Իմ կապույտ-կարմիր երազը

Մանդարինի հոտ է գալիս, ուրեմն արդեն նոր տարի է։ Վրաստանից գնած  մանդարինի լիքը տոպրակները ձեռքիս մոտեցա մեքենային, տոպրակները մտովի բաշխեցի բարեկամների մեջ, վերարկուս հագա ու ուղիղ Երևան, բայց Թբիլիսիից ուղիղ Երևան գալ մեր դեպքում հնարավոր չէր, սահմանը հատելուց հետո ճամփին հազար տեղ կար մտնելու։ Եթե ես նույնիսկ ապրեի աշխարհի ամենածայրում, տավուշյան չգրված ավանդույթները վաղուց արդեն մեխված էին գլխիս մեջ։

Չորս թե հինգ տարեկան էի, երբ առաջին անգամ հասկացա, թե մեր բարեկամներն ինչո՞ւ են միշտ նույն օրը մեզ հյուր գալիս Նոր տարուն, որովհետև գնում էին գերեզմաններ, առաջինը՝ հանգուցյալ հարազատների մոտ, հետո նոր ողջերի։

Նոր տարին սկսեց այդպես տպավորվել, ու չգիտեի՝ ես ուրա՞խ եմ, թե տխուր, ավելի ճիշտ՝ մտածում էի արդյոք կարելի՞ է ուրախանալ, թե՞ պետք է տխրեմ, ու նայում էի մեծերի աչքերին, եթե ժպտում էին, ես էլ էի ժպտում, եթե լացում էին՝ նրանց արցունքներին նայելով, ես էլ էի լացում՝ չընկալելով սեփական լացիս պատճառը…

Սեղանի շուրջ հանգուցյալների հոգու հանգստության համար տնական հոնի օղին խմելուց հետո հիշում էին երեխաներին՝ մեզ, որ միշտ՝ հյուր եկած երեխաների կողքին խեղճ էինք երևում, որ սեղան էինք սարքում մեր մանրիկ մատներով, որ տարիքը բարիկադ չէր ցրտին ափսեները դուրս ու ներս տանելու համար…

Այդ ամենն անելուց հետո հյուր եկած երեխաներին ցույց էինք տալիս մեր պահարանում դրված «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանները, քանի որ զարմացնելու որևէ այլ բան չունեինք։

-Նայի, տառը գտնում ես, ու, ըստ տառի, որոնում քո ուզած բառը,-ասում էինք և երջանկանում, որովհետև մենք դա՛ գիտեինք, չնայած որ կարդալ էլ դեռ լավ չգիտեինք։

Հանրագիտարանից հետո հերթը բելառուսական հեքիաթների ժողովածուինն էր,   անգիր պատմում էինք Ալյոնկայի հեքիաթը, հետո թերթում ու թերթում գիրքը՝ նոր նկարներ գտնելու հրաշքի սպասումով։

Հետո գալիս էր Բաբանց Սերոժ պապը՝ երկու ցրտից քաղցրացած արքայանարինջ ձեռքին, ու ուրախանում էինք, չնայած որ այգու արքայանարնջի ծառերի ճյուղերը ծանրությունից կոտրել էին, բայց չէ, մենք ուրախանում էինք այն երկու՝ պապի բերած մրգի համար, որովհետև մեզ սիրել է, որովհետև մեզ երեխայի տեղ է դրել։

Հյուրերը հենց գնում էին, գալիս էր հարևան Կիմա տատը, իր հնամաշ գոգնոցի գրպանում մի բուռ սալորի չիր, ու երկու «շուշա» կոնֆետ։

Կապույտ աչքերը դարպասից այն կողմ արդեն պսպղում էին, գիտեր, որ մեզ ուրախացնելու է, չնայած որ տան նկուղում չրերի համար տեղ ու դադար չկար, բայց Կիմա տատի բերածն ուրիշ էր, կախարդական էր, կապույտ գոգնոցի գրպանից էր, որը տեսնում էի ծնված օրվանից…

Չրերն ու կոնֆետը մեզ էր տալիս, և պատմում թե նոր տարվա առթիվ ինչ  պահածոներ է առանձնացրել որ բացի, քանի պահածո է ուղարկել աղջկա տուն, հետո սկսում էր խոսել թոռների գեղեցկության մասին, ու եթե թոռները մինչև հիմա չգիտեն՝ Կիմա տատը կարծում էր, որ ամենասիրունը Ռուզիից հետո Հունանն է, իր նման կապուտաչյա է, մազերն էլ գանգուր, չնայած որ մյուս թոռներին էլ էր սիրում վերերկնային սիրով, բայց դե Հունին ուրիշ էր։

Այդ ընթացքում ես թախտի վրա նստած հավաքում էի Պետերբուրգից ուղարկած «Мозаика»-ն, որը Մարիա հորաքույրն էր ուղարկել, մտովի պատկերացնում էի ճերմակ գիշերներն ու պետերբուգյան սև կակաչները, որի սերմերն արդեն ծաղկանոցում ցանած էին։

Ամեն տարի մյուս հարևան Անիչկա տատը խոսք էր տալիս որ թոռը՝ Աննան Սամարայից կգա Նոր տարուն, ու ես սպասում էի Աննային. նա գնացել էր նախորդ ամռանը, ու մենք չէինք կարողացել հագնել մեր կարմիր շորերն ու կոշիկները, որ փերի դառնանք, կարմիր շորերով փերի…

