Հովսեփ Նալբանդյանի կազմած «Արևմտահայ և սփյուռքահայ կին գրողներ» ժողովածուն

Երբ ծանոթացա գրականագետ, մատենագետ, խմբագիր, թարգմանիչ Հովսեփ Նալբանդյանի գրական գործունեությանը, առաջին զգացողությունս միայն մեկ բառ էր՝ աշխատասիրություն: Սակայն, երբ թերթում էի 2020 թվականին Երևանում լույս տեսած «Արևմտահայ և սփյուռքահայ կին գրողներ» 600 էջանոց գիրքը, ակնհայտ էր, որ վերևում հիշատակված բառին պիտի հավելեմ կարևոր աշխատանք բառակապակցությունը: Անշուշտ, հավաքածուն կազմված է ընտրողաբար՝ ընդգրկելով ժամանակային առումով հիմնականում մեծ գործունեություն ծավալած արևմտահայ և սփյուռքահայ կին գրողների ստեղծագործությունները: Նրանք գործել են այնպիսի ժամանակաշրջաններում, երբ հայ ժողովրդի կյանքը և կենցաղը մեծ փոփոխություններ էին կրում: Տեղի էին ունենում ողբերգական շատ իրադարձություններ, որոնք չէին կարող չանդրադառնալ նրանց ստեղծագործությունների հուզաշխարհի և բովանդակության վրա: Կարդալով նրանց թե՛ արձակ և թե՛ չափածո գործերը՝ կարելի է հստակ պատկերացում կազմել պատմական ընթացքների մասին, որոնք այսօր էլ վերլուծության և քննարկման առարկա են:
Գրականությունը մեծ հնարավորություն է տալիս պատմաբաններին՝ կարևոր հետևություններ և եզրահանգումներ անել, ինչին կարող է օգնել նաև այս ժողովածուն՝ իր ձևի մեջ խիստ ինքնատիպ և հիմնավոր: Բացի պատմական պատկերից՝ գրականության այսպիսի մեկտեղումը լավագույնս բացահայտում է կնոջ բազմաձայն և խոր հոգեկերտվածքը, բնավորությունը, օգնում գրական նոր արահետներ հայտնաբերել և բաղդատել դրանք:
Գրքի «Բացատրական մը» խորագրով առաջաբանում կազմողը բացում է փակագծերը, ներկայացնում հայագիր կին գրողներին ժողովածուում տեղ տալու նախապայմանները, անհրաժեշտությունը, թե ինչպես հղացավ իրականացնել այսպիսի աշխատանք, որն ունի երեք հիմնական բաժիններ՝ արձակ (պատմվածք, ակնարկ, հուշագրություն), բանաստեղծություն և  հրապարակագրություն:
Համաձայն եմ գրականագետ Հովսեփ Նալբանդյանի հետ, երբ գնահատում է այսօրվա սփյուռքահայ գրականությունը, որն «այսօր շա՜տ տարբեր է, քան երեսուն և ավելի տարիներ առաջ: Ազգային-մշակութային լուրջ աշխատանքները տակավ կը նուազին: Մօտիկ անցեալի զարթօնքի՝ Թեհրան, Փարիզ, Պէյրութ եւ այլ վայրերու գրական, ազգային կեանքը շատ ծանր վիճակի մէջ կը գտնուի... Ընչաքաղցութեան, նիւթապաշտութեան եւ ճարտարուեստի, համակարգիչներու արագ զարգացող այս դարուն տուեալ հատորը կու գայ ստուգապէս բաց մը լրացնելու»: Այս համեմատությունը շատ կարևոր է, որովհետև մենք տեսնում ենք գրական իրականության ճշմարիտ՝ իրատեսական պատկերը:
Ժողովածուն կազմվել է խիստ մանրամասն հետազոտությունների և խոկումների արդյունքում: Ինչպես նկատել է երկրորդ առաջաբանի հեղինակ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը. «կատարուած է ծաւալուն եւ գնահատելի աշխատանք», «Յ. Նալպանտեանը հաւատարիմ է իր գրական նախասիրություններին և սկզբունքներին. այս անգամ ևս մեկ շապիկի տակ է հավաքել հայ կին գրողների»: Նա նկատել է նաև, որ ժողովածուում «Ս. Տյուսաբի, Զ. Եսայեանի, Սիպիլի եւ այլոց կողքին տեղ են գտել միայն մամուլում մի քանի գործերով հպանցիկ «երեւցած» կամ ընթերցողին գրեթէ անծանոթ հեղինակներ, ինչպես օրինակ՝ Նազելի Նայիրի, Սիլվա Սիփանուհի, Լուսիկ եւ ուրիշներ»: Սակայն պիտի ավելացնեմ, որ այսպիսի ներկայացումները նույնպես ընդգծում են, որ սփյուռքահայ գրականությունն անկումներ ունի: Հովսեփ Նալբանդյանը գրական ընթացքն է երևացնում: Եվ հաղթում է ճշմարտությունը, անշուշտ, քանի որ ցույց է տալիս նաև ճանապարհը, թե ինչ ուղիով պիտի շարժվի գրականությունը, որ այն ապագայում նույնպես ճիշտ ընթացք բռնի:
Նկատելի է, որ Նալբանդյանի այս աշխատասիրությունը նման չէ նախորդների կազմածներին: Շատ ինքնատիպ է նաև կառուցվածքը: Նախ առանձնացված են ժանրերը, բացի այդ, տրված են նաև մեծերի կարծիքներն առհասարակ գրականություն երևույթի և կին գրողների մասին, ինչպես, օրինակ՝ Ավետիք Իսահակյանի, Անդրանիկ Ծառուկյանի, Հակոբ Օշականի, Մուշեղ Իշխանի և այլոց: Իհարկե, կարծիքները հիմնականում վերաբերում են արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, ազգային-հասարակական հայտնի գործիչ Զապել Եսայանին, և վերջինս կարևոր դեր ունի այս ժողովածուում: Սակայն պետք է հաշվի առնել այն կարևոր հանգամանքը, թե նա ինչպիսի՛ դեր և նշանակություն ունի մեր մտավոր մշակույթում, հասարակական կյանքում: Ուշագրավ է Հակոբ Օշականի կարծիքը, թե «Զապել Եսայան արեւմտահայ գրականութեան ամենէն ամբողջ յաջողութիւնն է»: Ներկայացված է նաև Սիպիլի (Զապել Ասատուր) հուշագրությունը Եսայանի մասին: Կան հատվածներ գրականագետ Սևակ Արզումանյանի «Զապել Եսայան» մենագրությունից. «... Զ. Եսայանը մշակեց ինքնատիպ ոճ, ուրույն գրելաձև: Այդ ոճը գրեթե միշտ թափանցում է պոետական խոսքի սահմանները: Հոգեբանական ապրումի, խոր հույզի և քնարական խառնվածքի արձակագիր է Զապելը»:  
Արևմտահայ կին գրողների ցանկում ընդգրկված են Սրբուհի Տյուսաբի, Սիպիլի, Արշակունի Թեոդիկի, Մանիկ Պէրպէրյանի, Մառի Պէյլէրյանի արձակ ստեղծագործությունները: Անշուշտ, ավելի ընդգրկուն է սփյուռքահայ արձակագիրների ցանկը՝ Անայիս, Էլեն Բյուզանդ, Շահանդուխտ, Հուրի, Ատրինե Տատրյան, Սեդա Թեվեան, Սրբուհի Մառք, Վեհանույշ Թեքեան, Երան Գույումճեան, Մարուշ Երամեան, Անահիտ Բոստանջյան, Պերճուհի Ավետեան, Մարիանա Պերթիզլեան և այլք: Արձակի ընտրությունն արված է բարձր ճաշակով: Սփյուռքահայ գրողների ստեղծագործություններում լավ է երևում, թե ինչպես է ընթանում հայ ընտանիքի կյանքը Եղեռնից հետո, ինչպես է իրեն զգում կինն աշխարհի տարբեր ծագերում, ինչպիսի փոփոխություններ է կրում հայ ընտանիքը, որտեղ մի շարք պատմվածքներում առանձնանում է հատկապես տղամարդու կերպարը: Արձակի բաժնում տեղ է գտել մի