Իննա Սահակյան. «Ավրորայի լուսաբացը» ավելին է, քան իմ անձը

19-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնն ամփոփեց իր արդյունքները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում ներառված միակ հայկական նախագիծը՝ «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմն արժանացավ Արծաթե ծիրանի։

Վավերագրության, հերոսին հավատարիմ մնալու, Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու պատասխանատվության և փառատոնային արդյունքների մասին զրուցեցինք ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Իննա Սահակյանի հետ։

 

-Մինչև Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի համապետական միջոցառումները շատ քչերը գիտեին Ավրորա Մարտիկանյանի պատմությունը։ Ինչպե՞ս գտաք ձեր հերոսուհուն:

-Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ «BARS Media»-ում մենք ուզում էինք վերցնել Եղեռնը վերապրած տասը մարդու պատմություն ու վերածել դոկումենտալ անիմացիայի։ Աշխատում էինք «Զորյան» ինստիտուտի արխիվի հետ, և յուրաքանչյուր պատմություն պետք է սկսվեր իրենց նկարահանած հարցազրույցից և ապա վերածվեր անիմացիայի։ Ի վերջո պետք է ստացվեր 10 կարճամետրաժ ֆիլմերից կազմված ալմանախ՝ «Բանտարկված հոգիներ» ընդհանուր անվանումով։ Բայց չստացվեց։

-Ինչո՞ւ։

-Որովհետև մոտ հարյուր հարցազրույց ենք լսել, բայց բոլոր հերոսները նույնն էին պատմում․ եկան, տարան, կոտորեցին, մի կերպ փրկվեցի։ Ու հերոսներից ոչ ոք չէր փորձում ինչ-որ բան անել։ Ավրորան շատ էր տարբերվում մնացածից։ Ու բոլորս հասկացանք, որ սա՛ է մեր պատմությունը, և այն պետք է լիամետրաժ ֆիլմ դառնա, այն չի կարող տասը պատմություններից մեկը լինել։

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց դոկումենտալ անիմացիայի ժանրը՝ նաև նախորդ նախագծի պարագայում։

-Երկու պատճառ կա՝ գործնական և ստեղծագործական։ Եթե պրակտիկ տեսանկյունից նայենք, վավերագրության համար վիզուալ նյութ չունեինք։ Ունեինք վատ որակի, VHS-ով պահպանված հարցազրույց՝ շատ հետաքրքիր, բայց անորակ։ Կային որոշ արխիվային կադրեր, բայց դրանք էլ էին քիչ։ Կարող էինք գեղարվեստական ֆիլմ նկարահանել, բայց ես վավերագրող եմ։ Այնպես որ մնում էր անիմացիան։ Իսկ ստեղծագործական պատճառն այն է, որ անիմացիան հնարավորություն է տալիս այդ պատմության բոլոր գույները, բոլոր տրամադրությունները՝ երջանիկ մանկության հուշերից մինչև կոտորածի դաժան տեսարանները, լուծել սիմվոլներով, գույներով։ Ինքը՝ Ավրորան, այդպես է պատմում։

-Ավելի բարդ է դոկ․ անիմա՞ցիա նկարահանել, թե՞ ֆիլմ։

- Ինձ համար, իհարկե, վավերագրությունն ավելի հեշտ է, բայց այս ժանրը շատ ավելի հետաքրքիր է։ Իհարկե, դոկ․ անիմացիան շատ բարդ է տեխնիկապես։ Որովհետև այստեղ ոչ միայն անիմացիան ու վավերագրությունն են միախառնվում, այլև գեղարվեստական կինոն՝ սկսած սցենարից, վերջացրած գեղարվեստական հատվածների նկարահանումներով, որոնց հիման վրա հետո ստեղծվել է անիմացիան։ Ու ես այնքան շնորհակալ եմ, որ մեր թիմում կային Ռուբենը Ղազարյան, Տիգրանը Առաքելյան, լիտվացի մեր գործընկերները, առհասարակ՝ մեր ամբողջ թիմը, առանց որի այս ֆիլմը չէր ստացվի։

-Մի առիթով ասել եք․ «Վավերագրության կարևոր գիծն ինձ համար մարդը և մարդասիրությունն է»։ Հատկապես ի՞նչը գրավեց ձեզ Արշալույսի պատմության մեջ։

