Ինչո՞ւ էր Քոչարը փակել ականջները

Նշանավոր արձակագիր, սցենարիստ, դրամատուրգ, նկարիչ, հրապարակախոս և կինոռեժիսոր Աղասի Այվազյանի այրին`Գրետա Վերդիյան-Այվազյանը, դեռ ուսանողուհի էր, երբ անցնում էր 1960-ականներին Երևանի համն ու հոտը համարվող սրճարաններից մեկի`«Կապեյկայի» կողքով և անմահացրեց այս կադրը, որտեղ հռչակավոր քանդակագործ և նկարիչ Երվանդ Քոչարն է, որի հետ մտերմանալու առիթ դեռ ունենալու էր: Բացառիկ այս լուսանկարն արվել է բոլորովին պատահաբար. ուսանողուհուն տեսնելուն պես Նկարիչների միության և «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող սրճարանում հավաքված մտավորականները, որոնք, տիկին Գրետայի ենթադրությամբ, թերևս քննարկում էին միությունում ներկայացված հերթական ցուցահանդեսը, իրեն տեսնելով` շրջվում և ողջունում են, հրավիրում են մեկ բաժակ սուրճի, որն, ի դեպ,  այս սրճարանում բավական էժան էր. ասում են` հենց  այդ պատճառով էր սրճարանը կոչվում «Կապեյկա»:

«Այդտեղ պատահական մարդիկ չէին լինում, առավելապես` մտավորականներ, ես, օրինակ, հիշում եմ Կոստան Զարյանին, Լևոն Ներսիսյանին: Դա, այսպես ասած, «ստեղծագործական սրճարան» էր, որտեղ քննարկում էին նկարիչների հերթական կտավները, ռեժիսորների ֆիլմերն ու դերասանների խաղը: Մտավորականներից զատ սրճարան խմբերով հաճախում էին նաև ուսանողներ: Հենց այդ ժամանակ էլ տեղի էին ունենում շատ հետաքրքիր հանդիպումներ»,-պատմում է տիկին Գրետան:

Դե իսկ Քոչարն այդ տարիներին արդեն լեգենդ էր, որին ճանաչում էին բոլորը` մեծից փոքր: Արվեստագետը հասցրել էր ապրել բարդ, հետաքրքիր ու զարմանալի մի կյանք. եղել էր Վենետիկում, ավելի ուշ` հաստատվել Փարիզում, մասնակցել էր միջազգային ցուցահանդեսի այնպիսի բացառիկ դեմքերի հետ, ինչպիսիք էին Պիկասոն, Արպը, Բրանկուզին, Դելոնեն: Քոչարին որպես անհատականություն կերտել ու կոփել էին նաև 1937-ին նրա նկատմամբ կիրառված քաղաքական հետապնդումները, բանտում անցկացրած երկու տարին: «Արվեստագետը պետք է լինի աղավնու պես միամիտ և օձի պես խորագետ՝ զարգացած և իմաստուն։ Բայց ստեղծագործելիս պետք է մոռանա ամեն ինչ և միամտորեն մոտենա իր գործին»,-մի առիթով ստեղծագործելու իր պարզ բանաձևն է սահմանել Վարպետը: Քոչար քանդակագործի ստեղծագործության բարձրակետերից մեկն, ինչ խոսք, Սասունցի Դավթի հոյակերտ արձանն էր: Դրանից հետո մտահղանալ ու կերտել նմանատիպ մասշտաբի նոր գլուխգործոց, որը չէր զիջի նախորդին, դժվար էր լինելու: Բայց արի ու տես, որ Վարպետին հաջողվեց անել դա. 1975-ին նա ստեղծեց Վարդան Մամիկոնյանի հայտնի քանդակը: Սակայն նունիսկ նման վաստակի ու ժառանգության տեր մեծության համար միշտ էլ գտնվում էին ընդդիմախոսներ ու հակառակորդներ, որոնք մշտապես թերահավատորեն էին վերաբերվում նրա նախաձեռնություններին: Վարդան Զորավարի կերպարի ստեղծման պարագայում ևս այդ  «բարի ավանդույթը» չխախտվեց:

Գրետա Վերդիյան-Այվազյանը, որն այդ տարիներին Երվանդ Քոչարի հետ մտերմություն էր հաստատել նկարիչ Մարտին Պետրոսյանի միջոցով, արդեն հասցրել էր դառնալ հայտնի լրագրող: Ավելին`այնպես էր ստացվել, որ երբ հատուկ հանձնաժողովը պետք է ընդուներ Վարդան Մամիկոնյանի քանդակը, այդ քննարկմանը Քոչարը որպես լրագրող հրավիրում է նաև Գրետային. «Դա 10 հոգուց բաղկացած հանձնաժողով էր, որին մասնակցում էին գրողներ, նկարիչներ, կուսակցական էլիտայի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի անդամներից ամեն մեկը քանդակի վերաբերյալ մի դիտողություն էր անում. մեկն ասում էր`արձանի ռակուրսն է պետք փոխել, մեկը` ձիու պոչը, մյուսը`ոտքը: Քոչարը հանգիստ ծխում էր: Եվ երբ քննարկումն ավարտվեց, մեկ էլ տեսնեմ` ականջներից բամբակ է հանում... Դա կարծես կեսկատակ-կեսլուրջ մի ժեստ էր, որ նշանակում էր`ինչ ուզում եք`խոսեք, միևնույն է`լսող չկա: Հետո շրջվեց դեպի ինձ ու ծիծաղը դեմքին հարցրեց. «Դու ամեն բան լսեցի՞ր»: Ապա դիմեց ներկաներին. «Ընկերնե´ր, դուք բոլորդ էլ իրավացի եք, միայն թե, եթե այդքան լավ եք գործից գլուխ հանում` ինքներդ պետք է ստեղծեք քանդակը: Ես ստեղծել եմ այն, ինչ ստեղծել եմ»: Այդպիսով, նա ոչ մի նկատողություն չընդունեց»,-հիշում է տիկին Գրետան:

Հետագայում նրա և մեծ արվեստագետի ուղիներն այնքան էլ հաճախ չխաչվեցին, սակայն սակավախոս, սենյակում անընդմեջ այս ու այն կողմ քայլող, մտածելիս ծխի քուլաներն օդ բաց թողնող Վարպետի կերպարը, որը, ինչպես տիկին Գրետան է ասում, լույս էր ճառագում, հավերժ մնաց վերջինիս հուշերում:

 

Աննա Բաբաջանյան