Հեռու և մոտիկ Ազատ Գասպարյանը

Խորհրդահայ ու անկախության շրջանի դերասանական սերունդների անխզելի ժառանգական կապը պայմանավորված էր նաև Ազատ Գասպարյանի ներկայությամբ ու ստեղծագործական ընթացքով։ Ընդ որում, նա այն բացառիկ արտիստն էր, որի ակտիվ գործունեությունը հավասարապես բաշխվեց այդ երկու շրջափուլերի միջև։ Անկախ բազմատեսակ խոչընդոտներից՝ նա 1990-ականներից հետո էլ շարունակեց մնալ հայ բեմի և կինոյի առաջին դեմքերից, նոր պայմաններում էլ ունեցավ իր ասելիքն ու առանձնահատուկ տեղը, այս անգամ՝ ավագի կարգավիճակով։
Թատրոնում, ցավոք, պակաս բախտավոր եղավ Գասպարյանը։ Նախ՝ չգտավ իր ռեժիսորին, և ապա՝ սկիզբ առան մութ ու ցուրտ տարիները, երբ պարզապես ներկայանում էր Սունդուկյանի անվան թատրոն, սակայն շատերի պես ինքն էլ զբաղված չէր սակավաթիվ ներկայացումներում։ Մինչդեռ վստահ էր, որ «թատրոնն ամենախանդոտ սիրուց խանդոտ է», ու միայն եթե ամբողջովին տրվես՝ կշահես։
Ֆիլմերում հաճախ խորհրդային ժամանակաշրջանի հայ մարդկանց էր կերպարավորում՝ դրամատիկ հանգամանքներում, մինչդեռ ամպլուայով բազմակողմանի արտիստ էր, և դրա ապացույցն են նրա հաջողված թատերական դերակատարումները՝ Փայլակը (Ե․ Օտյանի «Սեր և ծիծաղ»), Տիրելը (Շեքսպիրի «Ռիչարդ III»), Մեռելի Ենոքը (Չարենցի «Երկիր Նաիրի»), Պորֆիրի Պետրովիչը (Դոստոևսկու «Ոճիր և պատիժ») և այլն։ Լևոն Հախվերդյանը վկայել է․ «Նա բեմում նույնքան համոզիչ է ու գրավիչ, որքան կինոյի և հեռատեսիլի էկրանին։ Ասմունքում՝ նույնպես»։
Ստեղծագործական ինքնարտահայտման ձևերից մեկն էլ ասմունքն էր․ իր բնորոշմամբ՝ խաղում էր բանաստեղծությունները, ինչ-որ իմաստով դառնում դրանց համահեղինակը։ Ուներ իր նախասիրությունները․ հիմնականում ասմունքում էր Եղիշե Չարենցի ու Պարույր Սևակի գործերը։
Բախտ եմ ունեցել քանիցս ունկնդրել Գասպարյանի խոսքն ու ասմունքը՝ մեկ սեղանի շուրջ՝ Չարենցի տուն-թանգարանում ու միակ անգամ տեսնել նրան բեմում՝ ասմունքելիս։ Ընտրում էր իրեն հոգեհարազատ գործեր և ասմունքելիս, խաղալիս կամ երգելիս իր վրա էր կենտրոնացնում ներկաների ուշադրությունը, երբեք ձանձրալի չէր, քանզի ասելու բան ուներ։ Նույնիսկ չարենցյան երկարաշունչ պոեմները կլանված լսում էինք․ ասմունքելիս կարողանում էր չարենցյան ելևէջներ վերցնել, որոնք ավելի պոռթկուն ու ոգևորիչ էին, քան թե՝ քնարական․ Այս մոտեցումը Գասպարյանի հաջողության կարևոր գրավականներից էր։ Հատկանշական է, որ Չարենցի հետ նրա կերպարային ու ձայնային աղերսները հաստատում էր նաիրյան բանաստեղծի մտերմուհի Ռեգինա Ղազարյանը։
Անձնական շփումներում՝ ի տարբերություն իր շատ գործընկերների՝ նա ամենևին եսակենտրոն չէր, մարդկային էր ու մարդամոտ։ Հումորի նրա նուրբ զգացումը դրսևորվում էր ոչ միայն կյանքում, այլև տարբեր կերպարներ կերտելիս։
