Հետպատերազմ. հայացք «Եվա» և «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմերին

Արցախի «ինքնին լինելն» աշխարհի հայության խենթ, վտանգված երազանքն է

Արցախի մասին խաղարկային կինոյի համատեքստում «Եվա» ու «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմերը քննել իբրև զուտ գեղարվեստական իրողություն, առանց բոլորին համակած այսօրվա մտածումների, վերացարկվելով իրականությունից՝ անիմաստ փախուստ է։

Դիտանկյունն օբյեկտիվորեն շատ տարբեր է մինչև սեպտեմբերի 27-ը և հետո։ Ի՞նչպես նայել Արցախի մասին խաղարկային ֆիլմերն, ինչ տարակույսով, վախով, մտահոգությամբ, ակնկալիքով․․․

Այս ամենից հետո․․․

Ի տարբերություն նույն թեմատիկայով, անբավականություն և տարակուսանք առաջացնող «Եթե բոլորը» «Վերջին բնակիչը» և մյուս ֆիլմերի, հիշատակված ժապավենները մինչև վերջին մանրուքն արժանահավատ են. ընդհանրությունն այն է, որ երկու ֆիլմն էլ հնչեղություն են ունեցել մինչև վերջին պատերազմը, անկեղծ են կինոդիտողի առաջ, չճանաչված հայրենիքի առաջ։

Ուստի սույնը սովորական, կերպար առ կերպար կինոքննադատություն չէ, այլ հայ մարդու դիտանկյունից մտորում այն ընդհանրական զգացումի մասին, որը համակում է Արցախ հայրենիքի մասին ֆիլմեր դիտելիս։

 

«Եվա»․ Արցախ-Դադիվանքն իր գեղեցկությամբ ու որոգայթներով

Հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն Անահիտ Աբադն է, գործողության վայրը՝ Արցախի Դադիվանք գյուղը։

2017 թվականին ֆիլմն ընդգրկվել էր «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հավակնորդների ցանկում։ 

«Եվա» ֆիլմի հետաքրքիր դերասանախումբը հաջողության գրավականներից մեկն էր՝ Նարինե Գրիգորյան, Շանթ Հովհաննիսյան, Վրեժ Քասունի, Տիգրան Դավթյան, Մարջան Ավետիսյան, Ռոզի Ավետիսովա։

Արցախյան պատերազմում ճակատագրական սիրո կորուստը ջրբաժան է եղել ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Եվայի (Նարինե Գրիգորյան) կյանքում։ Այդպես էլ չէր հաշտվել կյանքի առօրէականությանը, թեև վաղուց ամուսնացել էր, դուստր ուներ։ Տասնամյա աղջնակի հետ էլ անսպասելի հայտնվում է Դադիվանքում, փախչելով, ինչպես պարզվում է, ապօրինի հետապնդումից։

Դստրիկն էլ ստվերի պես գեղեցիկ մայրիկի կողքին է։ Տարբեր իրադրություններում կամ մայրն է ապավինում դստեր գոյությանը, կամ աղջնակն է հարկ եղած պահին դառնում  դժվար օրերի ընկեր։

Արցախը մի վայր է՝ հայրենիք, ուր ապրում են արժանապատիվ, դժվար հաց վաստակող մարդիկ, և նույն տան մեջ՝ վշտից անխոս, համրացած մեծեր։ Պատերազմի անամոք հետքերը կրողները։ Բնակիչները ֆանատիկոսներ են, անշարժ սֆինքսներ անգամ վերմարդկային վշտի մեջ, անկոտրում, բնույթով՝ պինդ «ճղոպուր»։

Ազգականը (Շանթ Հարությունյան), ում տանը հանգրվանում է Եվան, ապրելու ուրիշ վայր չգիտի, այնքան օրգանական է ձուլվել հայրենի գյուղի բնությանն ու դաժան կենցաղին։ Ու նաև թվում է, թե դերասան Շանթ Հարությունյանը չի կարող ոչ հավաստի կերպար ստեղծել, ինչպես և Նարինե Գրիգորյանն՝ անհամակրելի։

Ապրելու ուրիշ վայր չգիտի նաև ականին զոհ գնացած տղեկի հայրը (Տիգրան Դավթյան), ինքը՝ համակ վիշտ, ու չնայած սգացող մոր անտանելի մեղադրանքներին, ուղղակի Արցախից դուրս ապրելու տեղ չգիտի։

Արցախյան գյուղն այս ֆիլմում ամենավերջին մանրուքով արժանահավատ է՝ երկհարկ տներ, թափանցիկ վարագույրով առանձնացող ապակեպատ միջանցք-«կարիդոր», կամոդի՝ նորահարսի գործած ասեղնագործ ճերմակաթույր ծածկոց։

Արցախում, ինչպես այլուր, կան սիրված-խաբված աղջիկներ (Ռոզի Ավետիսովա), և ինչպես ամբողջ աշխարհում, երկուսով են որոշելու՝ ինչ անել։

Կոնկրետ ու միաժամանակ վերացարկված է այս կենցաղից ֆիլմի հերոսուհին՝ Նարինե Գրիգորյանի դերասանական կերպով։ 

Չկա ճակատային-հայրենասիրական քարոզ, այս մտքերը տարրալուծվում են գլխավոր հերոսուհու՝ ոչ հերոսական կենսագրության մանրամասների մեջ։ Այստեղ արժե հասկանալ, թե ինչու շատ չի համոզում ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Եվայի կերպարը, չնայած Նարինե Գրիգորյանի դերակատարմանը։ Ժամանակի հեռվից (ֆիլմը դիտել եմ 5 տարի առաջ), առաջին բացատրությունը սցենարի խճճվածությունն է։ Որպեսզի հերոսուհուն վերադարձնեն ծննդավայր Դադիվանք, որի հողում ամփոփված է նրա առաջին սերը՝ զոհված ազատամարտիկը, հերոսուհին կասկածվում է Հայաստանում ամուսնուն սպանելու համար։

Սա դետեկտիվի թույլ, սակայն անհավաստի տարր է ներմուծում ֆիլմ (թաքցնում է ինքնությունը, դիպլոմը կեղծ է, թե ոչ, իրավունք ունի՞ դասավանդելու և այլն), սակայն թուլացնում է կերպարի ամբողջականությունը։

Այնուամենայնիվ, սա հայացք է ներսից ու դրսից, արժանահավատ, ոչ թե բեմադրած։ Արցախն էկզոտիկ- գեղեցիկ չէ, ինչպես մյուս ֆիլմերում, «Եվա» ֆիլմը դժվար հայրենիքի մասին է։

Անդնդախոր վիհերի ծերպին-պռնկին, ասես Արարչի՝ վերևից հսկող աչքի առաջ միայնակ գերեզմանաթմբերն են այն  զինվորների, որոնք ընկել են այս հողի համար։ Եվան դեռևս թաքուն է այցի գալիս սիրելիի գերեզմանին։

Նարինե Գրիգորյանի հերոսուհին երրորդ շանսի ուժ ու հավատ չունի, թեև ուժեղ է և, թվում է, փրկություն է գտնելու հարազատ լեռներում։

«Եվա» ֆիլմում Արցախը, գյուղը շնչահեղձ անելու չափ գեղեցիկ են, լուրթ երկնքով ու թավ անտառի մեջ թաքնված վտանգ-ականով, որը մի օր պիտի պայթեր։ Եվ այգում խաղացող տղան զոհվում է ականից, ինչպես զինվորն է ընկնում մարտադաշտում։

Ու թեև պատերազմն ընդամենը պատմվում է, բայց երեխան ընկնում է իբրև զինվոր, այդ լուռ- աղետալի ծիսակարգով էլ ամփոփվում ծննդավայր հայրենիքում։

Ական կա այս հողում․․․

 

«Սահմանի հետ խաղ չեն անում»

Հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը (ռեժիսոր և սցենարիստ Նորա Մարտիրոսյան), 2020-ին ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում:

Զարմանալի պարզ, անսեթևեթ սյուժե. ասես մոնումենտալ քանդակից հեռացնում են ավելորդ մասերը։ Մոնումենտը Ստեփանակերտի օդանավակայանն է, որը խենթություն է, երազանք, փրկօղակ, իռացիոնալ, ամեն ինչ, բացի ռեալությունից։ Գեղեցիկ հեքիաթ է ու միաժամանակ վտանգավոր թիրախ, որը կարող է պայթել դրսից։

Օդակայանների աուդիտոր ֆրանսիացի Ալեն Դըլանժը հրավիրվել է Արցախ՝ Ստեփանակերտի օդանավակայանի միջազգային նորմերն ուսումնասիրելու նպատակով։

«Մուտքի վիզայի վրա կնիք չեմ տեսնում»՝ Ալենի (ֆրանսիացի դերասան Գրեգուար Քոլին) առաջին զարմանքն է, երբ անցնում են Ղարաբաղ տանող միակ ճանապարհ- «կարիդորով»։

Նախապատմությունն այն է, որ 1974 թվականին՝ կես դար առաջ, երբ խոր սովետ էր,  Սովետմիությունը ԼՂԻՄ-ի մայրաքաղաք Ստեփանակերտի օդակայանի հիմքն է դնում։ Տասնամյակներ անց՝ ազատ Արցախում ցանկանում են գործարկել օդանավակայանը քաղաքացիական թռիչքների համար, եթե ամեն ինչ հարթ գնա, եթե․․․ եթե․․․․

Եթեները, խոչընդոտները միջազգային մակարդակով լուծելու համար էլ տնօրենը  հրավիրել է բարձրակարգ մասնագետի, և ամբողջ ֆիլմի ընթացքում նրանց հեռակա կամ դեմառդեմ փաստարկներն են հնչում։

-Սարը իջեցրել են 25 մ, որ Հայաստանից հնարավոր լինի թռչել։

-Հրադադարի գծի վրայո՞վ․․․ Ձեր սահմանը շատ մոտ  է:

-Այսօր օդանավակայանը բացելը խենթություն է:

-Ստեփանակերտից՝ Փարիզ, Մոսկվա, արդեն միանգամից կճանաչեն․․․

-Ղարաբաղի երկինքը մեզ է պատկանում։

-Եթե միայն ինձնից կախված լիներ, երկինքը բոլորի համար բաց է։

Երիտասարդ Ալենը քաղաքավարի և հիմնականում լուռ ունկնդրում է երազողներին՝ չճանաչված, շրջափակված երկրի  բնակիչներին։ Վտանգավոր երազանքը  բացատրություն ու արդարության մեծ ակնկալիք ունի. «Պահպանելու այն մարդկանց գործը, ովքեր զոհվել են»։ Ինչին պրագմատիկ մասնագետն արձագանքում է․ «Ձեր խոսքն այնքան պոետիկ էր»։

Ֆիլմն էլ այնքան պոետիկ էր, վտանգն՝ առկախված․․․

Զոհվել են շատերը, զոհ ունեն բոլոր այն մարդիկ, որոնց հետ շփվում է Ալենը։ Էդգարը հորն է կորցրել, համակրելի հաղորդավարուհին (Նարինե Գրիգորյան)՝ ամուսնուն։

Ֆրանսիայից Արցախ տեղափոխված օդանավակայանի տնօրենի (Դավիթ Հակոբյան) պաշտոնական, պատշաճ  հագուկապն, ազատ ֆրանսերենը ռեալությանը տխուր հակադրության ակնարկ է։

Օդանավակայանը, տնօրենից բացի, ամեն օր աշխատող մաքրուհի ունի։ Եվ ամեն օր «օրինախախտ» Էդգարն (Հայկ Բախրյան) է օդանավակայանի տարածք մտնում։ Չեն արգելում, գիտեն, որ ընդամենը խմելու ջուր տանելու ճանապարհն է մի քանի կիլոմետրով կրճատում։ Սահմանագծով ցորենի դաշտեր են, որոնց մեջ էլ խճճվել էր  Էդգարի ընտանիքի Օֆելյա կովը։

«Չեմ հասկանում՝ ինչպես եք այսպես ապրում», -զարմանում է Ալեն Դըլանժը։

Այսպես են ապրում Ալենին օգնող կատակասեր վարորդը (Արման Նավասարդյան), ցկյանս «կամանդիր» Վարդան Պետրոսյանը՝ բիբլիական ու ժամանակակից հովվի դերում, որի շունն անգամ «լեյտենանտ» էր։

«Արցախի ինքնին լինելու մասին» (Նորա Մարտիրոսյանի ձևակերպումն է) «Երբ որ  քամին հանդարտվի» ֆիլմի փարիզյան պրեմիերան 2020-ի 26-ին  էր։ Ցնծում էր թիմը՝ «այո, մենք դա արեցինք»։ 

Հաջորդ օրվա լուսաբացը միանգամայն ուրիշ Արցախում էր։

Արցախի «ինքնին լինելն» աշխարհի տասը միլիոն հայության խենթ, վտանգված երազանքն է։

 

Գայանե Մկրտչյան, թատերագետ