Իսահակյանի վարորդը

Ավետիք Իսահակյանին բնորոշ բնածին ազնվականությունն ու արիստոկրատիզմը ակնհայտ է անգամ նրա արխիվային լուսանկարներում, նույնիսկ եթե Վարպետը Վենետիկում չէ, այլ իր այգում, եթե կոստյումով, փողկապով կամ ձեռնափայտով չէ, այլ սիգարով: Հաստատ տեսած կլինեք նրան գրչակից ընկերների, հանրահայտ դեմքերի, ընտանիքի անդամների հետ. այդպիսի լուսանկարներն ամենուր են: Բայց ահա այս մեկում, որն արվել է 1953-ին Սևանում, Վարպետը մի տղամարդու հետ է, որին հազիվ թե ճանաչեք: Այն բանից, թե որքան մոտ է կանգնել Իսահակյանը տղամարդուն և որքան հանդարտ է վերջինիս հայացքը, կարելի է ենթադրել, որ իրար վաղուց են ճանաչում: Իսահակյանն այստեղ մի տեսակ «տնական», անմիջական կեցվածք ունի, տպավորություն է, որ եթե մեկն այդ պահին հարցներ` ո՞վ է այս տղամարդը, Վարպետը կասեր` մերոնքական է: Եվ այդպես էլ կար: Լուսանկարի տղամարդը Վարդգես Ասլանյանն է` Իսահակյանի երկար տարիների վարորդը: Երբ 1946-ին Վարպետը դարձավ Գրողների միության նախագահ, նրան ծառայողական մեքենա տրամադրվեց` կապույտ «Պոբեդա»: Փոքր-ինչ ավելի ուշ`1948-49 թվականներին միության վարորդը սկսեց ծառայել արդեն անձամբ Իսահակյանին: Արմատներով վանեցի էր Վարդգեսը, նոր էր վերադարձել պատերազմից, հասցրել էր ընտանիք կազմել, երեխաներ ունենալ: Նա վստահաբար քաղաքի ամենակարդացած մարդկանցից չէր, բայց լավ գիտեր`ում է տանում-բերում: Սկզբնական շրջանում, սակայն, Վարդգեսը դժվար կպատկերացներ, թե իրականում որքան երկար է լինելու Վարպետի հետ իր ճանապարհը, և թե բարեկամական ինչ նուրբ թելերով են կապվելու ինքն ու մեծ գրողը: Հետագայում Վարդգեսն իր հուշերում Իսահակյանի մասին պետք է անկեղծանար. «Ամեն անգամ բաժանվելիս նա իր նստատեղին 50 ռուբլի էր թողնում`ասելով. «Նոր ընտանիքի տեր ես, պետք կգա, մի´ասա`պետք չէ: Ուր որ գնայինք`խնջույքի, ուտել-խմելու, մեկին վարձում էր, մեքենան պահ էր տալիս, իսկ ինձ տանում էր հետն ու նստեցնում կողքին»:

Կա ևս մի լուսանկար, որտեղ Վարդգեսը Իսահակյանի, նրա որդու` Վիգենի և գրականագետ Հովհաննես Ղանալանյանի հետ է` Քանաքեռում: Ակնհայտ է, որ նա ամենուր Վարպետի հետ է եղել, բայց լուսանկարներում, ինչպես այս մեկում, երբեք չի ձգտել լինել առաջին պլանում, հակառակը` նախընտրել է չերևալ, նույնիսկ ձգտել է մի տեսակ աննկատ մնալ: Վարպետի կյանքում էպիզոդիկ թվացող իր դերը, սակայն, դարձավ ամենահիշվողներից մեկը. «Վարդգեսն այն մարդն էր, որ երբ տատիկս գնում էր շուկա, անպայման մի բան էլ նրա` նոր վերադարձած զինվորի և երեք երեխաների հոր համար էր առնում: Այդքան տարիների ընթացքում ոչ մի պատահար չի գրանցվել. նա լավ վարորդ էր: Ի դեպ, 1957-ի հոկտեմբերյան այդ չարաբաստիկ օրը հենց ինքը հայտնեց ինձ պապիկիս մահվան բոթը: Երեխեքով բակում ֆուտբոլ էինք խաղում: Վարդգեսը սովորականի պես տատիկին տարել էր շուկա, երբ վերադարձել էին, տեսել էին, որ Վարպետը քնի մեջ հոգին ավանդել էր: Վարդգեսն արագ եկավ, մեքենան կանգնեցրեց, ասաց. «Շուտ հասի´ր, Վարպետը վատ է: Երբ մտա տուն, լացի ձայներն արդեն հասան ականջիս...»,- պատմում է գրականագետ, Վարպետի թոռ Ավիկ Իսահակյանը:

Իսկ Վարպետն ինքն արդյոք գիտե՞ր մեքենա վարել: Ավիկ Իսահակյանի խոսքով` նա երբեք մեքենայի ղեկին չի նստել. եթե հնար կար`նախընտրում էր քայլել: Այնպես որ` գրողին կարելի է տեսնել կամ պատկերացնել ամենուր`ամբիոնի մոտ, գրասեղանի առջև, նստարանին, բայց ոչ երբեք ղեկի դիմաց: Սակայն արի ու տես, որ արխիվում կա ևս մի բացառիկ լուսանկար, որտեղ Իսահակյանը ոչ ավելի, ոչ պակաս հենց մեքենայի ղեկին է: Դա, սակայն, ամենևին էլ հայտնի «Պոբեդան» չէ. «Մոսկվիչ» է: Վարպետն, ի դեպ, իր անձնական մեքենան երբեք չի ունեցել: Պարզվում է`«Մոսկվիչը» գրականագետ Մկրտիչ Մկրյանինն էր: Բանն այն է, որ երբ վերջինս նոր էր գնել այդ մեքենան ու դրանով Վարպետին տեղ էր տանում, Իսահակյանն էլ պահը բաց չի թողնում, նստում է ղեկին ու լուսանկարիչը հիշարժան պահն անմահացնում է:  

Ճիշտ է, Իսահակյանը վարել չգիտեր, սակայն ճամփորդել շատ էր սիրում: Վարդգեսը Վարպետի ընտանիքին տանում էր Սևան, Դիլիջան, Գյումրի, ուր ասես. «Լենինական եթե գնայինք, Վարպետն անպատճառ պետք է մի շիշ օղի վերցներ, առաջինը մտնում էր գերեզմանատուն, Պոլոզ Մուկուչի գերեզմանի մոտ մեկ բաժակ խմում էր նրա համար, թողնում կիսատ օղին ու նոր հեռանում», -հիշում է Վարդգեսը:

Նույնիսկ բանաստեղծի մահից տասնյակ տարիներ անց Վարդգեսը շարունակում էր մտերմությունը Իսահակյանի ընտանիքի հետ: Արդեն 19 տարի էր`գրողը չկար, իսկ Վարդգեսը մեքենա վարել էր սովորեցնում նրա թոռանը` Ավիկ Իսահակյանին: Մեծ գրողի և հավատարիմ վարորդի բարեկամության մասին թերևս լսած կլինի նաև Վարդգեսի որդին, հենց թեկուզ այն պատճառով, որ իրեն անվանել են «Ավետիք»:

Վարդգես Ասլանյանի հուշերը, որոնք տրամադրել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, տպագրվում է առաջին անգամ:

 

Աննա Բաբաջանյան

... ... ...