Երկխոսություններ ոչ ըստ սցենարի, կոտրված «Վոլգա» և անսպասելի ձյուն. Ինչպես են նկարահանել «Ծառայողական սիրավեպը»

Ֆիլմը կարող էր ձախողվել միմիայն մեկ պատճառով

«Artcollag»-ի ընթերցողներին ենք ներկայացնում 7days.ru կայքի անդրադարձը խորհրդային կինոյի ամենասիրված ֆիմերից մեկի՝ «Ծառայողական սիրավեպի» կուլիսային պատմությունները:

«Ծառայողական սիրավեպը» Էլդար Ռյազանովի սիրված կինոգլուխգործոցներից մեկն է՝ «ջերմ, բարի և անկեղծ» ֆիլմ, ինչպես որ վարպետը մտադրվել էր այն անել: Այս կինոնկարի պատմության մեջ չկան սկանդալներ և ինտրիգներ՝ ոչ մի արգելք, բյուջեի կրճատումներ, «պատերազմներ» դերերի համար, գրաքննություն: Ընդհակառակը, ֆիլմին ուղեկցել են մասնագիտական ​​ճանաչումը, հանդիսատեսի հսկայական սերը և պետական ​​մրցանակները:

Ֆիլմի գաղափարը ծագել է հազվագյուտ զգացողությունից... հարգանք հանդիսատեսի նկատմամբ: Դե, էլ ի՞նչ կինոնկար է հայտնվում նման տարօրինակ պատճառներով: Խնդիրը պիեսն էր, որը Ռյազանովը և Բրագինսկին գրել են 1971 թվականին: Շարքային վիճակագիր Նովոսելցևի և նրա ղեկավար Կալուգինայի սիրավեպի մասին «Ծառայակիցները» ներկայացումը մեծ հաջողությամբ ցուցադրվում էր Միության ավելի քան 100 թատրոններում և արտերկրում: Բայց հետո ստեղծվեց հեռուստաներկայացումը՝ Մայակովսկու անվան թատրոնի դերասանների մասնակցությամբ. այն դուր չեկավ ո՛չ հանդիսատեսին, ո՛չ էլ հեղինակներին: Ռյազանովը որոշեց ամեն ինչ շտկել և պիեսից ստեղծել իր կինոնկարը:

1976 թվական: Այդ պահին ռեժիսորի ֆիլմացանկում ամեն ֆիլմ իսկական հիթ էր՝ «Կառնավալային գիշեր», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ծերունի ավազակները», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ»: Ռյազանովի աշխատանքները գնահատվեցին բազմաթիվ մրցանակներով, իսկ վերջին ֆիլմի համար նրան շնորհեցին ԽՍՀՄ պետական ​​մրցանակ. հիմա նա ազատ էր նյութի ընտրության մեջ: Այդ պահին արդեն պրակտիկորեն ձևավորվել էր արտիստների մի խումբ, որոնց նա ներգրավել էր ֆիլմերում: Նրանցից շատերը, որոնք աշխատել էին Ռյազանովի հետ, մասնակցում էին «Ճակատագրի հեգնանքի» փորձերին: Այսպիսով, Սվետլանա Նեմոլյաևան կարող էր խաղալ Նադիայի դերը, իսկ Օլեգ Բասիլաշվիլին ի սկզբանե հաստատվել էր Իպոլիտի դերի համար: Ռյազանովի սկզբնական աշխատանքներում փորձերին մասնակցել է նաև Ալիսա Ֆրեյնդլիխը, և Ռյազանովը երազում էր երբևէ աշխատել նրա հետ:

«Ծառայողական սիրավեպը» չէր կարող լինել միմիայն մեկ պատճառով. եթե Ֆրեյնդլիխը հրաժարվեր դերից: Ռյազանովը սցենարը գրել է բացառապես նրա համար՝ չնայած նրան, որ դերասանուհին ապրում էր Լենինգրադում և պահանջված էր Լենսովետի թատրոնում: Ֆրենդլիխը պատմում էր, որ ստիպված էին համոզել ոչ այնքան իրեն, որքան իր ամուսնուն և համատեղությամբ թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Իգոր Վլադիմիրովին: Նա համաձայնեց, բայց պայման դրեց, որ ոչ մի ներկայացում չտապալվի: Նկարահանումները տևեցին 63 օր, և այդ երկու և ավելի ամիսները նա դեսուդեն էր ընկնում երկու մայրաքաղաքների միջև՝ իրականում գիշերելով «Կարմիր սլաք» գնացքում:

Մյուս արտիստները, բացառությամբ գուցե Լյուդմիլա Իվանովայի, որը խաղացել է ակտիվիստ Շուրայի դերը, հաստատվել են առանց լսումների: Ճիշտ է, Օլեգ Բասիլաշվիլին խնդրում էր Նովոսելցևի դերն իր համար. չգիտես ինչու նրան թվում էր, որ այն ստեղծված է հենց իր համար: Բայց արդյուքում, նա էլ խոստովանեց, որ բաշխումն առավել քան հաջողված էր: Իսկ ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա Ռյազանովի ֆիլմերի համար ավանդաբար գրում էր կոմպոզիտոր Անդրեյ Պետրովը:

Որպեսզի ոչ մեկի մոտ զուգահեռներ չառաջանան չստացված «Ծառայակիցները» հեռուստաներկայացման հետ, Ռյազանովը ստուդիայում նկարահանված տեսարանները համալրեց Մոսկվայի բնապատկերներով ու համայնապատկերներով: Նա միտումնավոր «տարաբնակեցրեց» հերոսներին արդեն այն ժամանակ բավականին մեծ մեգապոլիսի տարբեր ծայրերում. ղեկավարներին տեղավորեց կենտրոնում, շարքային աշխատակիցներին՝ ծայրամասում, իսկ Օլյա Ռիժովային ընդհանրապես «ուղարկեց» Մերձմոսկովյան հատված: Վիճակագրական վարչության աշխատակիցները «աշխատում էին» Պետրովկայի և Կուզնեցկի կամուրջի հատման խաչմերուկում, մի շենքում, որը խորհրդային շրջանում զբաղեցված էր տարբեր կազմակերպությունների կողմից: Իհարկե, ճակատին կախված էին «կեղծ» հուշատախտակներ`յուրաքանչյուրը մի տեսակ հղում էր գրական աղբյուրներին: Ներսի հիմնական տեսարանները նկարահանվել են «Մոսֆիլմի» տաղավարներում:

Հայտնի է, որ Ռյազանովը լիովին վստահում էր իր արտիստներին և թույլ էր տալիս սրտի ուզածի չափ իմպրովիզացիաներ անել: Ինչպես պատմում էր Ֆրենդլիխը, լինելով սցենարիստ, նա կադրում ամեն ինչ թույլ էր տալիս նրանց, և երբ տեսարանը լավ էր ստացվում, նա նույնիսկ քրքջում էր տեսախցիկի հետևում: Հաջողված պահերը շատ էին: Այսպես, Կալուգինայի և Նովոսելցևի ընթրիքի տեսարանը զուտ էքսպրոմտ է: Սամոխվալովի երեկույթին երկուսի զրույցը նույնպես ըստ սցենարի չէ: Նույնիսկ ձյան տեղալը կինոնկարում պատահաբար է հայտնվել. դա իսկական բնական անոմալիա էր: 1976-ին մայրաքաղաքում ձյունը տեղաց անսպասելիորեն վաղ՝ սեպտեմբերի 25-ին: Ռեժիսորը որոշեց օգտագործել պահը և նույնիսկ հորինեց երգի բառերը, որը պետք է հնչեր ֆիլմում: Ճիշտ է, նա Պետրովին հայտարարեց, որ բառերը գրել է անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Բլեյքը: Իր հեղինակ լինելու մասին նա խոստովանեց ավելի ուշ: Արդյունքում, նման տեսարանների պատճառով կինոնկարի տևողությունը երկարեց մինչև ոչ թե երկու, այլ երեք մասի. Ռյազանովը ստիպված էր շատ բան կրճատել:

Որոշ գործող անձիք իսպառ դուրս են մնացել: Այսպիսով, սցենարում հստակ գրված էր լիարժեք դեր՝ քարտուղարուհի Վերոչկայի ամուսնու համար. նրանք պետք է իրականում վիճեին, այլ ոչ թե հեռախոսով: Բայց նկարահանումների սկզբում դերասան Նիկոլայ Ֆատյուշինը վնասեց աչքը. արդյունքում նա նկարահանումների սիրտ չուներ, չնայած նրա մասնակցությամբ մի քանի դրվագներ պահպանվել են. այսպիսով, նրա դեմքը առկայծում է Բուբլիկովի «հարության» և Լյուդմիլա Պրոկոֆևնայի նոր կերպարի հանեպ հիացմունքի դրվագներում:

Ասում են, որ նկարահանման հրապարակի մթնոլորտը ինչ-որ տարօրինակ կերպով զգացվում է կադրում և ազդում է կինոնկարի ճակատագրի վրա: «Ծառայողական սիրավեպի» համար սա առավել քան արդարացի է: Ավելի ուշ Ռյազանովը պատմել է, որ այդ ժամանակ ինքը կրքոտ սիրահարված էր, և այդ զգացումը փոխանցվում էր շրջապատողներին: «Մենք նկարահանում էինք ինչ-որ մի զարմանալի ջերմ վստահության, բարյացկամության և հրաշքի սպասման մթնոլորտում», - ասում էր ռեժիսորը:

Ալիսա Ֆրեյնդլիխը նույնպես մեծ ջերմությամբ է հիշում նկարահանումները: Նրան դուր է եկել այն փաստը, որ Ռյազանովը նկարահանում էր հաջորդաբար. «Որպեսզի գլանի թելը պտտվի, որպեսզի ճանապարհին չկորցնես այդ պաստառի օղականցքը», - ասում էր դերասանուհին: Բայց ամենից շատ նա գնահատում էր կատարյալ կադրի ձգտումը. Ֆրեյնդլիխն ինքը պերֆեկցիոնիստ է և ռեժիսորին հասկանում էր ավելի լավ, քան որևէ մեկ ուրիշը:

Նկարահանումների 63 օրերի ընթացքում թերևս ամենադրամատիկ պահը ավտովթարն էր, որին ենթարկվեց Օլեգ Բասիլաշվիլին: Ըստ սյուժեի նա՝ որպես պետի տեղակալ, ուներ ծառայողական «Վոլգա»: Ընդ որում, արտիստը ընդհանրապես մեքենա վարել չգիտեր: Հատուկ նկարահանումների համար նա յուրացրել էր տարրական հիմունքները. ինչպես միացնել շարժիչը և տեղից պոկվել: Մի անգամ, նկարահանումների ժամանակ, «Վոլգային» դեմ հանդիման դուրս ցատկեցին երկու աղջիկ. դերասանը վախեցավ և ամբողջ ուժով սեղմեց արգելակը, բայց ... խառնեց ոտնակները: Արդյունքում՝ մեքենան ամբողջ ուժով  բախվեց «Սոյուզպեչատի» կրպակին: Բարեբախտաբար ոչ ոք չտուժեց, և դերասանից նույնիսկ վնասի փոխհատուցում չպահանջեցին:

Նկարահանող խմբից ոչ ոք չէր կարող ենթադրել, թե ֆիլմը ինչ հաջողություն կունենա: Երբ 1977 -ին կինոնկարը մեծ էկրան բարձրացավ, այն դարձավ կինովարձույթի առաջատարը՝ 58 միլիոն հանդիսատեսով: Կինոյի մասին գլխավոր ամսագիրը՝ «Սովետական ​​էկրանը»  «Ծառայողական սիրավեպն» անվանեց տարվա կինոնկար, իսկ գլխավոր դերակատարներ՝ Ֆրեյնդլիխին և Մյագկովին՝ տարվա դերասան և դերասանուհի, սցենարիստներին, դերասաններին և օպերատորին շնորհվեց պետական ​​մրցանակ:  Ֆիլմը հանրաճանաչ է նույնիսկ արտերկրում. այն սիրեցին Չինաստանում և նույնիսկ ԱՄՆ-ում՝ նշելով ապշեցուցիչ անկեղծությունը, դերասանների հրաշալի խաղը և Սովետական ​​Միության ուշ ժամանակաշրջանի հմայքը:

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի