Հովհաննես Խան-Մասեհյան. Նամականի

Ապրիլի 23-ն է՝ Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան և մահվան օրը: Համաշխարհային արվեստն արդեն դարեր սնող այդ վիթխարի երևույթը մեր ազգային մշակույթի պատմության մեջ ստեղծագործական մի ահռելի շերտ է ձևավորել՝ հայկական  շեքսպիրիանան, որի ստեղծողներից և ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկն էր պետական-հասարակական գործիչ, դիվանագետ, հրապարակախոս և  թարգմանիչ Հովհաննես Խան-Մասեհյանը: «ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում Խան-Մասեհյանի նամականուց երկու նամակ, որ գրվել են գրեթե  հարյուր տարի առաջ: Առաջինն ուղղված է Ավետիք Իսահակյանին, երկրորդը՝ Գևորգ Ե կաթողիկոսին:

 

***                                    

1922

Ավետիք Իսահակյանին

31 մայիս, 1922, Վիեննա

Vienna, Prinzen allee, 28

 

Սիրելի բարեկամ,

Ձեր նամակը, որով գնահատել էիք իմ «Համլետի» թարգմանությունը, մեծ հաճույք պատճառեց ինձ: ես համոզված եմ, որ Շեքսպիրի գործերի թարգմանությունը խոր ազդեցություն պիտի թողնե մեր գրականության վրա: Եթե գերմանական գրականության հսկաները ազդված են Շեքսպիրից, որքան ավելի մերոնք պետք ունին ազդվելու: Այդ պատճառով է, որ այժմ բոլոր եռանդով նվիրված եմ այդ գործին: «Օթելլոն» արդեն վերջացավ, շուտով կուղարկեմ Ձեզ մի օրինակ: Այժմ զբաղվելու եմ «Վենետիկի վաճառականով» և հույս ունեմ, որ մինչև հոկտեմբեր այդ էլ կտպվի:

Ձեր նկատողությունների մեջ գրած էիք, որ հանգերից ազատվելով՝ ինձ հնարավոր է եղել նյութին տիրապետել: Գիտեք, որ «Համլետը» և առհասարակ Շեքսպիրի բոլոր դրամաները գրված են երեք ձևով.

Անհանգ ոտանավոր, չափով, բայց ոչ հանգով (Blank Verste) Հանգով և չափով, տեղ-տեղ միայն Բոլորովին արձակ

Շեքսպիրը երեք ձևն էլ գործածել է, նայելով տեղին և հարմարության: Ես էլ ճշտորեն հետևել եմ բնագրին, այնպես որ, ոչինչ չեմ զոհել թարգմանելու ժամանակ: Միայն տողերի դասավորությունը նոր է և կարծեմ անհաջող չի եղել:

Այժմ խնդրում եմ նեղություն կրեք ինձ համար՝ մի թերթ իմ ունեցած թղթերից փոստով ուղարկելու: Ես շատ ուզեցի այդտեղ ծախել, բայց մինչև այժմ անկարելի եղավ, հիմա ստիպված եմ բերել տալ այստեղ, ինչ որ շատ ծախքի և մաքսի պատճառ է դառնալու. Միայն ուզում եմ տեսնել, թե արդյոք ծավալը հարմար կգա՞ իմ՝ արդեն տպած, հատորների ծավալին: Եթե կարծում եք, որ կարելի է այդտեղ ծախվել՝ շատ երախտապարտ կլինեի, որ մի փորձ անեիք: Ինձ նստած է, հաստ տեսակը, թերթը 75 սանթիմ (իտալ.),  իսկ բարակը՝ նրա կեսը: Համենայն դեպս, խնդրեմ ինձ ուղարկեք նմուշը: Բարևեցեք Ձեր կնոջը իմ կողմից:

Ձերդ անկեղծ՝

Հովհաննես Խան

 

***

Գևորգ Ե Կաթողիկոսին

14, հունիս, 1916, Փարիզ

Hotel Majestec

Առ նորին վեհափառություն Գևորգ Ե  կաթողիկոս ամենայն հայոց

Էջմիածին

 

Վեհափառ տեր,

Ձերդ վեհափառության 7 ապրիլի սրբատառ նամակը մի քանի օր առաջ ստանալու պատիվն ունեցա և շտապում եմ խորին շնորհակալությունս հայտնել Ձերդ վեհափառության բարեկամ վերաբերմունքի և բարձր գնահատության համար:

Այն զարհուրելի ճգնաժամը, որի մեջ հայությունը տառապում է այժմ, սրբազան պարտք է դնում ամեն մի հայի վրա՝ ոչ մի ջանք չխնայել իր դժբախտ հայրենակիցների դատը պաշտպանելու, կամ նրանց վիճակը մասամբ ամոքելու համար, և ես վերջինը կլինեի, որ մտածեի խույս տալ իմ պարտականությունից: Ինչպես նախապես հայտնած էի նորին վսեմություն Պողոս փաշային, այժմ էլ նորից շտապեցի հայտնել, թե բոլոր սրտով պատրաստ եմ իմ չնչին ջանքերս կցել նրա փորձառու և եռանդուն գործունեության. բայց դեռևս գտնվելով պարսից կառավարության ծառայության մեջ, որ երկու տարբեր դեսպանական պաշտոն առաջարկած լինելով՝ այժմ էլ պնդում է, որ այդ երկուսից մեկն ընտրեն, ինձ անկարելի կլինի պաշտոնապես գործել իբրև անդամ Ձերդ վեհափառության պատվիրակության, սակայն այս հանգամանքն արգելք չէ ինձ, իմ բոլոր ջանքերով և խորհուրդներով աջակից լինել Ձեր պատվիրակին, որի գործունեությունը ամեն գովեստից բարձր է:

Հայցելով Ձերդ վեհափառության օրհնությունը՝ խնդրեմ ընդունել իմ որդիական զգացմունքներս և անձնվիրությանս հավաստիքը:  

 

Հ. Մասեհյան