Սիրում էր երգել ու երգում էր ինքն իր նման՝ «ազատավարի»․ «Ազատի կապը երգի ու երգելու հետ անպատմելի է․ նրան ճանաչողները կփաստեն։ Եթե երգն ընդուներ՝ իրենով էր անում՝ ինչ լեզվով էլ լիներ»,- պատմում է Պերճ Թյուրաբյանը։ Իրեն չէր պատկերացնում հայրենի հողից հեռու, շեշտում էր, որ արվեստը պետք է հայրենիք ունենա․ «Եթե հայ դերասանը Համլետ է խաղում, ապա պիտի իմանա 15 թվականի եղեռնի պատմությունը՝ ասում էր Փափազյանը։ Թվում է, թե ինչ կապ, բայց իրականում կա այդ կապը և այդ պարտադիր պայմանը»։ Դերասան Ռազմիկ Խոսրոևի խոսքերով՝ Նա մեծ ակնածանք ուներ հայ ազգի և հայերենի հանդեպ։ Ազատը ժողովրդինն էր, ժողովուրդն էլ Ազատինը։ Հետաքրքրվում էր շուրջը եղած ամեն ինչով ու մտահոգ քաղաքացի էր։ Եվ մասնագիտության մեջ էլ մտածող ու վերլուծող դերասան էր։ Նրա ուշագրավ վերլուծական գրվածքներից են «Բայց չասել ամեն ինչ» («Գարուն», №11, 1986), «Ապրենք ու ապրեցնենք» («Արվեստ», №3, 1990) հոդվածները և, անշուշտ, «Իմ լեզվի տակ փուշ չկա» (1999) ժողովածուն, որ հուսանք, կվերահրատարակվի ու կամբողջացվի նոր նյութերով։
Ազատ Գասպարյանը ծնվել է 1943 թվականին՝ Երևանում: Ծագումով Մուշից և Կարսից է։ Մանկությունն անցկացրել է Արթիկում, որտեղ հայրն աշխատում էր ներքին գործերի համակարգում։ Երեք տարեկանից ցանկացել է դերասան դառնալ՝ մարդկանց պարգևել ուրախ, հոգեցունց պահեր։ Պատանի հասակում Արթիկում հոտնկայս դիտել է Վահրամ Փափազյանի «Օթելլո»-ն ու մեծ հուզմունք ապրել։ Գասպարյանի վերելքը թատերական Օլիմպոս երկար է տևել․ նախ սովորել է Էջմիածնի ակումբա-գրադարանային տեխնիկումի ռեժիսուրայի բաժնում, իսկ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը (Վարդան Աճեմյանի արվեստանոց) ավարտել է, երբ 27 տարեկան էր ու արդեն փորձառու արտիստ։ Իր անվանը և Աճեմյանի ռեժիսորական մեթոդին հավատարիմ՝ նախընտրել է կերպարի մեկնաբանության ազատությունը՝ նշելով, որ պարտադրանքից իր մեջ շատ բան մեռնում է։ Հասցրել է խաղալ Երևանի գրեթե բոլոր թատրոններում՝ Տիկնիկային (1963-1965 թթ.), Պատանի հանդիսատեսի (1969-1971 թթ.), Դրամատիկական (1971-1979 թթ.), «Մետրո»: 1979-1984թթ. հեռուստաթատրոնի դերասան էր, փայլել է Նոդար Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն», Չարենցի «Երկիր Նաիրի», Ագաթա Քրիստիի «Էնդհաուզի առեղծվածը» (որտեղ մարմնավորել է Է․ Պուարոյին), «Ազնավուրը Ազնավուրի մասին» և այլ հեռուստաներկայացումներում։ 1986 թվականից ընդմիջումներով խաղացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Դեռ 1980-ականներին նա բարձրաձայնել է հայ թատրոնը պատուհասած խնդիրների մասին։ Կարծում էր, որ ուշացել է սերնդափոխությունը ու ավագ սերնդի անվանի դերասաններն այնքան էլ հեռատես չեն եղել հետնորդներ պատրաստելու հարցում: Ընդգծում էր, որ թատրոններում չափից շատ են անպիտան կադրերը․ «Ամեն մի թատրոն բաղկացած է 50-60 հոգիանոց դերասանական խմբից, որոնցից 40-ը, իմ կարծիքով, բացարձակապես պիտանի չեն թատրոնում (ցույց է տվել տարիների փորձը): Բնության օրենքն է՝ մոլախոտը միշտ էլ խեղդել է ազնիվ բույսին՝ ծառին, ծաղկին.․․»։ Եզրակացությունն անողոք էր, բայց՝ արդար․ «․․․թատրոնն էլ է ազգի հայելին, և եթե այսօր չունենք բարձր մակարդակի թատրոն, դրամատուրգիա, դերասան, ռեժիսոր, ուրեմն...»:
Ափսոս, որ 1990-ականների սոցիալ-տնտեսական խնդիրները թույլ չտվեցին Գասպարյանին լիովին իրացնելու իր դերասանական ներուժը, ինչը, ըստ ամենայնի, նոր նրբերանգներով էր հարստացնելու նրա խաղացանկը։ Ներքին ցավը թույլ չէր տալիս, որպեսզի Գասպարյանը հարցազրույցների ժամանակ կիսվի, թե ինչ դերեր կուզենար խաղալ։ Հայտնի է, սակայն, որ դրանցից էին սարոյանական Վեսլի Ջեքսոնը, ապա նաև՝ հայկական էպոսի հերոսները, Պարոնյանի Պաղտասար աղբարը։
Համեմատաբար ուշ մուտք գործեց կինոյի աշխարհ, սակայն «Հեղնար աղբյուրում» (ռեժ․՝ Ա․ Մանարյան, 1970թ.) նրա խաղացած առաջին դերը՝ Գեղամն արդեն իսկ կինոդերասանական լուրջ հայտ էր։ Ավագ խաղընկերների աստղաբույլում նրա խաղը նկատվեց ու գնահատվեց։ Ապա ևս վեց տարի պետք եղավ, որպեսզի սկսվի Գասպարյանի հաղթարշավը կինոյում․ Չարենցի դերակատարումը «Երկունք» կինոասքում (ռեժ․՝ Ֆ․ Դովլաթյան) առաջինն էր ֆիլմարվեստում, ու Գասպարյանը դիմեց արտասովոր ու վառ լուծումների։ Վաղուց էր երազել Չարենցի դերի մասին․ 1967-ին Վարդան Աճեմյանը հայտնել էր այդ մասին Չարենցին լավ ճանաչած Վաղարշակ Նորենցին, որը մի քանի «ստուգումներից» հետո եզրակացրել էր․ «Կարո՛ղ է խաղալ»։ Որքան էլ քաջածանոթ էր Գասպարյանը Չարենցի բանաստեղծական աշխարհին, սակայն նկարահանման առաջին օրը վարանել է, նստել հայելու դիմաց ու մտքում երկար կրկնել չարենցյան տողերը, մինչև որ առջևում տեսել է ոչ թե իրեն, այլ Չարենցին։ Նրա մեկնաբանությամբ Չարենցը բուռն էր, ո՛չ պաթետիկ, նա նախ և առաջ մարդ էր, մեծ հայորդի, որն ամենևին զուրկ չէր մանր թերություններից, ուստի ճշմարիտ էր, հավատ ներշնչող։ Իզուր չէ, որ հենց այս դերով հանդիսատեսը սիրեց ու հիշեց Գասպարյանին։ Չարենցյան պոեզիայի ասմունքով նա հանդես եկավ Խորհրդային Միության ամենահեռավոր անկյուններում, հասավ մինչև Սիբիր՝ ԲԱՄ-ի շինարարություն։ Եվ ամենուր ընդունվեց ջերմությամբ։
«Երջանկության մեխանիկա» ֆիլմում (ռեժ․՝ Ն․Հովհաննիսյան, 1982) նրա մարմնավորած ամուրի Ռուբենի դերը ևս հայ իրականության համար նորույթ էր․ մի կողմից՝ հասկացող, կնամեծար, վստահելի այր՝ «երազանքի ամուսին», մյուս կողմից՝ բարդ ներաշխարհ ունեցող հերոս։ Այս դերակատարման համար Գասպարյանն արժանացավ Հայաստանի պետական մրցանակի։ Էապես տարբեր էր կոպիտ, բայց հոգու խորքում վերստին մարդկային միլիցիոներ Մեսրոպի կերպարը, որ նա խաղաց Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» և «Մեր մանկության տանգոն» ֆիլմերում։ Որքան էլ դժվար էր Մհեր Մկրտչյանի ու Գալյա Նովենցի կողքին հանդես գալը՝ Գասպարյանի կերտած կերպարն ամենևին էլ չխամրեց, և Լ․ Հախվերդյանի վկայությամբ՝ համարժեք էր։
Հիշվող ու սիրված են «Հուսո աստղ» (ռեժ․՝ Է․ Քեոսայան, 1978), «Ճերմակ անուրջներ» (ռեժ․՝ Ս․ Իսրայելյան, 1984) և «Հայֆիլմի», «Մոսֆիլմի» ու «Երևան» ստուդիայի մի շարք այլ ֆիլմերում գասպարյանական դերակատարումները։
