Հայրենաբույր ծաղիկներ՝ օտար հողում

Ռուս մեծ բանաստեղծ Վալերի Բրյուսովը, տարվելով հայ գրականությամբ, մեծարժեք թարգմանություններ արեց և կազմեց «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» շքեղ ժողովածուն (1916), որի համար 1923 թվականին արժանացավ Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչման։ Թերևս քչերին է հայտնի, որ նույն՝ 1916-ին, նման գրական սխրանք է կատարել նաև հայազգի Զաբել Բոյաջյանը, իր իսկ նախաձեռնությամբ անգլերեն թարգմանելով բազմադարյա հայ գրականության գոհարները և սեփական ձևավորմամբ հրատարակելով «Հայկական լեգենդներ և բանաստեղծություններ» ժողովածուն, որը շատ մոտ է բրյուսովյան հրատարակությանը։ Բոյաջյանը պակաս բախտավոր եղավ, քանի որ կոմունիստական հասարակարգի ու հատկապես ստալինյան բռնաճնշումների պայմաններում Լոնդոնում ապրող կնոջ մասին նախընտրելի էր լռել։ Հայկական պոեզիան ֆրանսերեն ներկայացրած Արշակ Չոպանյանը Բոյաջյանին անվանել է «մեծարժեք հայուհի, որ իբր բանաստեղծ և իբր նկարիչ շատոնց ի վեր հարգված դեմք մըն է Լոնդոնի անգլիական շրջանակներուն մեջ»։

Հայ գրականությունից Բոյաջյանի թարգմանությունները բազմիցս վերահրատարակվել են և այսօր էլ հնացած չեն։ Հատկապես կոթողային աշխատանք է Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի թարգմանությունը, որում թարգմանչուհուն հաջողվել է անգլերեն տեքստին հաղորդել ընթացող քարավանի մեղմասահ ռիթմիկան, ինչը կզգան նույնիսկ անգլերենին շատ քիչ տիրապետողները։ Ամիսներ առաջ Իսահակյանի երևանյան տուն-թանգարանն առանձին գրքով և Մարտիրոս Սարյանի նկարազարդումներով վերահրատարակեց տասնամյակների քննությունը բռնած այս թարգմանությունը։

Վարպետի որդին՝ Վիգենը, իր հուշերում Բոյաջյանին անվանել է «գովասանքի արժանի մի բազմաշնորհ կին՝ նկարչուհի, բանաստեղծ և թարգմանիչ»։ Ներկայացնելով նրա հետ Վարպետի, Սարյանի և իր հանդիպումը Վենետիկում՝ 1924-ին, Վիգեն Իսահակյանը գրում է․ «Տիկին Զաբելը եվրոպացիներին հայ արվեստին ծանոթացնելու համար 1916 թվականին կազմել և իր ջանքերով անգլերեն տպագրել էր մի հիանալի գիրք՝ «Հայկական լեգենդներ և պոեմներ», որը շքեղ նկարազարդված էր իր կողմից և պարունակում էր հատվածներ ու նմուշներ հայ պոեզիայից՝ էպիկական «Վահագնի ծնունդից» մինչև այսօրվա հայ պոետները՝ ներառյալ Թումանյանը և Իսահակյանը։ ․․․Զաբել Բոյաջյանը նաև անգլերեն էր թարգմանել «Աբու Լալա Մահարի» պոեմը, որը մինչև օրս համարվում է այդ երկի լավագույն անգլերեն թարգմանությունը։ Հայրս միշտ բարձր է գնահատել այս տիկնոջ տաղանդը և օգտաբեր գործունեությունը և ցավում էր, որ Հայաստանում նրան արժանապես չեն ճանաչում ու գնահատում»։ Բոյաջյանի հրավերով Ավետիք Իսահակյանը մի քանի անգամ այցելել է Լոնդոն և դասախոսություններ կարդացել «Լորդ մայոր ֆունդ» հայ-անգլիական կազմակերպությունում։ Իսահակյանն ու Սարյանը հետաքրքրությամբ են թերթել Բոյաջյանի կազմած ժողովածուն, Սարյանը ևս բարձր է գնահատել նկարչուհու արվեստը, գովել «գույների նրբաճաշակությունը», «կարմիր-ոսկի գույները»․ «Սարյանի համար սա մի հայտնություն էր»։

