Անրի Վերնոյ՝ ֆրանսիական կինոյի արևելյան պատմողը

Արդեն 7 տասնամյակից ավելի է, ինչ Անրի Վերնոյ անունը կապվում է   ֆրանսիական կինոյի ամենասիրված ու լավագույն ֆիլմերի հետ: «France inter»-ը կինոյի մեծ վարպետի մասին վկայում է. «Անրի Վերնոյն ինքն իրեն առաջին հերթին անվանում էր արևելյան պատմող, որը կապված է պատմվածքին, նրա դյուրըմբռնելիությանը»: «ArtCollalge»-ը ներկայացնում  է «Sycomore films»-ի 1995 թվականի «Ճանճին չեն վարժեցնում» վերնագրով հարցազրույցը, որում Անրի Վերնոյը կիսվում է իր հուշերով ու ռեժիսորի իր բազմամյա փորձով: «Sycomore films»-ը հավելում է. «Դրա համար նրան պետք եղավ իր խոսքը սկսել շատ հեռվից և զոհաբերել երեք ճանճ»:  

Լրագրող -Անրի Վերնոյ, Ձեր մասին արդեն մեկ ֆիլմ եմ նկարահանել: Երբ խոսում ենք Ձեր կարիերայի մասին…

Անրի Վերնոյ -Բայց ինչո՞ւ ես ինձ Դուք-ով դիմում:

Լրագրող -Քո ճշգրտությունը մշտապես խորը տպավորություն է թողնում: Նկարահանման ժամանակ դու մեզ ցույց ես տալիս մի վահանակ, որը հենված է խցիկին: Դրա վրա տեղադրված են թղթեր, որոնց վրա ամեն ինչ նախօրոք ձեռքով նկարված ու լուսանկարված է:

Անրի Վերնոյ -Իմ կարիերայի սկզբում ես մի քիչ ամաչում էի, որ նախապատրաստվում եմ, որովհետև կարծում էի, որ բեմադրության վարպետության գագաթնակետն իմպրովիզացիայի տաղանդն է, այն է՝ նայել դեկորացիաներին, դերակատարներին, և ասել. «Տեսախցիկն՝ այստե՛ղ, դուք՝ այ այնտե՛ղ, 50մմ շառավիղ ունեցող օբյեկտիվ բերե՛ք»: Ես կարծում էի, որ հարկավոր էր տեսարանը հանպատրաստից ստեղծել նկարահանման ընթացքում, և որ սա՛ էր թոփ մակարդակի բեմադրիչը: Քանի որ ես գիշերներով շատ էի աշխատում բեմանկարների վրա՝ մենակ, երկու լամպերի օգտագործմամբ, ապա իմ միզանսցեններում ես ամեն ինչ նախատեսում էի. այսինքն, իմ դիտակի՝ հայակի միջոցով ուսումնասիրում էի բոլոր հնարավոր անկյուններն ու մի թղթի վրա նշում տեսախցիկը դնելու ճշգրիտ տեղը: Այդ ամենը նկարում էի թղթի փոքրիկ կտորների վրա և պահում էի դրանք իմ ծոցագրպանում, իսկ երբ պլանն ավարտվում էր, թաքուն նայում էի իմ թղթին ու ասում. «Տեսախցիկը՝ այստե՛ղ»: Իմ մասին ասում էին. «Այս տղան հիանալի է, այս կադրում լավ անկյուն է «բռնացրել»: Իհարկե, սա 4 ժամվա մտորումների արդյունք էր:

Մի օր ես գնացի Հիչքոքի նկարահանման հրապարակ և տեսա, որ նա սեղանի վրա փռել է մեծ թղթի վրա նկարված իմ բոլոր բեմանկարները, որտեղ նշված էին նկարահանող խցիկի տեղադրման տեղերը: «Երիտասա՛րդ, բայց այն, որ դու նախօրոք ես պատրաստվում, ամոթ բան չէ»: Այդ պահից սկսած, ես այլևս չէի թաքնվում. իմ վահանակի վրա բոլորը կարող էին տեսնել, թե ուր է գնալու նկարահանող խցիկը հաջորդ պլանում:

Լրագրող -Ամենասկզբում, դու լրագրող էիր:

Անրի Վերնոյ -Կարճ ժամանակով:

Լրագրող -Ինչպե՞ս ես յուրացրել կինոյի տեխնիկային տիրապետելու արվեստը:

Անրի Վերնոյ -Ես այն սովորել եմ երեք տարբեր ձևերով: Նախ՝ ֆիլմերը: Հին ֆիլմերը, այսինքն այն ժամանակաշրջանի ֆիլմերը, երբ ես ուզում էի կինոյով զբաղվել: Այդ ֆիլմերն արդեն իրենց ուրույն տեղն ունեին և լավագույն ֆիլմեր էին համարվում: Ես ուսումնասիրել եմ Դյուվիվյեի ֆիլմերը, որը տիրապետում էր կադր կտրելու և  մոնտաժելու ծայրահեղ ճշգրիտ տեխնիկային, և որն աշխատում էր ամերիկյան ոճով: Ես ամեն մի կինոնկարը դիտել եմ 10-12 անգամ: Ես մաս-մաս վերլուծում էի այդ ֆիլմերը, որպեսզի տեսնեմ, թե ինչպես են դրանք մոնտաժված, ինչպես են նկարահանված: Ժամեր շարունակ ես հնազանդորեն վայելում էի մանկությանս տարիները հագեցնող բոլոր ամերիկացի ռեժիսորների ֆիլմերը: Հետո ես սկսեցի 20 կարճամետրաժ ֆիլմերից, իսկ երբ հասա իմ առաջին լիամետրաժ կինոնկարին, նախապատրաստվելու համար ընդամենը մի քանի ժամ ավելի շատ էի ծախսում: Կարծում եմ, սա է՝ մենք շատ ենք սովորում ուրիշի ֆիլմերը ուշադիր քննելով, մանրակրկիտ վերլուծելով: Բայց, ակնհայտ է, որ եթե սկսենք ասելով, թե «ես եմ որ կամ», և «ուրիշները ոչինչ չարժեն», ապա շատ բան կկորցնենք:

Լրագրող -Միշել Օդիարի հետ դու բանավեճի ես բռնվել ֆիլմի իրադարձությունները կրկնելու հարցի շուրջ: Նա ասում է, որ դու պնդում ես, թե դա արվում է հանդիսատեսին փաստերը հասկանալ տալու նպատակով:

Անրի Վերնոյ -Ժամանակ առ ժամանակ, երբ կինոնկարում պետք է որևէ կարևոր բան տեղի ունենա, ասենք, ֆիլմը տևում է մեկ ժամ քառասունհինգ րոպե, մինչդեռ կարևոր վճռական իրադարձության մասին առաջին տեղեկությունը դու տվել ես ֆիլմի սկզբում՝ մեկ ժամ քառասունհինգ րոպե առաջ, ապա հարկավոր է նրբին կերպով հիշեցնել այդ փաստի մասին անմիջապես դրա կատարվելուց առաջ, այսինքն, կրկնել որևէ այլ կերպ, թե ինչ իրավիճակի մեջ ես դու դրել քո կերպարին: Միայն այս ձևով կարելի է հասնել նրան, որ գալիք գործողություններն աննկատ չմնան: Իսկ Միշելն առարկում էր ինձ. «Բայց ֆիլմի սկզբում դու արդեն ասել ես այդ մասին»: Ես նրան պատասխանում էի, որ տարօրինակ կլիներ, եթե հանդիսատեսից պահանջենք ու հավատանք, որ մեկ ժամ քառասունհինգ րոպեյի ընթացքում նրա ուշադրությունն այնքան կենտրոնացած լինի, որ կարողանա իր մտքում պահել ֆիլմի ամեն մի վայրկյանը:

Նվաստացած կլինեինք հանդիսատեսի մոտ, եթե նրա ականջին հուշեինք, որ հիմա մի բան տեղի կունենա, բայց չէ՞ որ դուք դա արդեն ասել եք ֆիլմի սկզբում, իսկ այդ անելու համար նրբանկատություն է պետք: Տաղանդը հենց դա է՝ ոչ թե կրկնելը, այլ, թե ինչ ձևով ես կրկնում:

Լրագրող -Քեզ համարում են ֆրանսիացի ռեժիսորներից ամենաամերիկացին:

Անրի Վերնոյ -Երբ խոսում են գայթակղելու, հրապուրելու մասին՝ այո: Դե իհարկե, ես հրապուրելու ցանկություն ունեմ: Ես չեմ ուզում, որ մարդիկ վեր կենան և լքեն դահլիճը: Առաջին բանը, որն ինձ անհանգստացնում է, սա՛ է: Երկրորդը՝ դուր գալն է, նույնիսկ եթե դրան պետք է հասնել սնափառ բաներ ասելու միջոցով: Կան մարդիկ, որ կարևոր բաներ ասելու պատրվակով իրեց թույլ են տալիս ձանձրացնել ձեզ: Սա սխալ է: Մենք կինոդահլիճում, կամ թատրոնի դահլիճում ենք՝ հետևաբար հիմքում դրված է ցուցադրվող ներկայացումը: Մենք կարող ենք գրքեր գրել՝ սա այլ բան է: Սա չի նշանակում, որ պետք է մտքովն անցածն անել: Սա չի նշանակում, որ չի կարելի փառասեր լինել: Դուք կարող եք լինել փառասեր և միաժամանակ գայթակղել: Եթե ունակ չեք դա անելու, ապա դուք այս մասնագիտությամբ զբաղվելու տաղանդ չունեք և պետք է մեկ այլ զբաղմունք գտնեք՝ ասենք, գիրք գրեք: Գայթակղելը՝ ահա թե ինչն է կարևոր:

Լրագրող -Անդրադառնանք մոնտաժի տեխնիկային, ավելորդ կադրերը կտրելու անհրաժեշտությանը:

Անրի Վերնոյ -Ամերիկայում՝ Հոլիվուդում, ես մի ֆիլմ էի նկարահանում: Այն կոչվում էր  «Ճակատամարտ Սան Սեբաստիանում»՝ գլխավոր դերակատարն Էնթոնի Քուինն էր: Այնտեղ կա մոնտաժի վերջնական տարբերակի հասկացություն: Ես մեկնել էի ամերիկյան ստուդիա մոնտաժի իմ սեփական թիմով: Մենք արդեն ավարտել էինք ֆիլմի մոնտաժը և բոլոր իրավունքներն ինձ էին պատկանում: Մնում էր միայն համադրել, երբ ինձ մոտեցավ ստուդիայի շատ խիստ, բայց շատ փորձառու մոնտաժի ռեժիսորը, որը բեմադրող ռեժիսորից առանձին էր աշխատում: Նրան անվանում էին «զզվելի արարած», և բոլորը քաշվում էին նրանից, որովհետև նա անխնա կերպով կարող էր կտրել ֆիլմի դրվագները, մինչդեռ, չգիտեմ ինչու, նա իմ հանդեպ հատուկ համակրանք ուներ: Նա ասաց, որ պատահաբար նայել է ֆիլմս ու խնդրում է չդիտարկել սա որպես աննրբանկատություն, և առաջարկեց կրկին դիտել այն միայն երկուսով՝ առանց մեր մոնտաժողի, նշելով, որ ես կարող եմ թողնել ամեն ինչ այնպես, ինչպես որ կա: Ես համաձայնեցի: Այնտեղ մի տեսարան կար, որտեղ Էնթոնի Քուինի հերոսը եկեղեցում մոտենում էր խորանին, կատարելով ութ քալյ: Նա դրանցից թողեց ընդամենը չորսը, և տեսարանը ստացավ անհրաժեշտ ռիթմը՝ տա՛, տա՛, տա՛, տա՛: Արդյունքում նա ոչ մի տեսարան չհանեց, սակայն կտրեց 27 րոպե, որոնք ծանրացնում էին ֆիլմը: Սա ինձ համար իսկական դաս էր:

Լրագրող -Հատուկ էֆեկտներից ի՞նչ կասեք:

Անրի Վերնոյ -«Այդքան տարբեր ճակատագրեր» սկետչում ըստ սցենարի 20 րոպեանոց մի տեսարան կա, որտեղ Ֆեռնանդելի հերոսը սեղանի մոտ նստած թղթախաղ է խաղում և այդ ժամանակ կադրում հայտնվում է մի ճանճ, որը շատ յուրահատուկ ու ինքնատիպ բաներ է անում: Այդ ամբողջ ընթացքում նրանց միջև անընդմեջ գործողություն է կատարվում:

Լրագրող -Պետք էր վարժեցնե՞լ ճանճին:

Անրի Վերնոյ -Ճանճերին չեն վարժեցնում: Պոլինեզիայի կղզիներում «շաքար» կոչվող մի խաղ են նկարագրում: Հին բեռնատար նավի վրա բոլոր պատուհանները ամրապինդ փակում են և ճանճ են բռնում: Ամեն խաղացողի դիմաց դնում են մեկական կտոր շաքար ու ճանճին բաց են թողնում, և ըստ նրա, թե ում շաքարի կտորի վրա կիջնի ճանճը, դուք շահում կամ տանուլ եք տալիս խաղագումարը: Իմ պրոդյուսերն ասաց. «Թանկագին Անրի, թեկուզ և կան շուն ու կատու վարժեցնողներ, միևնույն է նրանց հետ դժվար է տեսարան նկարահանելը, ուր մնաց ճանճերի հետ՝ ես ճանճ վարժեցնողների չեմ ճանաչում»: Մենք չենք կարող նկարահանել հենց այսպես, առանց փորձեր անելու, հոյակապ կլինի, եթե ես գտնեմ  դրա իրականացնելու ձևը: Մեր օպերատորը՝ Արման Տիռարը, մեծահռչակ գլխավոր օպերատորներից մեկն էր: Նա ինձ խորհուրդ տվեց դիմել միջատաբանին: Ես վերցրեցի հեռախոսը և զանգահարեցի միջատաբանության ամենախոշոր մասնագետ Դոտոր Տեվինեին, որը եկավ, և ես նրան ընդամենը մեկ բան ասացի. «Կարո՞ղ եք կանգնեցնել ճանճին սեղանի վրա այնպես, որ նա թափառի սեղանի վրայով, բայց չկարողանա դեպի վեր թռչել»: Նա ասաց. «Դա շատ հեշտ է:շ»: Մենք Լուի Պաստյորի անվան ինստիտուտում երեք չաղ կապույտ ճանճ ենք գնում, յուրաքանչյուրի համար վճարելով 100 000 ֆրանկ:

Ճանճերի մոտ մի փոքրիկ թաղանթ կա, նա վերցնում է ճանճին, կտրում այդտեղից ու միացնում նրա թևը մարմնին: Այդ փոքրիկ թաղանթը կտրելու համար նրան անհրաժեշտ է մկրատով ընդամենը մեկ փոքրիկ կտրվածք անել. ճանճը թռչելու փորձ է անում, և դա նրան չի հաջողվում: Նա դնում է միջատին սեղանի վրա, որի վրա ուղղված է խցիկը: Ես հրահանգում եմ. «Մոտոր, նկարահանե՛ք» և ճանճը, հասկանալով, որ չի կարող թռչել, սկսում է գժվել ու զիգզագներով սլանալ սեղանի վրայով այնպիսի արագությամբ, որ իմ օպերատորն ասում է. «Ես բացարձակ ոչինչ չեմ տեսնում»: Ես ասում եմ. «Բայց ոնց չես տեսնում, հե՛ն է ճանճը»: Նա պատասխանում է. «Այո, սակայն նա երկու մթագնումների արանքում է»: Նա այնքան արագ էր սլանում, որ անցնում էր երկու խամրումների արանքում: Այդ պահին միջատաբանն ասաց. «Դուք ինձ խնդրեցիք, որ նա չթռչի՝ նա չի թռչում», և գնաց: Եվ հանկարծ ես գտնում եմ այս խնդրի լուծումը: Հասկանալով, որ կգա մի պահ, երբ այս ճանճը, որը շարունակում է զիգզագներ անել, այլևս ոչ մի բանի պիտանի չի լինի, բերել եմ տալիս փորձանոթ, որի մեջ մի կտոր անագի մեջ թաթախված բամբակ եմ դնում և այնտեղ տեղադրում եմ երկրորդ ճանճին, նախապես կտրելով նրա թաղանթները: Ժամացույցը ձեռքիս, պահում եմ նրան 2 րոպե, նա հանգչում է՝ նա մահացած է: Տեղադրում եմ երրորդ ճանճին: Հասկանալով, որ ժամանակը անզգայացման էֆեկտ է ստեղծում, հանում եմ նրան այնտեղից 1 րոպե 20 վարկյանից հետո, նա մի թեթև զարթնում է, չկարողանալով թռչել, շփում է թաթիկները և սկսում արաբանախշեր նկարել սեղանի վրա: Օպերատորը բղավում է. «Ես տեսնու՜մ եմ նրան, քո ճանճը հոյակա՜պ է»: Երեք րոպե նկարահանումներից հետո նա վերակագնել էր իր ուժերը, և մենք ստացել էինք մեր ուզածը: Արդյունքում նկարահանեցինք 2000 մետրանոց տեսարան ճանճի մասնակցությամբ: Մենք կարողացանք նկարահանել 20 րոպեանոց սկետչը:

Լրագրող -Դու ուժեղ անձնավորություն ես, Անրի, ուժեղ բնավորություն ունես, ինչպե՞ս կարողացար աշխատել ուրիշ դերասանների հետ, որոնք նույնքան ուժեղ բնավորության տեր մարդիկ են: Ինձ միշտ ակնարկում են, որ երբեմն կինոռեժիսորը ստիպված է լինում ընդունել դերասանի յուրահատկությունների ամբողջությունը և հակառակը: Կան, իրոք, ճակատագրի սիրելիներ, ինչպիսին են Բելմոնդոն, Իվ Մոնտանը, Ֆեռնանդելը և ուրիշները: Ինչպե՞ս քեզ հաջողվեց այդ մարդկանց նկարահանել ամենաարդյունավետ կերպով:

Անրի Վերնոյ -Այստեղ տեղ է գտել նաև բեմադրիչի և աստղի միջև եղած ուժերի հարաբերակցությունը: Ես չեմ խոսում դերասանների մասին՝ դերասանը բոլորովին ուրիշ բան է, այլ խոսում եմ աստղի՝ կինոաստղի մասին: Խեղճ ռեժիսորը՝ երբ սա նրա առաջին ֆիլմն է, հայտնվում է շատ փափկանկատ իրավիճակում, որովհետև նա ընկնում է այնպիսի դրության մեջ, երբ նրա առջև գտնվում է ինչ-որ մեկը, որին դժվար է ասել, թե նա ինչ պետք է անի: Ասելը մշտապես դժվար է եղել, նույնիսկ հետագայում: Կարելի է արտահայտվել տարբեր ձևերով, իսկ բոլորի առջև բղավելու կարիք չկա. մոտենում ենք դերասանին ու հանգիստ խոսում նրա հետ, մշտապես հաճոյախոսություններ անելով, և երբ ձեր նկատողությունը, ձեր դիտողությունը տեղին  են, ասված են քաղաքավարի արտահայտություններով, երբ նա հստակ գիտի, թե դուք ինչ եք ուզում ասել իրեն, ինչն եք ուզում ուղղել նրա խաղում, գործը «գլուխ է գալիս»: Ինչպես արդեն նշեցի, մենք գործ ունենք ուժերի հարաբերակցության հետ՝ մի կողմից ռեժիսոր, որը գրանցել է 15 կամ 20 հաջողություններ, մյուս կողմից՝ 40 հաջողություններ գրանցած աստղ, այսինքն, դեմ առ դեմ կանգնած են երկու մարդ, որոնք իրար նախանձելու ոչ մի պատճառ չունեն, քանի որ նրանք երկուսն էլ հաջողության են հասել՝ այս պարագայում հարաբերությունները դյուրին են  լինում:

Բայց երբ ես ստեղծում էի իմ առաջին ֆիլմը, որն ինձ շատ բան տվեց, ես իմ առջև ունեի համաշխարհային ճանաչում վայելող եվրոպական աստղի՝ Ֆեռնանդելին: Դա այնքան էլ անհարմար չէր: Նրան դժվար էր ստիպել խաղալ ուղղակի ձևով: Ասեմ, որ գիշերներս անց էի կացնում մտորելով այն բանի շուրջ, որ կարողանամ գտնել որևէ ձև, որ նա ընդունի այն, ինչը ցանկանում էի, որ նա աներ նկարահանման ժամանակ, սակայն, որ թվար թե նա ինքն է գտել այդ խնդրի լուծումը: Սա շատ հոգնեցուցիչ է, սա ավելի է հոգնեցնում, քան դանդաղ նկարահանելը: Իմ աշխատանքի ճշգրտությունը այստեղից է գալիս, որովհետև ես այնքան էի վախենում, որ ինձ կտեղափոխեն այլ ֆիլմ, որ ճշգրտությամբ և կրկնորդիչ դերասանների օգտագործմամբ, հատակի վրա նշում էի այն տեղը, որտեղ նա պետք է կանգներ:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի