Իննա Չուրիկովա. «Կյանքը մեր գլխավոր ռեժիսորն է»

 

Վախճանվել է խորհրդային և ռուսական կինոյի ու բեմի մեծ Արտիստուհին՝ Իննա Չուրիկովան, վաորն իր կյանքով ու կերպարով մի ամբողջ դարաշրջան էր խորհրդանշում: «ArtColalge»-ը հատվածաբար իր ընթերցողներին է ներկայացնում դերասանուհու՝ 2004-ին Լյուդմիլա Գրաբենկոյին տված  հարցազրույցը:   

 

***

«Լենկոմ»-ի գլխավոր ռեժիսոր Մարկ Զախարովը նրան «բեմի թագուհի» է անվանում, իսկ Գլեբ Պանֆիլովը նրան նկարահանել է իր գրեթե բոլոր ֆիլմերում և կարծում է, որ իր հաջողությամբ   միայն նրան է պարտական։ Նա մեր սիրելի դերասանուհին է և, ինչպես ոչ ոք, իրավունք ունի արդեն կենդանության օրոք Մեծ կոչվել, թեև հենց ինքը դեմ է դրան։

Բայց երբ Իննա Չուրիկովան թատերական էր ընդունվում, ընդունող հանձնաժողովում նրան հարցրեցին. «Աղջիկ, վաղո՞ւց ես քեզ տեսել  հայելու մեջ»: Նա արտասվեց… Հետո ինքն իրեն ասաց. «Ես յուրահատուկ դեմք ունեմ, ոչ բոլորը կարող են դա գնահատել»: Եվ միևնունն է ընդունվեց. նրան կարծես թե պարզապես խղճացել էին։ Դժվար թե ընդունող հանձնաժողովը կարող էր պատկերացնել, թե ինչ աստղ է ինքը վառելու։

 

***

-Իննա Միխայլովնա, թատրոնի մասին երազողներից ինչ-որ մեկը անբարեհամբույր ընդունելությունից հետո կշրջվեր ու կհեռանար, իսկ Դուք որոշեցիք հասնել Ձեր ուզածին:

-Երիտասարդության տարիներին չես մտածում, թե ինչն է քեզ առաջ մղում, ավելի շուտ  ինքնաարտահայտման ներքին չգիտակցված պահանջը: Գուցե ինքնահաստատվելու ցանկությունը։ Իսկ կողքից թվում է՝ դերասանը միշտ տեսադաշտում է, նրա մասին գրում են թերթերում ու ամսագրերում, ցույց են տալիս հեռուստացույցով։ Դրանում ինչ-որ գրավիչ բան կա, ճիշտ է, մինչև այն պահը, քանի դեռ այս մասնագիտությանը չես բախվել։

Սկզբում ում ասես որ չեմ խաղացել՝  և՛ Բաբա Յագայի՝ ինչպես իմ հերոսուհին «Սկիզբ» ֆիլմում, և՛ խոզուկի, և՛ աղվեսի՝ մանկական հեքիաթներում: Սպասում էի իմ ժամին։ Եվ այն եկավ: իսկ ինչ-որ մեկը նվիրում է իր ամբողջ կյանքը, բայց նրան այդպես էլ հնարավորություն չի տրվում: Իսկ ընդհանրապես, ինձ թվում է, որ այդ  կոչումը Աստծուց է, որը  քեզ այս կամ այն ​​ճակատագրին է արժանացնում։ Հետևաբար, եթե ունես դերասան կամ ռեժիսոր դառնալու մեծ ցանկություն (ես կասեի նույնիսկ հիվանդություն), ապա դրանից ոչ մի տեղ չես փախչի։ Խաղալու պահանջն ավելին կլինի, ավելի կարևոր, քան մասնագիտության արտաքին ատրիբուտները։ Իսկ ճանաչումն, անկեղծ ասած, հաստատունության փորձարկում է: Բանը բնավ էլ այդ չէ…