Բոյաջյանի միջոցով օտարները և հայերենին չտիրապետող մեր շատ անգլախոս հայրենակիցներ ծանոթացել են հայ գրականությանը։ Նույն Վիգեն Իսահակյանը պատմում է Պողոս Նուբար փաշայի քրոջ հետ իր և Երվանդ Քոչարի հանդիպման մասին, որի ժամանակ մեծահարուստ տիկինն ասել է․

- Օ՜, Իսահակյան, «Աբու Լալա Մահարի», կարդացել եմ անգլերեն տիկին Զապել Բոյաջյանի թարգմանությամբ, իրոք, մի հանճարեղ գործ է։

Զաբել (Իզաբել) Բոյաջյանը ծնվել է 1872 թվականին՝ Տիգրանակերտ-Դիարբեքիրում։ Նրա հայրը՝ Հարութ-Թովմասը, Տիգրանակերտի Սուրբ Սարգիս եկեղեցու լուսարարի որդին էր, երկար տարիներ Անգլիայի փոխհյուպատոսն էր Դիարբեքիրում, մայրը՝ Քեթրինը, հայերենին քաջ տիրապետող անգլուհի էր, բանաստեղծ Սամուել Ռոջերսի ժառանգներից։ Պատանի տարիքում Բոյաջյանը ծանոթանում է անգլիական և հայ գրականության գլուխգործոցներին, ինչը հետագայում պիտի վերաճեր համաշխարհային գրականության խոր իմացության։ Ամառներն անց է կացրել Խարբերդում՝ հորաքրոջ տանը։ 1895-ին  դիվանագետ հայրը հայկական կոտորածների զոհն է դառնում, իսկ մազապուրծ եղած Բոյաջյանը Կիպրոսում որբախնամ գործունեությամբ է զբաղվում, ապա՝ դեգերումներից հետո մոր և եղբոր՝ Հենրիի հետ հաստատվում Լոնդոնում։ 1901-ին Վարդենի կեղծանունով լույս է ընծայում իր առաջին գիրքը, որում արծարծվում էին Սասունի կոտորածների հարցերը։ Լոնդոնում Բոյաջյանը զբաղվում է ինքնակրթությամբ, սովորում է Ֆելիքս Սլեյդի գեղարվեստի դպրոցում։ Բոյաջյանը տիրապետում էր ութ լեզվի, այդ թվում՝ մայրենի անգլերենը և հայրենի հայերենը։ Եղել է էսպերանտոյի միջազգային ընկերության Լոնդոնի մասնաճյուղի հիմնադիրներից մեկը։  

Լոնդոնում հայանպաստ միջոցառումներին ակտիվորեն մասնակցություն ունեցող Զաբելը (նախընտրել է Իզաբելի հայացված տարբերակը) ծանոթացել և մտերմացել է Րաֆֆու ընտանիքի՝ գրողի այրու և որդիների հետ։ Րաֆֆու «Սալբի» վեպի գլուխներից մեկի հիման վրա նա գրում է «Հայաստանի վերակառուցումը» չափածո թատերգությունը, որը 1906 թվականին բեմադրվում է հայկական ակումբի կողմից և արժանանում անգլիական մամուլի գովասանքին։ 1913-ին Բոյաջյանի թարգմանությամբ լույս են տեսնում հատվածներ Րաֆֆու «Սամվել» և «Հարեմ» վեպերից։ Բացի այդ, նա անգլերեն հոդվածներ է գրում հայ գրողների, Հայկական հարցի վերաբերյալ։