պատմվածք, որի հեղինակը Սիրան Սէզան է (Զարիֆեան): Նա Բեյրութում հիմնադրել է «Երիտասարդ հայուհի» պարբերաթերթը և 1932-1934 թվականններին և 1946-1968թթ. խմբագրել է այն: Արդեն իսկ վերնագրիը շատ բան է ասում՝ «Գաղթականին տղեկը»: Գրողի ուշադրության կենտրոնում գաղթական ընտանիքի պատմությունն է, նրբին վրձնումներով կերտված Սիմոնիկի կերպարը, առանց ամուսին մոր տագնապներն ու մտածումները: Շատ հետաքրքիր ավարտով այս պատմվածքը (Սիմոնիկի մայրը որոշում է Լիբանանից վերադառնալ և ընդմիշտ հաստատվել Հայրենիքում), լուսավոր արահետ է բացում գաղթականությանը նվիրված սփյուռքահայ գրականության ուղեծրում: Ի դեպ, ժողովածուի կազմող Հովսեփ Նալբանդյանը ներկայացնելով ստեղծագործությունները, նշում է, թե որտեղից է վերցված այն՝ ժողովածուի վերնագիրը, հրատարակության տեղը, ամսաթիվը:
«Բանաստեղծություն» բաժնում նույնպես առանձնացված են արևմտահայ և սփյուռքահայ շրջանները, չնայած որ արևմտահայ բանաստեղծուհի ներկայացված է միայն Սիպիլը, որի դեպքում Օշականը կարևորւմ էր նրա բանաստեղծությունից եկող թովչության և եթերայնության ներգործությունը: Ժողովածուում տեղ են գտել Սիպիլի «Հայոց լեզուն» և «Խոսք ընդ Աստծո» հայտնի բանաստեղծությունները: Սփյուռքահայ կին գրողների բանաստեղծություններում երգվում են մեր կորուսյալ քաղաքներ Կարսը, Վանը, Հայաստան աշխարհն՝ ամբողջությամբ: Դրանք հագեցած են հայրենաբաղձության, հայկական մշակույթի, հայերենի, մոր կերպարի հանդեպ մեծ սիրո արտահայտություններով:
Ժողովածուում մեծ տեղ է տրված վիրահայ երախտավոր, հասարակական գործիչ, բանաստեղծ, երջանկահիշատակ Անահիտ Բոստանջյանին: Երկար տարիներ նա մեծ սիրով էր տպագրում «Կամուրջ» տարեգիրքը, որում ներկայացվում էր հայ ժամանակակից գրականությունը: Ներկայացված է Բոստանջյանի «Բարձրագույն խոստովանանք» էսսեն՝ նվիրված Սայաթ-Նովային, ինչպես նաև մի հուշագրություն՝ «Պապիս պատմածն ու մեր շարունակական գարունը»: Իսկ «Պոեզիա» բաժնում տեղ են գտել նրա մի քանի բանաստեղծություններ, որոնցից երկուսն արժե հիշատակել, քանի որ դրանք ներբողներ են՝ նվիրված դարձյալ Սայաթ-Նովային և Եղիշե Չարենցին:
Կազմողը չի մոռացել նաև Ալիսիա Կիրակոսյանի բանաստեղծական աշխարհը՝ ժողովածուում ներկայացնելով մի քանի գործ, որոնք շատ է սիրել հայ ընթերցողը:
Վերջին շրջանում Հայաստանի մշակութային անցուդարձի հետ սերտ կապեր ունի բանաստեղծ և արձակագիր Անուշ Նագգաշյանը: Նա խորապես ապրում է հայաստանյան իրականությամբ, նրա ժողովածուների ատաղձը Հայրենիքի հանդեպ տածած խորին ապրումներն են, իր՝ գրողի անցած տատասկոտ ճանապարհը, ընտանիքի հանդեպ ունեցած մեծ պաշտամունքը: Եվ ժողովածուի համար ընտրված «Պար անիվներու վրա» քերթվածքն այս ամենի ապացույցն է: Պարը՝ որպես ծիսական արարողակարգ՝ կարող է իր մեջ ամբարել շատ իրողություններ՝ հերոսականություն, ցասում, կռիվ, վիշտ: Կարևոր բանաստեղծություն՝ մեծ ասելիքով. «Պարե՛, եղբայր, հպարտ պարե՛, և այս անշարժ քո ոտքերով/ Մարդկության քար խիղճը շարժե...»:
Ժողովածուում շատ կարևոր տեղ է զբաղեցնում «Սփյուռքահայ կին գրողներ-հրապարակագրություն» բաժինը: Սրանք ժամանակն արտացոլող, հայ իրականության կարևորագույն խնդիրներ լուսաբանող վավերագրություններ և վերլուծություններ են: Վերնագրերն արդեն իսկ շատ խոսուն են: Հիլտա Գալֆայեան-Փանոսեանի «Մեկ մշակույթ» հոդվածը նվիրված է Հայաստանում 1999 թվականին կայացած Հայաստան-Սփյուռք առաջին խորհրդաժողովին՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսով: Այս հոդվածը նախապես տպագրվել է Փարիզի «Նուվել դ’Արմենի» ամսաթերթում 2002-ին, հետո՝ Երևանում 2005-ին: Նուարդ Մատոեան-Տարագճեանի «Ռուբեն Սևակ, մարդը, բանաստեղծը, հայը», հոդվածը Սևակի սոցիալական և քաղաքական պոեզիայի վերլուծություն է: Անահիտ Բոստանջյանի հոդվածի խորագիրն է՝ «Ամենայն հայոց Թումանյանը». այն նվիրված է բանաստեղծի ծննդյան 140-ամյակին: Տեղին համեմատություններով և խոր վերլուծություններով Բոստանջյանն անդրադառնում է Թումանյան մարդուն, նրա ճակատագրին, ստեղծագործություններին, նպատակներին, որոնք չհասցրեց իրագործել: Եվ հոդվածի վերջում կարդում ենք Հովսեփ Նալբանդյանի խոսքն Անահիտ Բոստանջյան մտավորականի մասին. «Կանացի հոգիին ազնուական գիծերով կը հատկանշվին Անահիտ Բոստանջյանի բանաստեղծությունն ու արձակ տարբեր գրությունները: Ան իսկական պայքարող հայ կին գրողն է, բոլոր ճակատներու վրայ: Յուրահատուկ բնավորության տեր, ուրույն ներաշխարհ ունեցող, անշահախնդիր գրական առօրյայով ապրող եզակի անհատականություն»: Այս շարքի վերջին հրապարակագրությունը Սալբի Գասպարեանի «Հայկական հարցը և թրքության առասպելը Թուրքիո կրթական համակարգի ճահիճի մեջ» բավական տարողունակ և հետաքրքրական հոդվածն է, որը նախապես լույս է տեսել 2017-ին՝ Բեյրութի «Ազդակ» օրաթերթում:
Արդարև, ժողովածուն ոչ միայն տարողունակ և ամբողջական է, այլև կազմողը բծախնդիր է եղել ընդգրկված ստեղծագործությունների բովանդակության, թեմատիկայի, գրողական վարպետության հարցերում: Նա ներկայացրել է հեղինակների կենսագրությունները, նրանց ստեղծագործական գործունեության կարևոր ամսաթվերը: Գրքի կազմող, ազգային-հասարակական գործիչ, բարերար Հովսեփ Նալբանդյանի համառոտ կենսագրությունից կարելի տեղեկանալ հատկապես վերջին տարիների ընթացքի մասին: Նա՝ սփյուռքի դպրոցները, մամուլը, սփյուռքահայ գրականության դժվարությունները թեմաներով  ավելի քան 54 դասախոսություն է կարդացել Երևանի, Գավառի, Գյումրիի, Վանաձորի, Ստեփանակերտի համալսարաններում: Դասախոսություններ է հատկացրել նաև՝ նվիրված արևմտահայերենին, դասական ուղղագրությանը: Գրքի վերջում ներկայացված է նաև Հովսեփ Նալբանդյանի հեղինակած, կազմած, խմբագրած և հրատարակած գրքերի ցանկը: 
      
Անի Փաշայան, բանասիրական գիտությունների թեկնածու