Հրաժեշտ Դավոյանին

Նրանք վաղուց չկան, բայց «Ռեքվիեմը» կա

2019-ի ապրիլն էր, բրիտանական «Arc Publications» հրատարակչության տնօրեն Թոնի Ուորդն ու գլխավոր խմբագիր Անջելա Ջերեմենը Հայաստանում էին Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմի» անգլերեն թարգմանության շնորհանդեսի առիթով: Դավոյանն արդեն վատառողջ էր, բայց սիրով համաձայնեց իր բրիտանացի գործընկերների մասնակցությամբ, իհարկե՝ նաև Արմինե Թամրազյանը հետ, հանդիպել, խոսել անգլերեն թարգմանության մասին: Բրիտանիայի հայտնի և մեծ հեղինակություն վայելող հրատարակչատներից`«Արք փաբլիքեյշընզի» հետ բանաստեղծը համագործակցում էր դեռ 2010-ից, երբ հրատարակչությունն իր «Երևելի բանաստեղծներ» մատենաշարի 27-րդ հատորով  ներկայացրեց Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունների ընտրանին`Արմինե Թամրազյանի թարգմանությամբ: Այս մատենաշարը մի փորձ էր ընթերցողին ծանոթացնել Եվրոպայի ու Ասիայի այն հայտնի պոետներին, որոնց ստեղծագործությունն ազգային բանաստեղծական արվեստի այցեքարտն է և իրավունք ունի ազգային գրական մշակույթի անունից ներկայացվել համաեվրոպական լսարանին: Այս հատորյակով սկիզբ առած գործակցությունը վերածվեց ջերմ բարեկամության, և արդեն 2016-ին «Արք փաբլիքեյշընզը» հրատարակեց «Ռեքվիեմի» անգլերեն թարգմանությունը, որին հետևեց նաև հեղինակի և թարգմանչի հանդիպում-ընթերցումների շարքը բրիտանական տարբեր քաղաքներում և կրթական կենտրոններում: Դավոյանը շատ ոգևորված էր. պատմում էր, որ երբ  բրիտանական ամենամեծ ընթերցասրահներում, Լանքասթերի, Յորքշիրի և այլ քաղաքների համալսարանական լսարաններում ինքը՝ հայերեն, իսկ Արմինեն՝ անգլերեն ընթերցում էին պոեմը, իրեն երբեմն թվում էր, թե ունկնդիրները նաև հայերեն են հասկանում: Փոքր-ինչ ավելի ուշ «Արք փաբլիքեյշընզ» հրատարակչության ներկայացուցիչները Երևան եկան «Ռեքվիեմի» տպագրության 50-ամյակի առիթով: Երկուսն էլ՝ և՛ Թոնի Ուորդը, և՛ Անջելա Ջերեմենը փաստում էին Դավոյանի պոեզիայի մոգական ուժը: «Դավոյանը կարողանում է կախարդել դահլիճները, նա հայ պոեզիայի քուրմն է», Անջելա Ջերեմենի բնորոշումն է, իսկ Թոնի Ուորդը Դավոյանի պոետիկ պատկերի կատարելության հետ ընդգծում էր Դավոյանի զարմանալի կարողությունը՝ անգամ ամենամեծ սարսափների մասին գրելիս զերծ մնալ ատելությունից: Իսկ Դավոյանը թեև մոռանալ չէր կարող, բայց դառնացած, չարացած չէր և առավել ևս ատելություն չուներ: Կարճատև հարցազրույցի ընթացքում զրուցեցինք «Ռեքվիեմի» մասին, պարզապես հրատարակության հիսունամյակի մասին խոսելիս պոեմի տպագրության տարեթվին հավելում էր ևս 10 տարի: Հարցրեցի՝ ինչո՞ւ:

-Որովհետև հրատարակության 50 տարին լրացավ, բայց 60 տարի ի վեր  գոյություն ունի, 10 տարի հետո է հրատարակվել. երկու տարի լրիվ բանտարկված  է մնացել: Իսկ հետո զանազան քաշքշուկներից հետո վերջապես հրատարակվեց, ինքնուրույն կյանք մտավ: Թարգմանվել է մի քանի լեզուներով, հիմնավոր թարգմանությունների մասին եմ խոսում, հետո ճանապարհ է ընկել էստեղից դեպի Ռուսաստան, որտեղ մի քանի հրատարակություններ է ունցել, հետո էլ՝ Չեխոսլովակիա՝  էլի մի քանի հրատարակություններ է ունեցել, հետո հասել է Անգլիա, հետո՝ Ֆրանսիա, մի խոսքով, իր ինքնուրույն ճանապարհն է անցել, ես այդ ամենին ի՞նչ պիտի ավելացնեմ որ:

-Իսկ ինչո՞ւ էր երկու տարի բանտարկված:

-Գիտես, սա շատ երկար պատմություն է, բայց ես երկու խոսքով փորձեմ պատմել: Գրքի շարվածքը կար, բայց երկու տարի չէին թողնում, որ դուրս գա, որովհետև Մոսկվայում՝ ЦК КПСС-ում, հայերն ունեին «մատերիալների» երկու մեծ պահարան, որոնցից մեկում էլ «Ռեքվիեմի» մասին նյութեր կային: Դրանցից մեկն ինձ ցույց տվեց պրոպագանդայի գծով Կենտկոմի քարտուղար Ռոբերտ Խաչատրյանի կինը՝ Լալա Խաչատրյանը, որը գրականության երկրպագու էր: Ինձ ցույց տվեց ապացուցելու համար, որ Ռոբերտը մեղք չունի՝ տես թե քո գրչակիցներն ինչեր են գրել Մոսկվա:

-Հիշո՞ւմ եք թե ինչ էր գրված այդ մատնագրերում:

-«Հակագաղափարական, ազգայնամոլական, Սովետի հետ բոլորովին կապ չունեցող  գործ  է»-, գրել էին և դրան տոն են տալիս տեղի մեր կուսակցական ղեկավարները, պատկերացնում ես՝ էդպես նրանց ոտքի էին հանում: Անուն առ անուն, ստորագրություններով կան, բայց հիմա ես ի՞նչ ասեմ դրա մասին, ի՞նչ պիտի ասեմ՝ նրանք  վաղուց չկան, բայց «Ռեքվիեմը» կա:

Դեռ 2010-ին թեև ոչ «Ռեքվիեմի», այլ «Արք փաբլիքեյշընզի» երկլեզու հատորի համար, գրքի առաջաբանի հեղինակ Ուիլյամ Հերբերտը գրել է. «Նրա ստեղծագործության մեջ ամենաապշեցուցչին այն է, որ հագեցած է ցնծությամբ` մշտապես վերանորոգվող մի հիացում ես ապրում, որ առաջանում է ստեղծագործության բացառիկ հոգևոր խտության ու դրա բանաստեղծական պարզ շարադրանքի փոխհարաբերությամբ»:

Այսօր  հրաժեշտ ենք  տալիս  այն պոետիկ ցնծությանը, որն ամբողջության մեջ Ռազմիկ Դավոյան անունն էր կրում, ավելացնելու ոչինչ կամ գրեթե ոչինչ չկա: Եվ որպես հիշողության ու լույսի մի շող կամ աննահանջ կարոտաբաղձություն մի քանի տող նրա լավագույն բանաստեղծություններից մեկից, որ սիրո թրթիռների ու երջանկության անորսալի ակնթարթների պոետիկ խտացումն են՝ իսկական դավոյանական հրավառություն.

* * *

Եվ քո հուշի դիմաց

Ես պեծկլտում եմ դեռ,

Ինչպես թաց մթի մեջ

Հանգչող լապտեր:

 

Նունե Ալեքսանյան