Հասու լինելով Եղեռնի մասին ահասարսուռ լուրերին՝ Բոյաջյանը դառնացած, բայց անսասան եռանդով լծվում է «Հայկական լեգենդներ և բանաստեղծություններ» ժողովածուի հրատարակության գործին, որի բովանդակության «առյուծի բաժինը»՝ շուրջ 60 հոդված և ստեղծագործություն, ինքն էր թարգմանել անգլերեն (որոշ այլ գործերի թարգմանիչն Ալիս Բլեքուելն էր)։ Գրքի վաճառքից ստացված եկամուտն ուղղվել է հայրենակիցների օգնության հիմնադրամին։ Գրքի նախաբաններից մեկը գրել է Րաֆֆու որդին՝ Արամը, մյուսը՝ Վիկոնտ Բրայսը։ Եվ գրքում ընդգրկված բանաստեղծությունները, և դրանց՝ խորհրդապաշտական ոգով արված ձևավորումն արժանացան բրիտանացի  քննադատների գովասանքին։ Այսպես, «Scotsman» թերթը (18․11․1916) ընդգծում էր թարգմանված բանաստեղծությունների «նրբագեղությունը, բազմազանությունը և երաժշտականությունը», իսկ «Contemporary Review»-ն 1916 թվականի դեկտեմբերին գրում էր․ «Ահա մի հոյակապ գիրք... Հայկական ծաղիկների ազնվազարմ պսակ և պատկերասրահ, որ օրիորդ Բոյաջյանը փոխանցել է մեզ․ նկարներ, որոնցում տիրապետում են նախառաֆայելյան երանգները, այլ կերպ ասած՝ դրանցում վերածնվել է բյուզանդական կամ հայկական արվեստը»։

Օրհասական պահին Բոյաջյանը բազմապատկում է հայերի պատմության և մշակույթի հետ անգլիացիներին ծանոթացնելու իր ջանքերը, մասնակցում բազմաթիվ  բարեգործական միջոցառումների, հանդես է գալիս հրապարակախոսական հոդվածներով։

Ֆրանսիական ալպինիստների միության անդամ, եռանդուն և խիզախ հայուհին հաճախ է ճամփորդել, հասել է մինչև Լապլանդիա, եղել է Ամերիկայում։ 1924-ին Բոյաջյանը հրապարակել է «Գիլգամեշ․ Հավիտենական որոնման երազը» դյուցազներգությունը, որի հիմքում ասորաբաբելոնական էպոսն էր, իսկ 1938 թվականին՝ «Գրչով և ներկապնակով Հունաստանում» ուղեգրությունը, երկուսն էլ՝ իր իսկ նկարազարդումներով: «Մորնինգ Փոստը» 1925-ի փետրվարի 24-ին հիացմունքով գրում էր․ «Օրիորդ Բոյաջյանը ապացուցել է, որ նա միաժամանակ չափազանց երևելի բանաստեղծուհի և արվեստագիտուհի է»։ Բոյաջյանը նաև հայերեն էր գրում․ նրա «Իտալիո հրապույրը» հայերեն ուղեգրությունը տպագրվել է «Հայաստանի կոչնակ» թերթում։ Բոյաջյանը հինգ դրամաների և ողբերգությունների հեղինակ է, որոնցից վերջինը Հայաստանում քրիստոնեության ընդունման մասին պատմող «Էջմիածին» թատերախաղն է. այն բեմադրվել է Նյու Յորքում:

Դրամայի վերջում Քրիստոսը դիմում է հայ ժողովրդին․

«Իմ պես, այլոց մեղքերը դու պիտի վերցնես,

Ազգ-նահատակ, Իմ սրտին դու ամենից մոտն ես։

Կատարիր քո առաքելությունը անվրդով,

Թող քաջ լինեն սրտերը քո որդոց․․․» 

Հատկանշական է, որ Բոյաջյանի շատ գրական և նկարչական ստեղծագործություններ  կորել են կամ առ այսօր մնում են անհայտ։

