Հովհաննես Ալխազյան․ լուսեղեն բնանկարների վարպետը

Զարմանալի արևոտ են Հովհաննես Ալխազյանի բնապատկերները, ասես բնությունը մռայլ, ամպամած կամ անձրևոտ եղանակ երբևէ չի ունենում։ Դրանցից հորդող հանգստությունն ու լավատեսությունը գերել է դիտողին, իսկ ժամանակի սփյուռքահայ, ֆրանսիական և ընդհանրապես եվրոպական մամուլը մեծ համակրանքով է արտահայտվել նկարչի մասին։ Ֆրանսահայ «Le Foyer»-ը 1930-ին գրել է, որ նրա կտավները միշտ առանձնանում են ջերմ շողարձակումով, իսկ «Le Dessin» պարբերականը 1932թ․ բարձր է գնահատել նրա աշխատանքները՝ անվանելով դրանք «լուսարձակող բնանկարներ»։

Նկարչի ստեղծագործության հիմնական մասը բնանկարներ են՝ իմպրեսիոնիզմին, հետիմպրեսիոնիզմին և ռեալիզմին բնորոշ տարրերով։ Դրանցում հազվադեպ կարելի է գտնել մարդկային ուրվապատկերներ, սակայն բաց գույների նախընտրությունը, շեշտված կոնտրաստները, պայծառ լուսավորումը յուրօրինակ զվարթություն ու կյանք է հաղորդում այդ բնանկարներին։ «Ալխազյանն ունի պատկերի գունագծային կառուցման պարզ սկզբունք, ծառերի, հողի, տերևների պատկերման յուրահատուկ՝ վրձնի շեշտված ու համարձակ վրձնահարվածներով բնորոշվող եղանակ»,- գրել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը։

Նկարիչը ստեղծել է տարբեր ծավալի գործեր՝ տարբեր տեխնիկաներով, և չնայած բնանկարչի համարմանը՝ հեղինակել է նաև մեծարժեք դիմանկարներ՝ գեղանկար ու գրաֆիկա։

​Հովհաննես (Ժան) Ալխազյանը ծնվել է 1881թ․ փետրվարի 2-ին՝ Վանում, որտեղ բնակվել է մինչև 16 տարեկանը։ Կյանքի մայրամուտին վերհիշելով հայրենի Վանն ու Այգեստան թաղամասը, նա նշել է որ այնտեղի «բնության գեղեցկությունը և արևը եղած են իմ ապրումներուն ու ստեղծագործության հիմնական աղբյուրը»։ Սովորել է Վանի միսիոնարաց քոլեջում։ Վաղ տարիքում տարվել է գեղանկարչությամբ, իսկ վերջնականապես որոշել է նկարիչ դառնալ 1893թ․, երբ տեղեկացել է, որ «հայ ժողովրդի հանճարեղ նկարիչ» Այվազովսկու համբավը Ռուսաստանից հասել է մինչև Ամերիկա։ Ընտրել է արևմտահայ նկարչի համար անսովոր ճանապարհ՝ 1898-1903 թթ․ ուսում ստանալով Թիֆլիսի գեղարվեստի դպրոցում (ուսուցիչներ՝ Հարություն Շամշինյան և Գիգո Գաբաև)։ Այդպիսով, նա նկատելի չափով կրել է ժամանակի գեղանկարչության ռուսական դպրոցի ազդեցությունը։ Մասնավորապես, նրա բնանկարներում նկատելի է Վասիլի Պոլենովի ու Իսահակ Լևիտանի ազդեցությունը, լուսազգացողական ու ժանրային հարազատությունը, միայն թե Ալխազյանը գերադասել է ավելի վառ և տաք գույներ։ Իսկ հայ նկարիչներից կոնտրաստային լուսաստվերների նախընտրության, արևի լույսի հաճախակի պատկերման տեսանկյունից նա հաջորդեց Եղիշե Թադևոսյանին։ Ցավոք, իր աշխատանքները Ալխազյանը հազվադեպ է թվագրել, ինչը չափազանց բարդացնում է նրա ստեղծագործական ընթացքի ուսումնասիրությունը։

