Իմ տունը Սուրամի ամրոցն է

2024 թվականի հունվարի 9-նն է և աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ ծանոթ են փարաջանովյան արվեստին, այսօր անկասկած հիշելու են կինոյի մեծ մոգին, որ հեքիաթասաց էր, աճպարար, նկարիչ ու պոետ միաժամանակ: 100 տարի առաջ Թբիլիսիում ծնված հայ մանչուկին վիճակված էր կինոն հասցնել պոետկայի մի մակարդակի, որից հետո դժվար էր սահմանազատել կինո է դա, թե պոեզիա և կամ գեղանկարչություն: Եվ փարաջանովյան կինոէսթետիկան անկասելի ուժով ներխուժեց կինոարվեստ ու բացառիկության իր իրավունքով հաստատվեց լավագույնների շարքում: Կինոհանճարի 100-ամյակի առիթով «ArtCollage»-ը թարգմանաբար ներկայացնում է Իրինա Ուվարովայի «իմ տունը Սուրամի ամրոցն է» էսսեն՝ «Ով էր Փարաջանովը» գրքից, որը կազմել և հրատարակել է Փարաջանովի երևանյան թանգարանը՝ թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանի նախաձեռնությամբ:

 

***

Իսկ այն նման էր ամրոցի, այդ նույն փարաջանովյան տունը՝ նեղլիկ Մեսխի փողոցի բարձունքում: Լեռների նման այն կտրուկ ձգվում էր դեպի վեր, ասես վերևում նրան սպասում էին արծիվներն ու ձյուները:

Տունը նման էր հին ամրոցի փայտե դեկորի, այն արդեն քայքայվում էր, ծերունաբար ճռռում ու տրտնջում էր, և լեռնային արահետի պես երկրորդ հարկ՝ դեպի Փարաջանովը բարձրացող աստիճանները կարող էին փլվել անդունդի մեջ:

Բայց ընդունելով հյուրերին, ընկերներին ու վերջապես թշնամիներին և ընդհանրապես, ում  պատահեր՝ տունը լի էր արժանապատվությամբ և ինչ-որ մեղմ սիրալիրությամբ: Ամրոց, իհարկե, բայց թբիլիսյան ամրոց:

Միայն Թբիլիսիում կային այդպիսի տներ, այդպիսի հյուրեր, այդպիսի հարևաններ: Ներքևում հարևանները շատ էին, բայց բակը նման էր հատուկ նկարահանումների համար կառուցված  տաղավարի. «Փարաջանովն իր հոր թբիլիսյան տանը»:

Այդպիսի ֆիլմ չկար, փոխարենը տանը մշտապես թատրոն էր արարվում, ստեղծվում և անհետանում էին փոքրիկ թատրոններ՝ ամեն օր կամ ամեն րոպե: Նրա կամքին հնազանդ, այնտեղ խաղում էին մարդիկ ու իրեր և հանդիսատեսներ էին հավաքվում, իսկ երբեմն էլ նրանց կարիքը չէր լինում: Նա, ինչպես ասում էին նախկինում, Կյանքի Թատրոնի Տնօրենն էր:

Տարբեր տարիներին Փարաջանովի հետ երեք թբիլիսյան հանդիպումները ես ուզում եմ հիշողության մեջ պահել որպես մեկը: Հանդիպման միասնական տարածքում, բազմաթիվ դրվագների մեջ, ես ընտրում եմ երեք ներկայացում, երեք փոքրիկ թատրոններ.

Մեկ դերասանի թատրոն

Մեկ ծաղկեփնջի թատրոն

Շնորհների թատրոն

Գործողության վայրը՝ Փարաջանովի տունը,նրա տունը նրա ամրոցն է, եթե կուզեք՝ Ամրոց-թատրոն:

Ռեմարկ. դա հանդիպում չէր ինձ հետ: Փարաջանովը հանդիպում էր Յուլի Դանիելի հետ, որին շատ էր սիրում: Իսկ ես նրա կողքին էի:

Մենք Թբիլիսիում հայտնվեցինք հենց այն ժամանակ, երբ նա տուն էր վերադարձել: Երեկոները, բնականաբար, նրա մոտ հյուրեր էին հավաքվում: Նա հյուրասիրում էր իր բանտարկությունների մասին նովելներով, որոնց մասին լուրերն ակնթարթորեն տարածվում էին քաղաքում: Մոսկվայից երկու տիկնայք նրա պատմություններից սմքեցին, գունատվեցին: Այդ ճամբարն իսկական դժոխք էր, սարսափելի էր, թե ինչ էր այնտեղ կատարվում, դրվագներ կային, որ նրանք անգամ շշուկով չէին համարձակվում կրկնել: Դժբախտ Փարաջանով: Իսկ հիմա՞՝ անգործ է մնացել: Ապրուստի միջոց չունի:

Իմանալով որ Յուլին Թբիլիսիում է, նա անմիջապես հրավիրեց մեզ: Մենք գնացինք:Եվ ներկա գտնվեցինք վիթխարի բեմադրության՝ ի պատիվ նոր հյուրի:

-Դուք դարձյա՞լ այստեղ եք, -դիմավորեց նա մոսկովյան երկու տիկնանց: Տիկնայք չէին գնացել: Նա վրդովված էր: Նախկին բեմադրությունների հանդիսատեսն այսօր նրա սրտով չէր:

-Յուլի, ես այնտեղ նրանց քար կտրել եմ սովորեցրել: Ընկերներս քարեր էին ուղարկում. սարդիոն, ագաթ, մեղեսիկ: Ճամբարում այնպիսի տաղանդներ կային: Դե դուք գիտեք՝ այնտեղ ինչ մարդիկ են: Մի Վասյա կար: Վասյա չէ՝ Բենվենուտո Չելինի: Հիմա ցույց կտամ նրա լուսանկարը: Վասյա՝ Ոսկե ձեռքեր, առավոտյան լուսանկարը կար, ո՞վ է վերցրել: Օ,Վասյա, հորն է սպանել, մորը... Ահա նա, նայեք:

Բայց՝ ոչ, դա Վասյան չէ, Պազոլինին է:

Բանտարկյալի էթիկան վերաճում էր ազնվազարմ սնապարծության:

Յուլին եղել էր քաղաքական ճամբարներում: Հպարտությունը թույլ չէր տալիս նրա ներկայությամբ պատմել քրեական մղձավանջների մասին:

Ներկայացումը կասկադային էր, ճանաչիր մերոնց. տոնավաճառային բեմերի բոլոր աճպարարներին բնորոշ զավեշտախաղով, կատակներով:

-Բայց դուք էլի կգաք չէ՞, իսկ ես անպատճառ կգտնեմ Վասյային: Դուք պետք է անպայման տեսնեք նրան, հավատացեք խոսքիս: Ռուստամ, արի այստեղ: Ռուստամը նույնպես մեծ տաղանդ է:

Հյուրերը գալիս էին՝ պայուսակներից սնունդ հանելով: Փարաջանովը հրամայեց ընտանեկան հավաքածուի անգին ափսեները բերել՝ շարունակելով խոսել, փորփրել ալբոմները, ցրել և հավաքել դիմանկարները, նկարները, իտալական նամակները, ֆրանսիական թերթերը, վիճելով և բողոքելով անմոռանալի Վասյա Չելինիի կորած պատկերի առիթով: Ընթացքում  նա ծածուկ ինձ տվեց նկարը, որը մեծ վարպետությամբ արել էր ճամբարում: Ես զննում էի նուրբ գծերը, ինչպես է նա նկարում: Նա հեզ և անմեղորեն հետևում էր ինձ: Այն, թե ինչ է հատկապես այնտեղ նկարված, ես գլխի ընկա մի քանի տարի անց: Նա շարունակում էր քննադատել թբիլիսյան կինոստուդիային. «Հասան այն բանին, որ առաջարկեցին Կարլ Մարքսին խաղալ, մորուքը նման է: Ես նրանց համար կխաղայի»:

Ասես վենետիկյան դոժի մորուք լիներ: Թեև չեմ հիշում ինչ տեսք ունեին դոժերը, բայց նա, անկասկած, մի փոքր վենետիկցի էր, վաճառական, մավր, Սուրբ Մարկոսի հրապարակի թավամազ առյուծ: Կամ էլ Ֆելինիի ֆիլմից էր: Կամ էլ դիմակահանդեսի ամբոխում էր՝ դիպակի, մորթիների մեջ, Սերգեյ Փարաջանովի դիմակով:

Մի անգամ, աշնանը, հայտնվելով Թբիլիսիում, մինչև փարաջանովյան տուն գնալը, մենք գնացինք շուկա՝ նրա համար ծաղիկներ ընտրելու: Մեր բախտը բերում էր: Կային փոքրիկ յասամանագույն վարդեր և մանուշակագույն քրիզանթեմներ, բաց մանուշակագույն զանգակներ և չորացած խոտերի խամրած արծաթագույնը: Ես մեր նրբաճաշակ փունջը կապեցի տնից, տատիկի զարդատուփից բերած բրաբանտյան ժանյակներով՝ նվեր փարաջանովյան տիկնիկներին:

