Հենրիկ Մալյան. «Ես գիտեմ մարդուն»

«Երկխոսություն երրորդի համար»

Ես աշխարհում համարյա ոչինչ չգիտեմ:

Ֆիզիկայի, քիմիայի, հանրահաշվի, երկրաչափության բարդ ու բարդ հարցերից մինչև կենցաղային ամենապարզ հարցերը ես գլուխ չեմ հանում: Այսպես, երբեք չընկալեցի տասնորդական կոտորակները, գլուխ չհանեցի սինուսից ու կոսինուսից, Մենդելեևի աղյուսակից, էլեկտրականությունից, Նյուտոնի օրենքից, Բինոմի բանաձևից, ինչպես նաև՝ Հայերենի քերականական շատ ու շատ օրենքներից, հեռուստացույցի անտենայից, շրջսովետի ու քաղսովետի տարբերությունից, բողոքականներից ու գրիգորյականներից, ուղեցույցից օգտվելու եղանակից, լոգարիթմների աղյուսակից, խակ ու հասուն ձմերուկից և այլ, և այլն...

Այսքան համեստ նախաբանից հետո թույլ տուր հայտարարել, հավանաբար, ամենաանհամեստ իմ համոզմունքը.

Ես գիտեմ մարդուն:

Ես գիտեմ մարդու բոլոր թուլությունները և նրա ուժը՝ նույնպես:

Գիտեմ նրա բոլոր ձգտումները:

Գիտեմ այդ ձգտումների բոլոր շարժառիթները:

Գիտեմ նրա խոսքն ու խոսքի տակ թաքնված լռությունը:

Գիտեմ նրա լռությունը և լռության տակ թաքնված խոսքը:

Գիտեմ նրա բոլոր, բոլոր գաղտնիքները:

Գիտեմ և գուցե հենց այդ պատճառով էլ սիրում եմ, հարգում եմ, աստվածացնում են նրան, խոնարհվում նրա առջև:

Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց:

Ես ոչ ոքի համար չեմ ստեղծագործում, բացի մարդուց:

Եվ եթե կինոյում կամ թատրոնում ինձ հաջողվել է հուզել թեկուզ մեկ մարդու, միայն մեկ մարդու, միմիայն մեկ հանդիսատեսի, եթե իսկապես բարկացրել եմ մեկին, իսկապես ուրախացրել եմ, իսկապես մաքրել ու ազնվացրել եմ թեկուզ մեկին, ուրեմն հանգիստ խղճով իրավունք ունեմ անվանելու ինձ արվեստի գործիչ:

Ինձ համար մեկ հանդիսատեսը հավասար է, չափազանց հավասար է միլիոնին:

Աշխարհը, լիքը դահլիճները, որոտընդոստ ծափահարությունները, պատվո երկաթեղենները՝ ուրիշներին...

Ինձ՝ միմիայն մեկ հոգի, մեկ մարդ, մեկ հանդիսատես...

Ամեն մի աչք բաղկացած է աչքից ու հոգուց... Եվ եթե աչքի «աչքը» կենցաղի ու ֆիզիկականի համար է, նայելու և նկատելու համար, ապա աչքի «հոգին» տեսնելու համար է, ներթափանցման համար...