Նա պատկերազարդել է ինչպես իր երկերը, այնպես էլ այլ հեղինակների գործեր։ 1921-ին Վիեննայում նրա ինքնատիպ նկարազարդումներով լույս է տեսել Շեքսպիրի «Համլետը», որի շապիկի պատկերազարդումը հիշեցնում էր հայ ծաղկողական արվեստը. այն ուսումնասիրելու նպատակով Բոյաջյանն այցելել էր Վենետիկի Մխիթարյան միաբանություն։

Բոյաջյանն առավելապես վրձնել է բնանկարներ, առասպելական հերոսների և նշանավոր  հայերի դիմանկարներ։ Նրա առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է Լոնդոնում՝ 1910-ին, ապա նաև՝ 1912-ին և 1928-ին, հետագայում, մինչև կյանքի վերջը նա  ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայի տարբեր երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում, նաև՝ Եգիպտոսում։ Հենց Լոնդոնում է նա նկարել Զորավար Անդրանիկին․ այդ դիմանկարն անգլիական «Դիմանկարների ազգային ընկերակցությունն» ընտրում է որպես իրենց հաշվետու ցուցահանդեսի կարևոր ցուցանմուշներից մեկը։ Ժամանակին մեծ ճանաչում է գտել նաև նկարչուհու հայկական «Մադոննան»։

Ըստ արվեստաբան Սեդա Անանյանի՝ Բոյաջյանը բացառիկ մի արվեստագետ է, որը հետևողականորեն զուգորդել է վրձինը և գրիչը»։ Ցավալիորեն քիչ են Բոյաջյանի՝ մեզ հասած յուղանկարները։ Դրանցից մեկը՝ «Տիգրանակերտի կամուրջը» պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուներում․ անփույթ վրձնահարվածները, անվարժ ուրվագծերը ամենևին չեն հիշեցնում փայլուն գծանկարների վարպետին, իսկ նրա առավել հաջող կտավները մեզ ծանոթ են միայն անորակ վերատպություններից։ 

Տառապալից էր Բոյաջյանի կյանքի ճանապարհը․ 1923-ին մահանում է մայրը, 1947-ին՝ եղբայրը: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ռմբակոծվում է այն շենքը, որտեղ գտնվում էր նրա արվեստանոցը։ Երբևէ չամուսնացած, նյութական ծանր պայմաններում ապրող Բոյաջյանը բազմաթիվ զրկանքներ է կրել, սակայն դատելով նամակներից՝ երբևէ չի կորցրել հոգու կորովը ու նրա գլխավոր մտահոգությունը մշտապես եղել է հայ ժողովրդի ճակատագիրն ու նրա մշակույթի պահպանումը։ Ըստ Բոյաջյանին նվիրված և առ այսօր միակ մենագրության հեղինակ Տրդատ Խորշիդյանի՝ Բոյաջյանի կարապի երգը եղել է 1950-ին ստեղծված «Վարդանի ոգին» լայնածավալ կտավը, որը նա նվիրել է Նյու Յորքի հայ ավետարանական եկեղեցուն։ Հայտնի է, որ Բոյաջյանը Հայաստանից իր կարոտն առնում էր Արշակ Րաֆֆու պարտեզում, որտեղ բուսող վարդերը նա «Հայաստանի վարդեր» էր անվանում․․․ Հոգեկան մենության ծանր տարիներ ապրած հայուհին կյանքից հեռացավ 1957 թվականի ձմեռային մի օր՝ Լոնդոնի բարեգործական հիվանդանոցներից մեկում ․․․

Բարձր գնահատելով մեծ վիպասանի այրի Աննա Րաֆֆու գործունեությունը, Բոյաջյանն իր մի հոդվածում այսպես է բնութագրել նրան․ «Ուղղամիտ, եռանդուն և հայրենասեր, չկար բան մը, որ կարողանար զինքը շեղել իր ընտրած ճանապարհեն․․․»։ Խոսքեր, որոնք իրավամբ կարող են բնութագրել նաև իրեն՝ հայ մշակույթի անխոնջ նվիրյալ Զաբել Բոյաջյանին․․․

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

«Հայկական լեգենդներ և բանաստեղծություններ» ժողովածուի նկարազարդումներից

... ...