Հրաժեշտ Լևոն Օսեպյանին

Ռուսաստանում ու նրա սահմաններից դուրս հայկական (և ոչ միայն) մշակույթի անձնվեր դեսպանն էր Լևոն Օսեպյանը․ օտարազգի շատ մտավորականներ հենց նրա միջոցով էին ճանաչում հայերին ու Հայաստանը։ Բազմաբովանդակ աշխատանքների այն ծավալը, որ նա անտրտունջ կրում էր իր ուսերին, մի ամբողջ հումանիտար ինստիտուտի գործ էր։ Մասնագիտությունների ու զբաղմունքների անհատնում շտեմարան էր Օսեպյանը՝ գրող, դրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր, լրագրող, հասարակական գործիչ, լուսանկարիչ, կինոդերասան․․․ 

Ուրույն ոճ ու ասելիք ունեցող գրող էր նա․ ընդ որում, պահպանելով հեղինակային ոճի որոշ տարրեր՝ ամեն հաջորդ գրքում էապես տարբեր ժանրում էր հանդես գալիս ու զարմացնում ընթերցողին։ Նրա առաջին գիրքը «Այցելություն Երկիր» պատմվածքների ժողովածուն էր (1990), որին հետևեց «Ճիչ» բանաստեղծությունների ժողովածուն (1994, երիցս վերահրատարակվել է, թարգմանվել իտալերեն, սլովակերեն և մասամբ՝ ֆրանսերեն), ապա՝ «Պիեսներ» գիրքը (1995)։ Իսկ նրա պատմվածքների «Հեռախոսային զանգ» ժողովածուն (1996) ցույց տվեց, որ Օսեպյանը զգայուն, մեղմաշունչ արձակի վարպետ է։ Գրող Ստանիսլավ Այդինյանի բնորոշմամբ՝ «Լևոն Օսեպյանի արձակը արժեքավոր է իր անկեղծությամբ, սրտառուչությամբ։ Սակայն այն սենտիմենտալ չէ, այլ ավելի շուտ՝ ողբերգական։ Դրա սյուժետային շրջադարձերը հաճախ անսպասելի են, ուստի կարող են ընկալվել որպես ժամանակի վկայություն»․․․ Իսկ քննադատ Գենադի Ցուկանովը նշել է, որ նույնիսկ Օսեպյանի ամենահոռետեսական և տխուր ստեղծագործություններում նկատվում է մարդկային ազնվության ու արժանապատվության նկատմամբ հեղինակի հավատը․ «հենց դա է «լևոնական» կանխակալությունը՝ այն կպչուն չէ, բայց ամենաթափանց է»։ Օսեպյանի առաջին պատմվածքներից «Կոմերցիոն ռեյսի» մասին քննադատը նշել է․ «Ձևը միաձուլվել է բովանդակությանը ու ստացվել է փայլուն, թեկուզև մարդկայնորեն շատ դառը նովել, որը կազմված է փոքրիկ գլուխներից․․․»։ Ըստ Ալեքսանդր Բոժկոյի՝ նրա պատմվածքներում ամեն մի բառ համահունչ է տեքստին, ասես «բարձրորակ հղկված քար, որ սիրով հայրենի տան պատին են դրել իր հեռավոր նախնիներն Արևմտյան Հայաստանից»։ Բարձր գնահատելով ժողովածուն՝ «Ռուսկի ժուռնալը» Օսեպյանին անվանել է «խոսքի Փիրոսմանի»։ Ժողովածուն հետագայում լրացրեց և վերահրատարակեց մոսկովյան «Գումանիտարի» հրատարակչությունը՝ 2007 թվականին։

Օսեպյանի ստեղծագործություններում հայկական թեման հաճախ անսպասելիորեն է հայտնվում, քանզի այն մշտապես ներկա է նրա ներաշխարհում․

