Հրաժեշտ «Թանգարանի զինվորին»

«Սարյանի վերջին բախտը»

1990-ականների մութ, ցուրտ ու անհրապույր Երևանում Հայաստանի ազգային պատկերասրահը մայրաքաղաքի հատուկենտ լուսավոր ու ոգեշնչող հասցեներից էր, արվեստասերների հավաքատեղին, գորշ իրականությունից փախուստի ամենագրավիչ վայրերից մեկը։ 1992 թվականին պատկերասրահում բացվեց «Երեք գունաշխարհ» խորագրով ցուցահանդեսը, որ ներկայացնում էր Մարտիրոս Սարյանի, Հարություն Կալենցի և Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունները՝ գույների ինչպիսի շքահանդես ձմռային սառնամանիքի, պատերազմի և շրջափակման պայմաններում: Այսօր էլ աչքերիս առջև է պատկերասրահի այն տարիների  տնօրեն Շահեն Խաչատրյանի սիլուետը. մի քիչ առաջ ցցված գլուխը, փայլող աչքերը, ականջիս է նրա բարակ ձայնը: Այդ ձայնը քաջ ծանոթ էր արվեստասերներիս, հեռուստատեսությամբ, թե ռադիոյով նա հաճախ էր ելույթ ունենում՝ պատմելով մեր կերպարվեստի ակնառու դեմքերի մասին․․․ Այդ շրջադարձային տարիները նաև Խաչատրյանի գործունեության հերթական բարձրակետն էին․ նոր էր լույս տեսել նրա «Ֆրանսահայ կերպարվեստ» մենագրությունը, որի տպագրությունը խորհրդային տարիներին չէր կարող իրականացվել։ Ֆրանսահայ կերպարվեստին նվիրված առաջին ամբողջական աշխատությանը առանձնահատուկ արժեք էին հաղորդում հեղինակի՝ Ֆրանսիայում հայտնաբերած անհայտ նյութերը և տեղեկությունները:

Ավելի վաղ՝ 1989-ին «Վրձնի հայ վարպետներ» երկլեզու շարքով, ըստ էության հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ, Ֆինլանդիայում արված բարձրորակ վերատպություններով ներկայացվեց հայ դասական նկարչության յուրօրինակ ընտրանին՝ Խաչատրյանի խմբագրությամբ և ջանքերով։

Հայաստանի համար ամենածանր շրջանում՝ 1991 թվականին նա ստանձնեց ՀԱՊ տնօրինությունը։ 1992-ին պատկերասրահում բացվեց նոր մշտական ցուցադրություն։ Ստեղծվեց հայ գեղանկարի միացյալ բաժին, որը համատեղեց հայ հին և միջնադարյան, նոր և նորագույն բաժինները:

Վլադիմիր Ստուպիշինն իր հուշագրությունում նշում է․ «Ջերմացնում էր նաև այն, որ Ազգային պատկերասրահի սառը սրահներում հայ արվեստի նվիրյալ, անվանի արվեստաբան և այդ թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանին հաջողվում էր ցուցահանդեսներ կազմակերպել և մշտական ​​ցուցադրություններ պատրաստել՝ հանուն ավելի լավ ժամանակների, երբ դրանք նորից կդառնան լայն հանրության սեփականությունը։ Սարյանից, Կալենցից, Մինասից հետո երևանցիները 1993-ի գարնանը Ազգային պատկերասրահի սրահներում տեսան «Հայաստանը ռուս նկարիչների աչքերով», մայիսին՝ «16-19-րդ դարերի իտալական գծանկարը»,  աշնանը՝ ցուցադրություն Ժամանակակից արվեստի թանգարանից․․․ Շահենի անձնական բարեկամությունը ֆրանսիացի նշանավոր նկարիչներ Գառզուի և Ժանսեմի հետ այդ ճանաչված վարպետների տասնյակ աշխատանքներ տվեց Ազգային պատկերասրահին: Ընդ որում՝ անվճար: Շահենը Հայաստան բերեց Սարյանի 20 գործ, Այվազովսկու՝ 7, բազմաթիվ այլ նկարներ և թանգարանային հազվագյուտ նյութեր․․․»

Ազգային պատկերասրահի և «Սարգիս Խաչենց» հրատարակչության համագործակցությամբ դրվեց բնագրից հայերեն թարգմանված արվեստագիտական գրականության շարքի սկիզբը․ Խաչատրյանի խմբագրությամբ լույս տեսան Բրասսայի «Զրույցներ Պիկասոյի հետ» (1997) և Ռոդենի «Արվեստ» (2000) գրքերը: Ֆրանսիայում հրատարակվեց պատկերասրահի առաջին եռալեզու ուղեցույցը, ինչպես նաև`«XIX-XX դարերի հայ նկարիչները» և «Քրիստոնյա Հայաստան-1700» ալբոմները:

Խաչատրյանի տնօրինության տարիներին պատկերասրահում կազմակերպվեցին 100-ից ավելի ուշագրավ ցուցահանդեսներ՝ այդ թվում Վրաստանի նկարիչների (1996), Ռուդոլֆ Խաչատրյանի ուշ շրջանի «բազմաչափ» աշխատանքների (1997), «Հայտնի և անհայտ Մինասը» (1998) ցուցահանդեսները, հունգարահայ նկարիչ Զոլտան Նուրիջանիի հետահայացը (2000): 1994 թվականին ՀԱՊ Էջմիածնի մասնաճյուղում բացվեց ամերիկահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը, 1996-ին՝ ՀԱՊ-ի առաջին և առ այսօր միակ մասնաճյուղը Սյունիքում՝ Սիսիանի պատկերասրահը, որի հավաքածուի մաս են կազմում  Սարյանի, Թերլեմեզյանի, Կալենցի, Հակոբյանի, Աթոյանի և այլոց կտավները։

Մեծ է Խաչատրյանի ներդրումը ԽՍՀՄ-ում Մոսկվայի, Լենինգրադի և Կիևի պատկերասրահներից հետո լավագույնը համարվող ՀԱՊ հավաքածուի հարստացման գործում։ Խաչատրյանի ջանքերով են Այվազովսկու «Նոյն իջնում է Արարատից», «Փոթորիկ», «Բայրոնի այցը Սուրբ Ղազար կղզի» և այլ կտավներ հայտնվել պատկերասրահում: Խաչատրյանն էր նաև Օպեկուշինի կերտած Եկատերինա Երկրորդի արձանը տեղադրել պատկերասրահի բակում ու պահպանում էր այն, մինչև 2003 թվականին նրա՝ պաշտոնից ազատվելուց հետո թանգարանն ու Հայաստանը զրկվեցին յուրահատուկ այս գործից։

Շահեն Խաչատրյանի կենսագրությունը հարուստ է իրադարձություններով․ ծնվել է 1934 թվականին, Սիրիայի Հալեպ քաղաքում՝ էրզրումցի ծնողների ընտանիքում: Երգել է ծննդավայրի եկեղեցական երգչախմբերում, հրապուրվել է նկարչությամբ։ Հայրենադարձվել է 1946 թվականին: Զբաղվել է լողով, եղել պատանիների Հայաստանի չեմպիոն ու բազմակի ռեկորդակիր: Վարսավիրանոցի սեղանին դրված ամսագրում պատահաբար տեսնելով Այվազովսկու ծովային մի պատկեր՝ տարվել է կերպարվեստով՝ դարձնելով այն իր ամբողջ կյանքի նախապատվությունը․ «Ամեն ինչ մղվեց երկրորդ պլան, մնաց միայն արվեստը»: 1965թ վականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակակործության և ճարտարապետության ինստիտուտը:

1959 թվականից Շահեն Խաչատրյանը Հայաստանի պետական պատկերասրահի հայկական կերպարվեստի բաժնի աշխատակից էր։ 1967-ին, երբ նա Հունգարիայում ներկայացրեց Մարտիրոս Սարյանի  ցուցահանդեսը, Վարպետի և Խաչատրյանի միջև սկսվեց նախ՝ նամակագրություն, ապա նաև՝ անձնական մտերմություն, և երիտասարդ Խաչատրյանը Սարյանի թանգարանի հիմնադրման օրվանից 37 տարի շարունակ ղեկավարեց այն: «Թանգարանի զինվորը»․ այսպես է նրան կոչում ծերունազարդ Սարյանը։ Իսկ Էդվարդ Միրզոյանը պատմում է, որ իրենք Խաչատրյանին անվանում էին «Սարյանի վերջին բախտը»։