1903թ․ մեկնել է Փարիզ և մեկ տարի նախապատրաստվելուց հետո ընդունվել է Փարիզի Գեղարվեստի դպրոց` Ֆերնան Կորմոնի արվեստանոցը: Կորմոնի նշանավոր աշակերտներից են եղել Վինսենթ վան Գոգը, Անրի դե Թուլուզ-Լոտրեկը, Վիկտոր Բորիսով-Մուսատովը, Նիկոլայ Ռերիխը և այլք։ Կորմոնի հետ Ալխազյանը գրեթե չունի ստեղծագործական աղերսներ, սակայն նկատելի են նրա աշակերտ Էմիլ Բեռնարի հետ որոշակի ընդհանրությունները՝ հստակ գծերի ու արևային գույների հանդեպ սերը։

Բնանկարներ ստեղծելու նպատակով Ալխազյանը շրջագայել է Ֆինլանդիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի գեղատեսիլ վայրերում։ 1907թ․ առաջին անգամ մասնակցել է Փարիզի Աշնանային սալոնին, հետագայում՝ Մայիսյան սալոնին, «Անկախների սալոնին», 1912-ից ցուցադրվել է Ֆրանսիայի Գեղավեստի Ազգային Միության սալոնում: Ֆրանսիական մամուլը բազմիցս անդրադարձել է ֆիննական բնությունից արված Ալխազյանի կտավներին, նշելով, որ դրանք արդյունավետ մտորումների տեղիք են տալիս ("Gazette des beaux-arts", 1912 թ․)։ «Express de Lyon»-ը Ֆինլանդիայի ալխազյանական բնանկարն անվանել է այդ երկրի վառ կերպար՝ «նրանց կարծիքով, ով այնտեղ եղել է»։ «Petit Parisien»-ը գրել է․ «Պարոն Ալխազյանը վաստակած հաջողության կարժանանա իր «Սպիտակ գիշեր Ֆինլանդիայում» նկարով, որն այնքան խորն է իմաստով ու այնքան կատարյալ տոնայնությամբ»։ Մասնակցելով Վերսալի գեղարվեստի ցուցահանդեսին՝ Ալխազյանը 1912-ին արժանացել է Սենի և Ուազի արվեստի ընկերակցության արծաթե մեդալին (երրորդ տեղ), իսկ հինգ տարի անց նրա ֆիննական բնանկարներից մեկը գնել է Լյուքսեմբուրգի թանգարանը։

1918թ. նկարիչը Փարիզի Սենտ Օգյուստեն սրահում բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը, որը մեծապես գնահատվել է եվրոպացի արվեստագետների կողմից և որի նկատմամբ՝ ըստ «Վերածնունդ» թերթի՝ ֆրանսահայ գաղութը հիմնականում անտարբեր է մնացել։ «Արձագանք Փարիզի» թերթի աշխատակից Մ․ Ս․ Դավիթ-Բեկն այդ առիթով գրել է․ «Ցուցադրուած նկարներու ամբողջութիւնն իր կատարելութեամբ պատիւ կը բերէ Ալխազեանի հզօր վրձնին, բայց անոնց մէջ կան մի քանիներ որոնք գլուխ-գործոցներ ըլլալով՝ պատիւ կը բերեն և՛ հայ ցեղին»։

Հետագա տարիներին Փարիզի «Ալլար», Գեղարվեստի ազգային միության, «Անի» միության և այլ սրահներում կայացած անհատական ցուցահանդեսները վերահաստատել են Ալխազյանի հաջողությունը։

Նա գործուն մասնակցություն է ունեցել ֆրանսահայ համայնքի կյանքում․ 1926-ին Շիրվանզադեի, Էդգար Շահինի և այլ մտավորականների հետ մամուլում հանդես է եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Խորհրդային Հայաստանի։ Նույն թվականին Ռ․ Շիշմանյանի, Հ․ Փուշմանի և ուրիշների հետ հիմնել է հայ արվեստագետների «Անի» խմբակցությունը։ Հետագայում եղել է Հայ ազատ արվեստագետների միության անդամներից, մասնակցել ցուցահանդեսներին և դասախոսություններին։ Կյանքի վերջին տարիներին նկարիչն օժանդակել է Ֆրանսահայ երիտասարդական միությանը։ Հետաքրքիր է, որ տասնամյակներ շարունակ Փարիզում բնակվող, բարձր պարգևների և մեդալների արժանացած նկարիչը ֆրանսիական աղբյուրներում շարունակում էր ներկայացվել որպես «վանեցի նկարիչ»։

Ալխազյանն ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել ոչ միայն սփյուռքահայ կազմակերպություններում։ Մասնավորապես, 1916թ․ փարիզաբնակ հայազգի տասնմեկ այլ նկարիչների հետ օգնություն է ցուցաբերել համաշխարհային պատերազմի հետևանքով տուժած ֆրանսիացի արվեստագետներին՝ նվիրաբերելով իր աշխատանքներից։ Մասնակցել է Փարիզում «Խորհրդային հայրենասերների միության» կազմակերպած «Ռուս նկարիչներ ու քանդակագործներ» (1945 թ․) և «Հաղթանակի պատվին» (1946թ․) խմբակային ցուցահանդեսներին՝ ցուցադրվելով Ն․ Գոնչարովայի, Խ․ Սուտինի, Լ․ Մուրադովի և այլոց կողքին։

Անդամակցել է Նկարչության և քանդակագործության միջազգային ընկերությանը և Գեղարվեստի Ազգային Միությանը: Նրա տաղանդը բարձր են գնահատել գրող Ֆրանսուա Ժան-Դեստյեն, հայագետ Ֆրեդերիկ Մակլերը և ուրիշներ։ 1951թ․ Ֆրանսիայի գեղարվեստի ընկերակցությունների միացյալ կոմիտեի կողմից արժանացել է երկրորդ մրցանակի և դրամաշնորհի։ Նկարչի աշխատանքներն աշխուժորեն վաճառվում էին, իսկ արվեստանոցը գտնվում էր Փարիզի կենտրոնական հատվածում՝ Պորտ-Ռոյալ հրապարակ, 11 հասցեում։

«Անի» խմբակցության 4-րդ ցուցահանդեսին (Ժորժ Պտիի պատկերասրահ) ներկայացված Ալխազյանի կտավի մասին հայ գաղթականության «Le Foyer» օրգանը գրել է․ «Նույնիսկ նրա ձյան ներգործող պատկերները, որոնցից մի նմուշ ներկայացված է ցուցահանդեսում «Անսպասելի ձյուն» վերնագրով, լեցուն են արևի լույսով»։ Ֆրանսահայ Պարգև Մուրադյանի այն հարցին, թե ինչու իր նկարներում բնության ալեկոծումներ ու փոթորկումներ չեն նշմարվում, վարպետը պատասխանել է, թե կյանքը տեսնում է «միայն արևի և խաղաղության մեջ»։

Արևի լույսը Ալխազյանի կտավներում գրավիչ է տարվա ցանկացած եղանակի, յուրաքանչյուր պահի՝ արևածագից մինչ մայրամուտ։ Ընդ որում, համայնապատկերներն ընտրվում են արևկող հատվածներում, երբ արևը տեսադաշտում չէ, իսկ նրա լույսը հավասարաչափ է բաշխվում և արտացոլվում մի դեպքում գետի, կամրջի և տների («Կամուրջ Տոլեդոյում»), մեկ այլ դեպքում՝ ձյան ու ծառերի («Առաջին ձյուն»), նավակների կամ որևէ այլ մակերևույթի վրա և մթնոլորտում։ Ըստ արվեստաբան Եղիշե Մարտիկյանի՝ Ալխազյանի «բնանկարները տեղագրական առումով ճշմարտացի են, կոլորիտով միշտ գունեղ, հնչուն, երբեմն հասցված սպեկտրային մաքրության»։ Արևային լույսի անդրադարձերին աշխուժություն, կտավների մակերևույթներին ֆակտուրա հաղորդելու համար հեղինակը երբեմն կիրառել է խոշոր քառանկյուն կամ տարաձև վրձնահարվածներ։ Նույն կերպ նա պատկերել է ծառերի ճյուղերի արանքից թափանցող արևաբծերը՝ ստեղծելով լուսաստվերային յուրահատուկ հակադրություններ («Ջրհոր Միջերկրական ծովի մոտ», «Արևոտ հրապարակ» և այլն)։

Տարվա տարբեր եղանակները ներկայացնող բնանկարներում լույսի հետ մեկտեղ արտացոլվում են հեղինակի կենսասիրությունը, ներդաշնակության ձգտումը։ Ուշագրավ տեսարաններ որոնելիս՝ Ալխազյանը շրջել է ամբողջ Եվրոպայով մեկ, իսկ իր լավագույն բնապատկերների մի զգալի մասը ստեղծել ֆրանսիական արևավառ Պրովանսում։    

Բնականաբար, միայն արևային լույսի պատկերմամբ չի սահմանափակվել նկարչի բարձր վարպետությունը․ նրա փոքրածավալ գլուխգործոցներից է «Գետափին» կտավը, որում ցնցող արժանահավատությամբ վրձնել է ջրի հարաշարժ մակերևույթը։

Փոքրաթիվ գիշերային բնապատկերներում ևս Ալխազյանը շեշտում է օդի, մթնոլորտի, ջրային մակերևույթների հագեցվածությունը լույսով՝ միաժամանակ մեղմորեն ներդաշնակելով օգտագործված գունապնակը («Նավահանգիստը երեկոյան», «Գետակը գիշերով» և այլն)։ Նույն մոտեցմամբ է նա պատկերում շինությունների ներքին հարդարանքը՝ կենտրոնանալով ոսկեզօծ զոհասեղանի («Եկեղեցու ներքին տեսքը», «Եկեղեցու ներսում») կամ իրերի արտաքին փայլի վրա։

Հարկ է նշել, որ Ալխազյանը ստեղծել է հայկական մոտիվներով մի շարք գործեր («Սանահինի վանքի գավիթը», 1900, «Եկեղեցու գավիթ», «Գոմեր․ Սանահին», «Սանահին գյուղի շրջակայքը», «Հայ գյուղացու դիմանկար», «Արարատ լեռը» և այլն), որոնք ներկայացնում են նկարչի ստեղծագործական վաղ շրջանը։ Ընդ որում՝ հայկական բնապատկերները պակաս արևոտ են, երբեմն՝ մշուշոտ։

Ալխազյանի կտավներն այսօր էլ պահանջված են աշխարհի հեղինակավոր աճուրդներում։ 2017թ․ նրա գործերը ներկայացվեցին Մոսկվայում կայացած «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսում։

Հայաստանի պետական թանգարանի (պատկերասրահ) բացումից հետո Ալխազյանի նվիրաբերած «Այծեր» կտավը տեղ է գտել մշտական ցուցադրությունում։ 1962-ին նկարչի կտակին համաձայն (մահացել է 1958 թ․՝ Փարիզում) նրա ավելի քան 200 աշխատանքներ հանգրվանել են Հայաստանում։

Հայաստանի ազգային պատկերասրահում վերջերս կազմակերպված «Հովհաննես Ալխազյան․ Վանից Փարիզ» ցուցահանդեսը (համադրող՝ Մարգարիտա Խաչատրյան) հազվագյուտ առիթ էր վերստին առնչվելու Ալխազյանի զգացական արվեստին, բացահայտելու դրա թաքնված կողմերը և անխզելի կապը հայկական իրականության հետ։ Չնայած տարիների սլացքին՝ նրա լավագույն ստեղծագործությունները պահպանել են իրենց առինքնող թարմությունը և ունակ են հոգիներ դարմանել։

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1․ «Ինքնադիմանկար», թուղթ, կավճամատիտ, 1916 թ․, Հայաստանի ազգային պատկերասրահ

2․ «Գյուղական բակ․ տներ», նրբատախտակ, յուղաներկ, 1922

3․ «Պրովանս․ հյուղակ ծովափին», կտավ, յուղաներկ, 1922, երկուսն էլ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարան

4․ «Արարատ լեռը», նրբատախտակ, յուղաներկ, մասնավոր հավաքածու (վաճառվել է Սոթբիս աճուրդում)

5․ «Եկեղեցին դրսից», կտավ, յուղաներկ, մասնավոր հավաքածու

6․ «Ինտերիեր բուխարիով», կտավ, յուղաներկ, մասնավոր հավաքածու

7․ «Ջրհոր Միջերկրական ծովի մոտ», կտավ, յուղաներկ, մասնավոր հավաքածու

 

... ... ... ... ... ...