Ներկայացումը սկսվեց հանձնելուց: Ինչպես նա բռնեց սիրտը, աչքերը ճակատին թռցրեց, ասես ծնունդից ի վեր ծաղիկ չէր տեսել: Նա մեկ փունջը մոտեցնում էր իրեն, մեկ նետում էր սեղանին և վախեցած հետ էր վազում՝ այն զննելով անկյունից: Այն դնում էր թանկարժեք, փոշոտ ծաղկամանների, թթու պոմիդորների բանկաների մեջ կամ դնում էր հատակին՝ տակը պարսկական շալ փռելով:

Ընդհանրապես նա նատյուրմորտի ներսում էր ապրում՝ մշտապես ինչ-որ բան համադրելով, շարժելով, փոխելով, ստեղծելով արտասովոր կոնպոզիցիաներ, կարճաժամկետ գլուխգործոցներ: Առարկաների, պտուղների և տիկնիկների խորհրդավոր կյանքը, որ բաց էր  միայն նրա և այլևս ոչ ոքի համար, նրա ֆիլմերի օդն էր: Բայց անգամ նրա վերաբերմունքն այս ամենի հանդեպ գիշերային, հոֆմանյան բնույթ ուներ: Առարկաները նա տանում, արտաքսում էր պահարան և վերադարձնում էր մոռացումից՝ ներկայացում-նատյուրմորտի մեջ, ներկայացում-կոլաժում: Նա ուներ արիստոկրատ իրեր և իրապես պլեբեյ առարկաներ: Պատկերասրահում իշխում էր շուկայական գեղեցկությունների աղմկոտ մասսան, թագադրված մանկական պտուտանով: Քամիներին հնազանդ, այն պտտվում էր՝ մութ  սենյակ ուղարկելով էժանագին փայլաթիթեղի փայլերը:

Հաջորդ օրը նա փունջը նվիրեց հարևանուհուն: Նա նման բան երբևէ չէր ստացել և հետո այն արդեն փոքր-ինչ թոշնեց: Բայց ժանյակները թողեց փարիզյան տիկնիկին՝ Ժորժ Սանդի ժամանակակցին:

-Այս տիկնիկը Բելլայի համար է:

Նա նվիրելու մոլուցք ուներ, նվերներ անելու հողի վրա նա վերածվում էր պարզապես մոլագարի, դրանցից հրաժարվելը հերշավոր դժվար էր:

Մենք արդեն հրաժեշտ էինք տալիս, այս անգամ արդեն ընդմիշտ, իսկ նա փոթորկի պես անցնում էր տան մեջ, ինչ-որ բան պոկելով պատերից, ինչ-որ բան հանելով պահարաններից, մուրաբայով բանկաններ, դարբնագործ թեյնիկ և նկար էր տալիս.

-Ինչ ես ուզում, այդ ինչպես թե՝ ոչինչ, խնդրում եմ՝ ասա:

Ինչու ես չասացի, որ պատշգամբի պտուտանն եմ ուզում. մեր թոռնիկի երազանքն էր, հենց պտուտան էր նա խնդրել բերել:

Մեզ նաև խնդրել էին թարմ թուզ բերել, մենք ասացինք այդ մասին, և զարմիկը՝ Գարիկը, նույն պահին շուկա ուղարկվեց, իսկ մենք արդեն չէինք հասցնում: Ցույց տալով ինքնաթիռի տոմսերը, հազիվ համոզեցինք Սերգեյին բաց թողնել մեզ, իսկ նա վերևից, ամրոցից, մնջախաղով ցույց էր տալիս որ Գարիկը կհասցնի:

Նրանք հաջորդ երեկոյան զանգեցին Մոսկվա: Պարզվեց, որ Գարիկը բերել է չարաբաստիկ թուզը, որ Սերգեյը դրանք դասավորել է զամբյուղում՝ զարդարելով տերևներով, որ Գարիկը խելագարի պես սուրացել է ամառային դաշտում, և վերջին ուղևորին աղերսել է գտնել և մեզ փոխանցել դա:

Ինչո՞ւ ես չասացի, որ մեզ փոխանցել են զամբյուղը:

Սերգեյի հուսահատությունն անսահման էր, նա երդվեց գտնել իր նվերը խժռած     ստահակին:

Իհարկե, նա տեղում մոռացավ վրեժի մասին: Բայց նրա անկանխատեսելի հոգու մի թաքուն անկյունում տիրում էր արդարությունը և նա այն պահպանում էր, որովհետև այդ աշխարհի տիրակալն էր:

Ինչ-որ բան փոխվում է, երբ հեռանում են տիրակալները: Եվ անհեթեթ միտքը, աշնանային ճանճի պես, պտտվում է գլխումս՝ աղետները եկան օրհնված Թբիլիսի, երբ նա մահացավ:

 

Թարգմանությունը՝ Նունե Ալեքսանյանի