Հիշիր

Ալվարդ Պետրոսյանն իր մասին. «Դժվար ապրող մարդկանցից եմ, «դրամատիկ սոպրանո եմ»  և ամենապայծառ իրավիճակում անգամ դրամատիկ մի բան խցկվում է հայացքիս մեջ»:

2016-ին լույս տեսավ Ալվարդ Պետրոսյանի բանաստեղծություններն ու վերջին տարիների  խոհագրությունն ամփոփող «Հիշիր» գիրքը: Այժմ, երբ հրաժեշտ ենք տալիս հայ գրականության  դրամատիկ սոպրանոյին, «ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում «Հիշիր» գրքից մի հատված, որ հեղինակը ասես գրել է բոլոր ժամանակների համար և պատվիրել՝ հիշիր ...

***

Այսօր բացեցի աչքերս ու վերջապես հասկացա՝ ազատ ծնվեցի, ստրուկ մեռնելու եմ: Ինքնագիտակցությանս պարզեցումից ցնցված՝ լրիվ արթնացա ու խեղդվողի բնազդով փորձեցի կառչելու որևէ բան գտնել: Հայացքս ընկավ լուսամուտին՝ մութ էր, լույս չկար: Գիշեր էր: Ի՞նչ անեմ գիշերով, ինչո՞ւ գիշերով: Գուցե լույսով իրերի հերթականությունն այլ կերպ դասավորվեր՝ ստրուկ ծնվեցի, ազատ մեռնելու եմ: Իսկ, ասենք, եթե ցերեկով հենց այդ նույն հերթականությունը հայտնաբերեի, հասկանայի, ինչ պիտի անեի, ազատ-ստրուկ, ստրուկ-ազատ: Երկու բառերի միջինքը գծիկ է, չէ, գծիկ չի, մեխ է, որը ինձ գամել է անորոշությանը, զրկել...

Ինչի՞ց է զրկել՝ անծրագիր ապրելո՞ւց: Ի սեր Աստծո, խոսքը կենսաբանական կեցության մասին չէ՝ շնչել, ուտել, ծնել, մեռնել: Ապրելն ու մեռնելը ի տարբերություն այլ բաների, լոկ բառեր չեն՝ իրականություն են: Չգիտեմ ո՞րն է դաժան: Այս վերջին բառը պարտադիր, հոմերոսյան քարացած էպիտետ է, դրա համար էլ գրեցի: Հիմա նոր կմտածեմ իմաստի մասին:

Ձմեռը չի ավարտվում: Կենսունակության գերածախս տված մեր դիմադրողականությունը շփոթված մնացել է անհուսության ու հույսի խճճված բավիղներում: Արհեստական գրգիռները, որ ներարկվում են ԶԼՄ-ների քուրմերի միջոցով: Մշակույթ, մարդու իրավունքի պաշտպան, հին Ջուղայի խաչքարերի կոտորած, ազատագրված տարածք, սահմանադրական նոր բարեփոխումներ և այլն, մեզ բերում-հասցնում են Լինել, թե չլինել երկընտրանքին, որ մոռացել է շեքսպիրամոլ ազգս: Լավ է, թե՞ վատ այս մոռացկոտությունը: Ոնց որ թե լավ է՝ իր քաղաքական գործիչների բոլուքին, իր մտավորականության երիցս արհամարհված ընտրանուն հղում է անում Ազգս, թող նրանք մտածեն, ինքն ապրում է:

Ապրում է՝ լավ թե վատ: Հարյուր հարցվածներից փոքրամասնության կարծիքով լավ՝ Արցախի պրոբլեմը չի ազդում իրենց կյանքի գործընթացի վրա, մնացյալի կարծիքով՝ վատ, և մեղավորը Արցախն է: Արցախը մեղավոր է, ասենք, որ այսքան ծառ կտրվեց, հսկայական անտառաշերտեր վերացան, հողը սողանք է տալիս, ձյան ծանրությունից տանիքները փլուզվում են, փողոցներն անանցանելի են, աղբը չի հավաքվում, կոռուպցիան ու կաշառակերությունը չի նվազում, հավատքն ու արժանապատվությունը զրոյական է՝ Քրիստոսի Խաչը կարելի է մուրճով ջարդել, բուլդոզերով փորել ու որպես խիճ թափել կամ... ավտոճանապարհային ոստիկաններն ավելի շատ են, քան ժողովուրդը, ռաբիսը խեղդում է, ով է ձայն հանում: Իսկ մյուս կողմում Մուհամեդի հետևորդները՝ մեկ միլիարդից ավելի մարդ ոտքի կանգնեց: Կանգնեց ու չի նստում: Մի ողորմելի վարչապետ, ոմն դանիացի, ներողություն խնդրեց Մուհամեդի ծաղրանկարներն իր երկրում տպագրելու համար: Խիստ քաղաքակիրթ են Եվրոպացիները: Փոխարենը... Փառք ու պատիվ նրանց ու նրանց մարգարեին: Այսպես շարունակվի՝ Էյֆելյանը կդառնա աշխարհի ամենանշանավոր մինարեթը: Անհավատ ու անաստված Եվրոպայի մասին չենք խոսում՝ նրա համար օմբուդսմենը փոխարինել է Քրիստոսին, բացարձակ արժեք է: Ա՜խ, այդ մարդու իրավունքը՝ մերօրյա քաղաքակրթական գալակտիկայի միջուկը՝ պստլիկ սև խոռոչ, գերծանր նյութ, որ «ես» է կոչվում ու կլանում է իր պարույրի մեջ ընկած ամեն ինչ՝ ազգային արժանապատվություն, ժողովրդի իրավունք, պատմական ճշմարտություն, արդարություն, հաղթանակ:

Հանգիստ ապրում էինք: Ամենակարևորը՝ հան-գիստ: Արցախը քչփորեց այս ողջ կեղտն ու արևերես հանեց: Անծպտուն վայելում էինք կյանքը մեր խրուշչովկաներում, մեր հերթագրումներով՝ բնակարանից մինչև սառնարան ու ավտոմեքենա, մեր կոլխոզ-սովխոզով, մեր ԿԳԲ-ով ու զառամյալ առաջնորդներով, մեր մեն-միակ կենտրոնով՝ դամբարանից մինչև Կրեմլ ընկած՝ դեպի տաճար տանող ճանապարհով, համաշխարհայնացման մեր արևելյան միաբևեռ /կոմունիստական կուսակցություն/...ով, մեր բամբասանք-անեկդոտներով՝ շշուկով ասվող և երկարատև ծափահարություններով: Այն ժամանակ լեզուն ոսկոր ուներ, և կարելի էր նրան ջարդել, ուստի ատամներիս տակ էինք պահում, որ չջարդեն: Հիմա անոսկոր լեզու է՝ ատամ էլ չունենք: Խոսում ենք ու խոսում:

Հարյուրի մեծամասնությունն ասում է՝ Արցախն է մեղավոր: Հարցախույզի արդյունք է, որն ամփոփելով լրագրողը դառը գոհունակությամբ հայտարարեց՝ «Եվ այսպես, հարցվողների մեծամասնությունը կարծում է, որ ղարաբաղյան հիմնահարցի պատճառով է, որ Հայաստանը տնտեսական առաջընթաց չունի՝ վատ ենք ապրում»: Եվ այդ ասածը վերագրում ենք ողջ ժողովրդին: Ինչ-որ հիշողություն մեջներդ չարթնացա՞վ: Ձայնի ելևէջների, հարցադրման ոճի առումով, որևէ բան, թեկուզ աղոտ, չնշմարվե՞ց, ասենք, «Լավ չես ապրելու, Սերգո ջան»: Հիշեցի՞ք: Բա որ ասում էր Առաջինը, ինչո՞ւ չլսեցիք, չլսեցիք, հարյուր հարցվողների մեծամասնություն: Պարզվում է՝ սոցիոլոգիան վերջնագրային գիտություն է:

Այնինչ հասարակությունը բաժանվել է երեք մասի. զգալի հատվածը գլուխը կախ իր հանապազօրյա հացի խնդիրն է լուծում: Նա անտարբեր զանգված չէ, արժանապատիվ, միայն սեփական ուժին հենված ժողովուրդն է, ամենակարևոր հատվածը, միջուկը, սերուցքը, մերանը: Նա էլ լավ չի ապրում, սակայն մակաբույծի հոգեբանությունը չի ախտահարել նրա միտքն ու հոգին: Եվ նա հուսախաբ չէ, որովհետև իր հույսը իր վրա է դրել և քանի ապրում է, չի կորցնելու այն: Ամենակենսունակ ու ամենահոգևոր շերտն է, որն էլ որակական դիմագիծն է կերտում Ազգիս: Նույնիսկ կարևոր չէ և պարզ էլ չէ, նա երկրի քաղաքական անցուդարձից հիմնավոր տեղեկացվա՞ծ է, թե՞ ոչ, չի էլ բարձրաձայնում իր համակրանքներն ու հակակրանքները՝ որոշողն ինքն է, տերն ինքն է, և նույնիսկ անօրինականությունները նրան չեն շեղում իր առողջ, անկասելի ընթացքից: Ինքը գիտի, որ իշխանավորները գալիս-գնում են, ինքը և հողը մնում են: Նրա համար բարձրագույն արժեքը իր հողն է, և ինքը երկնքին հառած իր հայացքով է որոշում իր տրամադրությունը և ճշմարտությունը՝ անձրև գալու է, թե՞ երաշտ է լինելու: Մի քիչ պոետականացրինք, ոչինչ: Նա ավելիին է արժանի: Նա հարգում է իր նմանին, նա իր տեսակով ի ծնե մարդասեր է, ժողովրդավար: Ու եթե ճիշտ է, որ վատ ժողովուրդներ չկան, ապա նաև ճիշտ է, որ այս տեսակի քանակով է որոշվում ժողովրդի որակը՝ տաղանդավոր է, ստեղծող է, թե միայն սպառող: Բայց մենք նրա հետ գրեթե չենք շփվում, չենք տեսնում, գրքեր չենք գրում նրա մասին: Ժողովրդի այս հատվածն է, որ երբեք չի սխալվում, որովհետև չի թողնում, որ իր հետ որևէ խաղ խաղան:

Հասարակության երկրորդ մասը խիստ հետաքրքրասեր հատվածն է, որն անկախ իր բարձրաձայն թե լուռ դրսևորումներից, ինչ-որ բան գիտի, ինչ-որ բան ուզում է իմանալ, որոշ կայուն արժեքներ և համակրանքներ ունի, զգուշավոր է, մեծամիտ: Մենք ենք՝ բան ասողներս ու գրողներս: Երբեմնի զեղումի մեջ ընկած՝ սխալվում է այս մասը, սակայն ի վերջո, հավաքական միտքը գտնում է ճիշտ ուղին: Վկան՝ նրա հազարամյակների կենսունակությունն ու պատմությունը:

Երրորդը՝ վճարովի ու աղմկոտ ստատիստների հատվածն է, որ միշտ կա խոտի պես՝ և ըստ բեմադրության կանոնների՝ գոհ է, դժգոհ է, օրհնում է կամ անիծում:

 

Ալվարդ Պետրոսյան