Իմ աստված ջազը

Ավարտվեց էտյուդը։
Հոգնած ստեղները
մերկ լռության մեջ
խաղաղ մարեցին,
ու գալարվում է
օդում խեղճացած,
խլացած մի ճիչ:
Հնչյունն ութերորդ`
սերն իմ դորիական,
թովիչ,
խուլ աշխարհին
պետք չեկավ նորից:
***
Որովհետև ես մոռացել եմ
պարտիտուրը երջանկության,
նվագե՛ք իմ որբությունը
հարմոնիկ մինորում:
ու թող ցողի ջութակը
սիրտս մինչև լույս,
ֆո՛րտե, ֆո՛րտե, չկանգնե՛ք,
պիրկ ստեղներ լեցուն,
մեռնում է ցավս
ռոյալի ներսում:
***
Երկինք,
թաց
դեկոր
Հերայի,
բաց ստինքներդ ճերմակ
ու մանիր
փշրված երազը Եվայի։
Պտտվե՜ք,
պտտվե՜ք,
անանուն
գիսաստղեր հրածին,
փոթորկի առանցքում
կպայթի
միջօրեն բաղձանքի՝
չորս քառորդ
մաժորում
հեշտանքի:
***
Բոլորը
մի բան գտան իմ մեջ.
խեղկատակ,
ապուշ-բարի բանաստեղծ,
թուլամիտ,
բանվող էշ,
օգտակար չաչանակ,
գրող-մրող և այլն...
Բոլորը պետքական
մի բան վերցրին
չքացան։
Բզկտված,
ոսկրոտ ջղերով
կանգնել եմ հիմա
ամոթի հայելու առաջ,
կարմիր ջազ է
ցայտում ցնցուղից։
Վճռականորեն վերցնում եմ ածելին,
որ վերջին անգամ,
սրբագործեմ մարմինս,
ու հանկարծ
Ռեյը նվագում է
Ռեյը նվագում է,
ինչ-որ տեղ։
Գո՞ւցե գլխիս մեջ,
չեմ հասկանում։
Արպեջիոնները թռչում են
Հանց մանուկ սաղմեր,
թափվում են շուրջս,
հուժկու երաժշտական ալիքը
պարում է
արյան լճակի մեջ։
Ռեյը մի պահ
թուլացնում է տեմպը,
հետո կվարտան նրբորեն
բացում է,
չլսված 8-րդ հնչյունը,
եվ սարսուռը շոյում է մարմինս...
Ռեյը,
նվագում է song for you-ի կուլմինացիան,
ես հանգում եմ.
վերջին պիանոյի հետ,
կարմիր աստրալները բացվում ու
քաշում են ինձ ներս.
դեպի սքանչելի թրմեցնող գունաշխարհ...
ընկնում եմ՝
այնքան խաղաղ,
այնքա՜ն սիրուն,
աննկարագրելի,
իսկ վերջին հնչյունը, որ
հաղթահարել է ժամանակը,
բոլոր օրինավոր ախտերը
մահը և դրա բոլոր
փոխակերպումները
դեռ երերում է
սենյակի հիշողության մեջ ու
վերադառնում է Ռեյի մատներին։
Նա մի կում է անում վիսկիից
ու կրկին նվագում է.
պիրկ մատները սանձում են
երաժշտական զեբրին,
և ես կրկին
ծնվում-մեռնում եմ,
ծնվում ու հրճվում եմ՝
Վեց օկտավ
մելոդիկ
օրգազմից։
***
Եվ աշունը դանդաղ
համրում է գույները քո,
քամին կրկնում է անվերջ
անավարտ պարտիտուրը
մինորի:
Ես գողացա տխրությունդ,
քաղա՛ք,
սեթևե՛թ իմ աղջիկ,
ինձ կորցրո՛ւ
փեշերիդ մեջ դեղնած,
շրջանցիկ:
***
Եվ նույն ցավը,
նույն անբովանդակ ողբը,
լաց-ծիծաղն
ու անսեր տաղը՝
որպես սեպտակորդ,
կպտտի մոլորված մոլորակը:
Կփտի ակոսում արնոտ մարգերի
վերջին վարդը:
Կելնի աղեղով իր տաքուկ որջից
մարդկային գաղջը:
Բուդդան կբացի իր երրորդ աչքը,
կթմրի լույսը,
կծորա հեշտանքից
աշխարհի ցայլքը,
կիսատ կմնա տեսիլը չարքի,
քանի հնչում է
իմ աստված-ջազը: