Ինչո՞ւ էր Բրոդսկին եկել Հայաստան
«Երախտապարտ եմ ճակատագրին և ձեզ, որ այդ ամենն ինձ հետ պատահեց...»,-այս տողերն է 1972-ի նոյեմբերին գրել ռուս բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին Միացյալ Նահանգների Անն-Արբոր քաղաքից Հայաստանում բնակվող իր ընկեր Սերժին` հիշելով մեր երկիր կատարած իր այցի մասին: Նամակը ողողված է հաճելի նոսթալգիկ տրամադրությամբ. «Այս բացիկը գնել եմ Նյու-Յորքում, թանգարանում, աշնանային մի պարզկա օր, երբ պետք է լինեի Հայաստանում…»:
Քչերը գիտեն, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր Բրոդսկին եղել է Հայաստանում 1972-ի ապրիլի վերջին: Նրան հյուրընկալել է նկարիչ Կարեն Սմբատյանը: Վերջինիս օրագրային գրառումներում կարդում ենք. «Այսօր ինձ հյուր էր լենինգրադցի բանաստեղծ ու թարգմանիչ Իոսիֆ Բրոդսկին: Պարզվեց, որ նա հիանալի է զգում ու հասկանում գեղանկարչությունը: Մի խոսքով, նա հետաքրքիր անձնավորություն է:
27 ապրիլի, 1972 թ. Երևան»:
Այնուամենայնիվ, կա մի հետաքրքրական փաստ, որը չվրիպեց մեր աչքից: Նույն Սմբատյանն արդեն 1991-ի մայիսին բաց նամակ է գրել Բրոդսկուն, որում զարմանալիորեն նշում է. «Մեծարգո բարեկամ, մենք ծանոթացել ենք 1971-ի աշնանը, երբ դու Լենինգրադի «Կոստյոր» ամսագրի կողմից գործուղվել էիր Երևան: Քո ընկերակցությամբ մենք մեկ շաբաթ հիանալի ժամանակ անցկացրինք այստեղ»: Իսկ զարմանալին այն է, որ նկարիչը, պատմելով այցի մանրամասները, գրում է. «Դա մեր առաջին և վերջին հանդիպումն էր»: Թերևս Սմբատյանը փաստական առումով ինչ-որ բան շփոթում է, բայց այն, որ Բրոդսկու հայաստանյան այցն ուշագրավ է եղել, հաստատ է, և այդ մասին իմանում ենք նաև նկարչի փոխանցած մանրամասների շնորհիվ:
Բրոդսկին Հայաստանում մանկական «Ծիծեռնակ» ամսագրի հյուրն էր, իսկ Սմբատյանը`այդ ամսագրի նկարիչը: Հարց է ծագում` Բրոդսկին ի՞նչ գործ ուներ «Կոստյոր»-ում, առավել ևս`«Ծիծեռնակ» ամսագրում, և ինչո՞ւ էր պոետը զբաղվում հենց մանկական գրականության թարգմանությամբ այն դեպքում, երբ ինքն առանձապես մոտ չէր այդ ասպարեզին:
Իսկ պատճառն այն է, որ մինչև ԱՄՆ մեկնելը նրան արդեն կալանավորել էին պորտաբուծության մեղադրանքով, Բրոդսկին դատապարտվել էր 5 տարի վարչական վտարման և արտաքսվել Արխանգելսկի մարզ: Եվ միայն հայրենի ու օտար բանաստեղծների ելույթներից հետո նրան թույլատրեցին վերադառնալ Լենինգրադ: Բանաստեղծի առջև շատ դռներ պարզապես փակ էին, «Կոստյոր»-ում նրան «տեղավորել էին» և իր համար անսովոր աշխատանքներ էին հանձնարարել, որպեսզի գրողը գոնե աշխատավարձ ստանար: Իսկ «Ծիծեռնակ» ամսագրին նա հյուրընկալվել էր հայ մանկագիրների գործերն ընտրելու, ռուսերեն տողացիներն անելու, թարգմանելու համար, որպեսզի դրանք տպագրվեին «Կոստյոր»-ում: Հետագայում այդ գործերն իսկապես տեղ գտան ամսագրի`1972 թվականի 10-րդ համարում, սակայն Բրոդսկու անունը, հասկանալի պատճառներով, այդպես էլ չնշվեց: Տպագրվեցին Էդուարդ Ավագյանի «Կախարդական հայելի», Միքայել Հարությունյանի «Զրույց ծովի մասին», Զորայր Խալափյանի «Լեգենդ», Մնացական Թարյանի «Ինչո՞ւ ծառը չի սառչում», Լյուդվիգ Դուրյանի հեղինակած «Խեղճ Աշոտ», Արտաշես Նազինյանի մշակած «Երկու հնձվոր» ստեղծագործությունները:
«Կոստյոր» մանկական ամսագրի՝ Բրոդսկուն տրված գործուղման վկայականում, մասնավորապես, նշվում է. «Իոսիֆ Ալեքսանդրի Բրոդսկին հանդիսանում է «Կոստյոր» ամսագրի արտահաստիքային թղթակիցը: Խմբագրությունը խնդրում է աջակցել նրան ամսագրի համար նյութեր պատրաստելու հարցում:
Հասարակայնության բաժնի վարիչ` Լոսև:
20 ապրիլ, 1972»:
Գործուղման ընթացքում բանաստեղծը մի քանի անգամ եղել է Սմբատյանի տանը և նրա արվեստանոցում, Հենրիկ Իգիթյանի հիմնադրած մանկական պատկերասրահում, այնտեղ ծանոթացել է հայ մանուկների գեղանկարչական աշխատանքներին, որոնցից Բրոդսկին, իր խոսքով, ստացել է «ցնցող տպավորություն»: Նրանք միասին խմբագրությունում ընտրել են երեխաների հեղինակած մի քանի նկարներ, որոնք հետագայում տպագրվել են «Կոստյոր»-ում: «Դու այստեղ ամեն քայլափոխի զարմանում էիր հայերի անսովոր ստեղծագործական ոգով: Այսպիսով, մեկ շաբաթ անց մենք միմյանց հրաժեշտ տվեցինք իբրև գաղափարակից ընկերներ»,-իր նամակում գրում է Սմբատյանը:
Սա հրապարակված նամակ է, բայց կան նաև դրա սևագրերը, որոնցից ևս տեղեկանում ենք Բրոդսկու հայաստանյան այցի մի քանի ուշագրավ փաստերի մասին, ընդ որում`ոչ պակաս հետաքրքիր, քան հրապարակված նամակում են:
Բաց նամակի սևագրերից մեկում, օրինակ, կարդում ենք այսպիսի մի տող. «Այդ օրերին դու եղար Էջմիածնում, ուր տեսել էիր մեր Վեհափառ հայրապետ Վազգեն Առաջինին և մեծ տպավորություն ստացել նրանից, ինչպես նաև Մայր տաճարի բակում կանգնած խաչքարերից և առհասարակ հայ մշակույթից»: Սևագիր մյուս տարբերակում էլ նկարիչը նշում է. «Այն ժամանակ մի քանի անմոռաց օրեր ապրեցինք մեզ մոտ՝ Երևանում, եղանք Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում (ի դեպ, Բրոդսկին անձամբ լուսանկարել է Էջմիածնի տաճարը, պահպանվել է այդ լուսանկարը-հեղ.), մեր տանը, իմ արվեստանոցում: Դու ամեն քայլափոխի զարմանում էիր հայերի ստեղծագործ ոգով»:
Սևագրերից մեկում էլ Սմբատյանը պատմում է տպավորիչ մի դրվագի մասին. «Հատկապես դու զարմացար, երբ մեր շինարար բանվորներից մեկը աշխատանքի պահին երգում էր «Yesterday» անգլիական երգը, սակայն է´լ ավելի զարմացար, երբ իմացար, որ այդ մարդիկ ոչ թե շինարար բանվորներ են, այլ մտավորականներ. այդ օրը զբաղված էին տուն կառուցելով»:Հայտնի է նաև, որ Բրոդսկին ապրել է Նորքում գտնվող Տուրբազայում: Նա հայաստանյան իր այցի ժամանակ հյուրընկալվել է ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի ամառանոցում, ինչպես նաև ծանոթացել է քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հետ: Ասում են՝ հենց Հայաստանում է Բրոդսկին առաջին անգամ փորձել սև սուրճը: Ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները նրան ծանոթացրել էին հայկական արարողությանը. նախ`առավոտը սկսել մեկ բաժակ սև սուրճով և ծխախոտով, ապա նույնը` ճաշից հետո, երեկոյան, ընկերների հետ և այդպես շարունակ:
Հետաքրքիր է, որ դեռևս 1968-ին բանասեր, թարգմանիչ Եֆիմ Էտկինդը նամակով խնդրել է Լևոն Մկրտչյանին Բրոդսկուն ընդգրկել հայ պոեզիայի ռուս թարգմանիչների խմբի մեջ, բայց այդ խնդրանքը մերժվել է Մարիա Պետրովիխի պատճառաբանությունների պատճառով. «Բրոդսկին շատ տաղանդավոր է, բայց վախենում եմ, որ նրա հետ, իբրև թարգմանչի, Ձեզ նույնքան դժվար կլինի, ինչպես դժվար է եղել ինձ համար»:
Ի դեպ, թարգմանության մասով ամենահետաքրքիր բացահայտումը. քչերը գիտեն, որ 1970-ին թողարկված, Թումանյանի հայտնի պոեմի հիման վրա ստեղծված «Լեգենդ Փարվանա լճի մասին» խորհրդային մուլտֆիլմի ռուսերեն հնչյունավորված տարբերակի տեքստը թարգմանել է հենց Բրոդսկին: Մուլտֆիլմի տևողությունը 14 րոպե է: Ռուսական տարբերակը կրկնօրինակվել է 1971-ին, «Լենֆիլմ»-ում: Սակայն, ինչպես վերոնշյալ մանկագիրների գործերի, այնպես էլ «Փարվանայի» պարագայում, միայն արխիվները քրքրելուց հետո ենք պարզում, որ թարգմանիչը հենց Բրոդսկին է:
Բրոդսկու արխիվում պահպանվել է վերջին քառատողի մեքենագրությունը.
«Никто из них не пришел назад.
Только порой луна
с полночного неба роняет взгляд
в озера Парвана»:
Առհասարակ, Բրոդսկին հետխորհրդային շրջանում ամենաշատը հայերեն թարգմանված ռուս բանաստեղծներից է. չորս գիրք և առանձին էսսեներ մամուլում: Ընդ որում, նրան` որպես մեծ պոետի, ժամանակակիցներն ընդունել են մինչև ԽՍՀՄ-ից արտաքսվելը: Իսկ 1987-ին ստացած Նոբելյան մրցանակն է´լ ավելի կենտրոնացրեց աշխարհի, այդ թվում նաև մեր ուշադրությունը Բրոդսկի պոետի և անհատի վրա: Եթե նկատի ունենանք, որ 1972-ին Բրոդսկին ստիպված հեռացավ հայրենիքից և մեկնեց ԱՄՆ, կարող ենք ասել, որ փաստացի, Խորհրդային Միության տարածքում Հայաստանը պոետի համար ուղևորության վերջին վայրն էր: Դրանից հետո նա`որպես այլախոհ, սրտի կսկիծով պիտի լքեր Ռուսաստանը: Ժամանակին չար լեզուները նույնիսկ մի լեգենդ էին հյուսել այն մասին, թե իբր Բրոդսկին այդ օրերին Հայաստան էր եկել Թուրքիայի սահմանով Խորհրդային Միության տարածքը հատելու մտադրությամբ, բայց դրանք ընդամենը չհաստատված ասեկոսեներ էին:
Աննա Բաբաջանյան