-Ըստ Պաստեռնակի՝ «ստեղծագործելու նպատակը նվիրումն է»։

-Ոչ միայն. նաև փնտրտուք, նորի հայտնաբերում, վերլուծություն: Ցանկացած աշխատանք կյանքի որոշ խնդիրների լուծում է, այդ թվում  նաև՝  քո անձնական։ Եվ եթե մենք՝ դերասաններս, չաշխատեինք, չգիտեմ՝ ինչպես կզարգանայինք, կփոխվեինք։ Յուրաքանչյուր նոր դեր նաև ձեռքբերում է։ Նախ՝ կյանքի մասին բոլոր այն մտորումները, հարցերն ու խնդիրները, որոնք դիտարկվում են ներկայացման մեջ կամ ֆիլմում, ստիպում են քեզ պատասխան փնտրել։ Երկրորդ՝ դա անպայման նոր կերպարի, նոր մարդու որոնում է։

 

***

Դժվար է վիճարկել  այն փաստը, որ, այնուամենայնիվ, ավելի հաճախ տղամարդիկ սիրահարվում են սիրունիկներին։ Կինոռեժիսոր Գլեբ Պանֆիլովը, որն այն ժամանակ թիկունքում արդեն մեկ ամուսնություն ուներ, սիրահարվեց... Բաբա Յագային։ Առաջին անգամ նա Չուրիկովային տեսավ հեռուստատեսությամբ՝ այդ դերում և շտապեց փնտրել նրան։ Գտավ. Եվ առաջարկեց գլխավոր դերը իր «Կրակի միջով ճանապարհ չկա» ֆիլմում։ Եվ շուտով նրանք ամուսնացան: Իսկ հետո «Սկիզբ»-ն էր՝ իրականում նրա կենսագրական ֆիլմը: Եվ... չորս տարվա պարապուրդ: «Պետկինոն» արգելել էր Չուրիկովային նկարահանել գլխավոր դերերում, ինչ-որ մեկն ասել էր, որ իր տեսքով նա... զրպարտում է պետությանը, կուսակցությանը և խորհրդային մարդու գեղեցկությանը։ Չորս երկար տարիներ նրանք անգործ էին: Պանֆիլովին չէր հաջողվում հաստատել հերթական ֆիլմի սցենարը, Չուրիկովային պարզապես չէն նկարահանում: Չդիմանալով պարտադրված անգործությանը, նա խնդրեց որ իրեն ընդունեն «Լենկոմ»՝ Մարկ Զախարովի մոտ։

 

***

-Հավանաբար, բացի տաղանդից, դերասանը պետք է նաև հատուկ էներգետիկա ունենա, որպեսզի ներկայացման ընթացքում պահի դահլիճի ուշադրությունը:

-Անկասկած, հակառակ դեպքում բեմում ընդհանրապես ոչինչ տեղի չի ունենա. դերասանը չի կարողանա վարակել հանդիսատեսին և նրանց փոխանցել ներկայացման գաղափարը, և նրանք կմնան օտար։ Իսկ եթե հանդիսատեսը չդարձավ քո խաղընկերը, եթե չհասկացավ, թե ինչ էիր ուզում ասել իրեն, ապա ինչո՞ւ ընդհանրապես ներկայացում բեմադրել: Ուժեղ էներգետիկայով օժտված են գրեթե բոլոր դերասանները, բայց միայն ընտրյալներն են մասնագիտության մեջ զգում Աստծուն: Իսկ եթե մարդը, զգալով Աստծուն, կարող է գոյություն ունենալ մեր առօրյայում, սա արդեն հանճարեղության նշան է։

-Ի՞նչ եք կարծում, դերասանը պետք է խելացի լինի, թե՞ բավական է, որ նա սովորի «զգացմունքով, ու իմաստով» արտասանել հեղինակային տեքստը։

