Հրայր Բազե. Պիտի հիշենք, որ ունենք ոտքի կանգնելու ուժը, պիտի հավատանք դրան

Ադրբեջանցիները կռվում են նաև մեր հիշողությունների հետ

Կանադահայ անվանի լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանը իննսունականներից ի վեր Հայաստանի, Արցախի, Արևմտյան Հայաստանի մասին պատմող ավելի քան 15 եռալեզու գիրք-ալբոմներ է հրատարակել։ Այդ թվում՝ «Արցախ. լուսանկարչական ճանապարհորդություն», «40 մերկ մարմին», «Երկիր», «Հայկական զարդատառ», «Մեկ ազգ, մեկ եկեղեցի», Արմեն Քյուրքչյանի համահեղինակությամբ՝ «Հայկական զարդանախշային արվեստը», «Խաչքարեր», «100. 1915-2015», «Հայաստան, երկիր դրախտավայր» ալբոմները։ Հրայր Բազեն հայկական երկնքում ամենաշատ «սավառնած» լուսանկարիչն է, ով առաջիններից էր, որ մեր երկիրը նկարեց երկնքից՝ ուղղաթիռի հեռավորությունից գտնել-պեղելով մեր հայրենիքի չտեսնված պատկերներ։

Հրայր Բազեն կյանքի հանդեպ լավատեսություն ունենալու, մարդկային հուսահատությունը հաղթահարելու անձնական մեծ փորձառություն ունի։ Իր կյանքի այդ փորձառությունը շատերին է հայտնի որպես ուժեղ կամքի ու հավատի դրսևորման բացառիկ, գրեթե անհավատալի օրինակ. Երբ բժիշկները Հրայրին օրերի կյանք են տալիս, նա, ինչպես ինքն է հաճախ պատմել այդ մասին, իր սենյակում անկողնում մտքերի մեջ տարված, երկար ժամանակ հայացքը հառած դիմացի պատից կախված փոքրիկ խաչին, ասես ներքին անբացատրելի մի ուժ է զգում, որոշում է չհանձնվել՝ ինքն իրեն խոստանալով, որ եթե ապաքինվի, ուխտ կանի՝ կլուսանկարի աշխարհում սփռված մեր եկեղեցիները։ Այդ հրաշքը տեղի է ունենում. Հրայրին բաժին է ընկնում կյանք, նրա հարազատներին ու ընկերներին՝ երջանկություն, բժիշկներին՝ բնության այս անհավատալի հրաշքի հանդեպ մեծ զարմանք, իսկ մեզ՝ Հրայր Բազեի լուսանկարչության երկրպագուներիս՝ նրա լուսանկարներով, իր  ահռելի ծավալուն աշխատանքով հիանալու, լիանալու բարեբախտություն։

 

Զրույցս Հրայրի հետ տեղի է ունեցել պատերազմից մեկ-երկու շաբաթ անց։ 

 

-Հրայր, պատերազմից հետո բոլորս մի տեսակ դատարկություն ենք զգում։ Դժվար է զրուցելը, մտքերն ու ապրումները բարձրաձայնելը։ Եթե դժվար չէ, եթե կարելի է, ու եթե կարող ես խոսել այդ մասին՝ ի՞նչ օրեր էին դրանք քեզ համար, ինչպե՞ս էիր ապրում պատերազմի օրերին։

-Լարվածությունս ու հուզմունքս հնարավոր չէ նկարագրել, Մերի։ Հատկապես որ այդ ամբողջ տարածքն անգիր գիտեմ, 1992 թվականից մինչև վերջերս բազմաթիվ անգամներ Արցախ եմ այցելել ու լուսանկարել, Արցախի գրեթե բոլոր հատվածներում եմ եղել։ Այդ օրերին մարտի դաշտում էին նաև իմ մտերիմ ընկերները։ Կառչած էի լուրերին։ Այդ ամբողջ ընթացքի ամենադժվար պահը երևի այն էր, երբ հասկացանք, թե ինչպես է ադրբեջանական բանակը Հադրութից կամաց-կամաց հասնում Շուշի։ Շատ-շատ դժվար էր իսկապես… Պարտությունը շատ ծանր տարա, ինձ թվում էր՝ խանգարվում եմ։ Երևի ինչպես բոլորս։ Նույնիսկ դժվարացել էր ընկերներիս հետ շփումը, հարազատներիս հետ միշտ լարված էի խոսում ու մինչև այսօր այդ լարվածությունը չեմ թոթափել։ Այն վիճակի էի հասել, որ հասկացա՝ ինքնատիրապետումս կորցնում եմ, և արդեն մեկ շաբաթ է, որպեսզի վերականգնվեմ, դադարել եմ հետևել լուրերին, ուղղակի անհնար էր այլևս շարունակել այդպես։ Դժբախտաբար շատ բան կորցրինք։ Ամենամեծ կորուստը մարդկայինն էր… մեր տղաները... Դա սարսափելի է, անդառնալի կորուստ։ Մեր գյուղերն ու մշակութային ժառանգությունը թողեցինք թշնամուն… Տարիներ շարունակ իմ հրաշալի ընկերոջ՝ լուսանկարիչ Զավեն Սարգսյանի հետ, որին, ցավոք, կորցրինք բոլորովին վերջերս, որ նաև Փարաջանովի թանգարանի տնօրենն էր, միասին այցելել ենք Արցախ ու լուսանկարել մեր վանքերն ու եկեղեցիները, մատուռներն ու խաչքարերը, հին գերեզմանաքարերն ու ձեռագրերը, Արցախի չքնաղ բնությունը, և վերջապես մարդկանց՝ իրենց վարք ու բարքով։ Այդ ժամանակ թեև հարաբերականորեն հանգիստ էր, բայց միևնույն է, ամեն տեղ չէ, որ հեշտությամբ էինք լուսանկարում։ Ես նախազգացում ունեի, որ Արցախի հետ կապված մի բան է կատարվում։ Գիտես, ես միայն Արցախ չէ, որ այցելել եմ, այլ նաև Իրան, Վրաստան, Թուրքիա, մինչև Կիլիկիա եմ հասել լուսանկարելու։ Հատկապես վերջին տարիներին կենտրոնացել եմ Կիլիկիայի թագավորության վրա, առաջիկա զույգ ալբոմներս լինելու են հենց Կիլիկիայի մասին։ Վերջին շրջանում ես կանխազգացում ունեի, որ հատկապես Սիրիայից հետո Թուրքիան կամաց-կամաց «մոտենում» է Հայաստանին։ Եվ, իհարկե, տեսանք, թե Թուրքիան այս պատերազմում ինչ ահռելի մասնակցություն ունեցավ։ Դժբախտաբար, անհանգստությունս ու կասկածներս իրականացան։

