած

Եւ չէի գիտեր կայ ուրիշ քաղաք,

Իմ իմացածս այգիներով լի մեր Երեւանն էր,

Ծիծեռնակաբերդով, Նորքով ու Կոնդով, բարտի ծառերով։

 

Վարազդատ Սամվելյանը ծնվել է 1917 թվականի ապրիլի 24-ին՝ Երևանում, Հայոց ցեղասպանությունը վերապրած վանեցիների ընտանիքում։ 1938 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումն, ապա սովորել Կիևի գեղարվեստական ինստիտուտում։ 1939 թվականին զորակոչվել է խորհրդային զինված ուժեր: Մասնակցել է Խալխին Գոլի կռիվներին (1939-ի մայիս-սեպտեմբեր), այնուհետև՝ 1941 թվականին Խորհրդային միություն Գերմանիայի ներխուժումից հետո ուղարկվել է արևմտյան ռազմաճակատ, գերեվարվել գերմանացիների կողմից, եղել է յոթ համակենտրոնացման ճամբարներում, սակայն, ի վերջո, փախել և միացել լեհական ընդհատակյա շարժմանը, ապա՝ ֆրանսիական Դիմադրության ուժերին։ Երկու անգամ վիրավորվել է, ընկել թշնամական օդանավերի հարվածների տակ, ճամբարներում սովի մատնվել (ծանր օրերին նույնիսկ շան մսով է սնվել) ու բարաքներում ականատես եղել մարդակերության դեպքերի: Պատերազմի ավարտից հետո տեղափոխվել է Փարիզ, սովորել անվանի նկարիչների՝ Անդրե Լոտի և Ֆերնան Լեժեի մոտ։ Ծանոթ է եղել նաև Պաբլո Պիկասոյի հետ։ Հետագայում Վարազը պիտի ասեր․ «Միքելանջելոն շատ լավն է։ Ռոդեն, Պիկասո՝ բոլորին հավանում եմ, բայց հիմա ես իմ ճամփով եմ գնում»։ Միշտ ձգտել է ավելի լավ աշխատել ու համոզված է եղել, որ դեռ էլի սովորելու շատ բան կա։

Պատերազմից հետո, ինչպես և բոլոր մյուս նախկին ռազմագերիների դեպքում, նրան ևս Խորհրդային միություն վերադառնալու դեպքում սպառնում էր գնդակահարվելու կամ Սիբիր ուղարկվելու վտանգը (ի դեպ, ըստ մեր հայտնաբերած խորհրդային մի փաստաթղթի՝ ԽՍՀՄ-ում զինվորական կոչումով ավագ Սամվելյանը 1942 թվականի  փետրվարից անհետ կորած էր համարվում)։ Նա տեղահանված անձի կարգավիճակով մնաց Եվրոպայում և 1946 թվականին իր ավագ եղբոր՝ Տիգրանի աջակցությամբ տեղափոխվեց Միացյալ Նահանգներ։ Ապրեց Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Բուրլինգեյմում (Կալիֆորնիա), մյուս եղբոր՝ Ջեքի հետ։ Այդ ընթացքում նա շարունակեց նկարել և ստեղծել ցուցանակներ։ Հաջողությունը բիզնեսում նրան հնարավորություն տվեց տեղափոխվել Բելմոնտ (Կալիֆորնիա), որտեղ էլ ամուսնացավ: Ի վերջո, 1957 թվականին արդեն երկուսով տեղափոխվեցին Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաք, կնոջ՝ Անահիտի հարազատներին մոտ լինելու համար: Այնտեղ Վարազ կրճատ անունն ընդունած արվեստագետը շարունակեց զբաղվել գեղանկարչությամբ և քանդակագործությամբ, բացեց սեփական գեղարվեստական ստուդիան:

Վարազը զբաղվել է քանդակագործությամբ, գեղանկարչությամբ, գրաֆիկայով և դեկորատիվ-կիրառական արվեստով, ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է 1945-ին՝ «Սեն» պատկերասրահում), Նիցցայում, Մարսելում, Բարսելոնայում, Մեխիկո Սիթիում և Նյու Յորքում, ինչպես նաև Ֆրեզնոյում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Ֆրեզնոյի տարածաշրջանային ցուցահանդեսի առաջին մրցանակին (1961)։

Նրա գրանիտե քանդակներից առավել հայտնի են «Գրող Վիլյամ Սարոյան» և «Տավղահար» (1960) գործերը։ Ջոն Քենեդու սպանությունից հետո Վարազը 1964-ին ստեղծում է «Քենեդի» 5 մետրանոց մոնումենտալ արձանը, որը, սակայն, այդպես էլ չփոխադրվեց քարի և այժմ լքված է մասնավոր մի տարածքում։