Պատկերացնում էի ու սպասում մինչև Սուսիկը վերևի տնից կգա ինձ կկանչի,  ու կգնանք Աղասի պապի տնկած 7 մետրանոց եղևնին փայտի օգնությամբ զարդարելու։

Զարդարելու համար միշտ օրերով խնդրում էինք տանը, որովհետև ցուրտ էր, թույլ չէին տալիս այդքան դրսում մնալ, մինչև համոզում էինք՝ Նոր տարին վրա էր հասնում։

Վերջում ծառի վրա մնում էր մի սովետական խաղալիք, որը ծառի բարձրության պատճառով Նոր տարուց հետո չէինք կարողանում հավաքել, ու մի քանի փայլ՝ մինչև գարուն ծածանվում էին բակի եղևնու վրա, մինչև սելավը չսրբեր տաներ։

Հունվարի մեկին նշում էինք հայրիկիս ծնունդը։

Տատիկս պատմում էր, որ մի քանի ծանոթ, որոնց երեխաները նույնպես  ձմռանն են ծնվել, ծննդականի մեջ ծննդյան օրը կաշառքով հունվարի 1 էին «գրել տվել», որ «հետ չմնան», մտածելով, որ այդ արժանավոր օրը ծնվելը չգիտես ինչու մեծ հաջողություն ու պատիվ է, ու այդպես՝ հունվարի 1-ին համ հյուր էինք գնում համ հյուրեր էինք ունենում, այնքան որ հարևանների տնից միշտ աթոռ էինք բերում, որովհետև նստելու տեղը չէր բավականացնում։

Հետո գալիս էին Թիֆլիսի ծանոթները, բայց միշտ տեղ էր գտնվում բոլորի համար։

Մեքենայի մեջ նստած այդ ամենը հիշում ու փորձում էի հասկանալ զգացածս։  Առհասարակ Տավուշում շատ քիչ է ձյուն գալիս, նույնն էլ Թբիլիսիում։ Ու երբ Թբիլիսիի մեր տան պատշգամբից  առավոտյան նայում էի Մտածմինդայի այգուն, թվում էր թե ես ոչ մի տեղ չեմ գնացել իմ մանկությունից, նույն մեր տան դիմացի անտառն է, և նույնիսկ ձմռանը կարելի է գնալ մանուշակ հավաքելու։

Թբիլիսին իմ մեջ արթուն էր պահում բոլոր հիշողություններս, ու ես ինձ մենակ չէի զգում։

Մոտեցանք սահմանին, բարեբախտաբար մեքենայի միջի մանդարինի առատության համար ոչինչ չասացին, վրացի սահմանապահների «քեֆը» լավ էր, ու նորից շարունակեցի հիշել…

Հիշել, որ ժամանակին հայրս աշխատում էր այդ նույն՝ Հայաստան-Վրաստան անցակետում, այն տարիներին, նաև հիմա՝ երազանքի աշխատանք էր։ Մի Նոր տարի հայրս աշխատանքից տուն եկավ «Yamaha» մակնիշի էլեկտրական դաշնամուրով, հետո մեր տուն եկան բոլոր հարևանները, որ տեսնեն «գիտության այդ հրաշքը»։

Հետո հիշեցի Մարալ անունով թուրքական տիկնիկիս, որն ինձ նվիրել էր «տամոժնիայի» Արմենը, բայց ես խաղալիքներս դրսում խաղալուց հետո հավաքելու սովորություն չունեի, ու շները մի օր մաս-մաս արին Մարալին։

Երբ գալիս էր հունվարի 1-ի կախարդական գիշերը, բոլորը մեր տանն էին գիշերում, ու ամենաերանելին այն էր, որ երեխաներով միասին էինք քնում, իրար պատմելով բոլոր հնարավոր ու անհնար հեքիաթներն ու վախենալու պատմությունները, ու այդպես լուսացնում։

Որքան մոտենում էինք, ես հասկանում էի, որ այն տոպրակներով մանդարիններն այլևս անհասցե են, դրանք ես գնել եմ արդեն միայն իմ հիշողության մեջ ապրող մարդկանց համար՝ ենթագիտակցաբար…

Շուտով Ամանոր է, ես նորից կհիշեմ այս ամենը, հաստատ կտխրեմ, բայց նաև կուրախանամ, որովհետև ես ապրել եմ այն կապույտ-կարմիր երազը, որը թաքնված էր հաստաբուն եղևնու բնում, ցրտահարված արքայանարինջների մեջ ու տատի կապույտ գոգնոցի գրպանում, ես կարողացել եմ երազել, հավատալ, որ կյանքում չար ու բարի կախարդներ կան, որոնք գալիս ու գնում են ձյան հետ, ու եթե Ձմեռ պապը այս տարի մանդարինով լի տոպրակ չբերի, ուրեմն չար կախարդը չի թողել, բայց Ձմեռ պապը մանդարինով տոպրակը  բերում էր միշտ, ու հավատում էի, որ բարի կախարդներն ավելի շատ են …

 

Ասպրամ Սարատիկյան