Ես առաջին անգամ Արցախ այցելել եմ 1992-ին։ Արցախյան պատերազմի շրջանն էր։ Շատ դժվար ժամանակներ էին, հիմա հեշտ ենք ասում՝ հաղթել ենք։ Իրականում շատ դժվար. Մարտունիում լարված վիճակ էր, Հադրութը պաշարված էր ներքևի մասից, Մարտակերտի մի մասն ընկած էր, այդ ժամանակ ադրբեջանցիները Լաչինին շատ մոտ էին, բայց կարողացանք հաղթել։ Իմ աչքերով տեսա, թե որքան դժվար էր պայքարելն ու այդ դժվարությունները հաղթահարելը։ Երբ 92-ին վերադարձա Կանադա, էլ չկարողացա նորից գնալ Արցախ, թեև շատ էի ուզում։ Հայտնի պատմություն է, գիտեք, քաղցկեղ հայտնաբերվեց ինձ մոտ, գամված էի անկողնուն, ու բժիշկներն ընդհանրապես ապրելու հույս չէին տվել։ 1993-ին, երբ ես հիվանդանոցում էի, իմ մոտ ընկերը, 92-ին ինքն էր Արցախում ինձ ուղեկցողը, տեղանքին ծանոթացնողը՝ Մոսիյան Մերուժը, որ Մարտունիում հրամանատար էր, զոհվեց։ Շատ ծանր տարա։ Բայց հաղթանակը, որ այդպիսի տղաների կյանքի ու նվիրումի գնով կերտվեց, մեծ ուժ տվեց ինձ։ 1994-ին հիվանդությունը հաղթահարած՝ ես նորից վերադարձա Արցախ։ Շատ ուրիշ զգացում էր հայտնվել այնտեղ հաղթանակից հետո, բառերով դժվար է արտահայտել։ Այս անգամ լուսանկարեցի հաղթանակած Արցախը։ Չնայած նվիրական կորուստներին՝ հաղթանակն աշխարհասփյուռ մեր ժողովրդին մեծ ուժ ու ոգի էր հաղորդել։

1375-ից մինչև 1918 թվական մենք պետություն չենք ունեցել, հիմա պետություն ունեինք ու հաղթել էինք։ Ի դեպ, Կիլիկիայի վերջին իշխաններն արմատներով Արցախից էին։ 1994-ին, երբ վերադարձա Արցախ, առաջինը Շուշի եմ այցելել։ Հաղթանակած տրամադրությունը տեսնելը հպարտություն էր ուղղակի, որը ես երբեք չեմ մոռանա։ Այդ ամենից հետո, հատկապես հիմա, կորստի ցավը շատ մեծ է։ Մենք մեր կերտած հաղթանակը չկարողացանք դիվանագիտական հաղթանակի վերածել։ Անհավատալի է ուղղակի, որ իննսունականներին մեր զոհված, կռված տղաների զավակները ստիպված եղան նորից պատերազմել ու կյանքով հատուցել, և որ ամենասարսափելին է՝ այս վերջաբանով լուծվեց հարցը։ 1994-ին ինչ որ ձեռք էինք բերել, բոլորովին կորցրինք։

-Հրայր, Արցախը ներկայացնող քանի՞ գիրք-ալբոմ ես հրատարակել։

-Առաջինը «Արցախ. Լուսանկարչական ուղևորություն» ալբոմն է, որը 1997-ին տպագրվեց՝ Մեսրոպ Աշճյան սրբազանի հովանավորությամբ, հաջորդը՝ «Ղարաբաղ՝ հարյուր լուսանկարներ», (միայն սև- սպիտակ լուսանկարներ են), որ հրատարակեցի Արցախի անկախությունից տասը տարի անց, մյուսը՝ «Ճախրող Բազե» գիրքն է, որտեղ ուղղաթիռից արված լուսանկարներ են, և վերջին ալբոմս՝ «Հայաստան դրախտավայր», որտեղ ներկայացված լուսանկարներս նորից ուղղաթիռից եմ արել։ Արցախից լուսանկարներ կան նաև «Խաչքար» ալբոմիս մեջ։ Ընդհանրապես, միշտ Արցախով եմ սկսում ալբոմներս։ Գիտեք, ծանր հիվանդությունը հաղթահարելուց հետո ես ուխտ էի արել լուսանկարել աշխարհով մեկ սփռված եկեղեցիներ, և քառասունութ երկիր այցելեցի՝ հայկական եկեղեցիներ ու վանքեր լուսանկարելու համար։ «Մեկ եկեղեցի, մեկ ազգ» գիրքը, որ հրատարակեցի 2013 թվականին, քառասունութ երկրներում գտնվող եկեղեցիների լուսանկարների հավաքածու է, և այդ գիրքն էլ Արցախով եմ սկսել։ Ընդհանուր վեց գիրք է, որոնցից երկուսն են բացառապես Արցախին նվիրված, բայց իմ բոլոր գրքերում էլ Արցախը ներկա է։ Վերջին գիրքս՝ «Հայաստան դրախտավայրը» լույս տեսավ 2018-ին։

-Բազե, որպես կանոն, քո ալբոմները եռալեզու են։ Քո գրքերի, լուսանկարների շնորհիվ են նաև աշխարհում ճանաչել Արցախը։ Գիտեմ, որ օրինակներ ես տրամադրում նաև բազմաթիվ ուսումնական հաստատությունների՝ Հայաստանում և այլ երկրներում։

-Այո։ Գիտես, պիտի անկեղծորեն ասեմ, որ ես ինքս չգիտեի, թե որտեղ է Արցախը։ 1988 թվականին այստեղ՝ Մոնրեալի սովետական հյուպատոսարանի մոտ, հայկական համայնքը «Ղարաբաղը մերն է» պաստառներով ցույց էր անում։ Ես մասնակիցներին հարցնում էի՝ ի՞նչ է Արցախը, որտե՞ղ է այս Ղարաբաղը (այդ ժամանակ Ղարաբաղ էին ասում)։ Դե, ինձ ասացին, որ հայեր են այնտեղ ապրում։ Հարցրի՝ տեսե՞լ եք դուք այդ հայերին, ասացին՝ ոչ, հարցրի՝ իսկ գիտե՞ք ինչ կա այնտեղ, ասացին՝ ոչ, հարցրի՝ այդ դեպքում ինչի՞ համար եք եկել այստեղ, բողոքի ակցիա անում, ասացին՝ որովհետև սրանք մեր պատմական տարածքներն են։ Այդ ամենն իմ մեջ հետաքրքրություն առաջացրեց ուսումնասիրելու մեր պատմությունը։ Թեև ես Լիբանանում հայկական դպրոց եմ գնացել, բայց քանի որ «վիզուալ» մարդ եմ, եթե մի բան չեմ տեսնում, այդքան էլ լավ չեմ տպավորվում, և, ուրեմն, պատմության սերտածս տեքստերից համարյա բան չէի հիշում։ Միայն հիշում էի սև-պիտակ, հիմնականում առանց լուսանկարների, պատմության դպրոցական գրքերի անհրապույր էջերը։ Բայց հիմա կարծես մեր մշակույթի, պատմության գիտակ եմ դարձել, քանի որ վերջին երեսուն տարին միայն մեր մշակույթն եմ ուսումնասիրում, լուսանկարում։ Եվ Արցախի հանդեպ հետաքրքրությունս նախևառաջ ինքս ինձ կրթելու համար էր, ես իսկապես ոչինչ չգիտեի Արցախի մասին։ Երբ իննսուներկուսին գնացի Հայաստան, լուսանկարեցի նաև Արցախը, Մոնրեալ վերադառնալուն պես ցուցահանդես արեցի հայերի համար, քանի որ, ինչպես ասացի, տեղի հայերն էլ, որ օվկիանոսից այս կողմ յուրովի միացել էին Արցախի համար մղվող պայքարին, չգիտեին՝ ինչպիսին է այն։ Եվ, ըստ էության, առաջին անգամ այդ ցուցահանդեսում համայնքը տեսավ Արցախը, տեսավ պատերազմի հետևանքները, ազատագրական պայքարը, մեր մշակութային կոթողները, այդ լուսանկարներում տեսավ Արցախում ապրող մեր հայրենակիցներին։ Այդ ցուցահանդեսից հետո ֆրանսիական, անգլիական մամուլը սկսեց հետաքրքրվել Արցախյան պատերազմով՝ իրենց հրապարակումներում օգտագործելով նաև իմ լուսանկարները։ Հետո արդեն գիտական շրջանակներն սկսեցին հետաքրքրվել՝ հայ և այլազգի պրոֆեսորներ, որոնք հոդվածներ էին գրում Հայաստանի ու Արցախի մասին։ Արցախյան շարժումից երեք տարի առաջ արդեն ես համագործակցում էի ֆրանսիական «GAMMA PRESS» գործակալության հետ, ինչի շնորհիվ իմ շատ լուսանկարներ տպագրվեցին ֆրանսիական թերթերում ու ամսագրերում։ Հետաքրքիր փորձառություն էր նաև «Canadian Club» տեղական կազմակերպության հետ համագործակցությունս, որի շրջանակներում ամբողջ Կանադայի երկայնքով մեկ շնորհանդեսներ եմ արել՝ Հայաստանի, Արցախի և Արևմտյան Հայաստանի մասին։ Երևի Կանադայում չկա մի քաղաք, որտեղ այդ նախագծի շնորհիվ չեմ ներկայացրել իմ լուսանկարները ու տեղացիներին ծանոթացրել Հայաստանի ու Արցախի, մեր պատմական ու մշակութային ժառանգության, մի խոսքով՝ մեր երկրի ու ժողովրդի հետ։