Վարազի գեղանկարչական ու գրաֆիկական կոմպոզիցիաները դինամիզմով հիշեցնում են նրա քանդակները․ դրանք երազի և իրականության հետաքրքիր համադրություններ են, հստակ կոնտրաստային, իրար հակադրվող ուղիղ և կոր գծերով՝ արված լեժեական կուբիզմի ոգով։ Այն, ինչ քննադատները գրել են կուբիզմի ֆրանսիական առաջամարտիկի մասին, լիովին համապատասխանում է և Վարազին․ նրա կոմպոզիցիաներն ասես կենդանի մարմին լինեն, որի օրգաններն են ծառերն ու մարդկանց մարմինները։ Վարազի նախընտրած թեմաներն են մարդիկ, բույսերը և կենդանիները, պատերազմերն ու արհավիրքները։ Այդուհանդերձ, հստակ սյուժեներ չկան, բովանդակությունն ի հայտ է գալիս պատահական իրերի ու կերպարների սյուրռեալիստական բախումով․ ըստ Վարազի՝ «արվեստը մի տեսակ անբացատրելի դրախտային գեղեցկություն է։ Այն ամեն շարժականն է և անշարժը, անցյալը, ներկան և ապագան, ամեն բանի ամբողջությունը: Դա արվեստագետի գիտելիքների, փորձի, զգացմունքների խառնուրդն է»։ Նման մի բան էլ Վիլյամ Սարոյանն է ասել՝ Վարազի արվեստը նշանակում է ամեն ինչ, քանի որ ամեն իսկական արվեստ ընդգրկում է այն ամբողջ իմաստը, որ գոյություն ունի ամեն ինչում։ Սարոյանը գրել է, որ Վարազը մեծ մարդ է, քանի որ «անհնար կլիներ մեծ չլինել ու անել այն, ինչ նա է արել»։ Այդուհանդերձ, արվեստաբանները քիչ գրեցին Վարազի մասին, նրա կյանքի, մտերիմների ու արվեստի մասին գրեց նա ինքը և․․․ Սարոյանը՝ «Ո՞վ է Վարազը» գրքույկ-կատալոգում։ Վարազի խոսքերով՝ նրանք եղբոր պես են եղել և միշտ հայերեն են խոսել․ պետք էր ծուռ լինել՝ Վիլյամի հետ ընկերանալու համար, իսկ Վարազը ծուռ էր․․․

1970-ականներից Վարազը բազմիցս եղել է Հայաստանում, հաճախ հյուրընկալվել իր եղբորորդու՝ ճանաչված  քանդակագործ Յուրի Սամվելյանի և նրա կնոջ՝ Լուսիկ Ագուլեցու տանը։

Հետևելով Սարոյանին՝ 1970-ականների վերջին Սամվելյանը բնակարան գնեց Փարիզում, որտեղ անցկացնում էր ժամանակի զգալի մասը։ Նրա ստեղծագործությունում առանձին տեղ է գրավում փարիզյան տեսարանների շարքը՝ արված պլակատային ոճի թելադրանքով։

Նա նաև գրքերի հեղինակ էր՝ «Հայաստանի պատմությունը և իմ կյանքը. գրություններ և նկարներ» (1978), «Պանթեոն Հայաստանի» (1987) և այլն: Հրատարակած երկլեզու՝ հայերեն և անգլերեն գրքերի լայն անվանացանկով իր ժամանակի ամերիկահայ գրողների շրջանում առաջատարներից է եղել։

Վարազի գլուխգործոցը՝ Սասունցի Դավթի արձանը կանգնեցվեց 1970-ին ՝ Ֆրեզնոյի կենտրոնում, ի նշանավորումն քաղաքի պատմության մեջ հայ համայնքի շոշափելի ներդրման։ Ստալինյան տարիների խորհրդային իրականությունից հետո Արևմուտքի ազատ կյանքը համտեսած Վարազի համար Սասունցի Դավիթը խորհրդանշում էր  արվեստագետի ազատությունը․ այն ազատությունը, որը նույնիսկ Երվանդ Քոչարին չտրվեց խորհրդային արգելքների պայմաններում։ Ինքը՝ Դավիթը, ազատ ոգու լավագույն արտահայտիչն էր, և արձանի ծուռտիկությունները կարծես ընդգծում էին նրա ծուռ լինելը։ Այս Դավիթը մի քիչ էլ Դոն Քիշոտ է, նրա Քուռկիկ Ջալալին այստեղ մի քիչ էլ Ռոսինանտ է։ Օտար հողի վրա էլ այլ են մարտահրավերները․ նկատելի է, որը թուրը բարձրացնելն էլ հեշտ չի լինելու Դավթի համար։ Վերջիվերջո, ո՞վ է ասել, որ հերոսն անպայման պիտի մեր սպասած խրոխտ դեմքն ու ատլետիկ կառուցվածքն ունենա․․․ Էականը ճառագող դյուցազնական տարերքն է։ Ուշագրավ են նույնիսկ արձանի երկու պատվանդանները՝ կառուցված գորգերի և ճարտարապետական խոյակների նմանվող կտորներից․ այստեղ հայկական խորհրդանիշներ են՝ Արարատը, Նոյյան տապանը, Զվարթնոցը, այբուբենը, Արևմտյան Հայաստանի մի վանքից բերված քարաբեկոր և այլն։

