«High fest» (Հայ Ֆեստ)-ի 23-րդ աշունը

Քառորդ դար առաջ Հայաստանում միջազգային ամենամյա թատերական  փառատոնի կազմակերպումը լոկ մի համարձակ մտահղացում էր, որը վերաճեց նախաձեռնության և այսօր արդեն 23 տարվա իրողություն է: Արթուր Ղուկասյանի և նրա թիմի ջանքերով «HIGH FEST» (Հայ Ֆեստ) փառատոնը դարձել է աշնանային Երևանի մշակութային խորհրդանիշերից մեկը: Այս փառատոնի ամենամյա ընթացքը դետալային մշակման արդյունք է: Օրինակ վերնագիրը, «HIGH FEST» (Հայ Ֆեստ). մեկ հնչողություն՝ երկլեզու իմաստ: Եթե առաջին տարիներին այն դասական թատերական փառատոն էր, ապա այսօր վերածվել է կատարողական արվեստների, նորարարական և  ամանակակից  թատերային երևույթների բացահայտման և հայ հանրությանը աշխարհի մշակութային զարկերակի ռիթմին հաղորդակից դարձնող հարթակի: Այս ֆանտաստիկ թատերական տոնը ջնջել է բոլոր սահմաններն ու կոտրել կարծրատիպերը: Հայաստանը հայտնվել է աշխարհի փառատոնային քարտեզի վրա: Այս տարի «Հայ Ֆեստ» 23-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնն անցկացվեց հոկտեմբերի 1-8-ը Երևանում՝ «Festivally Yours!» խորագրի շուրջը համախմբելով մոտ 100 մասնակցի՝ 11 երկրից։

Ընդունված է համարել, որ նորագույն տեխնոլոգիաների կայծակնային զարգացումը և արհեստական բանականության գործիքների այսչափ գործածությունը բթացնում են ստեղծագործող անհատներին և խոչընդոտում բարձր արվեստի ստեղծագործությունների ստեղծմանը: «Հայ Ֆեստի» կազմակերպչական թիմն անգամ այս արմատացած պնդումն է կարողացել չեղարկել: Փառատոնի գովազդային հոլովակներում արհեստական բանականության շնորհիվ տարածաժամանակային պատը քանդելով Երևան էին ժամանել անտիկ հույն ողբերգակ Սոֆոկլեսը, անգլիական Վերածննդի դրամատուրգիայի հսկան՝ Ուիլյամ Շեքսպիրը, ֆրանսիական կլասիցիզմի դեմք Ժան Բատիստ Մոլիերը, Մոսկվայի գեղարվեստական թատրոնի հիմնադիր Կոնստանտին Ստանիսլավսկին և ռուս գրականության մեծերից Անտոն Պավլովիչ Չեխովը՝ հայ արվեստասեր հանրությանը հայտնելու, որ հնարավորություն ունեն դիտելու իրենց հեղինակած նյութերի հիման վրա բեմադրված բազմաժանր, տարաբնույթ, ավանդական և նորարարական լուծումներով ներկայացումներ:

Փառատոնը մեկնարկեց հոկտեմբերի 1-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Բացման արարողությանը Չինական Պեկին Դենս / LDTX պարային ընկերությունը ներկայացրեց  ժամանակակից պարի «Լույսեր Որոնողը» բեմադրությունը։ Պեկին Դենս/LDTX -ը պարային խումբ է, որը 2005 թվականին հիմնադրել են Վիլլի Ցաօն և ԼԻ Հան-ժոնգը: LDTX-ը նշանակում է «Լեյ Դոնգ Տիան Սյա» («Որոտում է տիեզերքում»): Միանման մոխրագույն հագնված արտիստները մարմնի լեզվով ներկայացնում են մարդկության գոյության, նրանց առաջ ծառացող խնդիրների և դրանց լուծման միջոցների որոնման մի ընթացք, որտեղ ռեժիսոր Վիլլի Ցաօն լույսի գաղափարը առարկայացրել էր որպես կյանքի շարունակականության խորհրդանիշ:

Տպավորություն է, որ Արթուր Ղուկասյանն իր և իր թիմի առաջ խնդիր է դրել ամեն տարի ներկայացնելու կատարողական արվեստի մի նոր բացահայտում: Այս տարվա հայտնությունները աննախադեպ երկու ներկայացումներ էին:

Առաջինն արժե ընդգծել բելգիական Սեյքրըդ Փլեյսիսի «Ստվերների Պարը» (Sacred places Shadow dance,) մեդիա-ջրային ներկայացումը: Այս աննախադեպ շոուն ներկայացվեց մասնագիտացված պրոյեկցիաների շնորհիվ, որոնք նախագծված են շատրվանը լրացնելու և նրա հետ փոխազդելու համար։ Այս մեդիա-ջրային տեսարժան ներկայացումը խորհրդանշում էր պարի, ջրային էֆեկտների և պրոյեկցիաների միասնությունը։ Գաղափարի հեղինակներն են բելգիացի Յեսսե Դե Քեյզերը եւ Բեն Դե Քեյզերը:

Երկրորդ բացահայտումը ևս բացօթյա ծրագրի ներկայացում էր՝ Նիդեռլանդների Բենչա թատրոնի «Խորքային տարածություն» ներկայացումը՝ ուղղահայաց պատի վրա պարային բեմադրություն է, որը ներկայացվեց հենց մայրաքաղաքի սրտում՝ հանրապետության հրապարակում:

Բացօթյա ծրագրից հանդիսատեսի կողմից բուռն արձագանքի արժանացավ նաև Հարավային Կորեայի ժամանակակից կրկեսային ՖՈՐՍ «Չաջեոն (պտույտ)» ներկայացումը: Բեմադրությունը կառուցված էր ուղղահայաց առանցքի շուրջ: Արտիստները կարծես արեգակի շուրջ պտտվող և նրան ձգտող մոլորակներ պատկերեին:

Եթե մեր նշած նորարարական աննախադեպ ներկայացումները հայ հանդիսատեսին աշխարհի մշակութային անցուդարձին հաղորդակից դարձնելուն են միտված, ապա հայկական թատրոնների լավագույն ներկայացումների ներգրավումը փառատոնային ծրագրում նպաստում է տեղի լավագույն ուժերը աշխարհին ներկայացնելու և նրանց առաջ համաշխարհային արվեստի դռները բացելու հնարավորություն է:

Այս տարի հարուստ էր նաև հայկական ծրագիրը, ինչի արդյունքում օտարազգի հյուրերը ծանոթացան, թե ինչպիսին է արդի բեմարվեստի զարգացման վեկտորը Հայաստանում:

Այս տարվա ավարտված, բայց դեռ երկար քննարկվող «HIGH FEST (Հայ Ֆեստ)» 23-րդ միջազգային կատարողական արվեստների փառատոնն ուներ 3 հիմնական բաղադրիչ՝ դասական բեմական ներկայացումներ, բացօթյա ծրագիր և կրթական միջոցաառումներ: Փառատոնն ընդգծում է կրթական բաղադրիչը մի քանի ձևաչափով՝ կլոր սեղան-քննարկում, վարպետության դասեր, փորձի փոխանակում:  «HIGH FEST (Հայ Ֆեստ)»-ի արժեքավոր ձեռքբերումը գաղափարների շրջանառությունն է:

Փառատոնի առանցքային իրադարձություններից մեկը միջազգային կլոր սեղանի քննարկումն էր, որին մասնակցեցին 14 հեղինակավոր թատերական փառատոների ղեկավարներ և ծրագրավորողներ Հարավային Կորեայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Եգիպտոսից, Ամերիկայից, Վրաստանից, Ռումինիայից, Թուրքիայից, Ղազախստանից և այլ երկրներից։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին հայկական թատրոնների և բեմադրիչների աշխատանքները, բացվեցին համագործակցության նոր հնարավորություններ։ Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը նշում  է.

«Այս տարի մենք ունեցանք փառատոնի պատմության մեջ երբևէ ամենաբովանդակալից կլոր սեղաններից մեկը։ Յուրաքանչյուր մասնակից ներկայացավ փառատոնի իր տեսլականով։ Ուրախալի է, որ հայ բեմադրիչներն ու թատրոնները հանդես եկան մեծ ակտիվությամբ։ Սա ևս մեկ անգամ հաստատեց մեր հիմնական նպատակը՝ լինել կամուրջ հայկական և միջազգային թատերաշխարհների միջև։ Մենք հույս ունենք, որ այս քննարկումների արդյունքում հայ թատերախմբերն ու բեմադրիչները կհրավիրվեն տարբեր երկրներ՝ ներկայացնելու իրենց աշխատանքները։ Սա հենց այն է, ինչի համար ստեղծվել է «Հայ Ֆեստ»-ը՝ զարգացնելու հայ կատարողական արվեստը և այն միջազգային հարթակ դուրս բերելու համար»։

 

Վանուհի Սեթոյան