Իրականության պատրանքի ստեղծումը Գրիգոր Շլդյանի արվեստում
20-րդ դարի առաջին կեսի սփյուռքահայ անվանի արվեստագետները որպես կանոն ծանր ճակատագիր են ունեցել, կյանքի օրոք թերագնահատվել ու հաճախ օրվա հացի կարոտ են մնացել։ Գրիգոր Շլդյանն իր կենսագրությամբ ու թողած ժառանգությամբ ասես գալիս է ապացուցելու, որ ի հեճուկս ճակատագրի հարվածների՝ արվեստագետը կարող է երջանիկ, դրական հույզերով ու ոգեշնչմամբ լի կյանք ապրել։ Դրա մասին է վկայում նաև նրա հուշագրությունը, որի առաջին մասը վերջերս հրատարակվեց ռուսերեն թարգմանությամբ՝ իտալագետ Միխայիլ Տալալայի, թարգմանիչ Անդրեյ Լիտովալցևի, խմբագիր Նոնա Միրզաբեկովայի և Դոնի հայ համայնքի ճանաչված գործիչներից հայագետ, պատմաբան Սերգեյ Սայադովի ջանքերով։ Ինչպես նշվում է գրքի ներածությունում՝ «նորագույն ժամանակաշրջանի գրականության մեջ դժվար է գտնել այսչափ անսովոր ճակատագրի մասին պատմող մեկ այլ հուշագրություն»։ Թարգմանչի խոսքերով՝ տարբեր փորձանքներից ու փակուղիներից Շլդյանը փրկվել է մե՛կ երջանիկ պատահականության, մե՛կ էլ իր հայրենակից-համաքաղաքացիների շնորհիվ։
Գրիգոր Շլդյանը (Շիլդյան) ծնվել է 1900թ․՝ Նոր Նախիջևանում, իրավաբան հոր և մեծահարուստ արդյունաբերող Մելքոնյան-Եզեկյանների ընտանիքից սերող մոր ընտանիքում։ Հայրը՝ Հովհաննեսը, ավարտել էր Մոսկվայի Լազարյան ճեմարանը և պաշտոնավարում էր որպես քաղաքային դումայի իրավասու։ Ի դեպ, նկարչի հայրական երկհարկանի տունը պահպանվել է ու գտնվում է ներկայիս Դոնի Ռոստովի Շահումյան փողոցի №53 հասցեում։
Նրա հուշերում վեր է հառնում հայաբնակ Նոր Նախիջևանը․ «Նախիջևանի բնակչությունը բաղկացած էր հայերից՝ գրեթե ինչպես որևէ անկախ հանրապետությունում։ ․․․Նախիջևանը կատարելապես մաքուր էր՝ փոքրիկ առանձնատներով, գեղեցիկ թատրոնով և կայսրուհի Եկատերինայի մեծ բրոնզե հուշարձանով։ ․․․Կար յոթ հայկական եկեղեցի և գերեզմանատուն՝ բարձր նոճիներով, ինչը ռուսական տափաստանում Միջերկրական ծովին մոտ լինելու առաջին ապացույցն էր։ Վիթխարի կեռ քթերով և հաստ հոնքերով ալևոր հայերը սրճարաններում արևելյան ձևով նստած թուրքական սուրճ էին խմում և շախմատ խաղում․ պատերին կախված էին Այվազովսկու նկարների վիմագրությունները՝ Կոստանդնուպոլսի և Բոսֆորի տեսարաններով։ Հայրական կողմից պապս Նախիջևան է եկել 1820 թվականին՝ Թուրքիայից և հայտնի է եղել նրանով, որ քաղաքում առաջինն է ձեռնոցներ կրել»։
Վեցամյա տղայի անջնջելի տպավորություններից է եղել հանդիպումը Ամենայն Հայոց կաթողիկոս Մատթեոս Բ-ի հետ, որն իջևանել է ապագա նկարչի մորական տատի առանձնատանը և դրա պատշգամբից ելույթ ունեցել հայության առջև՝ ձեռքը հենած տղայի ուսին։
Դեռ մանուկ հասակում՝ որոշելով նկարիչ դառնալ, Շլդյանը իր համար հետագա գործողությունների ծրագիր է կազմել, որին հաստատակամորեն հետևել է․ «Իհարկե, իմ ծրագրերը հավակնոտ էին, բայց արդյո՞ք հավակնոտ լինելը արժանիք չէ։ Արդյո՞ք հավակնոտությունը չէ բոլոր մարդկային արարքների շարժիչ ուժը»։
Շլդյանն ընտանիքի հետ հաճախ էր ճանապարհորդում․ Թեոդոսիայում այցելել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու թանգարանը, ինչը նրա վրա մեծ տպավորություն է թողել․ «Այվազովսկին հայ էր, սակայն այնքան հայտնի Ռուսաստանում, որ նրա անունը դարձել էր «նկարիչ» բառի հոմանիշը»։ Ղրիմում էլ Շլդյանը սկսեց երազել հեռավոր Իտալիայի մասին․ խոստովանում էր, որ պատրաստ է կյանքը տալ՝ իտալական վարպետների կտավները տեսնելու համար, կարդում էր Իտալիային վերաբերող ուղեգրություններ ու անգիր էր արել իտալական քաղաք-թանգարանների փողոցների անունները։
Դպրոցն ավարտելուց հետո Շլդյանը տեղափոխվում է Մոսկվա, որտեղ շարունակում է ուսումը Ադոլֆի դասական գիմնազիայում։ Ապա հոր վաղաժամ մահվանից հետո վերադառնում է Ռոստով և ուսանում տեղի նկարչական դասընթացներում։ Մի քանի դաս է առնում նկարիչ Ակիմ (Հովակիմ) Հովհաննիսյանից, սակայն դժգոհ է մնում։ Որոշ ժամանակ սովորում է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայում։ Կրկին վերադառնալով հայրենի քաղաք՝ նա իր առաջին կուբոֆուտուրիստական բնույթի աշխատանքները ներկայացնում է Ռոստով-Նախիջևանի գեղարվեստի ընկերության և Հայ նկարիչների միության ցուցահանդեսներում։ Թվարկելով իր համաքաղաքացի արվեստագետներին՝ նկարիչը վերհիշել է․ «Սարյանը Ռոստովի և Ռուսաստանի արվեստի աշխարհում առավել ճանաչված դեմքն էր, և նա այդպիսին է մնում մինչև օրս։ Այդ ժամանակ նա ապրում էր Մոսկվայում, բայց Ռոստովի գարնանային ցուցահանդեսներին մշտապես որևէ աշխատանք ուղարկում էր։ Նա մեծ տաղանդի տեր նկարիչ էր և առանձնանում էր մոսկովյան մոդեռնիստների շարքում, որոնց մեջ նա առաջատար տեղ էր զբաղեցնում»։
Ծայր առած քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ Ռոստովում կարմիրներն էին, Շլդյանին բռնում են ճամպրուկով, որի մեջ զենք կար, սակայն նրա բախտը բերում է․ ատրճանակը չեն գտնում, և նա խուսափում է ստույգ մահից։
Երբ քաղաքը գրավում են սպիտակները, Շլդյանը պետք է զորակոչվեր բանակ, սակայն նա դրանից խուսափելու հնարամիտ ձև է գտնում․ նկարում է Կուբանի կազակների պարագլուխ Շկուրոյին ու ձգձգում է դիմանկարի ավարտը, որպեսզի հնարավորինս երկար մնա քաղաքում։ Ի վերջո, գիտակցելով քաղաքացիական պատերազմի բոլոր վտանգները՝ Շլդյանը որոշում է թողնել Ռոստովը և փախչել Եվրոպա։ Նա ցանկանում է ստանալ Հայաստանի առաջին հանրապետության անձնագիր, սակայն մերժվում է, քանի որ այնտեղ չեր ծնվել։ Իր խոսքերով՝ գնում է անձնագիրը․ «փաստաթուղթը բավականին ներկայանալի տեսք ուներ, իր գեղեցիկ կապույտ կազմի պատճառով հեռվից այն կարելի էր նմանեցնել ֆրանսիականին»։ Սոչիում Կանաչբանակային ապստամբները ձերբակալում են Շլդյանին ու նրա ընկերներին և կասկածելով, որ նրանք սպիտակների կողմնակիցներ են, տանում են գնդակահարելու։ Միայն երջանիկ պատահականությամբ ճանապարհին նրանց հանդիպում է ապստամբների հրամանատարներից մեկը և պահանջում որևէ մեկին առանց հետաքննության