-Նա չի «նստում թախտին, սպասում բախտին»։ Երբեմն, իհարկե, սպասում է, երբ ոչինչ հնարավոր չէ անել, բայց նա այն հերոսն է, որը փորձում է փոխել իրավիճակը։ Մանավանդ երբ հասնում է Ամերիկա և գիտակցաբար իր վրա է վերցնում կոտորածը նորից վերապրելու, ֆիլմում վերստեղծելու ծանր բեռը՝ իր անձը երկրորդ պլան մղելով, միայն գերնպատակին հետևելով, որովհետև իր պատմության հիման վրա նկարահանվող «Խոշտանգված Հայաստան», կամ «Հոգիների աճուրդը» ֆիլմը պետք է օգներ հայ որբերին։ Դա շատ մեծ անձնազոհություն է, որն իրականում քչերը կարող էին անել։

-Գիտեմ, որ ֆիլմի շուրջ աշխատել եք 2014 թ-ից։ Ի՞նչն էր ամենադժվարն այս ճանապարհին։

-Ընդհանուր 7-8 տարի ենք աշխատել, որոնցից 4 տարի միայն սցենարն էր գրվում։ Որովհետև պատմական ֆիլմ նկարելիս՝ ուզես, թե չուզես, պատմաբան ես դառնում։ Անընդհատ նոր ինֆորմացիա էր հայտնվում։ Այդ տարիների ամերիկյան թերթերը նոր էին թվայնացվում, իսկ Ավրորայի մասին այդ ժամանակ շատ էին գրում։ Ու ամեն նոր որոնումից նոր փաստեր էին հայտնվում, սցենարում ինչ-որ բան փոխվում էր։

Դրան զուգահեռ զբաղվում էինք անհրաժեշտ գումարը հայթայթելով։ Ֆիլմի ստեղծմանը աջակցել են Զորյան ինստիտուտը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Eurimages» հիմնադրամը՝ սա առաջին նախագիծն էր Հայաստանից, որ ձայների մեծամասնությամբ ֆինանսական աջակցություն էր ստացել իրենցից, «Arte» հեռուստաընկերությունը, ինչպես նաև գերմանական և լիտվական այլ աղբյուրներ։

-Այս ֆիլմն անվանել եք ամենակարևոր նախագիծը ձեր ռեժիսորական և պրոդյուսերական կարիերայում։ Ինչո՞ւ։

-«Ավրորան» մի նախագիծ է, որն ավելին է, քան իմ անձը, ավելին է, քան նույնիսկ մեր ստուդիան։ Չեմ ուզում, որ պաթետիկ հնչի, բայց այն մեր ազգի շահն է ներկայացնում։ Սա, իհարկե, քաղաքական պրոպոգանդա չէ, բայց մենք այսքան տարի Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի շուրջ էինք աշխատում, և այն պետք է կարողանար խոսել ոչ միայն հայ հանդիսատեսի հետ, այլև օտարերկրացիների, պետք է կարողանար որքան հնարավոր է ամբողջական ներկայացնել այդ դաժան իրադարձությունները, բայց միևնույն ժամանակ մի՛ մարդու մասին լինել, որովհետև ինձ համար, ինչպես ասացի, մարդն է հետաքրքիր։

-Այս դեպքում, կարծում եմ, շատ ավելի դժվար էր մի մարդու մասին խոսելը, որովհետև հերոսն այստեղ չէ, դուք չեք աշխատել հենց Ավրորայի հետ։

-Իհա՜րկե։ Բայց մենք բախտավոր էինք, որովհետև մեր կողքին էր Զորյան ինստիտուտը։ Ֆիլմի հիմքում ինստիտուտի «Բանավոր պատմություն» արխիվն է, և ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ էլ «Ավրորան» ի վերջո էկրան է բարձրացել։ Ամեն ինչ սկսվեց այդ արխիվում պահպանվող Ավրորայի հարցազրույցից։ Հետո մենք գտանք նաև «Armenian Film Foundation»-ի կողմից նկարահանված ևս երկու հարցազրույց Արշալույս Մարտիկանյանի հետ։

-Ասեցիք, որ ֆիլմը պետք է հասկանալի լիներ միջազգային հանդիսատեսին։ Ինչպե՞ս պետք է եվրոպացի հանդիսատեսը իրեն նույնականացներ Ցեղասպանությունը վերապրած աղջկա հետ, չէ՞ որ դա սարսափելի է։

-Եվրոպացի հանդիսատեսը՝ «աչքերը լցրած» հինգ րոպե ծափ էր տալիս այդ աղջկան։ Չէ՞ որ պատմությունը մարդու մասին է։ Հետո, որպեսզի հանդիսատեսն իրեն նույնականացնի քո հերոսի հետ, դու էլ պետք է քեզ հանդիսատեսի հետ նույնականացնես։ Դժվար բան է, բայց մենք դա արեցինք։

-Ցեղասպանության մասին շատ տարբեր ֆիլմեր են նկարահանվել և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։ Ձեր կարծիքով, դրանցից որո՞նք են իսապես հետաքրքիր միջազգային հանդիսատեսին։