Արձանն, իհարկե, ավանգարդիստական ոճով է արված, ու Վարազն այս ոճում ունի իր ձեռագիրը, իր լուծումները։ Սա այն արձաններից է, որի տեղադրումը հանրային վայրում միշտ էլ վեճերի տեղիք է տվել, սակայն նրա արժեքը ոչ թե սոսկ հեղինակի տաղանդի չափը կամ մտքի թռիչքն է, այլև քաղաքային միֆի ու միջավայրի անբաժան մասը դառնալու ունակությունը, և այս տեսանկյունից գործն առավել քան հաջողված է: Վերջիվերջո, մեր առաջին քանդակագործները՝ ստեղծելով ժայռապատկերներ ու վիշապներ՝ հաճախ շատ պայմանական լուծումներով, նույն արդյունքին են հասել՝ սերունդներին թողել են միջավայրի համատեքստում ծածկագրված արձան-խորհրդանիշներ: Երևի սա է նկատի ունեցել արվեստաբան Դեյվիդ Հեյլը, երբ գրել է, որ բովանդակությամբ և հաճախ ոճով Վարազը ասես ժամանակակից ժողովրդական արվեստի ներկայացուցիչ է։

Դեկոնստրուկցիան (կազմաքանդումը) հազվադեպ կիրառվող մոտեցում է մեր մոնումենտալ արվեստում․ Դավիթն այստեղ կերտված է կարծրատիպերից, ընդունված պատկերացումներից դուրս և միանգամայն նոր համատեքստում. իսկը Սարոյանի ստեղծագործական սկզբունքով. «ուշադրություն մի դարձրու ուրիշ մարդկանց հաստատած կանոններին»։

Երկուսուկես տոննա կշռող պղնձե արձանի տեղը Սարոյանի հետ են որոշել, այնպես, որ դեպի Թուրքիա ուղղված լինի։ Օշին Քեշիշյանի խոսքերով՝ «Սարոյեան շատ կը սիրէր այդ արձանը-խրոխտ Դաւիթը, որ ոյժ կը ցուցաբերէր։ Յաճախ կը մօտենար արձանին, կը դիտէր, շուրջը կը քալէր, կրկին կը նայէր ու կը զմայլանար։ Կարծես ինքն ալ ոյժ կ՛առնէր ու նոր ոգիով օրը կը շարունակէր»։

Ֆրեզնոյի տեսարժան հուշարձաններից էր նաև Վարազի մեկ այլ աշխատանքը՝ «Հարգանքի տուրք Սարոյանին» 9 մետր բարձրությամբ, մետաղից և փայտից պատրաստված արձանը․ Ամերիկյան գրականության ամենաբեղուն գրիչներից մեկն   ունեցող գրողի բրոնզե գլուխը տեղադրված էր նրա գրքերից կազմված բուրգի վրա։ Այդ «գրքերի» բազմագույն շապիկներին նրա գլխավոր գործերի անվանումներն էին։ Ասել կուզի՝ ամեն գրողի փառքի ու անվան պատվանդանը նրա ստեղծագործություններն են։ Բայց արձանը մեկ այլ մեկնաբանություն էլ կարող է ունենալ․ ամեն ճշմարիտ գրող իր ստեղծածից վեր է ու ավելին։ Հեղինակի մահվանից հետո արձանը մի փոքր խարխլվել էր, այն նախատեսում էին  ոչնչացնել, սակայն 1999-ին մամլո հաղորդագրություն տարածվեց, ըստ որի՝ արձանը տեղափոխվել էր Կալիֆորնիայի նահանգային համալսարանի տարածք՝ վերականգնման և պահպանման համար։ Ցավոք, այդ գործընթացի պատասխանատուն վերջերս մեզ տեղեկացրեց, որ արձանի տեղադրման համար որևէ վայր չի տրամադրվել ու վերականգնման աշխատանքները սառեցվել են։  