Հիմա գիտակցում եմ, որ լուսանկարներիս ամբողջ հավաքածուն, հատկապես պատերազմից հետո, մեծ արխիվ ու նաև հետազոտական նյութ է այն բոլոր մասնագետների, գիտնականների, հետազոտողների համար, որոնք ընդհանրապես և այս օրերին մասնավորապես, հետևողականորեն զբաղված են Արցախի մեր մշակութային հուշարձանների պահպանության հարցերով։ Իրենցից շատերն արդեն դիմել են ինձ, և ես ուրախ եմ, որ կարող եմ օգտակար լինել։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունն է պատրաստվում թվային ցուցահանդես անել առաջիկայում, և այդտեղ էլ կցուցադրվեն լուսանկարներս։ Ամեն տարի օրացույց եմ հրատարակում, և այս տարվա օրացույցս էլ Արցախին էր նվիրված։ Կանադացի հարևանս էլ ուզեց ունենալ իր տանը։ Միայն հայերի համար չեմ լուսանկարում, ես ուզում եմ բոլորի համար ճանաչելի դարձնել մեր երկիրը։

-Լուսանկարներ կան, որ ինչ-որ ժամանակ հետո ավելին են դառնում, քան լուսանկարը։ Դրանք փաստաթղթի կարևորություն են ստանում կարծես։

-Այո, շատ ճիշտ է։ Գիտես, արցախցիներն իրենք ամեն տեղ Արցախում չէին եղել։ Եղիշե Առաքյալի վանքը, որ իմ ամենասիրելիներից է, շատ վտանգավոր տեղում էր, ու, բնականաբար, շատ քչերն էին այնտեղ եղել։ Վանքի մասին ասել եմ նախագահ Բակո Սահակյանին։ Ասացի՝ պրեզիդենտ, այսպիսի վանքեր ունենք, անպայման պիտի այցելել։ Մի քանի տարի հետո իմացա, որ այցելել է։ Ես փորձում էի ոչ միայն ինձ համար ուղղակի նկարել, այլև մարդկանց տեղեկացնել, իմ ոգևորությամբ ու հիացմունքով նաև վարակել ուրիշներին։ Բախտավորություն ունեցա պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանի հետ աշխատելու, իննսունականների սկզբին հենց ինքն ինձ ծանոթացրեց Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանի հետ, որը լավատեղյակ էր իր գործին, հրաշալի գիտեր տարածքը և ինձ շատ աջակցեց։ Ինքն էր, որ խոր անտառներում հայտնաբերել էր երկու շատ հին տապանաքարեր, որոնց վրա նշագրություններ կային Արցախի և Կիլիկիայի կապի մասին։ Ցավոք, սա էլ մնաց ադրբեջանցիներին։ Բայց դրանք պատմական շատ զորեղ փաստեր էին, ինչպես դուք ասացիք՝ «փաստաթղթեր», որոնց լուսանկարները ես ունեմ, և դրանց մասին արդեն նյութեր կան հրապարակված։ Եթե այդ խուլ տեղերն Ալեքսանը գնացած չլիներ, այսօր այդ լուսանկարներն էլ չէին լինի…. Եվ եթե լուսանկարները չլինեին, դրանց գոյության մասին ապացույցն էլ չէինք ունենա… Ադրբեջանցիները ջանք չեն խնայելու ապացուցելու համար, որ հայերը պատմականորեն որևէ կապ չունեն այդ տարածքների հետ, վերացնելու են մեր մշակութային հուշարձանները, ձևախեղելու են դրանք։ Այդ առումով լուսանկարներն առավել մեծ նշանակություն են ստանում հիմա։ Անելու են այն, ինչ արեցին Նախիջևանում։ Ի դեպ, ես երեք անգամ գնացել եմ Հյուսիսային Իրանի Նախիջևանի սահման՝ թաքնվելով նկարելու։ Առաջին անգամ՝ 97-ին, չորս հազարից ավելի խաչքարեր եմ լուսանկարել։ 2006-ին նորից գնացի և նկարեցի այն վայրերը, որտեղ բուլդոզերով արդեն գետնին էին հավասարեցրել խաչքարերը։ Հաջորդ այցս 2009-ին էր, ու արդեն ամբողջապես հետք չկար հայկական խաչքարերից, այդ տեղում արդեն կարծեմ զինավարժությունների համար հատուկ տարածք էին սարքում։ Համարձակություն էր պահանջում, բայց ուրախ եմ, որ կարողացա գնալ, և այսօր մեր ոչնչացված մշակույթի գոնե հիշողությունն ու ապացույցներն ունեմ։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ավերում մեր խաչքարերը, օրինակ։ Որովհետև շատ խաչքարերի վրա թվականներ կան գրված, որ փաստում են, որ այսինչ թվականին, այսինչ մարդն, այսինչ մարդու համար սարքել է այս խաչքարը։ Իրենք իրենց մշակութային ժառանգության, այդ տարածքներում շատ վաղ ժամանակներից ի վեր ապրելու այդպիսի ապացույցներ չունեն, ուստի ոչնչացնում են հնարավորը, որ հակառակն է ապացուցում։ Եվ այդ առումով լուսանկարների դերն ու նշանակությունը շատ ավելի է կարևորվում թե՛ ներկայի, և թե՛ հատկապես ապագայի համար։

Մենք լավ չաշխատեցինք բոլոր առումներով։ Ի՞նչ կարողացանք անել Ջուղայի խաչքարերի հետ, փորձեցինք ձայն բարձրացնել, բայց ոչ մի արդյունք չստացանք, ոչ մի ճնշում չկարողացանք բանեցնել։ 97-ին դրանք կային, 2003-ին բուլդոզերն արդեն դրանք գետնին էր հավասարեցրել։ Աշխարհը չտեսա՞վ։ Իհարկե, տեսավ, բայց և անտարբեր գտնվեց, և մենք էլ մեր հերթին լավ չաշխատեցինք։ Ադրբեջանցիներն աշխարհի աչքի առաջ բնաջնջեցին մի ամբողջ մշակութային արժեքավոր ժառանգություն։ Չգիտեմ, ինչ ասեմ, ամեն հնարավորը պիտի փորձենք, պիտի ձայն բարձրացնենք, թեև իմ վստահությունը միջազգային կառույցների հանդեպ՝ մասնավորապես Յունեսկոյի, այնքան էլ մեծ չէ։ Տարիներ առաջ իմ լուսահոգի ընկեր Զավեն Սարգսյանը եվրոպական քաղաքներից մեկում խաչքարերի և հայկական մշակույթի վերաբերյալ ցուցահանդես ունեցավ, որտեղ ընդգրկված էին նաև Ջուղայի խաչքարերի իր լուսանկարները։

Ցուցահանդեսի հետ կապված անախորժություն էր եղել, որի մասին ինձ ֆրանսահայ արվեստաբան Պատրիկ Տոնապետյանն է պատմել, բառացի մեջբերում եմ նրա նամակից՝ «Գիտես, որ Ադրբեջանը շատ «առատաձեռն» է UNESCO-ի նկատմամբ, ուստի և շատ ազդեցիկ: Ունի այնտեղ իր ներկայացուցչությիւնը: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ տեղեակ էին: Բացի դրանից, ծրագիրը վաղուց արդէն հայտնի էր: Բոլորը գիտէին: Հանրութիւնն էլ տեղեակ էր, որ այդ օրը ցուցահանդէսը բացուելու է: Հայաստանի Մշակոյթի նախարարութեան աշխատակիցներ, որոնք Զաւէնի հետ կախում էին ցուցահանդէսը, իմ գալուց առաջ տեսել էին, թէ ինչպէս ադրբեջանցիներ (հավանաբար լեզուից իմացան, ովքեր են) անցան, նայեցին ու գնացին: Քիչ հետոյ UNESCO-ի ղեկավար աշխատակազմից մարդիկ եկան, որոնք իրենք հանեցին քարտէզները: Հայաստանցիները չհամարձակուեցին դիմակայել: Երբ ես հասայ (մի քիչ հետոյ, կամ գրեթէ միաժամանակ, Կլոդ Մութաֆյան Արմէնն էլ եկաւ), տեսանք, որ պատրաստւում էին հանել նաև այն տախտակները, որտեղ տպուած էին Ջուղային վերաբերող իմ բացատրութիւնները: Անմիջապէս Արմէնի հետ սկսեցինք բարձրաձայն բողոքել: Ես ներկայացայ որպէս տեքստերի հեղինակ և ֆրանսիացի գիտնական, CNRS-ի գիտաշխատող, և ասացի, որ իրաւունք չեմ տալիս իմ գրածներին դիպչել: Պահանջեցինք, որ ղեկավարութիւնը կանչեն: Նրանք հեռացան ու էլ չեկան, բայց իրենց հետ UNESCO-ի դրօշները տարան… Ի դէպ, բացմանն էլ ղեկավարութիւնից ոչ մէկը չեկաւ:»

Նրանք՝ ադրբեջանցիները, կռվում են նաև մեր հիշողությունների հետ, արդեն բնաջնջել են, բայց անգամ մեր լուսանկարների հետ կռիվ ունեն։ Ցավով պիտի ասենք, որ հայկական մշակույթը ոչնչացնելու համար շատ մեծ ջանքեր են գործադրում և հաջողում են։ Այս ցուցահանդեսի փոքրիկ դրվագը դրա վառ օրինակն է։