Այդուհանդերձ դու կաս, Հող իմ,

Իմ պապերի, նախահայրերի Հող․․․

Ու կմնաս Դու՝ ժամանակից ու աշխարհներից դուրս․․․

Եվ եթե Մենք նույնիսկ կորչենք-գնանք,

Չէ՞ որ մեր Հողն ես Դու արդեն եղել։

Իսկ Մենք՝ պտու՛ղը քո («Կռունկ»)։

Լևոնի հայրը՝ Հովհաննեսը պարսկահայ էր, մայրը՝ Հերիքնազը՝ արմատներով կողբեցի (Սուրմալուի գավառ)։ Օսեպյանի կյանքի աշխարհագրությունը ընդգրկուն է և դրանում կարևոր տեղ են զբաղեցնում Անդրկովկասյան երեք մայրաքաղաքները՝ Թիֆլիսը, Երևանը և Բաքուն։ Թիֆլիսում էին բնակվել նրա ծնողները, ինքը՝ Լևոնը հաճախ էր լինում այնտեղ ու իր գրականության էջերում հաճախ է անդրադարձել այդ քաղաքին։ Ծնվել էր Երևանում՝ 1952-ին ու կարճ ժամանակ բնակվել ծննդավայրում, իսկ հետո ընտանիքի հետ տեղափոխվել Բաքու, որտեղ ավարտել էր միջնակարգ դպրոցը և Նավթի ու քիմիայի ինստիտուտը։ Բաքվի ջարդերի ժամանակ նրա հարազատները ստիպված էին փախչել քաղաքից․ «1989 թ․ օգոստոսին՝ զրկվելով բնակարանից և գրեթե ողջ ունեցվածքից, մայրս և եղբայրս, որը հրաշքով ողջ մնաց տեղի «գորշ գայլերի» հարձակումից հետո, գաղտնորեն փախան Մոսկվա։ Գիշերվա շղարշի ներքո նրանց օդանավակայան հասցրեց ծանոթ ռուս տաքսիստը․․․»։

Մինչև այդ, դեռ 1974-ին Օսեպյանը տեղափոխվել էր Ռուսաստան, աշխատել Ռյազանում, Տյումենի մարզում ու Մոսկվայում։ Լինելով կինոյի սիրահար, այդ տարիներին նույնիսկ նկարահանվել է ֆիլմերում՝ էպիզոդիկ դերերում (մասնավորապես, Է․ Ռյազանովի «Ծառայողական սիրավեպում»՝ վերելակի  մոտ տեսարանում)։

Օսեպյանի խոստովանությամբ գրականությամբ լրջորեն զբաղվել իրեն մղել է Վասիլի Ակսյոնովի «Ափսոս, որ մեզ հետ չէիք» պատմվածքը․ «Գրում եմ այնքան վաղուց, որ նույնիսկ հստակ չեմ հիշում, թե երբ եմ սկսել»․․․ 1990-2010-ականները նրա գրական-խմբագրական գործունեության գագաթնակետն էին։ 1998-ին հիմնադրեց և մինչև 2002-ը խմբագրեց «Արմյանսկի պերեուլոկ» գրական ռուսալեզու ալմանախը, որին 2004-ին հաջորդեց հայանուն «Առագաստը»։ Այն իր արժանի տեղը գրավեց ռուսաստանյան «հաստափոր» ամսագրերի շարքում, «Առագաստ»-ի հեղինակներից էին ժամանակի գրականության ազդեցիկ դեմքերը, ինչպես նաև խոստումնալից սկսնակները։

Օսեպյանը հիմնադրել և 1996-2012 թթ. խմբագրել է «Մեցենատ ի միր» գրական-գեղարվեստական և մշակութաբանական մեծարժեք ալմանախը, որը կոչված էր նոր նկարիչների, բանաստեղծների, գրողների, արվեստաբանների և ստեղծագործական նախագծերի բացահայտմանը։ Սեդա Վերմիշևայի և Լիա Դավթյանի վկայությամբ՝ Օսեպյանը միայնակ կարողացավ Մոսկվայում «նոր տեղեկատվական ու մշակութային-լուսավորչական իրավիճակ» ստեղծել, ինչը կարելի է սխրագործություն անվանել։ Նրանք նշում էին, որ խմբագրությունը չուներ ոչ գրասենյակ, ոչ հեռախոսահամար, Օսեպյանն ինքն էր այցելում հեղինակներին կամ հանդիպում որևէ տեղ, իսկ արդյունքում աշխարհ էին գալիս պատկառելի հատորյակները։ Դրան զուգահեռ, Օսեպյանը կազմեց, ձևավորեց և հրատարակեց մի քանի հարյուր գիրք։ Իր բառերով՝ «մի փոքր» գիտեր նաև հայերեն․ իրեն հոգեհարազատ գրողներից Լևոն Խեչոյանի «Տոթ օր» ռուսերեն ժողովածուի (2004) թարգմանիչներից էր և հրատարակիչը։

Նրա ստեղծագործությունները թարգմանվեցին հայերեն, լեհերեն, սլովակերեն, չեխերեն, տաջիկերեն, ռումիներեն, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն և անգլերեն։ Որպես գրող, խմբագիր և լուսանկարիչ՝ նրա մասին դրվատալից խոսքեր էին տպագրում «Լիտերատուրնայա գազետա», «Արգումենտի ի ֆակտի», «Նոև կովչեգ» թերթերը։ Ի արժևորումն իր գրական ու կազմակերպչական ձիրքի՝ Օսեպյանն ընտրվեց Ռուսաստանցի գրողների միության վարչության անդամ (2012 թվականից՝ կազմակերպիչ քարտուղար)։ Նա հասցնում էր զբաղվել նաև հասարակական գործունեությամբ․ Գրողների և հրապարակախոսների միջազգային ասոցիացիայի անդամ էր, Պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության անդամ, Հայաստանի հետ բարեկամության մոսկովյան ընկերության համանախագահ, «Մշակույթների երկխոսություն» ակումբի համանախագահ, Մշակույթի աջակցման միջազգային ընկերակցության, Սլովակիայի հետ ընկերության կազմակերպության վարչությունների անդամ։ Նա պարգևատրվեց Չեխիայի և Սլովակիայի հանրապետությունների պետական պարգևներով, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր հասարակական կազմակերպությունների կոչումներով և պատվոգրերով, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության պատվոգրով՝ մշակույթի զարգացման գործում իր մեծ ավանդի համար (2011 թ.)։

2010-ականներին հաջորդաբար շարունակում էին լույս տեսնել նրա գրքերը, որոնց վերնագրերն իսկ ուշագրավ էին ու ինքնատիպ՝ «Թե ինչպես մի անգամ քիչ մնաց խորտակեի Վենետիկը», «Նկարներ՝ արված յուղաներկով, սև մոմլաթի վրա», «Մեռնել Փարիզում», «Վերհիշելով երկրներն ու ընկերներիս»․․․

Արդեն հասուն տարիքում, նվեր ստանալով լուսանկարչական ապարատ՝ սկսեց զբաղվել գեղարվեստական լուսանկարչությամբ։ Օսեպյանի լուսանկարներն ընդգրկված են բազմաթիվ երկրների մասնավոր հավաքածուներում, դրանցով ձևավորվել են գրքեր և պարբերականներ։ Ունեցել է 90-ից ավելի անհատական ֆոտոցուցահանդես, այդ թվում՝ Հայաստանում և Արցախում։ Նա նշում էր, որ իր լուսանկարներում պատկերում է աշխարհի գեղեցկությունը և դրա միջոցով՝ Աստծո դրսևորումը։

Զարմանալի տոկունությամբ էր օժտված Օսեպյանը․ բնակվելով Ռյազանում՝ բաց չէր թողնում Մոսկվայում տեղի ունեցող որևէ կարևոր մշակութային միջոցառում։ Հաճախ կարելի էր տեսնել, թե ինչպես հսկա ֆոտոխցիկը վզից կախ, երիտասարդի ավյունով նա վազում էր դեպի հերթական նպատակակետը։ Այդպես էլ վերջին այցելությանը Հայաստան՝ 2022 թ․ աշնանը, նա ոչ միայն ներկայացրեց իր «Հայոց աշխարհը Լևոն Օսեպյանի ֆոտոդիմանկարներում» գունավոր պատկերագիրքը, այլև իսկույն նախաձեռնեց հաջորդը՝ «Երևանը և երևանցիները»։ Համոզելու մեծ ձիրք ուներ, և անվանի երևանցիները սիրով համաձայնում էին լուսանկարվել։ Այդ այցելությանը հայրենիքը վերջապես ինչ-որ չափով երախտահատույց եղավ նրան․ Օսեպյանին ընդունեցին Հայաստանի գրողների միության շարքերը։

Մի քանի ամիս առաջ տեղեկացրեց, որ առայժմ մի կողմ է դրել «Երևանն ու երևանցիները» և  ձեռնարկել է նոր նախագիծ․ թողարկելու է արցախցիների դիմանկարները ներկայացնող պատկերագիրք, քանզի պետք է փրկել, պահպանել Արցախը ներկայացնող վառ անհատականությունների ինքնատիպ դեմքերը, ինչպես նաև նրանց իրար ներկայացնելով՝ հորիզոնական կապեր ստեղծել։ Ի հակադրություն իր ստեղծագործությունների՝ Օսեպյանը մշտապես լի էր լավատեսությամբ, որևէ դեպքում թևաթափ չէր լինում, անբացատրելի կերպով ամեն անգամ գտնում էր պետք եղած միջոցները։ Առավել ևս ցավալի է, որ նշված երկու վերջին նախագծերը չիրականացրած՝ նա անսպասելիորեն հեռացավ կյանքից իր ընկերների մերձմոսկովյան ամառանոցում՝ հուլիսի 1-ին, սրտի տագնապից։ Բանաստեղծուհի Ելենա Տամբովցևա-Շիրոկովան, որը Օսեպյանին նվիրված «Ձոն» ակրոստիքոսի հեղինակն է, գրեց․ «Ըստ կենդանակերպի առյուծ (ռուսերեն՝ լև) լինելով, նա ապրեց որպես Առյուծ՝ իմաստուն, իր մտահղացումներում և գործերում համոզված ղեկավար, որի մտադրությունները և ձեռքբերումները ծառայում էին մարդկանց»։ Մեծ հարգանք տածելով իր շրջապատի մտավորականների հանդեպ (Կիմ Բակշի, Սեդա Վերմիշևա, Ելենա Տամբովցևա-Շիրոկովա և այլք)՝ նա անձնուրաց կերպով ջանում էր օգտակար լինել նրանց։ 

«Պատահականություն չէ, որ ես՝ միակը մեր ընտանիքում, ծնվել եմ Երևանում՝ մոտ Արարատին, որի էներգետիկ ազդեցությունը զգացել եմ և՛ այս աշխարհ գալուս պահին, և՛ ամբողջ կյանքիս ընթացքում․․․ Երևի հիմնականում հենց Նրա՝ Արարատի շնորհիվ, դեռ բավարար կենսական ներուժ ունեմ բոլոր ստեղծագործական և հասարակական գործերի համար»,- վստահեցնում էր Օսեպյանը։ Չնայած գրեթե ողջ գիտակցական կյանքն ապրեց հայրենիքից դուրս՝ նա առանց այլևայլության իր հայրենիքի հպատակն էր, նրա մշակույթի նվիրյալը։ Իսկ երբ Օսեպյանին հարցրել են, թե նրա ինչին են պետք ստանձնած վիթխարի, դժվարին պարտավորությունները, նա իր առաքելության խորունկ գիտակցությամբ պատասխանել է․

- Ինչ-որ մեկը պիտի՞ ի վերջո դրանցով զբաղվի․․․

 

Աշոտ Գրիգորյան

Լուսանկարը՝ հեղինակի։