մահապատժի չենթարկել։ Այսպիսով Շլդյանը փրկվում է ու մեկ ամիս բանտ նստելուց հետո ազատվում։ Վերջապես հասնում է Թիֆլիս՝ ծովով Եվրոպա մեկնելու մտադրությամբ, բայց վիզա չունենալով՝ ժամանակավորապես բնակություն է հաստատում այնտեղ։ Եղբայրներ Իլյա և Կիրիլ Զդանևիչների միջոցով Շլդյանը ծանոթանում է անվանի արվեստագետների հետ, շփվում Սերգեյ Սուդեյկինի, Տիցիան Տաբիձեի, Պաոլո Յաշվիլիի, Վասիլի Կամենսկու, Վասիլի Քաթանյան-ավագի և այլոց հետ։ Թիֆլիսեցի նկարիչների մասին Շլդյանը գրել է․ «Նրանցից շատերը սեզանիստներ, պիկասոականներ և ֆուտուրիստներ էին։ Ամենածայրահեղականները, ինչպես արդեն նշեցի, Զդանևիչն ու Քոչարն էին, որը հայ էր․ հետագայում ես նրան տեսա Փարիզում։ Բայց բոլորից ավելի տաղանդավորը Բաժբեուկն էր, որը նկարում էր՝ որոշ չափով ոգեշնչված իտալացի պրիմիտիվիստներից, բայց օգտագործելով տեղական թեմաներ, և փոքր-ինչ հիշեցնում էր մեր Ուզելինիին»։
Շլդյանը կարճ ժամանակով միանում է անարխիստ-նիհիլիստ-դադաիստ մտավորականների խմբին, որը հետագայում հրատարակեց «Նիչևոկիների մանիֆեստը»: Թիֆլիսում էլ նա ծանոթանում է ծնունդով երևանցի մի «նրբագեղ աղջկա»՝ Ելենա Բոբերմանին, որը մեծահարուստ բանկիրի դուստր էր։ Նրա եղբայրը՝ Վոլդեմարը և քույրը՝ Զոյան, նկարիչներ էին, Զոյան հետագայում դարձավ արվեստի նշանավոր քննադատ Մաքսիմիլիան Գոտիեի կինը։
1919 թվականին Շլդյանը հեռանում է Վրաստանից, որոշ ժամանակ հանգրվանում Ղրիմում, ապա անցնում Կոստանդնուպոլիս, որտեղ կրկին հանդիպում է Բոբերմանների ընտանիքին։ Տեղափոխվելով Վիեննա՝ հարազատների մոտ, Շլդյանն ընդունվում է տեղի Գեղարվեստի ակադեմիան: 1923 թվականին Բեռլինում, որտեղ նկարչական ստուդիա էր բացել, նա ամուսնանում է Ելենայի հետ․ ամուսնական ճանապարհորդությունից հետո Շլդյանը վերջապես իրականացնում է իր վաղեմի երազանքը՝ լինում է Իտալիայում։ Ամուսինները որոշում են բնակություն հաստատել Հռոմում։ Մեծ էր Շլդյանի շփումների շրջանակը՝ Իլյա Էրենբուրգ, Պավել Մուրատով, Վյաչեսլավ Իվանով, Վալենտինա Խոդասևիչ, Նիկոլայ Բենուա։ 1925 թվականին Շլդյանները Սորենտոյում հյուրընկալվում են Մաքսիմ Գորկուն։ Հայազգի նկարիչը ջերմ հարաբերություններ ուներ նաև իտալացի մտավորականների հետ։
1925 թ․ Հռոմում կայացավ նրա առաջին անհատական ցուցահանդեսը․ ի տարբերություն իր շատ ժամանակակիցների՝ Շլդյանն այլևս տուրք չէր տալիս վերացական արվեստին, այլ մնում էր դասական արվեստի կողմնակիցը։ Նրա գործերն արժանանում են ճանաչված քննադատ Ռոբերտո Լոնգիի դրվատանքին, իսկ սյուրռեալիզմի նախահայրերից Ջորջո դե Կիրիկոն Շլդյանի մասին այսպես է արտահայտվում․ «Գրեգորիո Շլդյանը պլաստիկ նկարիչ է։ Նա պլաստիկ է, երբ նկարում է, պլաստիկ է, երբ խոսում է, պլաստիկ է, երբ ժեստիկուլյացիա է անում»։
1925-ին Շլդյանը մասնակցում է Հռոմի 3-րդ բիենալեին, 1926-ին՝ Վենետիկի 15-րդ բիենալեին, և դառնում նման միջոցառումների սպասված հյուրը։ 1928-ին Բելգիայում ռուսական արվեստի համատեղ ցուցահանդեսից հետո (պետության կողմից գնված երեք գործերից երկուսի հեղինակները հայեր էին՝ Շլդյանը և Հակոբ Գյուրջյանը) նոր թափ ստացավ նկարչի միջազգային ճանաչումը։
Երբ Ելենայի ծնողները սնանկանում են, նա ստիպված աշխատանքի է անցնում նորաձևության տանը, իսկ Շլդյանը կտորեղենի համար դեկորատիվ նախշեր է ստեղծում։ 1927–1932 թթ․ զույգն ապրում է Փարիզում։ 1933 թվականից նրանք բնակվում են Միլանում, իսկ 1939-ին հեռատեսորեն Գարդա լճի ափին վիլլա են գնում և տեղափոխվում այնտեղ։ Վիլլան կոչվում էր «Լիլի»՝ կնոջ ընտանեկան անունով։ Մուսոլինիի փեսա կոմս Չիանոյին նկարելիս Շլդյանը տեղեկանում է, որ Միլանի իրենց տունը ռմբակոծել են, իրենք կորցրել են ունեցվածքը, բայց երջանիկ պատահականությամբ ողջ են մնացել։ 1947թ․ ամուսինները վերադառնում են Միլան և բնակություն հաստատում Գեղարվեստի Բրերա ակադեմիայի հարևանությամբ։ Միլանում Շլդյանի տանը հյուրընկալվում են Գալինա Ուլանովան, Սերգեյ Բոնդարչուկը, Մարիետա Շահինյանը, Միխայիլ Շոլոխովը, որը գրել է․ «Հիացած եմ Ձեր վարպետությամբ»։
Միլանում նկարիչը մասնակցում է ցուցահանդեսների, սալոնների և տրիենալեին, որի մեդալին արժանում է 1940թ․։
1947 թվականին Պիետրո Անիգոնիի և մի քանի այլ արվեստագետների հետ Շլդյանը ստորագրում է «Իրականության ժամանակակից նկարիչների մանիֆեստը», որի նպատակն էր հակազդել կերպարվեստի նորագույն ուղղություններին․ «Մենք հրաժարվում ենք ժամանակակից ողջ գեղարվեստից՝ հետիմպրեսիոնիզմից մինչև մեր օրերը, քանի որ համարում ենք այն կեղծ առաջընթացի ծնունդ ու մարդկության առջև ծառացած սարսափելի վտանգի նշան»։ Շլդյանը 1947-1949 թթ․ մի քանի անգամ մասնակցում է խմբի ցուցահանդեսներին, որոնք լավ են ընդունվում արվեստասերների կողմից։ Նա Մոնակոյի իշխան Ռենե Երրորդի պաշտոնական դիմանկարիչն էր, պատվերներ էր ստանում Վատիկանից, ստեղծում սրբապատկերներ իտալական եկեղեցիների համար։ Մեծ հաջողությամբ զբաղվում էր գրաֆիկայով, նկարազարդում գրքեր, ձևավորում օպերաներ Լա Սկալայի համար։ Նրա էսքիզներով բեմադրված Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» օպերան հաջողությամբ ներկայացվեց «Ֆլորենտական գարուն» փառատոնում։ 1950-ին ֆրանսիացի քննադատ Վալդեմար Ժորժը հրատարակեց «Շլդյան․ իրականության կախարդանքը» գիրքը։
Իր հարուստ կերպարվեստով հայտնի Իտալիայում Շլդյանը լայն ճանաչում ձեռք բերեց։
Մարիետա Շահինյանը նրա մասին գրել է․ «Գրիգոր Շլդյանի արվեստի ձևավորման ամբողջ ուղին ոչ մի զիջում չիմացող, անհավատալիորեն լարված պայքար է եղել»։ Շլդյանը համարվում է ռեալիզմի մեծ վարպետ, սակայն հարկ է նշել, որ նրա գեղանկարչական մաներան հիշեցնում է սյուրռեալիզմի և դրա կարկառուն դեմք Սալվադոր Դալիի արվեստը․ նույն սահուն, դեկորատիվ գծերը, հակումը դեպի անդրաշխարհային գեղեցկություն, գույների մեղմ ներդաշնակություն։ Շլդյանը, որ նաև կերպարվեստի տեսաբան էր ու գրքերի հեղինակ, արվեստում կարևորում էր ոչ թե սոսկական ռեալիզմը, այլ իրականության պատրանքի ստեղծումը, այն, ինչ այսօր հիպերռեալիզմ են անվանում։ «Իրականության գեղանկարչական պատրանքը գեղարվեստի բարձրակետն է»,- գրում էր նա։ Գեղարվեստի պատմության գագաթնակետեր նա համարում էր Միքելանջելոյին և Կարավաջոյին, որոնց ստեղծագործություններում «բացի ձևից ու գույնից՝ ամբողջովին ազատագրվեցին, այսինքն կատարյալ պատրանքայնության հասան լուսաստվերը և նյութը»։
Շլդյանի ստեղծագործությունները ևս մեկ առանձնահատկություն ունեն․ դրանք շքեղ են թե՛ իրենց բովանդակությամբ, թե՛ կատարումով։ Եթե Սարյանը նատյուրմորտ նկարելիս միանգամայն կարող էր բավարարվել մրգերով կամ ծաղիկների փնջով, ապա Շլդյանի դեպքում շքեղ ռեկվիզիտը պարտադիր է․ որսված թռչուն, կամ փայլուն խեցիներ, կամ տարաշխարհիկ ուրիշ մի բան։ Նրա գեղանկարները հիմնականում մեծածավալ են, մշակված ու ողորկ մակերևույթով, ինչը ևս հաճախ չի հանդիպում սփյուռքահայ կերպարվեստում։ Ստեղծել է նաև նկար-խաբկանքներ։
Շլդյանի վրձնած դիմանկարներում ժամանակի ամենաճանաչված ու հաջողակ մարդիկ են՝ դուքս Լուիջի Վիսկոնտին, դերասան, ռեժիսոր և դրամատուրգ Էդուարդո դե Ֆիլիպոն, բալետի արտիստ Սերժ Լիֆարը, միլիարդատեր Քլուջ ամուսինները և շատ ուրիշներ։ Պատկերված կանայք ևս առինքնող են, ընդգծված համամասնություններով, դասական արտաքինով (դերասանուհիներ Էլեոնորա Դրագո, Մարիլենա Պոսենտի, Դոննա Բրուսադելի, Լիլիանա և այլն)։ Շլդյանի հայտնի գործերից է «Երկու տարիքը» (1956), որում նույն կինն է՝ երիտասարդ և տարեց հասակում, իսկ սեղանին՝ ժամանակի վազքը խորհրդանշող ավազի ժամացույցը։ Նկարն այնքան հագեցած է մանրամասներով, որ դրանք կարելի է անվերջ զննել ու փորձել վերծանել։ Շլդյանական դիմանկարները պատումներ են, դրանցում պատկերված է ոչ թե սոսկ ազնվականը, ֆիլատելիստը կամ դերասանուհին, այլ կերպարի հետևում թաքնված մի ամբողջ պատմություն։ Բացի այդ, ամբողջ կյանքի ընթացքում Շլդյանը ինքնանկարների մեծ շարք է ստեղծել, որոնք տարբեր են, բայց միշտ ուշագրավ, բնական ու կյանքով լեցուն։
Արվեստագետի նշանավոր գործերից է 1940 թ․ «Ինքնանկարը»։ Կտավից մեզ է նայում ինքնավստահ, համառ, դեմքին զուսպ արտահայտություն հաղորդած արվեստագետը․ նրա առջևում նկարակալն է, ետևում՝ պատից կախված է խորհրդանշական գծանկար՝ հեղինակի ստորագրությամբ։ Բոլոր պլանները խոսուն են, բովանդակալից։
Ինչ խոսք, իր ստեղծագործական մոտեցումների համար Շլդյանը երբեմն քննադատվել է մամուլի և գործընկերների կողմից։ Այսպես, նկարչուհի Զինաիդա Սերեբրյակովան 1966թ․ Փարիզում այցելել է Շլդյանի ցուցահանդեսը ու գրել, որ սարսափել է «կոմպոզիցիաների անճաշակությունից, գռեհկությունից և այլն»։
1967թ․ ամուսինները տեղափոխվում են Հռոմ, սակայն ամառներն առաջվա պես անց էին կացնում Գարդայի ափին։ Բացի այդ, Վենետիկյան կղզիներից մեկում Շլդյանը հիմնել էր իր արվեստանոցը։ Անվանի արվեստագետն իր մահկանացուն կնքեց 1985 թ․՝ Հռոմում։
Շլդյանը երբևէ չի մոռացել իր հայկական արմատների մասին․ Փարիզում եղել է «Անի» խմբակցության և Հայ ազատ արվեստագետների միության անդամ, մասնակցել նրանց ցուցահանդեսներին: 1958-ին Վազգեն Ա կաթողիկոսի հրավերով այցելել է Հայաստան։ Պետական պատկերասրահի մասին նա պատմել է․ «այստեղ՝ տարբեր ստեղծագործությունների թվում, ես զարմանքով նկատեցի իմ երկու նկարները»։ Իտալական «Պաեզե սերա» թերթին նա հայտնել է, որ Երևանում ունկնդրել է «մի համերգ, որը Սկալայի լավագույն համերգներին չէր զիջում՝ ոչ հայտագրում եղած կտորների կատարմամբ, ոչ էլ հասարակության ճաշակով և տեսքով»։ 1960-ին Վեհափառ Հայրապետի պատվերով Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի համար ստեղծել է «Հայկական Աստվածամայրը» մեծադիր կտավը:
Կենդանության օրոք Շլդյանի աշխատանքները ցուցադրվել են կերպարվեստի համաշխարհային մայրաքաղաքներում՝ Բրյուսել, Լոնդոն, Նյու Յորք, Հռոմ, Վենետիկ, Փարիզ, Մոսկվա։ Այսօր էլ նա աշխարհի առաջատար պատկերասրահներում ու թանգարաններում լավ ներկայացված հայազգի նկարիչներից է․ նրա գործերը ցուցադրվում են Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահում, Վատիկանի թանգարանում, Հռոմի մոդեռն և ժամանակակից արվեստների պատկերասրահում, Բելգիայի գեղարվեստի թագավորական թանգարանում, Լյուքսեմբուրգի թանգարանում, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում և այլն։ Նրա նատյուրմորտներից մեկը գտնվում է Իտալիայի կենտրոնական բանկի հավաքածուում։
Նկարչի այրու և արվեստասերների ջանքերով նրա մի շարք նկարները և արխիվը ի պահ տրվեցին Գարդոնե Ռիվիերայում գտնվող թանգարանին, որտեղ բացվեց Շլդյանին նվիրված մշտական ցուցադրություն։ Ինքը՝ Շլդյանն ընկալվում է որպես 20-րդ դարի Իտալիայի արվեստի կարևոր ներկայացուցիչներից մեկը, մամուլում և համացանցում նրան նվիրված բազում հրապարակումներ ու հաղորդումներ կարելի է գտնել։
2015-ին Ֆլորենցիայի Վիլլա Բարդինիում մեծ շուքով բացվեց Շլդյանի ծավալուն հետահայաց ցուցահանդեսը։ Ֆլորենտական թերթերից մեկը այն բնորոշեց որպես «20-րդ դարի հանճարի վերաբացահայտում»։ Ցուցադրության հայեցակարգի հիմքում հետևյալ մեջբերումն էր Շլդյանի «Տրակտատ գեղանկարչության մասին» գրքից․ «Գեղարվեստի միակ, ճշմարիտ ու վերին նպատակն իրականության պատրանքի ստեղծումն է»։ Մի մոտեցում, որը դարձավ նրա ստեղծագործության վերծանման հիմնական բանալին։
Աշոտ Գրիգորյան
Պատկերներ․
1․ Գրիգոր Շլդյանը Միլանի իր արվեստանոցում, 1960 թ․, լուսանկարը՝ Սլիմ Աարոնսի։
2․ Նկարչի կինը՝ Ելենան, իրեն պատկերող նկարի առջև՝ Վենետիկի 16-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ, 1955 թ․։ Լուսանկարը՝ Մարիո Դե Բիազիի։
3․ «Ինքնանկար», կտավ, յուղաներկ, 1940
4. «Բաքոսը գինետանը», կտավ, յուղաներկ, 1935-36
5․ «Հավերժական պատրանք», կտավ, յուղաներկ, 1967-68
6․ «Սենտիմենտալ իրեր», կտավ, յուղաներկ, 1967-68
7. «Հայկական Աստվածամայրը» , կտավ, յուղաներկ, 1960
8․ Սերժ Լիֆարի դիմանկարը, թուղթ, ածուխ, 1959