-Ի՞նչ խնդրի վրա երիտասարդ լուսանկարիչների ուշադրությունը այսօր կհրավիրեիր։

-Գիտե՞ս, լուսանկարչության մեջ մի պարզ պրոցես կա։ Երբ նայում ես ինչ-որ տեսարանի և ասում ես՝ շատ սիրուն է, հիմա կնկարեմ, բայց հետո մտափոխվում ես, թե՝ վերադարձին կնկարեմ, վերադարձար՝ այն այլևս չի լինի։ Իբրև լուսանկարիչ, մենք գիտենք, որ պահը հիմա է։ Այդ վայրկյանին չլուսանկարեցիր, լինի դիմանկար, բնություն թե հուշարձան, մեծ հավանականություն կա, որ արդեն չես նկարելու։ Ես նաև ձեռագրեր լուսանկարելու մեծ փորձ ունեմ։ Երբ Իրանում հայկական ձեռագրեր էի լուսանկարում, գործը կիսատ թողեցի, վերադարձա Կանադա՝ նորից գնալու ծրագրով, բայց հետո Կանադայի ու Իրանի կառավարության հարաբերություններում խնդիրներ առաջացան, և Իրանի դեսպանատունն այստեղ փակվեց։ Եվ ահա ես այլևս չկարողացա գնալ Իրան։ Ուզում եմ ասել, որ լուսանկարչության մեջ չկա ՀԵՏՈ, կա ՀԻՄԱ։ Չարեցիր, հնարավոր է էլ երբեք չնկարես։ Դրա համար երբ ինձ ասում են՝ լավ, վաղը կգաս, կնկարես, ես ասում եմ ՝ չէ, վաղն արդեն չի լինի, լուսանկարչության համար վաղը վտանգավոր է, ձեր վաղն ու իմ վաղը տարբեր բաներ են, իրար չեն համընկնում։

Երկու շատ կարևոր մարդ կորցրինք անցյալ տարի։ Զավեն Սարգսյանը։ Նա քառասուն տարուց ավելի հուշարձաններ էր լուսանկարում, և ես իր շնորհիվ եմ 92 -ից սկսած ծանոթացել մեր հուշարձաններին ու երկրին, տարիներ շարունակ միասին ենք շրջել ամբողջ Հայաստանով, Արցախով, Արևմտյան Հայաստանով, Կիլիկիայով՝ լուսանկարելու։ Մյուս ծանրագույն կորուստը պատմաբան, հետազոտող Սամվել Կարապետյանի մահն էր։ Սամվել Կարապետյանը դեռևս Արցախյան պատերազմից առաջ շատ մեծ համարձակության դիմելով՝ ադրբեջանական տարածքներ էր մտել, այդ թվում՝ Գանձակ։ Այդ դժվարությունների մասին նա երբեք շատ չխոսեց։ Նա կարողացավ լուսանկարել այդ տարածքների եկեղեցիները։ Ասածս այն է, որ չափազանց կարևոր են վավերագրական աշխատանքները, և մենք՝ ավագ սերնդի լուսանկարիչներս, պիտի այս գործի կարևորության գիտակցությունը փոխանցենք մեր երիտասարդ գործընկերներին։ Այո, այսօր սոցիալական հարթակներում մի հուշարձանի լուսանկար տեղադրելով՝ հնարավոր է մեծ դիտումներ ունենալ, բայց որպես պրոֆեսիոնալներ պիտի աշխատենք լուսանկարչությունը չանլրջացնել ու մեծ կարևորություն տալ վավերագրությանը։ Տարիներ շարունակ ոլորտի մասնագետները, նվիրյալները, այդ թվում Զավեն Սարգսյանը, բարձրաձայնում էին մեր մշակութային հուշարձանների խնդիրների մասին։ Օրինակ, նա անընդհատ իր հարցազրույցներում ասում էր, որ Հայաստանի ամբողջ տարածքով մեկ կան հին գերեզմանաքարեր՝ խաչքարերի տեսքով, որոնք բացարձակ անտերության էին մատնված։ Գյուղացները, որպեսզի նոր գերեզմանատեղեր բացեն, հանում էին դրանք։ Բայց ոչ մեկը չէր հետաքրքրվում, ոչ մի արձագանք ու լուծում չէր ստանում այս հարցը։ Հիմա հանկարծ կորցրեցինք ու ողբում ենք։ Դա էլ է չէ՞ տարօրինակ։ Հանկարծ կորցրեցինք Արցախի այսքան եկեղեցիներ, ու հանկարծ արթնացանք։ Բայց պարզվեց նաև, որ շատերս չենք էլ եղել այդտեղ։ Այդ եկեղեցիների մեծ մասն, ի դեպ, հոգևորական էլ չուներ, քսանութ տարվա մեջ մեր եկեղեցիների մեծ մասը գործուն չդարձավ, իսկ դա կլիներ գյուղերը կենսունակ պահելու շատ զորեղ միջոց։ Դժբախտաբար, սա է իրականությունը։ Գանձասարը, Դադիվանքը, Շուշիի Ղազանչեցոցը, Ամարասը, այո, գործում էին, բայց մնացած վանքերն ու եկեղեցիները գրեթե լքված էին։ Այսինքն պետք է աղե՞տ լիներ, որ հանկարծ անդրադառնայինք։ Ինչո՞ւ այսքան տարի մեր կրոնականներն այդ ուղղությամբ չեն աշխատել, ինչո՞ւ արթուն չեն պահել այդ եկեղեցիները։ Իհարկե, հիմա որ այս ամենն ասում եմ, անպայման ուզում եմ նշել, որ մշակութային հուշարձանների, տարածքների կորուստներն անհամեմատելի են մարդկային կորուստների հետ։ Մենք մի ամբողջ սերունդ կորցրինք, և մեր ամենամեծ ցավը դա է։ Մենք այդ «շռայլության» իրավունքը չունեինք։

