Հիշենք Չարլիի կենացը

Հայաստան իր առաջին այցելությունից տարիներ անց հայազգի ամերիկացի դերասան, ռեժիսոր և գրող Մայքլ Գուրջյանը վերադարձել է Երևան՝ իրականացրած այն խոստումը, որ տվել էր ինքն իրեն 2006-ին: Դեռ այն ժամանակ ընկերոջը՝ Արծվի Բախչինյանին ասել էր, որ մի օր կգա Հայաստան՝ ֆիլմ նկարելու: Այժմ 16 տարի անց, երևանյան «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրվեց Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով՝ դրամատիկ մի պատմություն, որը լի է հույսով, սիրով և ազատաբաղձությամբ: Ֆիլմի հերոսը՝ ամերիկահայ Չարլի Բախչինյանը 1940-ականների վերջին Հայաստան հայրենադարձվածներից մեկն է, որն ընդամենը «Գորանի» երգելու և փողկապ կրելու «անհեթեթ» սովորության համար հայտնվում է հայրենիքի թշնամիների ցանկում, բանտարկվում և Սիբիր աքսորվելու սպառնալիքի տակ տևական ժամանակ ապրում երևանյան բանտի մենախցում: Այս ֆիլմն, ըստ էության, բանտախցի նեղ և վանդակապատ պատուհանից ազատ աշխարհին նետված սիրով լի հայացք է, այն աշխարհին, որում ազատությունը խիստ պայմանական է, որում հոգևոր եղբայրությամբ կապված մարդկանցից մեկը պարտադրված է բռնություն գործադրել մյուսի հանդեպ, որում մարդկային ամենագեղեցիկ հարաբերությունները բախվում են բիրտ քաղաքական համակարգին: Միայն երջանիկ պատահականությամբ արդարությունը վերականգնվում է, և Չարլին վերջապես հասնում է բաղձալի ազատությանը: Մինչև այս ֆիլմի նկարահանումը Մայքլը հետաքրքիր ստեղծագործական ճանապարհ է անցել. նկարահանվել է շուրջ 6 տասնյակ ֆիլմերում, այդ թվում նաև հայտնի հեռուստանովելներում, իսկ «Դեյվիդի մայրը» հեռուստանախագծում խաղացած դերի համար արժանացել է «Էմմիի»: Մայքլը խոստովանում է՝ իր հայկական ինքնությանն առնչվելու առիթը դարձյալ կինոն էր. տարիներ առաջ Մայքլին զանգահարել է պրոդյուսեր Անահիտ Նազարյանը, որն աշխատում է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հետ, և առաջարկել նկարահանվել «Նռները» ֆիլմում. «Մինչև այդ ֆիլմը ես ոչինչ չգիտեի իմ ինքնության մասին: Ինքնության հարցը մի խնդիր է, որի պատասխանը ես շարունակաբար փորձում եմ գտնել, հեշտ չէ, իհարկե: Երբ ես գրում էի այս պատմությունը, շատ բան սովորեցի Հայաստանի մասին: Բայց այն հայերը, որոնք ապրել են Խորհրդային Հայաստանում և ես՝ մեր ինքնությունները շատ տարբեր են: Երբ գալիս էի այստեղ, ես նման էի ջրից հանած ձկան»:

«Ոսկե ծիրանում» ֆիլմի երևանյան նորամուտից հետո «Ամերիկացին» նաև փառատոնի շրջանակում անցկացվող «Երևանյան հանդիպումներ» շարքում Մայքլ Գուրջյանի հետ հանդիպում-քննարկման առանցքում էր: Հանդիպման ընթացքում ռեժիսորն անկեղծորեն խոստովանեց՝ ինքն ի սկզբանե չի ցանկացել ֆիլմ նկարել Հայոց ցեղասպանության մասին. «Ես սիրում եմ դրական պատմություններ պատմել և ուզում էի ստեղծել մի ֆիլմ, որը լի է հույսով: Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի առանձնահատկությունն այն է, որ պետք է շատ լավ, հիմնավոր ուսումնասիրել նյութը: Բացի այդ, ես ցանկանում էի որ դա լինի մի ֆիլմ, որը տեսնեն և վերապրեն նաև ուրիշ ազգերը և հասկանան, որ նման բան կարող է պատահել ցանկացած ազգի հետ: Բավականին շատ ժամանակ պահանջվեց իմ պատմությունը գտնելու համար, բայց սա իրական պատմություն է, որն ինձ պատմել է մի ուկրաինացի: Նա 10 տարի շարունակ իր բանտախցից հետևել է մի այլ մարդու կյանքի: Ինձ համար սա շատ պոետիկ պատմություն էր: Իմ կարծիքով բանտախցից այլոց կյանքին հետևելու հնարքը նաև լավագույն հնարավորությունն էր ցույց տալու հայ մարդու, նրա  տեսակի առանձնահատկությունները»: Երբ Մայքլին հարցրեցի այն մասին, որ չնայած ֆիլմն անմիջականորեն Հայոց ցեղասպանության մասին չէ, այնուամենայնիվ, ֆիլմում ակնհայտորեն նախորդող մի պատմություն է հյուսվում այդ ողբերգությունը վերապրածի աննահանջ հիշողությունների մեջ, նա վերստին ընդգծեց՝ իր նպատակը բնավ էլ Ցեղասպանությանն անդրադառնալը չէր, այլ բացահայտել մի թեմա, որն այնքան էլ չի շոշափվել հայկական իրականության և մշակույթի մեջ, դա 1940–1950-ականների հայրենադարձության պատմությունն է մեր իրականության մեջ: Չնայած այդ ամենին, Մայքլը շեշտում է՝ իր համար «Ամերիկացի» ֆիլմը նաև ընտանեկան և անձնական պատմություն է, որն ինքը նվիրել է պապի՝ Մանուկ Գուրջյանի հիշատակին. «Պապս մանուկ հասակում փաշայի ձիերը տանում էր մրցավազքի, հետո այնպես ստացվեց, որ հենց թուրք հաևանները նրան թաքցրեցին և օգնեցին Ամերիկա մեկնող նավ նստել: Այնպես որ պապս՝ Մանուկ Գուրջյանն, այս ֆիլմում որոշակի իմաստով անուղղակիորեն ներկա է»: Ֆիլմի կարևոր ձեռքբերումներից մեկը հեղինակը համարում է այն իրողությունը, որ կինոնկարը հայկական ֆիլմարտադրության արդյունք է, ամբողջությամբ ստեղծվել է Հայաստանում՝ հայկական ներուժով, հայաստանյան արտիստական կազմով ու նկարահանող թիմով: Վերհիշելով նկարահանման ընթացքում ծագած անսպասելի մարտահրավերները, Գուրջյանը ֆիլմի ստեղծման ամբողջ ընթացքը չափազանց կարևոր  փորձառություն է համարում, մանավանդ հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված բարդությունները և համավարակի մատուցած «անակնկալները». «Մենք Նկարահանումները սկսեցինք մարտի 3 և 4-ին: Նկարահանեցինք մեկ շաբաթ և այդ ընթացքում օրեցօր համաճարակային վիճակը վատանում էր՝ ընդհուպ մինչև ամենախիստ սահմանափակումները, որը երկարաձգվեց մինչև երկու ամիս: Այդ ընթացքում բոլորս արգելափակված էինք: Արդյունքում ամբողջ նկարահանման ժամանակաշրջանը համավարակի պատճառով տևեց մոտ հինգ ամիս, և ես արդեն չգիտեի մենք կավարտենք  ֆիլմը, թե՝ ոչ: Բայց բոլոր այդ դժվարությունները, որ պատահեցին մեզ հետ նկարահանումների ընթացքում մեզ միայն շատ լավ փորձառություն տվեցին: Որքան էլ տարիօրինակ հնչի Հայաստանում ֆիլմ նկարահանելու բազմաթիվ պատճառներից մեկն էլ այն էր, որ այստեղ ես այնպիսի ազատություն ունեմ, որը չկա Ամերիկայում: Այո, այստեղ ստեղծագործական ազատության մի զգացում ունեմ, որը չկա դրսում: Օրինակ,  Ամերիկայում մի տեսարան նկարելու համար հազար ու մի կառույցներից թույլտվություն պիտի ստանաս, ինչն անտանելի բարդացնում է քո աշխատանքը և խաթարում ստեղծագործական մթնոլորտը, իսկ այստեղ նման խնդիրներ պարզապես չկան, գոյություն չունեն: Աստեղ մենք կարողացանք նկարահանել այնպիսի տեսարաններ, որոնք նկարելը չափազանց բարդ կլիներ Ամերիկայում: Նաև այդ պատճառով է, որ ես ուզում եմ քաջալերել երիտասարդ ֆիլմարտադրողներին, որ գան և այստեղ՝ Հայաստանում նկարեն իրենց ֆիլմերը»:

Մայքլին հարցրեցի նաև, թե ֆիլմի երջանիկ ավարտն արդյո՞ք ամերիկյան «happy end»-ի իներցիայով չի արվել: Ի պատասխան Մայքլը փաստեց՝ ամենևին այդպես չէ. «Ֆիլմն իր բնական ընթացքով է ստեղծվել, և հենց զարգացումների տրամաբանությունն էլ թելադրել է վերջաբանը: Անկեղծ ասած, աշխատանքի ընթացքում ես վերապրել եմ ֆիլմի յուրաքանչյուր դրվագը, և ինձ համար այս նախագիծը չափազանց դրամատիկ ընթացք է ունեցել: Ես ամերիկացի եմ և այն ինչ արել եմ մասն է իմ արժեհամակարգի, բայց ես այստեղ որևէ պարտադրանք կամ ազդեցություն չեմ տեսնում, առավել ևս՝ ամերիկյան մտածողության, պարտադրանք»: Եվ վերջում, իհարկե,հարցեր հնչեցին ռեժիսորի նոր ծրագրերի ու ֆիլմերի մասին: Իր բոլոր նոր նախաձեռնություններից Մայքլ Գուրջյանը առավելապես կարևորում է նրանք, որ այսուհետև կապված են լինելու Հայաստանի հետ. «Հիմա ավելի շատ զբաղված եմ «Ամերիկացի» ֆիլմով. նախ պետք է այն վաճառեմ և շատ փառատոների տանեմ: Բացի այդ, բազմաթիվ նոր գաղափարներ ունեմ, որ արդեն տևական ժամանակ պտտվում են գլխումս: Այս պահին հինգ-վեց նախագծեր ունեմ, որոնցից մեկի մասին ավելի լուրջ եմ մտածում: Դա մի նախագիծ է, որն ուզում եմ դարձյալ Հայաստանում նկարել. ոչ միայն այն պատճառով, որ մեծագույն բավականություն է Հայաստանում աշխատելը, այլ որովհետև որոշել եմ հաճախ վերադառնալ Հայաստան ու ավելի շատ ֆիլմեր նկարահանել այստեղ։ Եվ ուզում եմ՝ որքան հնարավոր է շատ նոր ֆիլմեր նկարահանվեն Հայաստանում, որ նկարեն ոչ միայն հայերը, այլև՝ օտարազգիները»: Իսկ հանդիպման ավարտին, որպես հրաժեշտի մաղթանք, Մայքլն ասաց՝ հիշենք Չարլիի կենացը:

 

Նունե Ալեքսանյան