Հերն անիծած

Ոչ մի տեղ միաժամանակ այդքան հորիզոնական դիրքով մարդ չես հանդիպի, որքան լողափին: Փառք Աստծո, որ նրանք բոլորն էլ շնչում են խաղաղությամբ: Նաև ոչ մի տեղ այդքան շատ կիսաբաց հետույք ու կրծքեր չես տեսնի, որքան լողափին: Դրանք, տեսականորեն, իբր ծածկված են: Եթե համեմատենք մեր նախնիների թզի տերևով ծածկված լինելու հետ, ապա դրանք հավուր պատշաճի զգեստավորված են: Բայց եթե համեմատենք ափում տաք եգիպտացորեն վաճառող տեղաբնակի հետ, ապա ցանկություն կառաջանա բացականչելու. «Կեցցե՛ն կիսամերկ մարմինները՝ մեծուփոքր հետույք-կրծքերով», որովհետև այդ վաճառող տեղաբնակները հիմականում երկար փեշերով են ու գուլպաներով: Դա, մեղմ ասած, այնքան էլ հարմար հագուստ չէ ծանր տոպրակներից  ճկռտալով, ափի խիճ ու քարերով անվերջ գնալ-գալու համար, եթե ոչ՝ հակահիգիենիկ: Դատելով իրենց արևին հանձնած եկվորների մարմինների ծուլությունից, ոչ մեկի ուշքը չի գնում արագ-արագ քայլող երկարափեշ կանանց հետևից հասնելու համար, որպեսզի նրանց ձեռքից տաք եգիպտացորեն առնի, ուտի: Ընդհակառակը, նրանց հագուստի տեսքից սառը ջուր նետվելու ցանկություն կարող էր առաջանալ: Ինչևէ: Այնուամենայնիվ, կար մեկը, որ շատ կուզեր իր սեփական մարմնամասերը ծածկող հագուստով ներկայանար լողափ ու դրանով էլ ծովը մտներ: Բայց չէր կարող, քանի որ տեղյակ էր`որտեղ, ինչ հագնելու մշակույթին: Քաշը կայուն 150 կգ էր և ոչ էլ միտք ուներ նվազելու: Մի ամբողջ գարուն ու կես պատրաստվել էր ծովափ մեկնելու: Մի կերպ իր չափսերով սիրուն լողազգեստ էր ճարել, ուրախացել, հետո լողազգեստով կանգնել էր հայելու առջև ու խորը վշտի մեջ ընկել: Ո՛չ գնալն է մի բան, ո՛չ էլ չգնալը: Իսկ ծովը կանչում է, ա՜խ...

Մի կերպ հաշտվել էր իր պատկառելի մարմնազանգվածը հորաքրոջ աղջկա ընտանիքին կիսամերկ ի ցույց դնելու մտքի հետ, բայց լողափը, ցավոք, միայն նրանցը չէ ու այնտեղ էլի շատ կան ինչ-որ մեկի հորաքրոջ աղջիկներ ու նրանց ամուսիններ:

Հոգեմաշ մտածմունքից ու տվայտանքներից ախորժակն ավելի էր բացվում, ու ճարպը՝ այդ սրիկան, փոխանակ հալվելու, ավելի խոր շերտեր էր գցում տխրության հետ մեկտեղ: Քանի անգամ հագել էր լողազգեստը, փորձել լավ աչքով նայել սեփական մարմնին: Իրականում կրծքերը մեծ չէին, բայց դրանցից ցած ծալքերն այնքան շատ էին, որ, եթե կրծկալ հագցներ դրանց, կստացվեին մի քանի հարկանի կրծկալներ: Եվ դա ամենևին ծիծաղելի չէ: Լողազգեստը դեն էր շպրտում ու դառնությունից ուղվում խոհանոց՝ մի բան ծամելու: Իր վիշտն իրենն էր միայն ու մխիթարվում էր՝ մի քաղցր, անուշ բան ներս տալով: «Նայում են՝ թող նայեն, - մտածում էր, -մի կյանք է տրված, չվայելի՞: Լողափը բոլորինն է, առավել ևս՝ ծովը: Աչքն էլ նայելու համար է, էնքա՜ն նայեն»... Իրեն հույս էր տալիս ու զռռոցը խեղդում մի անուշ պատառ կուլ տալով ու ծովափի գալիք անդաստիարակ հայացքներից պաշտպանվելով:

Մինչկեսօրյա արևը կիզիչ չէր: Լողափին մարմինների պակաս չկար: Բոլորն էլ՝ կիսանստած, թե պառկած, մեջքի վրա, թե փորի, իրենց անմնացորդ հանձնել էին արևին: Լողափը, իրականում, Արև երկրպագողների հավաքատեղի է: Պարզում են Արևին իրենց ամենաթանկը՝ սեփական մարմինը՝ ամենայն մանրամասներով, որպես  նվիրումի ծես:

150 կիլոգրամանոց մարմնի տիրուհին, հետևում թողնելով նույնքան ծանր տառապանքներն ու հուզումները, ի վերջո, ահա, ծովափում է:

Լողափ դուրս գալու առաջին օրն էր: Նրա քայլերը սկզբում դողդոջուն էին ու վախվորած: Հետո դարձան համարձակ. այլևս վե'րջ, հետդարձ չկա, ինչ լինելու է, թող լինի: Ինչքան ուզում են՝ թող նայեն: Մարմին տեսած չկա՞ք: Անշնորհքնե՛ր: Մարդ չեն դրանք: Թող գրողի ծոցը գնան այդ նայողները: Մարմնի չտեսնե՛ր: Լավ նայողնե՞ր են, դե թող մի հատ էլ երեսին նայեն՝ ինչ սիրուն են հանված հոնքերը, հապա շրթունքները. թանկանոց տեղում է տատուաժ արել, բա մատնահարդարումն ու նախշերով պեդիկյուրը... Գրողի ծոցը գնան բոլոր նայողները: Ինչքան ուզում եք՝ նայեք, միևնույն է, հետդարձ չկա այլևս…

Գլուխը դեսուդեն արեց՝ սրբիչը հարմար տեղ փռելու համար: Ոչ մի հայացքի չհանդիպեց կարծես: Ոչ ոք չէր նայում իրեն: Դե՛ռ չէր նայում: Տեղը հենց սկզբից ընտրել էր ու ձգձգում էր: Բայց դե ինչքա՞ն: Փռեց ծածկոցն ու լայնածավալ պառկեց: Ոչ մի ուշադրություն: Արևային մուգ ակնոցի միջից ամեն բան պարզորոշ տեսնում էր: Ոչ մի հայացք, ոչ մի ուշադրություն: Սա ի՞նչ բան է… Հը՜մմ... Ա՛յ հիմա կերևա: Դանդաղ ոտքի ելավ ու մնաց տեղում կանգնած՝ անտարբեր հայացք գցելով դեպի ծովի հեռուները, իբր՝ տեսնես ալիք-մալիք կա՞... Ոչ մի փոփոխություն: Մի փոքր առաջ շարժվեց, համոզվեց, որ իր վրա ուշադրություն դարձնող չկա, վիրավորված ու սրտնեղած`գնաց իրեն ծովի ալիքներին տալու: Ձեր հե՛րն անիծած...

 

Արմենուհի Սիսյան