-Որտե՞ղ մենք վրիպեցինք, ինչո՞ւ վրիպեցինք։

-Գիտես, այս կորուստը, այս պարտությունը նաև մեզանով էր պայմանավորված։ Հիմա մի բան կասեմ, որն այնքան էլ ուղիղ ձևով կապված չէ այս պատասխանի հետ, բայց և կապված է։ Մշակութային հսկայական, շատ հարուստ ժառանգություն ունենք ամբողջ աշխարհում։ Ես մի քանի նախագծեր եմ իրականացրել՝ լուսանկարելով աշխարհով մեկ սփռված հայկական մշակութային գանձերը։ Եթե ես պատմեմ, թե որքան դժվարությունների եմ հանդիպել, որքան խոչընդոտների հենց հայերի կողմից, դու չես հավատա։ Իհարկե, աջակցողներ էլ եղել են, բայց խոչընդոտ ստեղծողների պակաս էլ չի եղել։ Եթե դու ի պաշտոնե, ասենք, հայկական ձեռագրերի պահպանման պատասխանատուն ես, չի նշանակում, որ քո որոշմամբ փակի տակ պիտի պահվեն այդ մշակութային արժեքները։ Աշխարհով մեկ սփռված են մեր ձեռագրերը, և դրանք պիտի հաստատված կարգով տրամադրվեն, որպեսզի դրանց մասին գրքեր, լուսանկարներ, աշխատություններ, հոդվածներ տպվեն։ Քանի՞ միջազգային հնչեղության ցուցահանդես ենք ունեցել՝  շատ քիչ։ Վերջինը Մետրոպոլիտեն թանգարանում է եղել (հեղ. նկատի ունի 2018 թ. Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդեսը), այն էլ կազմակերպողը մենք չենք եղել։ Մետրոպոլիտեն թանգարանն ինձ ներգրավել էր կատալոգի համար լուսանկարներ անելու։ Իմ անելիքը պիտի լիներ գնալ Երուսաղեմ, Վենետիկ, Լիբանան, Հայաստան և կոնկրետ մշակութային «իրեր» լուսանկարել։ Բոլորն էլ գիտեին, թե ինչ նպատակով էի լուսանկարելու։ Ինձ էլ շատ լավ ճանաչում էին, այսքան տարի լուսանկարում եմ և, ի վերջո, հույս ունեի, որ իմ մասնագիտության ու անունի հանդեպ հարգանք կտեսնեմ։ Մի իր կար, որ Վեհափառը պիտի համաձայնություն տար, որ Գանձարանից հանեին։ Չհանեցին։ Չլուսանկարեցի։ Բայց երբ Գեղարդի շուրջ հայտնի աղմուկը տարածվեց, հինգ րոպեում հանեցին, բերեցին։ Պարզվեց, մարդիկ իրենց բջջայիններով կարողացան անգամ լուսանկարել Գեղարդը։ Սա այն մասին է, թե ինչու մենք չենք հաջողում և ինչու ենք պարտվում։ Ես նեղացած մարդու դիրքերից չեմ խոսում, ամենևին։ Ուղղակի այս բաների մասին պիտի խոսվի, որ դեպի լավը փոխվենք։ Քանի անգամ պատահել է՝ Դեղերում, Օհանավանքում, Գեղարդի վանքում և շատ ուրիշ եկեղեցիներում, մեկ էլ հենց հանել եմ եռոտանին ու պատրաստվել լուսանկարելու, մոտեցել են, ասել՝ Էջմիածնից թույլտվություն ունե՞ս։ Ինչպե՞ս է սա հնարավոր։

-Հայաստանն ապրում է շատ հուսահատ օրեր։ Կորստի ու պարտության ցավը երբեմն անհաղթահարելի է թվում։ Բոլորս իրար հարցնում ենք՝ ի՞նչ պիտի լինի, ինչպե՞ս պիտի դուրս գանք այս վիճակից։ Դու ի՞նչ մտքերի մեջ ես, Հրայր։ Քո կյանքում եղել է այնպիսի մի իրավիճակ, երբ կյանքի ու մահվան եզրագծում, փառք Աստծո, հաղթել է կյանքը։ Ապրելով հուսահատ օրեր՝ կարողացել ես ուժ գտնել հաղթահարելու անհաղթահարելի թվացող դժվարությունները։ Հիմա մեզ ուժ է պետք։ Ինչպե՞ս գտնենք այն։

-Մերի, մեր միջից պիտի դուրս գա իրար խաբելու սովորությունը։ Ամեն անհատ իրենից պիտի սկսի։ Սա միայն պետության, իշխանության հարցը չէ։ Յուրաքանչյուրս անկեղծորեն պիտի մոտենանք այս հարցին, չխաբենք ինքներս մեզ ու չխաբենք իրար։ Մենք մինչև հիմա «Հայր մերը» անգիր չգիտենք, մեր քրիստոնեա լինելը մոմ վառելուց այն կողմ չի գնացել, փոխարենը դրա մասին մտածենք, անընդհատ կրկնում ենք՝ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք։ Ի՞նչ օգուտ անընդհատ կրկնելուց։ Ամեն ինչ հավատով ու անկեղծությամբ է, եթե չես հավատում, որ երկիրդ ու ժողովուրդդ պիտի լավ լինի, եթե չես հավատում ապագայիդ, դժվար հաջողենք։ Ժամանակ չունենք մենք հիմա իրար վրա հարձակվելու, պիտի օր առաջ սթափվենք ու մեր երկիրն ամենօրյա աշխատանքով, ամեն մեկս մեր տեղում շենացնենք։ Պիտի համախմբվենք, վերքերը բուժենք, բոլոր ոլորտների համար՝ այդ թվում՝ մշակույթի, հեռահար ծրագրեր կազմենք։ Այլապես կկորցնենք Հայաստանը։ Ինչպե՞ս իննսուներկուսին կարողացանք այդքան հզոր թշնամուն հաղթել, համախմբվել։ Հիմա էլ համախմբվենք ու ոտքի հանենք մեր երկիրը։ Պիտի հիշենք, որ ունենք ոտքի կանգնելու ուժը, պիտի հավատանք դրան։ Ճիշտ է, շատ ենք կորցրել, բայց հազարավոր տարիներ այստեղ ենք, ուրիշներն եկան, գնացին, բայց մենք կանք։ Դա մեր ուժն է, մեզ ապրեցնող ուժը, որի շուրջ այսօր պիտի միավորվենք։ Ես պատահական չեմ դրել իմ գրքերից մեկի վերնագիրը՝ «Հայաստան դրախտավայր», մեր երկիրն իրոք դրախտավայր է, մնում է աշխատել այնպես, որ այն ուժեղանա իր կրթությամբ, տնտեսությամբ։ Մեր երկրի ամենակարևոր աշխատանքներից մեկն անում է հողագործը, մշակը, և նա պիտի ամենալավը ապրի։ Մենք անմշակ տարածքներ չպիտի ունենանք։ Կուզեի նաև նշել, որ պիտի Սփյուռք-Հայաստան կապը շատ ավելի սերտանա, պիտի շատ աշխատենք իրար հետ։ Պատերազմը ցույց տվեց, թե որքան կարևոր ենք մենք իրար համար։

 

Մի թանկ հիշողություն….

Արցախում էի։ Այդ օրը գնացել էի իմ սիրելի Եղիշե Առաքյալ վանքը լուսանկարելու։ Երկու ընկեր էինք, մեզ հետ էր մի զինվորական, որը մեզ ուղեկցում էր, որպեսզի ճիշտ ճանապարհով գնանք ու հանկարծ չմոլորվենք, քանի որ սահմանին շատ մոտ էինք՝ վտանգավոր տեղում։ Եղիշե Առաքյալ վանքը Մռավ լեռան լանջին է։ Հիմնադրվել է հինգերորդ դարում՝ աշխարհից աղմուկից կտրված, մոռացված մի դրախտային տեղում։ Միևնույն ժամանակ թվում է, թե վանքը սպասում է, որ ինչ-որ մեկը գա իրեն այցի։ Շատ եմ սիրում հատկապես այս վանքը,  վերջին անգամ անընդհատ շոյել եմ նրա քարերը… Լուսանկարելու պահին ֆոտոխցիկիս ոսպնյակն ընկավ։ Հանեցի, դրեցի գրպանս ու եկեղեցուց դուրս եկա։ Արդեն պատրաստվում էինք վերադառնալ, ուժեղ անձրև սկսվեց։ Ոտքերս ամբողջովին թրջվեցին և ցեխոտվեցին։ Բնությունը, կարծես նախազգալով, որ սա մեր վերջին հանդիպումն է, ուզեց, որ ես այնտեղ մնամ ավելի երկար… Ծառերի տակ, ցեխի մեջ նստած, հորդառատ անձրևից թրջվելով, ես լուռ նայում էի իր գեղեցկության մեջ այնքան միայնակ այս վանքին։ Մի կողմից աչքերս վայելում էին մշակույթի ու բնության այդ չքնաղ հրաշքը, բայց մյուս կողմից սիրտս ծանր տխրություն էր զգում... Չեմ կարող նկարագրել զգացածս... Կարծես Եղիշե Առաքյալ վանքը հրաժեշտ էր տալիս ինձ, ասում, որ այլևս չեմ գա այստեղ, որ սա մեր վերջին հանդիպումն է։ Հիմա ինձ համար շատ ծանր է նայել այդ լուսանկարներին։

 

Զրույցը՝ Մերի Մուսինյանի

... ... ... ... ... ...