-Կյանքի ցանկացած իրավիճակում ավելի լավ է գործ ունենալ խելացի մարդու հետ, այլ ոչ թե հակառակը։ Իսկ ո՞րն է դերասանի համար ամենակարևորը: Թերևս չկարողանամ միանշանակ պատասխանել. իհարկե՝ խելքը, պարտադիր՝ ինտուիցիան, և հետաքրքրասիրությունը՝ պետք է շատ բան իմանալ, դիտել, կարդալ և չծուլանալ՝ ամեն օր ինչ-որ նոր բան սովորել: Դիտողականություն, քանի որ ցանկացած կերպարի, որին պետք է խաղաս, կարելի է հետևել: Լավ տրամադրվածություն մարդկանց և կյանքի հանդեպ. նա քեզ հետ խաղում է, քոթակում է, և դու ոչ միայն չես վիրավորվում, այլև բոլոր անախորժություններից օգուտ ես քաղում, օգտագործում ես կյանքիդ փորձը աշխատանքում: Կյանքը մեր գլխավոր ռեժիսորն է։

-Իսկ Մարկ Զախարո՞վը։

-Մարկ Անատոլևիչը հրաշալի ռեժիսոր է, որի հետ բախտ ունեցա աշխատել։ Նախ, նա բացառիկ  աշխատասեր է։ Երկրորդ, չնայած փորձին ու տարիքին, նա բոլորովին չի հոգնել իր աշխատանքից և չի ամաչում սովորել։ Անընդհատ մտածում է, ինքն իրեն բազմաթիվ հարցեր է տալիս. «Ի՞նչ է պետք այսօր հանդիսատեսին», «Ի՞նչ լեզվով խոսել նրա հետ»։ Նա արդեն 10 տարի է, ինչ զբաղվում է 21-րդ դարի թատրոնով և կարողանում է որսալ այն նորը, որը հայտնվում է թատերական արվեստում։ Համբերատար աշխատում է դերասանների հետ, յուրաքանչյուրին երկար ժամանակ է տրամադրում և կիսվում է այն ​​ամենով, ինչ գիտի ու կարող է անել։

-Ինչպե՞ս եք սահմանում ձեր թեման արվեստում:

-Որպես մտորում կնոջ, նրա կյանքի, նրա խնդիրների մասին, այն մասին, թե նա կախվածություն ունի, թե՞ ոչ, ինչպե՞ս է հաղթահարում կյանքի դժվարին հանգամանքները։ Այսպես թե այնպես, բայց մենք բոլորս անցնում ենք դրանց միջով, իսկ դուրս ենք գալիս՝ յուրաքանչյուրս յուրովի: Ինչո՞ւ։Դե որովհետև մենք տարբեր ենք: Ինձ հոգեհարազատ են կանայք, որոնք ցանկացած պարագայում կարողացել են պահպանել արժանապատվությունը։ Համաձայնեք, նրանք հարգանք են առաջացնում։

-Արվեստում դժվա՞ր է կնոջ համար:

-Այնպես, ինչպես և՛ կյանքում...

-Գուցե տղամարդիկ ավելի ազա՞տ են:

-Թատրոնում և կինոյում տղամարդիկ և կանայք բացարձակապես իրավահավասար են. նրանք ամբողջությամբ կախված են ռեժիսորից։ Բայց սա մասնագիտության խնդիրներից է: Ինչ վերաբերում է կին-դերասանուհու սովորական  կախվածությանը տղամարդ-ռեժիսորից, երբ կարծում են, որ կինը կարող է ինչ-որ փոխզիջման գնալ՝  նպատակին հասնելու համար, ապա մեր թատրոնում նման բան չկա ու չի կարող լինել։ Մարկ Անատոլևիչը շատ պատվարժան մարդ է. Հնարավոր է շոու-բիզնեսի ոլորտում, որտեղ երիտասարդ աղջիկներն առանց լսողության և ձայնի ուզում են երգել, ինչ-որ մեկը ստիպված է վճարել իրենով։ Մեր պատմությունն այլ է. Զախարովն երբեք մարդուն չի վերցնի հանուն անձնական համակրանքի՝  ի վնաս աշխատանքի:

-Միթե՞ Մարկ Անատոլևիչը կոնկրետ դերասանի կամ դերասանուհու համար բեմադրություններ չի անում։

-Բեմադրում է, իհարկե: Օրինակ՝ նա Սաշա Աբդուլովի համար պիես էր փնտրում. այդպես թատրոնի խաղացանկում հայտնվեց «Խաղամոլը», փնտրում էր նաև ինձ համար և բեմադրեց «Երկնագույն հագած երեք աղջիկները»։ Բայց դա ոչ այն պատճառով, որ նա ուզում էր մեզ հաճելի բան անել։ Զախարովի համար գլխավորը ներկայացումն է, որը կդառնա կարևոր, նշանակալից ոչ միայն մեր թատրոնի, այլև ընդհանրապես ամբողջ թատերական արվեստի համար, որը կներառի  բազմաթիվ խնդիրներ և այդ պատճառով կհուզի հանդիսատեսին: Բայց նախ Մարկ Անատոլևիչն ինքն է հուզվում և վարակում է մեզ այդ հուզմունքով։

-Գո՞հ եք այն ընթացքից, թե ինչպես է զարգացել Ձեր թատերական ու կինոճակատագիրը։

-Մի անգամ, լրագրողների խնդրանքով հաշվեցի, թե քանի դեր եմ խաղացել «Լենկոմում» աշխատելու բոլոր տարիներին։ Ի զարմանս ինձ, նույնիսկ 10-ը չկար։ Պարզելով դա ես այնքան վշտացա, որ քիչ էր մնում զանգեի Զախարովին, որպեսզի հարցնեմ. «Ինչո՞ւ եք Դուք ինձ այդքան քիչ զբաղեցնում»: Իհարկե, ես հրաշալի ներկայացումներ եմ ունեցել, որոնց թվում են  ամենասիրվածները՝ «Թիլ Ուլենշպիգելը», «Իվանովը», «Ճայը»։ Բայց դրանք կարող էին շատ ավելին լինել: Նույնն է  նաև կինոյում...

-Արվեստը Ձեզանից հաճա՞խ էր զոհեր պահանջում։

-Մեր մասնագիտության մեջ զոհաբերվում է նաև ինքը՝ կյանքը։ Ինչ վերաբերում է ինչ-որ բեմական սխրանքների մասին պատմություններին, ապա յուրաքանչյուր դերասան դրանցից շատ ունի: Օրինակ՝ «Միլիոնատերերի քաղաքը» ներկայացման պրեմիերան ես խաղացել եմ շատ բարձր ջերմությամբ։ Այն ժամանակ խիստ տարածված էր մահացու ելքով ինչ-որ սարսափելի գրիպ։ Բայց այնպես ստացվեց, որ պրեմիերայից առաջ գրեթե 2 շաբաթ հիվանդացավ իմ խաղընկեր Արմեն Ջիգարխանյանը, այդ պատճառով ես ուղղակի անհարմար էի զգում անաշխատունակության թերթիկ վերցնել, իսկ «Թիլ Ուլենշպիգելը» մի անգամ խաղացել եմ սրբոսկրի կոտրվածքով, որից հետո գրեթե մեկ ամիս անկողին ընկա։ Հետաքրքիր է, որ ներկայացման ընթացքում  ընդհանրապես ցավ չեմ զգացել։

Կա բեմական տարածության այսպիսի առանձնահատկություն. հիշում եմ, մի անգամ «Ճայով» հյուրախաղերի էինք գնացել, և առանց բացառության հիվանդացան բոլորը՝ անխտիր։ Մենք փռշտում ու հազում էինք հետնաբեմում, իսկ բեմում այս ամենը հրաշքով ինչ-որ տեղ էր գոլորշիանում: Պարզապես ինչ-որ միստիկա էր:

-Ձեր կանացի անձնական թեման մեկն է՝ ամբողջ կյանքի համար: Արդեն երկար տարիներ ամուսնացած եք կինոռեժիսոր Գլեբ Պանֆիլովի հետ...

-Այո, նրա հետ իմ բախտը շատ է բերել: Նա ինձ այնպիսի հրաշալի դերեր է տվել։ Ի՞նչը կարող է ավելի հետաքրքիր լինել, քան նրա այնպիսի ֆիլմերը, ինչպիսիք են «Կրակի միջով ճանապարհ չկա» «Սկիզբ», «Թեմա», «Վասսա»: Իսկ երբ մարդը բացի այդ նաև հավատում է, գնահատում և սիրում է քեզ, դա արդեն ահռելի երջանկություն է։ Նա կարծում է, որ ես բազմաչափ մեծություն եմ: Ապշեցուցիչ  զգացողություն է, երբ քեզ հավատում են ոչ թե որպես կնոջ, այլ որպես դերասանուհու, որը կարող է շատ բան անել. ունակ է ամեն ինչ հասկանալ և անել այնպես, ինչպես ցանկանում է ռեժիսորը, և գուցե նույնիսկ ավելի լավ:

Աշխատանքում մենք խիստ անհրաժեշտ և օգտակար ենք միմյանց: Պատահում է, որ նա նկարահանում է ոչ թե ինձ, այլ ուրիշ դերասանուհիների։ Բայց ես անպայման դիտում եմ նկարահանված նյութը, նա խորհրդակցում է ինձ հետ։ Մենք շատ ենք կարդում միասին, քննարկում ենք կարդացածը. և իմ կարծիքը շատ կարևոր է նրա համար, քանի որ նա վստահում է ինձ։ Հավատացեք, որ կյանքում նման փոխըմբռնում հազվադեպ է պատահում։ Եվ մեծ բարեբախտություն է, որ ինձ հետ դա պատահել է:

-Հավանաբար Դուք գիտեք կանացի երջանկության գաղտնիքը:

-Կարծում եմ՝ դա կրկին պատահականության հարց է։ Պարզապես բախտս բերել է: Մինչև Գլեբը իհարկե, ինչ-որ կիսամանկական սերեր ունեցել եմ, բայց դրանք ոչ մի արդյունք չեն ունեցել։ Երևի ճակատագիրը պահել էր ինձ նրա համար։ Մի անգամ հարցազրույցի ժամանակ ինձ հարցրեցին՝ կարո՞ղ եմ թողնել ամուսնուս: Եվ ես միանգամայն անկեղծ պատասխանեցի. «Այո, եթե հանդիպեմ նրանից արժանավոր տղամարդու»։ Բայց բանն  այն է, որ նման տղամարդու ես դեռ չեմ հանդիպել և միանգամայն վստահ եմ, որ չեմ հանդիպի։ Այնպես որ, մեր հանդիպման մեջ, ես որևէ արժանիք չունեմ…

 

***

Երկար տարիներ Պանֆիլովը երազում էր ֆիլմ նկարահանել Ժաննա դ'Արկի մասին, որի ողբերգական պատմությունը երկրորդ պլանով անցնում էր նրա «Սկիզբ» ֆիլմում։ Առայժմ չի ստացվել։ Մի անգամ, թվում էր, թե ամեն ինչ լավ է ստացվում՝ և՛ գումարն էր գտնվել, և՛  նախապատրաստական փուլն էր​​ սկսվել։ Բայց ֆրանսիացիներն ուզում էին իրենց ազգային հերոսուհու դերում տեսնել Կատրին Դենյովին, իսկ Պանֆիլովն՝ Իննա Չուրիկովային։ Ինչ-որ մեկը, գուցե նման իրավիճակում, կզոհաբերեր կնոջը, բայց Գլեբ Անատոլևիչը չկարողացավ։ Թե՞ չցանկացավ։

Այսօր կարելի է ասել, որ նրանց ամուսնությունը անցել է ժամանակի փորձությունը։ 30 տարի նույն ամուսնու հետ՝ դա ռեկորդ է: Լրագրողները, իրենց հատուկ բծախնդրությամբ, փնտրում էին գոնե ինչ-որ բան, որը կվարկաբեկեր Չուրիկովայի և Պանֆիլովի հարաբերությունները։ Չեն գտել, գոնե՝ առայժմ։ «Ձեր ընտանեկան հարաբերությունները վաղուց վերածվել են գործնականի»: - ասում են Պանֆիլովին: «Ճիշտ չէ»,- հակադարձում է ռեժիսորը, որը նկարահանել է «Ռոմանովներ. գահակիր ընտանիք» ֆիլմը, -դրանք նման են Նիկոլայ II-ի և նրա Ալեքսի հարաբերություններին:

 

***

-Ինչպե՞ս է ձեր հավատը համադրվում դերասանական մասնագիտության հետ, որը դարերն ի վեր մեղսական է համարվում։

-Գիտե՞ք, ես հաճախ եմ այդ մասին մտածում... Եվ ահա ինչ եզրակացության եմ եկել. եթե խաղաս բարի, սիրող, հոգեպես մաքուր մարդկանց, ապա դա աստվածահաճո գործ է։ Իսկ եթե կրես արատի, կործանման, դիվահարության քաղցրությունը, ապա, իհարկե, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Գուցե ինչ-որ մեկն ինձ ժամանակակից չհամարի, բայց ինձ հուզում է միայն այն, ինչը սիրով է ներծծված։

-ինչպե՞ս է Ձեզ հաջողվում պահպանել հոգեկան հավասարակշռությունը այսօրվա շատ արագընթաց կյանքի ունայնության մեջ:

-Եթե կյանքում լարված իրավիճակ է ստեղծվում, ես բոլորին` ամուսնուս, որդուս, ինքս ինձ, կոչ եմ անում հանգստանալ, և որքան էլ տարօրինակ հնչի՝ ժպտալ: Եվ կանցնի։ Աստված քեզ կուղղորդի։ Հստակ միտք կհայտնվի, կամ էլ օգնությունը կգա բոլորովին անսպասելի կողմից։ Գլխավորը խուճապի չմատնվելն է։ Եվ բացարձակապես տեղին չէ, երբ մարդը, որը վատ վիճակում է, սկսում է վիրավորել սիրելիներին, որոնք բացարձակապես ոչ մի բանում մեղավոր չեն: Դա սարսափելի է։ Ընդհակառակը, անհրաժեշտ է շարքերն ամրացնել, քանի որ միայն բոլորը միասին կարող են գլուխ հանել ստեղծված իրավիճակից։

Հիմա մարդիկ շատ վիշտ ունեն։ Բայց մեր շրջապատում մարդիկ կան, և նրանք կօգնեն։ Ես ու ամուսինս միշտ օգնում ենք նրանց, որոնք խնդրում են։ Եթե, իհարկե, դրանք պրոֆեսիոնալ մուրացիկներ չեն, այդպիսիք կան Տվերսկոյում։ Նրանք չեն խնդրում, այլ պահանջում են ու մոտենում են միայն արտասահմանյան մեքենաներին։ Մի անգամ ինձ մոտեցավ մ մի մարդ, որը  մեկ ոտք ուներ։ Իսկ ես հենց հաշմանդամ եմ տեսնում, մտածում եմ. «Աստվա՚ծ իմ, հավանաբար Չեչնիայում է եղել»։ Եվ հանկարծ նա բղավում է. «50 ռուբլի տուր»: Իսկ ես նրան՝ «Անցիր,գնա»: Բայց մի օր ես ու ամուսինս տեսանք մի կնոջ, որն ակնհայտորեն մեծ կարիքից դրդված էր դուրս  եկել փողոց։ Եվ հագել էր իր լավագույն զգեստը, բայց մուրալ չի կարողանում: Հավանաբար Նրան իսկապես դժբախտություն էր պատահել, եթե նա նման հուսահատ քայլի էր դիմել: Բայց նույնիսկ այս պատմության մեջ նա իրեն արժանապատվորեն էր պահում և կարծում եմ, որ նրա մոտ ամեն ինչ կկարգավորվի։

Իհարկե, հեշտ չէ դժվար պահին հոգում պահպանել լույսն ու բարությունը, լսել ու հասկանալ մարդկանց, ժպտալ, չկենտրոնանալ քեզ վրա և չափսոսալ փողը։ Չեմ վիճում. փողը հիմա շատ կարևոր է։ Բայց եթե այն դառնում է կյանքի իմաստ, կյանքն ինքնին կորցնում է իր իմաստը։ 

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի 

 

 

... ... ...