-Չգիտեմ։ Ցեղասպանության մասին ֆիլմերը բոլորս գիտենք՝ «Նահապետից» սկսած, «Խոստումով» վերջացրած։ Բայց ինձ համար ուղենիշային էին այն ֆիլմերը, որոնք խոսում են ամբողջ աշխարհի հետ՝ «Շինդլերի ցուցակը», «Դաշնակահարը», «Յո-Յո ճագարը», որ ֆանտաստիկ ֆիլմ է, «Կյանքը հիասքանչ է» հրաշալի ֆիլմը, «Աննա Ֆրանկի օրագիրը» և շատ ուրիշները։

-Ի դեպ, «Արշալույսի լուսաբացն» IMDB-ում ունի 8.6/10 միավոր։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ Ցեղասպանության մասին հայկական այլ ֆիլմերը նման հաջողություն չեն ունենում միջազգային հանդիսատեսի մոտ։

-Որովհետև մենք սենտիմենտալ ենք դառնում, երբ Ցեղասպանության մասին ֆիլմեր ենք նկարում։ Ու երբեք չեն կարողանում այդ զգացմունքայնությունը մի կողմ դնել։ Դա էլ է հասկանալի․ մեր ցավը չի բուժվել, մենք չենք կարողանում միայն մեզ հասկանալի այդ տրավմայից դուրս տեսնել։

-Իսկ ձեզ ինչպե՞ս հաջողվեց մի կողմ դնել ձեր հուզականությունը։

-Ավրորան թույլ չտվեց լինել հուզական, նա այդպես չէր պատմել իր պատմությունը։ Երբ հավատարիմ ես քո հերոսին, հուզականությունդ մի կողմ ես դնում։ Ես կարող էի մի սարսափելի տեքստ գրել․ «Այն հայ աղջիկը, որն անցավ Ցեղասպանության սարսափների միջով», տխուր երաժշտություն միացնել, ու վերջ։ Բայց մենք դա՛ չէինք ուզում։

-Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ հեղինակավոր Annecy միջազգային փառատոնում, որը մասնագետներն անվանում են անիմացիայի Կանն։ Ինչպե՞ս ֆիլմն ընդունվեց այդտեղ։

-Դժվար է ասել։ Annecy-ում, ցավոք, չկա հարցուպատասխան ձևաչափը, դու նույնիսկ ֆիլմի ոչ բոլոր ցուցադրություններին ես ներկա։ Բայց հանդիսատեսը, ինչպես ասեցի, հինգ րոպե ծափ էր տալիս։ Իսկ ամենահաճելին այն էր, որ հետո փողոցում մարդիկ մոտենում էին ու ասում․ “Thank you for your film”։ Փառատոնից հետո էլ բազմաթիվ նոր հրավերներ ունենք այլ փառատոներից։

-Ավելի դժվար էր ֆիլմը ներկայացնել Annecy-ո՞ւմ, թե՞ «Ոսկե Ծիրանում»։

-Իհարկե Annecy-ում։ Հայերի պարագայում, ցավոք, միշտ գիտես, որ Ցեղասպանության մասին ֆիլմ դիտելիս մարդիկ հուզվելու են, նույնիսկ եթե ֆիլմը վատն է։

Մյուս կողմից «Ոսկե Ծիրանում» հայկական ֆիլմերը դուրս են մնում միջազգային մրցույթից, հատկապես այն բանից հետո, երբ փոխվեց կարգը․ հիմա չկա ժանրային բաժանում, այսինքն՝ խաղարկային, դոկումենտալ, անիմացիոն ֆիլմերն ամբողջ աշխարհից նույն մրցույթում են։ Եվ ի՜նչ ֆիլմերի հետ ես նույն մրցույթում՝ Վենետիկի, կամ Կաննի փառատոնին մասնակցած։ Նրանց հետ, իհարկե, դժվար է մրցել։

-Ի՞նչ կասեք այս տարվա ձեր մրցակիցների մասին։ Սպասո՞ւմ էիք, որ ֆիլմը պետք է մրցանակ ստանա հայրենիքում։

-Ցավոք, շատ ֆիլմեր չեմ հասցրել նայել։ Բայց գիտեի, որ միջազգային մրցույթում ներառված ֆիլմերը շա՜տ ուժեղ են։ Մրցանակն էլ չէի սպասում, որովհետև գիտեի, որ շատ ուժեղ ֆիլմեր են ընտրվել։ Ու շատ շնորհակալ եմ այս մրցանակի՝ այս վստահության համար։

 

Սոնա Արսենյան