Սարոյանի մեկ այլ՝ դարձյալ Վարազի հեղինակած բրոնզե կիսանդրին տեղադրված է Ֆրեզնոյի «Վիլյամ Սարոյան» թատրոնի առջև։

Կյանքի վերջին շրջանում Վարազը սև-սպիտակ գրաֆիկայից վերադառնում է գունավորին․ վերջին շարքերից մեկը, որի վրա աշխատել է՝ «Հայկական ֆանտազիան» էր։ Դրանցում երբեմն գառզուական պարզություն է նշմարվում։ Կյանքի մայրամուտն ապրող Վարազը պատկերում է Արարատը, Վարագավանքը, Էջմիածնի տաճարը, դեռևս չազատագրված Շուշին։

Դժվար է ասել, որպես քանդակագո՞րծ է Վարազն ավելի ուժեղ, թե՝ որպես նկարիչ։ Նրա աշխատանքներն արվեստագետի ու տեղի միֆի մի մասն են, դրանց հմայքը հենց տեղի այդ հանճարը (genius loci), ոգին ամբողջացնելու մեջ է։ Հայկականության, Ֆրեզնոյի միջավայրի, Վարազի անհատականության այս համակցությունը ծնում է մի կերպարվեստ, որն արժեքավոր է հատկապես հենց այդ եռամիասնության համատեքստում։

Երկար ժամանակ քաղցկեղի դեմ պայքարող արվեստագետը կյանքից հեռացավ 1995 թվականի նոյեմբերի 7-ին՝ 78 տարեկան հասակում, Ֆրեզնոյում։ Թաղվեց կնոջ կողքին՝ «Արարատ Մասիս» հայկական գերեզմանատանը, ընկերոջից՝ Վիլլիից ոչ շատ հեռու։ Համեստ շիրմաքարին Սասունցի Դավթի գծանկարն է և հետևյալ գրությունը․ «Վարազ Վարազդատ Սամուելյան․ գրող, նկարիչ, քանդակագործ, զինվոր և հայրենասեր։ Ծնված Վանում, Հայաստան, մահացած Ֆրեզնոյում, Կալիֆորնիա»։

Հայկական մամուլը նրա մասին այսպես գրեց․ «ապրում էր իր հողից կտրված երևանցի պատանին հեռավոր երկնքի տակ, իր իսկ ստեղծած «Վարազ Սամվելյան» ժամանակակից արվեստի թանգարանի երկրորդ հարկում, զբոսնում էր քաղաքում իր հնաոճ «Շեվրոլե» բեռնատար ավտոմեքենայով, նկարում էր, քանդակում, ձուլում» («Նպատակ», №20, 1995)։ Վարազի կենդանության օրոք նրա թանգարանը համահայկական ուխտատեղի էր դարձել, որում պարտադիր լինում էին Ֆրեզնո այցելող բոլոր արվեստասերները՝ Վահրամ Մավյանից մինչև Զորի Բալայան։ Շուրջ 30 տարի գործած այդ թանգարանը նրա մահից հետո քանդվեց․․․

Վարազը զավակ չի ունեցել, նրա նկարների և քանդակների մեծ մասն այժմ գտնվում է Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական ​​համալսարանի հայագիտական ​​ծրագրի տնօրինության ներքո: Համաձայն Սամվելյանի կտակի՝ նրա հատկացրած 500 հազար դոլարով Շիրակի մարզի Արթիկ գյուղում կառուցվեց և 2010 թվականի սեպտեմբերի 1-ին բացվեց «Վարազ Սամուելյան» մշակութային կենտրոնը, որտեղ ցուցադրված են նրա 41 գեղանկարչական աշխատանքները: Վարազի հինգ գունապատկեր պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, սակայն դրանք ներկայացված չեն մշտական ցուցադրությունում։

Երևանցի Վարազը կայացավ և հաջողության հասավ արվեստագետներով լեցուն Ամերիկայում, մինչդեռ հարազատ Երևանում՝ բացառությամբ «Ագուլեցի» տուն-թանգարանի փոքրիկ հուշանկյունը, նրա մասին այսօր ոչինչ չի հիշեցնում, անգամ մի համեստ հուշաքար․․․

 

Աշոտ Գրիգորյան

Լուսանկարներ․

1․ Վիլլի և Վարազ․ լուսանկարը Փոլ Գալինյանի

2․ Վարազը և իր «Սասունցի Դավիթը»

3․ «Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին»

4. Վարազի հուշանկյունը «Ագուլեցի» տուն-թանգարանում

Հեղինակը շնորհակալություն է հայտնում Գայանե և Աստղիկ Սամվելյաններին՝ արխիվային նյութերի տրամադրման համար։

... ... ...