Իոսիֆ Բրոդսկի. Կյանքը հարևանությամբ

Վլադիմիր Սպիվակովի հոբելյանի՝ 75-ամյակի առիթով «Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանը նախաձեռնեց Սոլոմոն Վոլկովի «Զրույցներ Վլադիմիր Սպիվակովի հետ» գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը: Այս գիրքը վաղեմի բարեկամների՝ Սպիվակովի և Վոլկովի մի ամբողջ կյանք շարունակված զրույցների արդյունքն է, որում բացահայտում ենք մեծ երաժիշտ Սպիվակովի ստվերում մնացած նրա բազմաթիվ այլ տաղանդները: «ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում գրքից մի հատված, որում Սպիվակովը գնահատում է իրեն անծանոթ» Իոսիֆ Բրոդսկուն:

 

 

Վոլկով- Դու Իոսիֆ Բրոդսկուց անընդհատ մեջբերում ես կատարում։ Երևում է՝ այդ բանաստեղծը և մարդը իր ոգով շատ հարազատ է քեզ...

Սպիվակով- Բրոդսկին լսողության համար ասմունքելու շատ տարօրինակ, անսովոր ոճ ուներ։ Երբ նրան հարցնում էին այդ մասին, նա հիշատակում էր պրոսոդիան՝ հին ռուսական ասմունքելու առոգանության տեսակը։

Որովհետև պոեզիան, ինչպես և երաժշտությունը ծնունդ է առել կրոնից, հավատից։ Ասմունքելով՝ նա հիպնոսացնում էր, դյութում։ Այդ ռիթմը տարածության, տիեզերքի արտացոլումն է։

Իսկ կյանքում իմ և Բրոդսկու հետ, ինչպես ասում են, «չհանդիպում» է։ Նա էլ ինձ նման Պիտերից է։ Նրա հետ քայլել եմ նույնիսկ ոչ թե հարևան, այլ նույն փողոցներով՝ Կովենսկի նրբանցքով, Տպագրիչների միության փողոցով՝ Նիկոլսկի տաճարի կողքով, Գլինկայի փողոցով, Մոխովոյով... Մանուկ ժամանակ էլ, ինչպես վերջերս եմ հայտնաբերել, նույնիսկ ապրել ենք Լիտեյնի պողոտայում։ Հնարավոր է՝ որևէ տեղ մեր ուղիները խաչվել են՝ տեսել ենք իրար։ Երբ նրա դեմ դատն էր ընթանում, ես գնում էի այն տեղ. Ճիշտ է՝ անձամբ նրան չեմ տեսել։ Հետագայում կարդացի նրա պատասխաններն այդ դատավարությանը։

«- Ո՞վ ընդունեց , որ դուք պոետ եք։ Ո՞վ դասեց ձեզ պոետների շարքին։

- Ոչ ոք։ Իսկ ո՞վ ինձ դասեց մարդկային ցեղին։

- Իսկ դուք սովորե՞լ եք։

- Ինչ։

- Պոետ դառնալու համար։ Չե՞ք փորձել ավարտել բուհ, որտեղ պատրաստում են... որտեղ սովորեցնում են...

- Չէի մտածում... ես չէի մտածում, որ դա տրվում է կրթությամբ։

- Իսկ ինչո՞վ։

- Կարծում եմ, դա... Աստծուց է...»:

Դեռ ինքնահրատարակչությամբ կարդալով նրա բանաստեղծությունները, ես միանգամից և ընդմիշտ դարձա նրա մեծ երկրպագուն։ Եվ կարծես ամաչում էի հանդիպել, ավելի ճիշտ՝ հանդիպում խնդրել։ Ես բավականին ամաչկոտ մարդ եմ։ Իսկ ինքնըստինքյան, ինքնաբուխ, պատահական՝ չստացվեց...

Վոլկով- Նա եղե՞լ է քո համերգներին Ամերիկայում։

Սպիվակով- Գուցե, սակայն ինձ դա հայտնի չէ։ Չգիտեմ, ինչպես կկառուցվեին մեր հարաբերությունները, եթե մենք անձամբ հանդիպեինք և շփվեինք։ Ասում են, Իոսիֆը բարդ անձնավորություն էր՝ կոշտ, երբեմն դաժան։ Չնայած նրան ներելի են շատ բաներ, հենց միայն հակասական մտքի համար, ես փոքր-ինչ կվերաձևակերպեմ միտքս՝ մեկ մարդը մյուսից տարբերվում է միայն հուսահատության աստիճանով։ Իհարկե, նրա կոպտությունը ինքնապաշտպանության ձև է, դժվարին ճակատագրի հետևանք, որը լի է եղել բազում անարդարություններով, վիրավորանքներով:

Գրքերի շնորհիվ եմ նրան ինձ հոգեհարազատ համարում...

Ամեն բան բերում է տաղտկության...

չի՛ կարող վերջանալ դառնությամբ:

Բայց ոչ մի նորօրյա տեսություն՝

չի՛ զբաղվում ասվածի մեկնությամբ:

Ամեն ինչ իմացող ստոիկին՝

դժվար է լուրջ ստոիկ համարել:

Թե նստեց փոշին քո սեղանին՝

չես կարող դու նրան է՛լ սրբել18:

Իոսիֆ Բրոդսկի

Թարգմ. Տ. Ա. Գրիգորյանի:

 

Երբ կարդում եմ այս տողերը՝ ամեն անգամ լսում եմ մտերիմ ընկերոջ          առոգանությունը, ում հետ այնքան բան ենք խոսել ու վերապրել... Նրա խոսքերն ինձ համար մեջբերումներ չեն, ո՛չ, դրանք իմ գիտակցված և չգիտակցված մտքերն են, զգացմունքները.

Ես կարծում եմ հոգին կյանքի ընթացքում

մահվան դիմագծեր է ձեռք բերում:

Ինչքան եմ այս մասին ես խորհում, ինչ տարողունակ է ու ճիշտ...

Վոլկով- Իսկ ի՞նչ ես մտածում Բրոդսկու «կազմած գրքերի ցուցակի մասին, որ յուրաքանչյուրը պետք է կարդա»։

Սպիվակով- Կարծում եմ, այն միանշանակ չէ, ոչ էլ անվերապահ։ Դա մտավորականի, գեղագետի ցուցակ է։ Պետք է նաև դրանք կազմելու հանգամանքները նկատի ունենալ։ Դա Բրոդսկու արձագանքն էր ամերիկացի ուսանողների դրսևորած խոր տգիտությանը, որոնց նա դասավանդում էր։ Հատկապես այն ամենին, ինչ վերաբերում էր եվրոպական մշակույթին։ Ասում են, նա արագ կազմեց ցանկը՝ գրեթե մեկ հպումով։ Եվ նկատեց. «Սա հենց այնպես, որ ձեզ հետ շփվելու խոսակցության նյութ լինի»։ Ես կարդացել եմ, ոչ թե թերթել, այլ հենց կարդացել եմ դրա մոտավոր կեսը կամ կեսից ավելին։ Մնացածի մասին պատկերացում ունեմ։ Ասենք Բհագավատգիտա, Մահաբխարատա, «Գիլգամեշ», Հին Կտակարան, Հոմերոս, Հերոդոտոս, Սոֆոկլես, Էսխիլ, Պլատոն, Արիստոտել, Օվիդի, Ավգուստինոս Երանելի, Դանթե, Թովմա Աքվինացի, Մաքիավելի, Սպինոզա, Սվիֆթ, Միլթոն, Շեքսպիր, Սերվանտես, Դոնն, Պասկալ, Գյոթե, Կիերկեգոր, Դոստոևսկի... Եվս մեկ տասնյակ անուն, որոնք կրկնելն անիմաստ է։ Լիովին համաձայն եմ, դժվար է պատկերացնել համաշխարհային մշակույթը՝ առանց այդ անունների։ Դա հիմքն է, բազան, ֆունդամենտը և ոչ միայն ապագա լեզվաբանների համար, ում համար որ առաջին հերթին նախատեսված էր այդ ցուցակը, քանի որ այնտեղ կան, օրինակ, նաև տնտեսագետ-հեղինակներ։

Սակայն, դե հարցերն էլ են բազմաթիվ։ Օրինակ՝ ինչո՞ւ չկան Բոկաչչոն կամ Տոլստոյը... Այսինքն՝ այդ ցուցակը, այնուամենայնիվ, բավականին սուբյեկտիվ է։ Մի օր ձեռքս ընկավ մի զվարճալի ծաղրանկար՝ գերեզմանոց և մի քանի գերեզմանաքար՝ Էպիտեկտ, Կարլ Փոփեր, Հենրի Ադամս, իսկ դրանց կողքին՝ ամենափոքր գերեզմանաքարին գրված. «Կարդացող»։ Իսկ եթե լուրջ խոսենք, ապա որպես կողմնացույց, ուղենիշ «Բրոդսկու ցուցակ»-ը լավն է։ Եվ յուրաքանչյուրն այնտեղ ինչ-որ բան կարող է իրենից ավելացնել։ Կարծում եմ, Բրոդսկին դեմ չէր լինի...