Խաչատրյանն աշխարհի տարբեր երկրներում բազմիցս կազմակերպել է հայ կերպարվեստի ցուցահանդեսներ, նրա անմիջական մասնակցությամբ Հայաստանի թանգարանային հավաքածուները համալրվել են մոտ 500 գեղանկարչական ու գրաֆիկական արժեքավոր գործերով, այդ թվում նաև Այվազովսկու, Սարյանի, Հակոբ Գյուրջյանի, Էդգար Շահինի, Վարդան Մախոխյանի, Հակոբ Հակոբյանի, Իսահակ Լևիտանի և այլոց կտավներով:

Խորհրդային հասարակարգի պայմաններում գործող Շահեն Խաչատրյանի տարերքը սոցռեալիզմը չէր․ նա միանգամայն այլ արվեստ էր ներկայացնում։ Սկսած իր առաջին գրքույկից, որով հանրությանն էր վերադարձվում տարաշխարհիկ և տարաբախտ մի նկարիչ՝ Պետրոս Կոնտուրաջյանը, իր մտերմիկ շրջապատով՝ Սարյան, Մինաս, Հակոբ Հակոբյան, Հենրիկ Իգիթյան, 1960-ականների մշակութային զարթոնքին իր մասնակցությամբ՝ Խաչատրյան-զինվորն այլ՝ պարտադրանքներից ազատ արվեստի առաջամարտիկն էր։

Խաչատրյանը տասնյակ մենագրությունների, ալբոմների և կատալոգների հեղինակ է։ Այվազովսկուն և Սարյանին նվիրված նրա գրքերը հայկական արվեստագիտության երևելի նմուշներից են։ Նա Մինասի արվեստի հետևողական հանրայնացնողներից էր։ Արվեստանոցի հրդեհից հետո Մինասի աջակիցներից էր Խաչատրյանի հայրը՝ վարպետ Գևորգը, որի կուբիստական ոճով արված դիմանկարը Ավետիսյանի նշանավոր գործերից է։

Մինասի վերջին օրերի մասին Խաչատրյանը պատմում է․ «...Նա պառկած էր պատգարակի վրա, այնքան միայնակ... անօգնական... Նրան տարան վիրահատության:

Ես շփոթված կանգնած էի՝ նրա հագուստն ու բանալիները ձեռքերիս ... Կարկամել էի ...

Մի ամբողջ շաբաթ անցկացրի հիվանդասենյակի դռան մոտ՝ նստած աստիճանների վրա: Երբեմն զգուշությամբ մտնում էի հիվանդասենյակ։ «Եթե միայն այստեղից դուրս գայի, սկսեի աշխատել...», - անընդհատ կրկնում էր Մինասը: Փրկությունը կարծես մոտ էր։ Սակայն... »:

1987 թվականից Շահեն Խաչատրյանը Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահն էր։ Իր գործունեության համար 1984-ին նա  արժանացել էր ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, հետագայում պարգևատրվել Մովսես Խորենացու մեդալով, Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով, ստացել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում։  

Խաչատրյանի ջանքերով էր նաև, որ 2013 -ին Էջմիածնում բացվեց «Ռուբեն Սևակ» թանգարանը՝ Հ․ Չիլինկիրյանի կողմից Հայաստանին նվիրաբերված Այվազովսկու 12 կտավներով և հայ ծովանկարիչների այլ գործերով։ Խաչատրյանը նախաձեռնեց «Ճանաչիր և սիրիր» մատենաշարը՝ հասցեագրված աշակերտներին ու ուսանողներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նա ստանձնեց «Խրիմյան» թանգարանի տնօրինությունը: Ցավոք իրականություն չդարձավ Արշիլ Գորկու գործերը Հայաստան բերելու նրա ծրագիրը։ Ու եթե նրա գործունեության ընթացքում ինչ-ինչ բացթողումներ էլ եղել են, բայց շոշափելին, մնայունը հաստատ գերակշռել է։

Կլինե՞ն արդյոք ապագայում էլ թանգարանի այսպիսի զինվորներ։ Այլ ժամանակներ են, այլ սերունդներ, մեր երկիրն էլ այլևս այլ է․․․ Չեմ բացառում, որ դեռ երկար կսպասենք նման լայն ընդգրկմամբ նոր արվեստաբան-հավաքորդների ասպարեզ գալուն: Եվ Շահեն Խաչատրյան մտավորական-արվեստաբան-կազմակերպիչ-հավաքորդի կերպարն էլ այլևս պատմություն է:

 

Աշոտ Գրիգորյան