Ինչո՞ւ Չարենցին ազատեցին աշխատանքից

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հաշված շաբաթներ անց՝ 1920 թ. դեկտեմբերի վերջին բանաստեղծ Եղիշե Չարենցը Լուսավորության ժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի հրամանով նշանակվեց Ժողկոմատի արվեստի բաժնի վարիչ: Այդ պաշտոնում Չարենցն աշխատեց շուրջ կես տարի: Ընդունված է կարծել, որ նա աշխատանքից ազատվեց, քանի որ մտադրվել էր ուսումնառությունը շարունակել Մոսկվայում: Բայց արդյո՞ք դա էր բուն պատճառը: Որոշ փաստեր ու վկայություններ ստիպում են վերանայել տարածված տեսակետը:

Իբրև ասվածի ապացույց հարկ է նախ և առաջ աչքի անցկացնել մի նորահայտ վավերագիր: Խոսքը Լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի՝ ՀՍՍՀ Վրաստանի առաքելությանը հասցեագրած նամակի մասին է: 1921թ. հունիսին գրված այդ նամակում Հովհաննիսյանը մասնավորապես ասում էր. «... Լուսժողկոմատի Արվեստի բաժնի գործունեությունը կաղում է։ Գլխավոր պատճառն այն է, իհարկե, որ հայ արվեստի աշխատավորները մշակել են այն հարմար իդեոլոգիան, որ հայ արվեստի կուլտուրան Հայաստանի բանվորագյուղացիական իշխանության օրոք իսկ պետք է շարունակի զարգանալ գաղութային հայ բուրժուազիայի ջերմոցում՝ Վրաստանի մայրաքաղաքում։ Մյուս կողմից Հայաստանում մինչև այժմ հնար չեղավ գտնել արվեստի խնդիրներում զգայուն մի կազմակերպող, որ անցներ արվեստի բաժնի գլուխը։ Հարմարագույն մարդը այդ գործի համար համարվում է ընկ. Արշակ Ադամյանը, որը ներկայումս աշխատակցում է Ձեզ։ Խնդրում եմ առաջարկեք նրան տեղափոխվել Երևան գեղարվեստի գործը կազմակերպելու համար...»։ (ՀԱԱ, ֆ. 122, ց. 1, գ. 46, էջ 31)։

Ակնհայտ է, որ Լուսժողկոմն այնքան էլ գոհ չի եղել Չարենցի աշխատանքից և շտապել է նրա համար փոխարինող գտնել: Չենք բացառում, որ գրությունը շարադրելուց առաջ նա զրուցել է Չարենցի հետ և արտահայտել իր դժգոհությունը (իրադարձություններից առաջ ընկնելով նշենք, որ նամակում հիշատակված Ադամյանը հայտնի երաժշտագետ էր, փիլիսոփա, սակայն նա Երևան եկավ միայն 1924-ին և ստանձնեց կոնսերվատորիայի տնօրենի պաշտոնը):

Բայց պաշտոնաթողության դրդապատճառը կարծես թե միայն անբավարար աշխատանքը չի եղել: Ըստ ամենայնի, այդ հարցում այլ հանգամանքներ ևս որոշիչ դեր են խաղացել և հենց դրանց հանրագումարն էլ դրդել է բանաստեղծին գրել ազատման դիմումը: Թվարկենք դրանցից մի քանիսը:

Իրադարձությունների անբարենպաստ ընթացքի վրա մեծապես ներգործեց մի ցավալի միջադեպ: 1921-ի հունիսի 24-ին Չարենցը փողոցում վեճի է բռնվում մի երիտասարդի հետ: Բանը հասնում է փոխադարձ վիրավորանքների, ծեծկռտուքի, ինչից հետո Չարենցին բերման են ենթարկել պարետատուն և նույնիսկ անհրաժեշտություն է առաջացել կապել նրա ձեռքերն ու ոտքերը: Այս սկանդալային միջադեպից առնվազն 4-5 օր անց նա այլևս Արվեստի բաժնի վարիչ չէր: Համենայն դեպս, 1921թ. հունիսի 29-ին Չարենցն արդեն ազատվել էր աշխատանքից, քանի որ կա այդ օրվա մի կարճ գրություն, որը ստորագրել է «Արվեստի բաժնի ժամանակավոր վարիչ» Սերիկ Դավթյանը: (ՀԱԱ, ֆ. 122, ց.1, գ.682, էջ 26):

Սակայն եթե նույնիսկ մի կողմ թողնենք այդ օրերի խանգարիչ դրվագներն ու կողմնակի հանգամանքները, ապա ճշմարտության առաջ մեղանչած կլինենք, եթե չնկատենք, որ Չարենցն ամեն պարագայում ձախողելու էր իր պաշոնավարումը, քանի որ չուներ անհրաժեշտ փորձառություն ու գիտելիքներ, դեռ շատ երիտասարդ էր (ընդամենը 23-24 տարեկան) և վարչարարությունն իր էության հակոտնյան էր: Այս առումով իրավացի էր Ստեփան Զորյանը, երբ գրել էր. «Ճիշտ է, նա չուներ ոչ փորձ, ոչ վարչական ընդունակություն, բայց անում էր, ինչ կարողանում էր...»։ Միայն թե կաշվից դուրս գալու գնով հաջողության հասնել նրան վիճկված չէր, և եթե կար մեկը, ով իրավունք ուներ ամենաշատը դժգոհելու Չարեցից, դա… հենց Չարենցն էր: Դեռևս 1921թ. հունվարի 10-ին, այսինքն այդ պաշտոնը զբաղեցնելուց հաշված օրեր հետո, բանաստեղծուհի Լեյլիին (Փառանձեմ Սահակյան) հասցեագրած նամակում Չարենցն անկեղծանում էր. «... Խելքս էլ եմ կորցրել, գլուխս էլ, գոնե ինձ Մոսկով ղրկեին, ասեին` Չարենց, ել գնա Մոսկով, էնտեղ քեզ մի թաս ջուր կտանք, մի կտոր էլ հաց, ապրիր մինչև մեռնել... Գիտեք ինչ, Լեյլի, լավ կանեք որ գաք էստեղ. եկեք վերցրեք Արվեստի բաժինը, էդ Ձեր գործն է, և Դուք էդ գործը լավ կանեք, ես էլ կօգտվեմ հանգամանքից- կերթամ Մոսկով»: (Ե. Չարենց- Երկերի ժողովածու, հատոր 6, Երևան, 1967 թ.):

Սա նշանակում էր, որ հեռանալու, մեկնումի ծրագիրը եղել էր ավելի վաղ: Այնպես որ Մոսկվա՝ ուսումնառության գնալն այդ պահի լավագույն փրկօղակն էր ու հարմար պատրվակը:

Որպեսզի ասվածն ավելի հիմնավոր դիտվի, վերջում հավելենք այն փաստը, որ ուղիղ մեկ տարի անց Մոսկվայի Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանի հասարակական գիտությունների բաժանմունքի գրական- գեղարվեստական բաժնի ուսանող Չարենցը վերադարձավ Երևան՝ կիսատ թողնելով համալսարանական դասընթացը:

 

Հովիկ Չարխչյան