«Ինքնահռչակ նկարիչները» Արցախում պատկերապատումներ են ստեղծելու

Պատկերապատումները թույլ կտան արցախցիներին խոսել այն ամենի մասին, ինչ կատարվում է իրենց կյանքում, այն ողբերգական փոփոխությունների մասին, որ եղան 44 -օրյա  պատերազմի արդյունքում:

Օգոստոսի 1-14-ը Ստեփանակերտում կգործի «Ինքնահռչակ նկարիչ» պատկերապատումների (կոմիքս) ամառային դպրոցը: Այն կայանալու է առաջին անգամ՝ ռուսաստանաբնակ Անահիտ Բաղդասարյանի նախաձեռնությամբ: Անահիտն արմատներով արցախցի պատմաբան, ազգագրագետ է: Պատկերապատումներն ու նկարչությունը նրա հոբբին են: Ամառային դպրոցի գաղափարը ծագեց պատերազմից հետո՝ Արցախ այցելությունների ժամանակ: Ընկերների ու գործընկերների հետ քննարկում էին կրթական ծրագրեր, որոնցով կօգնեն արցախցիներին նոր հմտություններ զարգացնել:

«Միտք առաջացավ կոմիքսների ամառային դպրոց կազմակերպել ու դրանով միանգամից մի քանի խնդիր լուծել: Առաջին հերթին, հնարավորություններ ստեղծել, մի հետաքրքիր բան մտածել տեղի ստեղծագործողների համար: Սա կարող է լավ զբաղմունք լինել ոչ միայն երիտասարդների համար, հատկապես, որ պարտադիր չէ պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել պատկերապատմամբ:

Պատկերապատումները թույլ կտան Արցախում ապրող մարդկանց խոսել այն ամենի մասին, ինչ կատարվում է իրենց կյանքում, ինչն անհնագստացնում է իրենց, այն ողբերգական փոփոխությունների մասին, որ եղան հերթական պատերազմի արդյունքում: Պատկերապատումը մեծ ազդեցություն ունի ժամանակակից մշակույթի վրա, և շատ կուզենայի, որ ամառային դպրոցի ընթացքում արված աշխատանքները ժողովածուի տեսքով հրատարակենք, որպեսզի աշխարհին նաև այսպես հիշեցնենք՝ ովքեր են ապրում Արցախում, ինչն է նրանց անհանգստացնում: Պետք է սովորենք մեր պատմության տխուր էջերի մասին խոսել տարբեր լեզուներով՝ տարբեր լսարանների հասանելի լինելու համար»,-ասում է Անահիտ Բաղդասարյանը:

Ամառային առաջին դպրոցին մասնակցելու պայմանները խիստ չեն: Միակ սահմանափակումը տարիքային է՝ 16+: Անահիտն ասում է՝ մասնագետների հետ քննարկել ու հասկացել են՝ երեխաներին հատուկ մոտեցում ու ծրագիր է անհրաժեշտ, այս անգամ դրա հնարավորությունը չունեն: Մասնակցել կարող են բոլորը՝ անկախ նկարչական հմտություններից, պատկերապատումներ ստեղծելու փորձից:

Երկու շաբաթ ճանաչված մասնագետները՝ Հայաստանում պատկերապատման հիմնադիրներից Տիգրան Մանգասարյանը, նկարիչ, կոմիքսների հեղինակ Ռաֆայել Տեր-Ստեփանովը, դիզայներ, նկարազարդող Գեղամ Հարությունյանը, Ամառային առաջին դպրոցի մասնակիցներին պատմելու են, թե ինչպես է ծնվում գրաֆիկական նովելը՝ գաղափարից մինչև տպարան:

«Տիգրան Մանգասարյանը պատմելու է, թե ինչպես է գրվում սցենարը, փոխադրվում էջին, ինչպես է ստեղծվում կոմպոզիցիան: Ռաֆայել Տեր-Ստեփանովը կներկայացնի, թե ինչպես են ծնվում գլխավոր և երկրորդական կերպարները, նրանց շրջապատող աշխարհը: Գեղամ Հարությունյանը կխոսի կոմիքսներում տեքստի դերի մասին, ինչպես է տեքստն ազդում կոմպոզիցիայի վրա, ինչպես տեքստի միջոցով ներկայացնել տարբեր էֆեկտներ: Բացի այդ, ունենալու ենք 3 սեմինար, որոնց մասնակցելու են նաև այլ դասախոսներ: Դրանց ընթացքում վերլուծելու ենք հայտնի պատկերապատումներ, ամփոփելու ենք մեր ամառային դպրոցի արդյունքները: Մասնակիցները կներկայացնեն իրենց աշխատանքները, որպեսզի մասնագետները խորհուրդներ տան՝ ինչը բարելավել, ինչը փոխել: Կարծում եմ՝ ժամանակ կտանք ավարտուն տեսքի հասցնել աշխատանքները»,-նշում է Անահիտ Բաղդասարյանը:

Թեև մասնակիցներն ազատ են թեմայի ընտրության հարցում, բայց կազմակերպիչներն առաջարկելու են պատկերապատումներ անել Արցախի մասին, պատմել՝ ինչն է նրանց անհանգստացնում, ուրախացնում, ոգեշնչում: Եթե բավարար նյութ լինի, դրանք կհրատարակեն:

Ամառային դպրոցի առաջին բանախոսը Տիգրան Մանգասարյանն է: Նա Արցախում վերջին անգամ 2019-ին է եղել. Շուշիում պատկերապատման 5-օրյա դասընթաց էին անում: Ասում է՝ ադրբեջանցիների ու ռուսների միջանցքով այդ ճանապարհն անցնելը տխուր կլինի, բայց Արցախը հիմա առավելագույն ուշադրության կարիք ունի:

«Ես մի քիչ հիասթափություն եմ նկատում: Հասկանալի է՝ կանգնած են ռուս խաղաղապահները, ադրբեջանցիները, որոնք ամեն անգամ արցախցիների գնալ-գալուց ատամներ են ցույց տալիս, ծաղրում են, ու ռուսները դրան շատ հանգիստ են վերաբերվում: Վախի մթնոլորտ դեռ կա, ու չափազանց կարևոր է հնարավոր շատ ծրագրեր անել Արցախում: Ամեն հայաստանցու՝ որևէ ծրագրով Արցախ գնալն իրենց հույս է տալիս: Իրենք պիտի զգան, որ միայնակ չեն, սա ամենակարևորն է»:

Տիգրան Մանգասարյանն ամառային դպրոցի առաջին երկու օրերին արցախցիներին պատմելու է իր վերջին 30 տարվա ամենասիրելի զբաղմունքի՝ պատկերապատման մասին: Խոսելու է սցենարի, պատմությունը գրագետ կառուցելու, նկարչության ու պատկերաբաշխման մասին: Այսքանը՝ ըստ ծրագրի, բայց, ասում է, դրանով չեմ սահմանափակվի: Մասնակիցների հետ կապը կպահի, թեկուզ՝ հեռավար. «Մի հետաքրքիր բան ասեմ, մենք Կապանում՝ «Թումո» կենտրոնում, պատկերապատման ծրագրեր ենք արել, բայց էնտեղ այդ ժանրը չի կայանում: Արցախում 2 ծրագիր ենք արել. մասնակցել են շատ ակտիվ: Առաջինի դեպքում ֆրանսերեն տպագրել ենք «Ղարաբաղ» պատկերապատումների գիրքը, որին մասնակցել է 9 հեղինակ՝ 4-ը Ղարաբաղից: Իսկ 2019 թվականի 5-օրյա դասընթացից հետո շատ լավ ցուցահանդես արեցինք Շուշիի Նարեկացի կենտրոնում: Դրանից հետո 3 տղա սկսեցին հետևողականորեն զբաղվել պատկերապատմամբ և այս ամառային դպրոցին էլ մասնակցելու են: Կարող եմ իրենց հետ շատ լուրջ աշխատել: Արցախցիները մի տեսակ կտրված են աշխարհից, ու այդ պատճառով իրենց վերաբերմունքն ուրիշ է, դա ինձ դուր է գալիս»:

Ըստ Տիգրան Մանգսարյանի ամառային դպրոցի ավարտին ցուցահանդես կանեն: Եթե լավ աշխատանքներ, ավարտուն պատմություններ ունենան, կմտածեն գիրք հրատարակելու մասին: Բայց եթե անգամ մեկ մարդ որոշի պատկերապատմամբ զբաղվել, դա արդեն մեծ հաջողություն կլինի:

«Հայաստանում ինչքան վարպետության դաս ենք արել, մասնակիցները չեն իմացել՝ ինչ անել, պատմություններ չունեին: Իսկ Արցախում պատմությունների դեֆիցիտ երբեք չի եղել: Դա ինձ միշտ զարմացրել է: Հիմա՝ պատերազմից հետո, առավել ևս դրանց պակասը չի լինի: Պատերազմական պատմությունները շատ ուժեղ են, մարդու երևակայությունը երբեք չի հերիքի նման պատմություններ հորինել: Շատ դեպքերում դրանք նույնիսկ փոփոխության կարիք չեն ունենում, ուղղակի պետք է որպես վավերագրություն ներկայացնել դրանք»,-ասում է Տիգրան Մանգասարյանը:

Պատկերապատումների ամառային դպրոցը նախատեսված է 20 մասնակցի համար: Եթե ցանկացողներն ավելի շատ լինեն, կփորձեն բոլորին ընդգրկել: Կազմակերպիչները նախատեսում են ամառային դպրոցն ամենամյա դարձնել, ծրագիրն ընդլայնել: Բայց այդ մասին կմտածեն օգոստոսի 14-ից հետո, երբ ամփոփեն արդյունքները:

 

Լուսինե Ղարիբյան

... ...