1990-ին, երբ հայկական կինեմատոգրաֆը վերջապես կարողացավ ազատ անդրադառնալ ստալինյան բռնաճնշումներին, Ազատ Գասպարյանը կատարեց չեկիստ Սարկիսովի դերը («Կարոտ», ռեժ․՝ Ֆ․ Դովլաթյան)։ Այս կերպարը նման չէր նրա՝ նախկինում մարմնավորած հերոսներին՝ հոգեբանական խոր աշխարհ ունեցող, բոլոր հանգամանքներում մարդկայնությունը պահպանող, հաճախ թախծոտ հայ մարդկանց, այլ ընդհակառակը՝ նենգ ու խղճից զուրկ, պետական հալածանքների մեքենայի անդրդվելի մի մասնիկ էր։ Այս դեպքում էլ Գասպարյանի խաղն օրգանական էր, հավաստի, նա այնպես էր մտել դերի մեջ ու ամբողջացրել այն, որ իսպառ իրենն էր դարձրել։
Ցավոք, դեպքերի բերումով Գասպարյանի կինոկարիերայի բուռն ծաղկման շրջանը հազիվ 15-16 տարի տևեց։ Անկախության տարիներին նա նկարահանվեց սակավաթիվ ֆիլմերում․ սա անշուշտ, մեծ կորուստ է մեր կինեմատոգրաֆի համար։ Փոխվել էին ժամանակները, ֆիլմերի ձևաչափերը, ու դրանց ներկայացվող պահանջները, ուստի նկարահանվելու առաջարկներին Գասպարյանը բծախնդրորեն էր մոտենում, երբեմն հիասթափվում էր արդյունքներից։ Նա անկախ Հայաստանի առաջին՝ «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (ռեժ․՝ Ա․ Աղաբաբով, 1992) մինի-սերիալի գլխավոր դերակատարներից էր, նրա մյուս դերերից հիշարժան են Ազատը «Մեր բակը» երաժշտական կատակերգությունում (ռեժ․՝ Մ․ Դովլաթյան, 1996), Գառնիկը «Ուրախ ավտոբուս» մելոդրամայում (ռեժ․՝ Ա․ Մկրտչյան, 2000, ՀՀ պետական մրցանակ)։
2000-ականների սկզբին որպես գեղարվեստական ղեկավար աշխատեց Երիտասարդական փորձարարական թատրոնում։ Բացի այդ, շարունակում էր հանդես գալ ասմունքով, թատերական դերերով (Դոկտոր Լեմբերգ՝ Պ․ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս», Ձայն՝ Ֆ․ Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», և այլն), դասավանդում էր Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիայում։ Հյուրախաղերով լինում էր տարբեր երկրներում՝ աշխարհասփյուռ հայությանը ներկայացնելով հայ գրականության գոհարները։ Պատմում են, որ հայրենասեր դերասանի համար անչափ դժվար է եղել խաղալ վերջին՝ Ջեմալ փաշայի դերը Պ․ Զեյթունցյանի «100 տարի անց»-ում։
Կյանքի մայրամուտին նա արժանացավ Երևանի պատվավոր քաղաքացու և Հայաստանի ժողովրդական արտիստի կոչումների, Մովսես Խորենացու մեդալի, սակայն որքան ավելին կարող էր անել, եթե նրան սոսկ ստեղծագործելու լայն հնարավորություններ տրվեին․․․
Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ մեզ հետ չէ Ազատ Գասպարյանը, սակայն նրա ստեղծած կերպարները զարմանալիորեն չեն հնանում, այսօրվա տեսանկյունից էլ թարմ են և ընկալելի, քանզի կենսունակ են նրա որդեգրած խաղաոճը և դերասանական արտահայտչամիջոցները, իսկ դասերը՝ սերունդների համար ուսանելի․․․
Աշոտ Գրիգորյան
Պատկերներ․
1․ Կադր «Աստվա՛ծ, ինչու՞ համար» ֆիլմից, 1988 (լուսանկարը՝ Գագիկ Գասպարյանի)
2․ Պորֆիրի Պետրովիչի դերում՝ Տիգրան Ներսիսյանի հետ (Դոստոևսկու «Ոճիր և պատիժ»)

