Իմ ձեռագիրը գեղեցիկ չէ

Ես պարտվել եմ։

Ես պարտվել եմ քեզ բոլոր հնարավոր ու անհնարին մակարդակներում,

Ես պարտվել եմ, որովհետև հենց այդպես էի ուզում,

Որովհետև քեզ պարտվելն ամենագեղեցիկն ու նվիրականն էր, որ կցանկանայի զգալ այս գրողի տարած աշխարհում,

Երբ ամենքն ու ամեն ինչ հպարտորեն հայտարարում են հաղթանակի մասին,

Երբ անհատապաշտները բղավում են, որ մեն-մենակ մահվան դեմ են դուրս եկել ու համառ պայքարից հետո հաղթական գահին են բազմել՝

Մոռանալով, թե ով է իրենց ձեռքն աննկատ բռնել ու համբերատար անցկացրել դժոխքի միջով։

 

Ես խոստովանում եմ։

Ես խոստովանում եմ, որ ատում եմ զգայականի այն բարձրագույն աստիճանը, որին երբևէ հասել եմ,

Ես խոստովանում եմ, որ ապրելու և մեռնելու միջև հաճախ համառորեն երկրորդն եմ տենչում,

Որովհետև անտանելի ծանր է զգացմունքի այն բեռը, որ ոչ մի կերպ չի պոկվում կոկորդիցս,

Որովհետև փուչ շաղակրատանքը չի լցնում այն միապաղաղ դատարկությունը,

Որ ժառանգել եմ իբրև հետնորդ քո թողածի դիմաց,

Որովհետև պայքարի իմաստ չկա, եթե անցյալն է միայն իմը։

 

Ես կորցրել եմ։

Ես կորցրել եմ անմտորեն հավատալու երբեմնի կարողությունս, որ թվում էր՝ անխոնջ զարգացրել էի,

Ես կորցրել եմ ինձ չկորցնելու ցանկությունս ու ինքնակառավարվելու բնական մղումը,

Որովհետև հասկացել եմ, որ մերը չէր այն պատերազմը, որ ծնվեց ամենաթանկից՝ սիրուց,

Որովհետև մոխրացած ու քայքայված հոգուց չի վերածնվում զգացմունքը, 

Որ ինքնամոռաց երազելու և ինքնագոյատևելու միջոց էր,

Որովհետև ես այլևս ունակ չեմ կորցնել ու ընդունել կորուստս։

 

Ես պարտվել եմ։

Ես պարտվել եմ քեզ ու խոստովանում եմ, որ կորցրել եմ ինձ այդ ճանապարհին։

Ես պարտվել եմ, բայց ոչ մեր պատերազմում, որովհետև սերը չի պատերազմում,

Բայց, միգուցե, սիրո համար են պատերազմում, որ կյանքի անցած ճանապարհը թանկ հուշերով լցնեն,

Որ արվեստի հերթական ժանրում իրենց գտնեն ու պատմելու պատմություն ունենան, 

Որ մտածեն՝ իրենցը յուրահատուկ է եղել, մինչդեռ բոլորը նույն կերպ են սիրում

Բայց անկրկնելի ձեռագրով են գրում ու պահպանում սերը։

 

Իմ ձեռագիրը գեղեցիկ չէ։

Իմ ձեռագիրը գեղեցիկ չէ, բայց ես աննահանջ գրի էի առնում զգացմունքիս հյուլեները,

Արևին էի պատմում, որ ամեն առավոտ լույս տա ինձ՝ հիշեցնելով ամենի անցողիկության ու մեր՝ չնչին լինելու մասին,

Որ չխելագարվեմ անավարտ գալարի ետևից վազելիս,

Որ կանգ առնեմ, բայց ետ չնայեմ,

Որովհետև ես մի չստացված մուսա եմ,

Որովհետև իմ ձեռագիրը գեղեցիկ չէ։

***

Քաղաքը

Փախչում էր քամին քաղաքից տխուր,

Դառնում էր վերհուշ, լռում ու խեղդվում,

Վերջին անցորդի քայլերով անսփոփ

Նա լույս էր տենչում խավարի սրտում։
 

Քաղաքը մարում էր, մոխրանում հեռվում,

Բայց և պայքարում ուժով անկոտրում,

Անկարող սգով պատում թշնամուն,

Որ հավերժ օտար է իր այդ սուրբ հողում։

Քաղաքը ամուր է, սպասում է վաղուց,

Մնում է կանգուն, կայուն, աննկուն,

Քաղաքը գոռում է, անվերջ մեզ կանչում,

Որ դառնանք մենք տուն, ապրենք նրանում։
 

2023 թվական, դեկտեմբեր

Եվա Հարությունյան