Հենրի Միլլերն ու հայ պայծառատեսը

20-րդ դարի ամենահակասական ու սկանդալային դեմքերից մեկին՝ ամերիկացի նշանավոր գրող Հենրի Միլլերին վիճակված էր ապրել դժվարին, գահավիժումներով ու վերելքներով լի կյանք: Նրա առաջին գործերը հասարակությունը սրերով ընդունեց, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում դրանք արգելվեցին: Մերժված բոլորից և նույնիսկ գրչակից ընկերներից՝ Միլլերը ստիպված էր հեռանալ Եվրոպա: 1939 թվականին նա մեկնեց Հունաստան: Նրա հունական տպավորությունները հետագայում տեղ գտան «Մարուսիի հսկան» վեպում:

Հենց այս վեպի հատվածներից մեկում էլ Միլլերը նկարագրում է իր այցը հայ պայծառատես Արամ Հայրապետյանին, որն ապրում էր Աթենքի մերձակայքում գտնվող հայ գաղթականների ճամբարում: Ներկայացնելով տարագրված հայերի թշվառ վիճակը, շեշտելով այն հանգամանքը, որ նույնիսկ նման ծանր պայմաններում հայերը ջանում էին իրենց կենցաղին մի փոքր գույն, գեղեցկություն և իմաստ հաղորդել՝ գրողը, վերջապես, երկար որոնումներից հետո իր ուղեկցի հետ կանգնում է Հայրապետյանների տան շեմին:

«Գուշակի կինը բացեց դուռը: Նրա կեցվածքի մեջ այնքան վեհություն, այնքան պարզություն կար, որ հրաշալի տպավորություն գործեց: Նա մեզ առաջնորդեց կողքի սենյակ, որտեղ ամուսինը նստած էր սեղանի դիմաց և գլուխը ձեռքերի մեջ թաղած՝ մի հսկա հատոր էր ընթերցում: Մեզ տեսնելով ոտքի կանգնեց ու սեղմեց մեր ձեռքերը: Նրա կեցվածքի մեջ ոչ ձևականություն, ոչ էլ արտիստություն կար: Ավելի շատ ատաղձագործի էր նման, քան պայծառատեսի… Խոսում էր արաբերեն, թուրքերեն, հունարեն, հայերեն, գերմաներեն, ֆրանսերեն և չեխերեն: Իբրև թարգմանիչ էր աշխատում Չեխոսլովակիայի հյուպատոսարանում»,- գրում է Միլլերը:

Այնուհետև նա մանրամասն ներկայացնում է, թե ինչպես հայ գուշակը նրան հարցեր է տվել ծննդյան տարեթվի, վայրի, ծնողների մասին, ապա ինչ-ինչ հաշվարկներ է արել ու սկսել է գրողին պատմել, թե ինչեր են կատարվել նրա կյանքում և ինչեր են նրան սպասվում ապագայում: 1939-ին գրված այս էջերի ընթերցողը, եթե քաջատեղյակ է Հենրի Միլլերի կյանքի հետագա տարիներին, ապա նվազագույնը պիտի ապշած մնա, թե Արամ Հայրապետյանն ինչպես է կարողացել անսխալ գուշակել այդ ամենը: Միևնույն ժամանակ նա կռահել է, որ իր առջև նստած մարդը սովորական այցելու չէ, այլ մեկն է, որին վիճակված է հռչակ ու փառք:

«Ոտքի ելավ, մոտեցավ ինձ, վերցրեց ձեռքս ու տարավ իր շուրթերին: Ինչ որ ասաց անցյալի մասին՝ կետ առ կետ ճիշտ էին: Կարողացել էր բացահայտել գաղտնիքներս: Ինձնից խնդրեց, որ երբ Ամերիկա մեկնեմ, գնամ Դետրոյթ և տեսնեմ այնտեղ հաստատված իր եղբորը, որից նյութական օժանդակություն էր ակնկալում… Պետք է ասել, որ այս տեսակցությունը խորունկ ազդեցություն գործեց ինձ վրա: Ես ինքս ինձ ծայր աստիճան բյուրեղացած էի զգում: Բացի այն խորհրդավոր կանխատեսումից, որ նա արեց անմահության մասին, ապագայի առնչությամբ իր բոլոր գուշակություններն ինձ չէին զարմացնում: Ես շատ բան եմ պահանջել աշխարհից և միշտ էլ պատրաստ եմ եղել ամեն բան տալու»,- հետո պիտի խոստովաներ ամերիկացի արձակագիրը:

Արամ Հայրապետյանի զարմանահրաշ կարողության մասին իրական ու մտացածին պատմությունները քիչ չեն: Սակայն մի բան անժխտելի է. նա իսկապես օժտված է եղել գալիք դեպքերի նախազգացմամբ, և դա ապացուցվել է շատ անգամ:

Ժամանակին մի պատմություն էր շրջանառվում Հայրապետյանի մասին, որի հավաստիությունը պնդել չենք կարող, սակայն, համաձայն բերնեբերան անցնող լուրերի, հայ պայծառատեսին շատ հաճախ այցելության է գնացել Հունաստանի իշխանուհի Սոֆիան: Օրիորդն աննկատ մնալու համար իր հայ բարեկամի մոտ գնում էր ծպտված: Այդ այցերից մեկի ժամանակ Հայրապետյանն իշխանուհուն ասում է, որ նա ի վերջո թագուհի է դառնալու, սակայն ոչ իր երկրում: Եվ, իսկապես, ամեն բան լինում է նրա ասածի պես: Սոֆիան ամուսնանում է Իսպանիայի Խուան Կառլոս գահաժառանգ իշխանի հետ և 1975 թվականին դառնում է Իսպանիայի թագուհին:

Արամ Հայրապետյանի մասին տեղեկություններ հանդիպում են նաև այլ աղբյուրներում: Համաձայն դրանց, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից տարիներ անց նա Հունաստանից գաղթել է Արգենտինա: Այս երկրում նույնպես մեծ համբավ է վայելել շնորհիվ իր բնատուր ընդունակության: Մահացել է 1970-ականներին:

 

Հովիկ Չարխչյան