Հրաչյա Թամրազյան. «Բառում հայտնված աշխարհի պատկեր...»

2023 թվականին «Նաիրի» հրատարակչությունը լույս ընծայեց պոետ, թարգմանիչ, գրականագետ և նարեկացիագետ Հրաչյա Թամրազյանի «Բառում հայտնված աշխարհի պատկեր...» թարգմանական ժողովածուն: Այն ներկայացնում է ռուսական Արծաթե դարի լավագույն պոետների այն ստեղծագործությունները, որոնք տարբեր տարիներին թարգմանել է Հրաչյա Թամրազյանը՝ այդ թարգմանությունները վերածելով բանաստեղծական մի խրախճանքի: «ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում ժողովածուից մի քանի թարգմանություններ Բունինից, Բալմոնտից, Եսենինից և Պաստեռնակից:

 

***

Իվան Բունին

 

Սիրել եմ մանկուց խավարը վանքի՝

Իրիկնամուտի մոմերն իր վառած,

Եվ կրակներն իր թույլ ու տրտմագին

Մթնով աղոթող ամբոխի առաջ,-

 

Սիրել եմ պահն այդ տքնող արթնության,

Երբ իրիկնային երգում թախծալուր

Հնչում էր ողբը խուլ խոնարհության,

Եվ աղոթողն իր մեղքերն էր քավում:

Ու կանգնած վանքի գավիթում խավար,

Այդ աստվածախոս ամբոխից հեռու,

Իմ խոհերն էի խորանին բերում՝

Անանուն մի ցավ ու խինդ մի անմար.

Եվ երգչախմբի ձայներից վերին,

«Խաղաղիկ լույսի» ծփանքում անհուն

Լռում էր խռովքն ու պայծառանում,

Ու մոռացում էր իջնում խոհերիս...

 

Ու հետո բազում տարիներ անցան,

Օրերը ուրիշ երազ են մանում,              

Ու չկա այն հին տենչանքը անչար,

Ու հոգնած սիրտս էլ չի ջերմանում:

Բայց կրում եմ միշտ սրտիս մեջ այն սուրբ

Խմորումները կորուսյալ կյանքի

Ու տառապում եմ լուռ ու անարցունք,

Դառնության անթիվ օրեր են անցնում՝

Օրեր կորստի ու տառապանքի:

Ու լուռ տանում եմ թախիծը հետիս,

Տանում է հոգիս տրտունջն իր մենակ,

Բայց այնքան է նա մունջ ու պոետիկ,

Երջանկությունից քաղցրալիր է նա:

 

***

Կոնստանտին Բալմոնտ

Լռություն

 

Մթնշաղը գունատ է,

Խամրել է սաթն իր արդեն,

Լուռ է շուրջը, քնել են

Հիմա շուշան ու եղեգ:

 

Գետում ցոլանք է տալիս

Ամպերի չուն երկնային,

Երկինքն՝աղոտ գույն առած,

Անտառը՝ մութ ու խաղաղ:

 

Լռությունն է աստ արքան,

Քաղցր՝ երազը այնքան,

Շուքն է դողում մոլորված,

Փոխում գիշերը օրվան:

                    

Նայում է լուռ ջրերին

Լուսնի մանգաղը վերից,

Աստղերից լույս է կաթում,

Հրեշտակի աչքն է արթուն:

 

***

Սերգեյ Եսենին

 

Գունատ լուսինն է խրձերի ետև

Պահվում արևի պայծառ շողերից,

Հեռավոր ծիրում, արոտներից դեն

Լուրթ արևելքն է բռնկվում հրից:

 

Այգն է ցոլցլում, մշուշվում, ինչպես

Կույսի աչքերը խորունկ, անմեկին:

Պանդուխտ գարունը ցուպ ու մախաղով

Եկել է՝ կեչուց տրեխներ հագին:

 

Եկել է, մտել պուրակը շաղոտ,

Ծառերից կախել զրնգուն գինդեր

Ու այգին մտած լույսերի խաղով

Թռչում է՝ դարձած մի սիրուն թիթեռ:

 

***

Սերգեյ Եսենին

 

Էլ երբե՜ք, երբե՜ք չենք թափառելու

Կանաչ ճամփեքին մեր պատանության,

Հուշ դարձար սիրուն, ոսկի վարսերով,

Երազի նման քո շուքը անցավ:

 

Պտղահյութի պես կարմիր այտերով,

Մայրամուտի պես հեզ ու վարդագույն,

Քնքուշ էիր դու, փխրուն ու գերող,

Ձյան նման լուսեղ, ձյան նման մաքուր:

 

Աչքերիդ ոսկի հատիկներն ընկան,

Անունդ հնչեց ու հալվեց հեռվում,

Ու միայն մեղրի բուրմունքը մնաց

Հնօրյա շալիդ նրբին ծալքերում:

 

Բայց խաղաղ ժամին, երբ մեր տանիքին

Այգն է կատվի պես դեմքը լվանում,

Քո սուրբ մրմունջն եմ ես առնում կրկին,

Որ քամին է պաղ շուրթերին տանում:

 

Ու թող շշնջա կապույտ երեկոն,

Որ միայն երազ ու երգ ես եղել,

Որ հորինել է չքնաղ գեղը քո՝

Նրան հավերժի խորհուրդն է գերել:

 

Էլ երբե՜ք, երբե՜ք չենք թափառելու

Կանաչ ճամփեքին մեր պատանության,

Հուշ դարձար սիրուն, ոսկի վարսերով,

Երազի նման քո շուքը անցավ:

 

***

Բորիս Պաստեռնակ

Մարինա Ցվետաևային

 

Դու գրպաններդ մեկ-մեկ շրջում ես,

Փնտրե՜ք, ասում ես, գրպանահատին:

Ամեն եղանակ - ինձ համար նույնն է,

Ամեն ժամանակ - մշուշ է մարտի:

 

Ծառերը ահա թեթև տարազով

Կանգնել են հողին՝ կպչուն ու անկիրք,

Բայց հավանաբար ճյուղերը անզոր

Ուզում են զատվել տանջող կապանքից:

 

Թրթիռ է բերում ցողը սաղարթին,

Ալիքվում, ինչպես գեղմերը գառան:

Ցողը վազում է՝ ցնցելով այնտեղ

Դեզը՝ ոզնու պես իր առաջն արած:

 

Եվ միևնույնն է, թե հոգիս հառնած

Ո՞ւմ անիրական շշունջը կառնի:

Ամեն ժամանակ - այգի է գարնան՝

Պարուրված ծխով մեղմ վաղորդայնի:

 

Եվ միևնույնն է, թե կյանքը հիմա

Ինչպես կփոխի ձևը հանդերձի:

Եղյալը կավլեն երազի նման՝

Այնտեղ թողնելով լոկ բանաստեղծին:

 

Այն ոլորելով երկար թևքերն իր

Եվ ծխի նման հարթելով ուղին՝

Այս աղետալի դարի անցքերից

Կսողա դեպի մի այլ փակուղի:

Եվ նրա ծուխը մարդկանց կհասնի՝

Կյանքի խմորից զատվելով կրկին,

Ու կասեն, ասես կրակի մասին,

Որ դարն է վառվում դա այսինչ մեկի:

 

Համլետ

 

Աղմուկը լռեց: Լույսերը հանգան:

Նայում եմ խաղաղ - և բեմ, և դահլիճ,

Հնչում են՝ իբրև հեռու արձագանք,

Գալիք անցքերը իմ ապրած դարի:

                                    

Գիշերն է մռայլ հայացքն ինձ հառել, -

Հեռադիտակներ բյուր, բազմակուտակ:

Օ, Հա՛յր իմ, Հա՛յր իմ, եթե հնար է,

Այս դառը բաժակն ինձնից հեռու տար:

 

Սիրում եմ համառ քո հղացումը,

Եվ համաձայն եմ ես խաղալ դերն իմ:

Բայց հիմա մի այլ ներկայացում է,

Ազատի՜ր դու ինձ այս վերջին դերից:

 

Սակայն նշված է դեպքերի շղթան,

Եվ վախճանն է ցուրտ իմ ճամփին իջնում:

Դժվար է կենալ, կյանքը խրված է

Փարիսեցության խավար ճահիճում:

 

Լռություն

 

Արևն անտառին լույսեր է հեղում,

Փոշու ամպեր են ելնում այս ժամին:

Այս կողմերով է, իբրև, եղջերուն

Մոտենում հովտի ճամփաբաժանին:

 

Անտառում լուռ է, անդորր ու հանդարտ,

Թվում է՝ կյանքը հովտում այս աղոտ

Արևից չի, ոչ, այսպես կախարդված,

Այլ բոլորովին ուրիշ պատճառով:

 

Մի փոքր հեռվում, իրոք, առանձին

Կանգնել է ահա մի էգ եղջերու:

Ծառերն են նրա առջև համրացել:

Ահա ինչից է անտառն այսպես լուռ:

 

Եղջերուն մատղաշ շիվեր է ծամում,

Թափահարում է ճյուղերը ծառի:

Ճյուղից կախ ընկած կաղինն է ամուր

Հարվածում նրա պիրկ ողնաշարին:

 

Եվ երիցուկներ, և եղնածաղիկ,

Եվ քույրուեղբայր, և նեղտերևի,

Բոլոր ծիլերը դյութված կածանի

Շրջան բոլորած նայում են հեռվից:

 

Կողքի ձորակով այդ հազարաձայն

Խայտալով միակ առվակն է գալիս,

Ու պատմում է նա մեկ խուլ, մեկ պայծառ

Եղելությունը այդ զարմանալի:

 

Զնգալով ձորում՝ նա թափ է առել,

Լուրն է թնդացնում անտառի եզրով,

Եվ ինչ-որ բան է ճգնում բարբառել,

Ուր որ է, արդեն մարդկային լեզվով:

 

Թարգմանությունը՝ Հրաչյա Թամրազյանի